Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թերթելով 44 էջանոց օրագիրը

21:41, pazar, 17 оcak, 2021
Թերթելով 44 էջանոց օրագիրը

Լուսաբացին, որ արևն իր շողերը նոր էր դուրս հանում, որ երկինքը ջինջ ու պարզկա էր, մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ այդ հանգստությունը մի վայրկյանում անհետ կկորչի, քաղաքի տարբեր մասերում կփլվեն շենքերը, ու մենք, մեր կամքից անկախ՝ արտասվող աչքերով ու տագնապահար սրտով, կհեռանանք հայրենիքից:
     Պատերազմ էր սկսվել Արցախ աշխարհում…Չարաբաստիկ լուրն իմանալուն պես մենք ապաստան գտանք նկուղներում, բայց թշնամին այնքան էր հարվածում հայրենիքի տարբեր սահմաններին, որ փակ ականջներով, միևնույն է, լսում էինք այն անտանելի ձայները: Վախից կուչ էինք եկել նկուղի սառը պատերի տակ ու Աստծուց միայն մի բան էինք խնդրում.

_Տե՛ր Աստված, աղաչում եմ, դադարեցրու այս անիծյալ պատերազմը, չեմ ուզում մեռնել, ապրել եմ ուզում: Ու այսպես, աղոթքը մեր շուրթերին պահած, պաշտպանվում էինք անագորույն թշնամու զենքերից արձակված հարվածներից: Անցնում էին րոպեներ, դադարում էին ձայները, սակայն վախը դեռ մեր սրտերում էր, իսկ վախի ու սարսափի հետ մեկտեղ մեզ ուղեկցում էր այն միտքը, որ հայոց սահմանին այդ պահին կանգնած է հայրենասիրությամբ ու հայրենիքի արժանի զավակ լինելու վեհ գաղափարով դաստիարակված հայ զինվորը: Մենք հավատում էինք մեր քաջարի, տասնութ-քսան տարեկան մեր առյուծասիրտ տղաների բազկի ուժին, քանզի մեկ անգամ չէ, որ նրանք ապացուցել են, որ հայրենիքի պաշտպանությունն ու փրկությունը վեր է սեփական մատաղ կյանքից:

