Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իր ֆիզիկական արատից չբարդույթավորված տաղանդավոր նկարիչը

22:01, çarşamba, 02 haziran, 2021
Իր ֆիզիկական արատից չբարդույթավորված տաղանդավոր նկարիչը

Թուլուզ Լոտրեկը (1864-ի նոյեմբերի 24 – 1901-ի սեպտեմբերի 9) եղել է ֆրանսիական ազնվականական հին տոհմի շառավիղ. նրա նախնիները ժամանակին նույնիսկ խաչակրաց արշավանքներ են ղեկավարել և ազգակցական կապեր են հաստատել Ֆրանսիայի թագավորների հետ:

Նրա հայրը՝ կոմս Ալֆոնս Շարլ դը Թուլուզ Լոտրեկ Մոնֆան, և մայրը՝ կոմսուհի Ադել Թապիե դը Սելեյրանը, առաջին աստիճանի մերձավոր զարմիկներ են եղել: Նրանք երկու երեխա են ունեցել, որոնցից Անրին ավագն է եղել: Նրա ծնվելուց որոշ ժամանակ անց ծնողները բաժանվել են, և Անրիին մայրն է մեծացրել:

Տասը տարեկանում Անրիին շատ հազվադեպ ժառանգական մի հիվանդություն է պատուհասել: Այդ հիվանդության անունը «պիկնոդիոստոզ» է: Դա ոսկրային հիվանդություն է, որը խոչընդոտել է նրա բնականոն աճին: Անրիի հասակը 1, 52 մետրից չի գերազանցել: Նրա ոտքերը շատ կարճ են եղել, իսկ դեմքը՝ ձևախեղված: Բայց նա ոչ միայն չի բարդույթավորվել, այլև աշխատել է դրանից օգուտ քաղել. հաճախ է խաղարկել իր այդ ֆիզիկական թերությունները և նույնիսկ մերկացել է ու լուսանկարվել:

Հաշմանդամությունը նրան մղել է ամբողջովին անմնացորդ նվիրվել արվեստին, որի նկատմամբ սերը ի հայտ է եկել դեռ մանկության տարիներին: Նրա առաջին ուսուցիչը եղել է անիմալիստ Պրենստոն, , իսկ 1882 թվականին Փարզ տեղափոխվելուց հետո Լոտրեկը մի քանի տարի հաճախել է ակադեմիական ուղղության գեղանկարիչներ Բոննի և Կորմոնի ստուդիաներ:

Վաղ շրջանի ստեղծագործություններում Լոտրեկը հիմնականում ձիեր է պատկերել ու ծանոթների դիմանկարներ է վրձնել: Դրանք եղել են էքսպրեսիվ-ռոմանտիկական ներշնչանքով ստեղծված կտավներ և վկայել են երիտասարդ նկարչի կոլորիտային անվիճելի շնորհով օժտվածության ու կրակոտության մասին: Իր համար բացահայտելով Էդուարդ Մանեի գեղանկարչությունը, ծանոթանալով Վան Գոգի, Պիսսարոյի, Դեգայի հետ, 80-ականների երկրորդ կեսին Լոտրեկը կտրուկ փոխել է իր ոճը: Նա յուրացրել է նկարչության իմպրեսիոնիստական տեխնիկան առանձին վրձնահարվածներով, նրբագծերով, բծերով և մաքուր ու լուսավոր երանգային կետերով: Այդ բծերի և նրբագծերի խտացումից ու պայծառացումից ծնունդ են առել շատ որոշակի առարկաներ, որոնք, սակայն, զուրկ են եղել ռեալության պատրանքից ու ներծծված են եղել լույսով: Միասնական գունային հիմքը, որն իր առանձին կյանքով է ապրել, պատկերին առավել ունիվերսալ բնույթ է տվել և միավորել է պերսոնաժներին ու շրջակա միջավայրը: Այդ ամենով հանդերձ՝ նկարչի ուշադրության կենտրոնում միշտ եղել է մարդը, բայց՝ իր հոգևոր ներաշխարհով մարդը: Եվ այս առումով Լոտրեկը հարազատացել է ոչ միայն Դեգային, այլև վան Գոգին:

Պատահական չէ, որ իմպրեսիոնիստական ոճով վրձնված նրա առաջին ստեղծագործություններից մեկը վան Գոգին պատկերող գունամատիտային նկարն է, որը փոխանցում է այդ նկարչին այնքան բնորոշ ներքին լարվածությունը:

1885-ի Լոտրեկը բնակություն է հաստատել Մոնմարտրի կենտրոնում, և նրա հետագա ամբողջ ստեղծագործական կյանքն անխզելիորեն կապվել է Փարիզի այդ շրջանի հետ, որն այդ ժամանակներում դեռ պահպանած է եղել կիսաքաղաքային արվարձանին բնորոշ գծերը (այնտեղ դեռ գործել են հողմաղացներ, և բացվող կաբարեները դրանցից են իրենց անունը (օրինակ՝ «Մուլեն ռուժ» ՝ «Կարմիր հողմաղաց») փոխառել: Այդ կաբարեների հաճախորդները հնարավորություն են ունեցել պարել կամ, նստելով սրճարանի սեղանիկների շուրջ, դիտել պրոֆեսիոնալ պարողներին և լսել մոդայիկ երգիչների կատարումները: Հատկապես կաբարեների դերասաններն ու նրանց հանդիսատեսները՝ տեղի գեղարվեստական բոհեմի անդամները, հասարակ մարդիկ, մեծ քաղաքի հատակում հայտնվածներն են դարձել Լոտրեկի նկարների գլխավոր կերպարները: Լոտրեկին դեպի այդ աշխարհն է ձգել նկարչի ինքնաճանաչումը և սրտակցությունն ու խորը կարեկցությունը թշվառներին՝ իր ստեղծագործությունների գլխավոր հերոսներին: Լոտրեկի տաղանդն իր անձնական ողբերգության համադրմամբ՝ նրան հնարավորություն է տվել նկարչությամբ փոխանցել մարդկային գոյության դրամատիզմը և մերկացնել արտաքին գեղեցկությունը՝ գտնելով գեղեցկությունը ճշմարտության մեջ:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1064 | 0 | 0
Facebook