Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սեփական զավակից «չխերված» կայսրը

12:05, pazartesi, 19 nisan, 2021
Սեփական զավակից «չխերված» կայսրը

905 թվականին ծնված և երեք տարի անց Բյուզանդիայի կայսր հռչակված Կոնստանդին 7-րդ Ծիրանածինին (հունարեն՝ Պորփիրոգենետ) դժվար ճակատագիր է վիճակվել կյանքի առաջին փուլում, իսկ վախճանը ողբերգական է եղել:

Ապագա կայսրի մայրը՝ Զոյեն, եղել է արդեն ծերացած Լևոն 6-րդ կայսրի չորրորդ կինը: Եկեղեցին, բնականաբար, այս ամուսնությունը չի օծել, այսինքն պսակադրության ծես չի կատարել: Նույնիսկ աշխարհիկ կանոներով այդ ամուսնությունն անվավեր է համարվել, իսկ Կոստանդինի ծնունդը՝ ապօրինի: Լևոն կայսրը ստիպված է եղել մեծ ջանք գործադրել՝ գահն իր երեքամյա որդուն փոխանցելու համար: Բայց նա մահացել է՝ չհասցնելով նպատակը մինչև վերջ իրագործել: Կոստանդինը երկար ժամանակ ռեալ իշխանությունից զրկված է եղել: Սկզբում պետությունը կառավարել է նրա քեռի Ալեքսանդրը, հետո՝ մայրը, ապա՝ աները՝ Ռոմանոսը: Բազում տարիների հարկադրական ազատ ժամանակի մեծ մասը նա տրամադրել է ինքնակրթությանը: Քառասուն տարեկանում միայն իշխանության ղեկը նրա ձեռքն է անցել, և այդ ժամանակ նա եղել է Եվրոպայի ամենակրթված մարդկանցից մեկը և Հռոմեական կայսրության բոլոր կայսրերից ամենագիտունը:

944 թվականի դեկտեմբերին կայսրության փաստական կառավարիչ Ռոմանոսի որդիները՝ Ստեփանոսը և Կոնստանդինը, գահընկեց են արել իրենց հորը և աքսորել են: Նրանք հույս են ունեցել, թե կկարողանան զավթել իշխանությունը, բայց մայրաքաղաքի բնակչությունը հավաքվել է պալատի մոտ ու պահանջել, որ կայսր հռչակվի Լևոնի որդի Կոստանդինը: Հայրադավ խռովարարները ստիպված են եղել ընկրկել, և կայսր է հռչակվել հետագայում «Ծիրանածին» պատվանունին արժանացած Կոնստանդինը: Քառասուն օր անց Ռոմանոսի որդիներին աքսորել են, գլուխները խուզել ու վանական դարձրել:

Անցնելով ինքնուրույն կառավարման՝ Կոստանդինը ջանացել է պայքարել պաշտոնյաների չարաշահումների դեմ, որոնց ենթակվել էին կայսրության քաղաքացիներն իր աներոջ կառավարման տարիներին: Կոստանդինի կենսագիրն ասում է, թե նա «խորովվել է իր հպատակների հոգսերով և արծվի նման իր թևերի տակ է հավաքել ճնշվածներին»: Նա հետաքրքրվել է բոլոր բանտարկյալներով ու նրանց ազատել է կապանքներից: Տարբեր վայրերում ծերերի համար հիվանդանոցներ ու կացարաններ է կառուցել: Բոլոր պաշտոններին նշանակել է ազնիվ ու ջանասեր մարդկանց և ուշադիր հետևել է նրանց աշխատանքին: Նա աշխատել է անձամբ խորամուխ լինել պետական բոլոր գործերի մեջ ու բազում բարեբոխումներ է կատարել: Առանձնահատուկ հոգածություն է ցուցաբերել գիտության ու արվեստի նկատմամբ և ինքն էլ շատ արհեստների քաջագիտակ է եղել: Նա կարողացել է խորհուրդներ տալ որմնադիրներին, ատաղձագորներին ու արծաթագործներին: Նավեր կառուցելիս նա ցուցում է տվել, թե ինչպես պետք է կցվեն գերանները, իսկ գեղարվեստին այնքան լավ է տիրապետել, որ շատ նշանավոր նկարիչների հիացմունքն է հարուցել:

Նրա գահակալության տարիներին արտաքին քաղաքականության ոլորտում հաջողությունը շարունակ ուղեկցել է բյուզանդացիներին: Ճնշվել են ծայրագավառների ապստամբությունները, արաբները պարտության են մատնվել Աֆրիկայում, հունական կղզիներում և Ասիայում:

Կոստանդինը հաջողակ է եղել բոլոր գործերում, բայց սեփական զավակից «չի խերվել»: Ռոմանոս անունով նրա որդին այլասերման մի իսկական տիպար է եղել: Նրան ամուսնացրել են հինգ տարեկանում, բայց տասը տարեկանում կինը մահացել է: Այրիանալուց հետո նա անձնատուր է եղել անսանձ զվարճությունների ու մի օր էլ սիրահարվել է մի գինեվաճառի աղջկա ու ամուսնացել է նրա հետ: Չկարողանալով դիմադրել որդու ցանկությանը՝ Կոստանդինը բավարարվել է միայն նրանով, որ երբ հարսը մտել է կայսերական պալատ, փոխել է նրա անունը և անվանել է Թեոփանո:

Որոշ ժամանակ անց հարսը սկսել է զայրանալ, որ սկեսրայրը չի մեռնում, որովհետև շատ է ցանկացել հնարավորինս շուտ կայսրուհի դառնալ: Ուստի նա սովորեցրել է ամուսնուն սպանել սեփական հորը:

Երբ Կոնստանդինը ցանկացել է լուծողական խմել, նրա համար թունավոր խմիչք են պատրաստել: Երբ խմիչքը կայսրի ձեռքն են տվել, նա սայթաքել է ու թափել դրա մեծ մասը: Մնացյալը խմել է, բայց թույնի քիչ քանակությունը նրան անմիջապես չի սպանել: Կայսրը բավականին երկար տանջվել է ու մահացել 959 թվականի նոյեմբերին:
     Որպեսզի իր հարազատներից ոչ մեկը չկարողանա կայսրուհի դարձած գինեվաճառի աղջկան նեղացնել՝ Ռոմանոսն իր հինգ քույրերին վանք է ուղարկում, իսկ նրա մայրը՝ Հեղինեն, աղաչանք-պաղատանքով հազիվ կարողանում է ազատվել դուստրերի ճակատագրին արժանանալուց:


    

Նկարում՝ Քրիստոսն օրհնում է Կոստանդին Ծիրանածինին:

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
693 | 0 | 0
Facebook
COMMENT.am