Մենք ստիպված հեռացանք մեր սեփական տնից, այն համոզմունքով, որ պատերազմը մի քանի օր է տևելու, ու նորից վերադառնալու ենք հայրենի օջախներ: Բայց արի ու տես, որ պատերազմը չէր դադարում, պատերազմը չէին դադարեցնում, իսկ սահմանին անմահանում էին մեր տղաները՝ իրենց կյանքի գնով փորձելով պահել հայրենիքից մի թիզ հող: Մեկը վիրավորվում էր ու վիրավոր ձեռքով կամ ոտքով առաջ շարժվում, երկրորդը նետվում էր վիրավոր ընկերոջը փրկելու, իսկ երրորդը իր հերթը չհասած վազելով մտնում էր տանկը, որ պայթյունի մեկ հարվածով ոչնչացնի անկուշտ թշնամուն. մարտական ոգին անասելի բարձր էր: Ահա այսպես օրերն անցնում էին, օր օրի մարտերը թեժանում էին, մեր տղաները հերոսանում էին թշնամական անօդաչուներ ու մարտական տեխնիկա ոչնչացնելով, և, ցավոք, իրենց կյանքի գնով մեզ պաշտպանելով: Ամեն անգամ սահմանից մի լավ լուր լսելուն պես մեզ հույս էինք տալիս, որ ամեն բան լավ է լինելու, որ հաղթելու ենք, որ տուն ենք վերադառնալու գրավյալ նոր տարածքներով: Սակայն այլ պատկերներ ու գույներ էին ստանում այն րոպեները, երբ լսում էինք մեր տղաներից որևէ մեկի մահվան լուրը.չէ, նրանք չէին մահանում, նրանք անմահանում էին, որ չտեսնեին գալիք խայտառակությունը... երանի նրանց, որ հեռացան:
     Մենք 44 օր շարունակ անքուն գիշերներ էինք անցկացնում, արտասվում, ծիծաղում, տխրում ու ուրախանում, զանգում մարտի դաշտում գտնվող ծնողին, ընկերոջը, սիրելիին, հարցուփորձ անում, ոգեշնչում ու ոգեշնչվում, նրանք ջղայնանում էին մեր անհանգստության ու արտասուքների վրա, ասելով միայն մեկ բան՝ ամեն ինչ շատ լավ է լինելու, այս քանի օրն է, տուն ենք վերադառնալու:
     Ու կրկին գիշեր էր՝ անհանգիստ, անորոշ, տագնապահար ու սպասումով լի: Լուսացրինք այդ գիշերն ու անսպասելիորեն բոթը թակեց բոլորիս դռները…Գրչի մեկ հարվածն այդ պատերազմում հաղթեց զենքի հարվածին: Կորցրինք հայրենիքի սահմանները, այն սահմանները, որոնք մեր զինվորները անառիկ էին պահում, հազարավոր արցախցիներ կորցրին իրենց օջախները, որտեղ մանկություն ունեին թողած, մանկական հուշեր, ապագայի հետ կապված բազում նպատակներ: Ա՜խ, որքան դժվար է հայրենի տուն ու տեղը թողնելն ու հեռանալը: Իսկ հայը ե՞րբ չի հեռացել: Այդ ե՞րբ է եղել, որ նա բարգավաճ քաղաքներ ու գյուղեր կառուցի ու ինքն էլ վայելի: Մեկ բյուզանդացիներն ու պարսիկներն էին նրա շենշող կյանքն ավերում, մոր ու մանկան քշում օտար ափերը, մեկ արաբները, իսկ այս անգամ՝ թուրք ոսոխը: Հազիվ էր վերացել օտարի լուծը, թափառական հայը կառուցել էր և ուզում էր վայելել, բայց ստիպված եղավ հեռանալ՝ իր տունը թողնելով անտուն շներին: Հեռանում է, սակայն այս անգամ ոչ թե որպես պանդուխտ, այլ օտար ափերում պատմություն փնտրող հայ:

Այսօր մենք թաց աչքերով ենք նայում մեր բերդաքաղաք Շուշիին, մեզ համար այլևս երազանք է դարձել վայելել Ջդրդուզի գեղեցկությունն ու շնչել բարձրից եկող թարմ օդը, աղոթք ասել Ղազանչեցոց մայր տաճարում, հաճույքով լսել հադրութեցու ուրախ «քաթերը» ...

Հայը, որ գուցե ամենից շատ է մահ, քաղաքների ու գյուղերի կործանում տեսել, թալանվել ու կոտորվել, միշտ էլ ծնունդով է մաքառել գոյատևման համար, ծնունդով հաղթել է մահին: Խորհրդանշական է, որ պատերազմի օրերին հայրենիքից հեռու, հայրենիքի համար մի նոր Մոնթե ու Արցախ էր լույս աշխարհ գալիս:
     Պատերազմի հետևանքով ավերված շենքերը օր օրի վերականգնվում են, տարիներ հետո գուցե վերադարձնենք մեր հայրենիքի սահմանները, օտար ափերում պատմություն փնտրող հայը կվերադառնա իր օջախ, մենք հաշվի կառնենք դառը դասերը, սակայն անդառնալի են այն կորուստները, որոնք չենք կարող հետ բերել.մենք կորցրել ենք բազում տղաների, բազում մինուճարների: Այսօր հազարավոր ծնողների աչքեր չեն չորանում, այդ աչքերն իրենց բալեքի ճամփին են, մայրերը սևազգեստ են, քույրերը գլխիկոր, իսկ կանայք չգիտեն ինչ պատասխան տան հերոսացած հայրերի երեխաներին, որոնք իրենց ամեն մի օրը լուսացնում են, հայրերի վերադարձին սպասելով:
     Արցախում կյանքը շարունակվում է, այն փորձում է հաղթել մահին…միայն թե մեր տղաները մեզնից չհեռանային:
     Կարոտն ուղղակի ճմլում է մեր հոգին...

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4399 | 0 | 0
Facebook