Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Որմիզդը հրամայել է կտրել կարգազանց ձիու ականջներն ու պոչը, իսկ իր որդի Խոսրովից գանձել պատճառված վնասի գինը»

00:04, çarşamba, 10 şubat, 2021
«Որմիզդը հրամայել է կտրել կարգազանց ձիու ականջներն ու պոչը, իսկ իր որդի Խոսրովից գանձել պատճառված վնասի գինը»

Արաբ պատմիչ ադ Թաբարին հաստատում է Թեոփիլակտոս Սիմոկատտասի տեղեկությունները արտոնյալ դասերի դեմ Որմիզդի գործողությունների վերաբերյալ, և ասում է, թե նրա օրոք 3600 մարդ է մահապատժի ենթարկվել: Բազում պարսիկ մեծատոհմիկներ կեղծ մեղադրանքներով զնդանվել են, և զնդաններում դատապարտյալներին կերակրել են ավազախառը կամ կրախառը ալյուրից թխված հացով, կամ էլ կեղտոտ ջուր են տվել խմելու, որից բանտարկյալներն արագ մահացել են: Շահի «փչացած» բարքի, բարձրաշխարհիկ պարսիկների, այդ թվում գլխավոր մոգպետի մահապատժի մասին գրել է նաև Ֆիրդուսին: Կան քրիստոնյա հեղինակների հաղորդումներն այն մասին, թե Որմիզդը նույնիսկ կուրացրել կամ էլ հանձնարարել է սպանել իր եղբայրներից մեկին կամ մի քանիսին:

Հասարակ մարդկանց նկատմամբ Որմիզդի վերաբերմունքի մասին ադ Թաբարին հետևյալն է գրել.

«Որմիզդը՝ Խոսրովի որդին, լավ կրթված մարդ է եղել, ձգտել է բարի բաներ անել թույլերին ու աղքատներին, իսկ անվանիներին՝ նեղել: Այդ պատճառով վերջինները նրա նկատմամբ թշնամական վերաբերմունք են ունեցել ու ատել են նրան. նա էլ իր հոգու խորքում նույն կերպ է վերաբերվել նրանց, բայց երբ նրա գլխին են դրել թագը, նրա մոտ են հավաքվել իր թագավորության մեծամեծները և, իրար հերթ չտալով, նրան երջանկություն են մաղթել ու երախտագիտություն են հայտնել նրա ծնողին, իսկ նա նրանց ամեն տեսակ բարիք է խոստացել: Բայց իրականում նա իր առջև նպատակ է դրել արդարացի լինել իր հպատակների նկատմամբ, իսկ պետական պաշտոնյաների նկատմամբ դաժան է եղել այն պատճառով, որ նրանք շահագործել են հասարակ ժողովրդին: Նրա արդարադատությունն այնքան մեծ է եղել, որ, սովորություն ունենալով ամռանը Մախ (Մարաստան) գնալ, իր այդ ուղևորությունների ժամանակ կարգադրել է հայտարարել իր զորքերին և նրանց, ովքեր իր ճամբարում էին, որ նրանք խնամքով վերաբերվեն ցանքսերին, դեկխաններից ոչ մեկին վնաս չպատճառեն ու զսպեն իրենց ձիերին, որպեսզի նրանք չփչացնեն ցանքսերը: Նա հատուկ մեկին հանձնարարել է, որ հետևի, թե այդ առումով ինչ է տեղի ունենում իր զորքերում ու այդ մարդուն էլ հանձնարարել է պատժել նրանց, ովքեր զանց կառնեն իր հրամանը: Նրա որդի Խոսրովը նրա մոտ էր, և նրա ձիերից մեկը հետ է մնում նրանից ու մտնում է իր ճանապարհին տարածվող ցանքսերի մեջ ու տրորում է դրանք: Ձիուն բռնում են ու բերում են այն մարդու մոտ, որին Որմիզդը հանձնարարել էր պատժել զանցառուին ու հօգուտ տուժածների գանձում կատարել նրանցից, որոնք տրորել էին ցանքսը կամ էլ այդ բանը նրանց ձիերն էին արել: Այդ պաշտոնյան, սակայն, չի համարձակվում Որմիզդի հրամանն ի կատար ածել Խոսրովի կամ նրա ծառաների նկատմամբ ու Որմիզդին տեղյակ է պահել ձիու կողմից ցանքսի փչացման փաստը: Եվ Որմիզդը հրամայել է կտրել կարգազանց ձիու ականջներն ու պոչը, իսկ Խոսրովից գանձել պատճառված վնասի գինը:

Իսկ մեկ այլ արաբ պատմիչ՝ Աբու Խանիֆա ադ Դինավարին, հիշյալ շահին հետևյալ խոսքերն է վերագրել.

«Թող ուժեղը թույլին չուտի ու թող թույլն ուժեղին չխաբի: Թող ուժեղներից ոչ ոք չձգտի թույլերից որևէ մեկի նկատմամբ անարդարություն գործել, քանի որ դա կհանգեցնի մեր պետության թուլացմանը: Ու թող թույլ մարդկանցից ոչ մեկը չցանկանա զավթել ուժեղների գույքը, քանի որ դա կհանգեցնի այն կարգի փլուզման, որը մենք ցանկանում ենք, կհանգեցնի այն հիմքի վերացմանը, որի վրա մենք ուզում ենք հենվել, կհանգեցնի այն բանի կործանմանը, որին մենք ձգտում ենք: Իմացե՛ք, ո՛վ մարդիկ, որ մեր քաղաքականությունը կայանում է ուժեղների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի ու նրանց աստիճանը բարձրացնելու, թույլերի նկատմամբ գթասրտության ու պաշտպանության, ուժեղների նկատմամբ ճնշումներն ու բռնությունը կանխելու մեջ»:

Որմիզդը դիտմամբ բացահայտորեն հովանավորել է իր բանակի հասարակ զինվորներին՝ առատորեն հոգալով նրանց կարիքները, մինչդեռ հեծյալ ասպետներին, որոնք ազնվականական տներից էին, վատ է վերաբերվել, իսկ երբ դատ է եղել մի ազնվականի և ռամիկի միջև, շահնշահն իր հովանավորության տակ է առել ռամիկին և առհասարակ բարյացակամ վերաբերմունք է ունեցել հասարակ ժողովրդի նկատմամբ:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2649 | 0 | 0
Facebook