Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իրանին տիրել են նաև աֆղանները

20:18, perşembe, 22 ekim, 2020
Իրանին տիրել են նաև աֆղանները

«…ոչ թե մի ամբողջ զորաբանակով, այլ մի փոքրիկ կորպուսով այս երկրի մի մեծ մասը կարելի է Ռուսաստանին միացնել»:

Հիմա արդեն լիովին հայտնի են Պետրոս Մեծի գաղտնի ծրագրերն ու փառասիրական ձգտումները: Նրա նպատակն էր Կովկասի քրիստոնյաներին հանել Իրանի դեմ, և դրա ապացույցներից առավել ակնառուն մի ինչ-որ հայի ռուսական դեսպանության գլխավոր կարգելն էր: Գուրգին խանի եղբայրն ու եղբորորդին Մոսկվայում շարունակ դիմումներ են հղում ցարին՝ հավաստիացնելով, որ եթե Ռուսաստանը զորք ուղարկի, վրացիներն ու հայերը, միանալով այդ զորքին, կարող են հեշտությամբ գրավել ամբողջ Անդրկովկասը և հասնել մինչև Արաքս: Քանի որ Ղանդահարում և Քիրմանում տեղակայված պարսից զորամասերը գտնվում էին Գուրգին խանի հրամանատարության տակ, ապա խանն այդ զորքերով ոչ միայն չի գնա իր ազգակիցների ու կրոնակիցների դեմ կռվելու, այլև կարող է մեծ խռովություններ հարուցել հենց Իրանի սրտում՝ նույնիսկ ապստամբեցնել աֆղաններին:

Շահը հավատում է Միր Վեյսին, բայց չկարողանալով Գուրգին խանին պաշտոնանկ անել, նախընտրում է Միր Վեյսին ազատություն տալ ու նշանակել նախկին պաշտոնում: : Շահը կարծել է, թե երկու անհաշտ ախոյանները, մեկմեկու վնասելով, վտանգավոր չեն լինի պետության ու իշխանության համար: Բայց շահը սխալվել էր: Հասնելով Ղանդահար՝ Միր Վեյսը ձևացնում է, թե ուզում է բարեկամանալ Գուրգին խանի հետ ու իր գեղեցկուհի աղջկան կնության տալ իր երբեմնի այս ահեղ ախոյանին: Անհեռատես վրացին թակարդն է ընկնում. որպես գեղանի աղջկա բախտավոր նշանած՝ նա գնում է Միր Վեյսի կազմակերպած խնջույքին և սպանվում է: Նրա դին քարշ են տալիս փողոցներով և անարգում: Կոտորվում է նաև վրաց ամբողջ զորագունդը: Ղանդահարն այլևս ոչ միայն անկախ էր, այլև պատրաստվում էր հարվածել Իրանին:

Պարսից շահը զորք է ուղարկել Ղանդահարի ապստամբների դեմ, բայց այդ զորքը պարտվել ու փախուստի է դիմել: Դա տեղի է ունեցել 1711 թվականի մարտ ամսին:

Վերոհիշյալ թվականը չափազանց անհաջողակ տարի է եղել Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծի համար: Թուրքերի դեմ նա պատերազմ է մղել և Պրուտ գետի մոտ քիչ է մնացել գերի ընկնի թուրքերի ձեռքը: Եկատերինան՝ Պետրոսի կինը, մեծ ընծաներով կաշառել է թուրք հրամանատարին ու կարողացել է հաշտություն գնել թուրքերից:

1715 թվականին Պետրոսը մի նոր դեսպանություն է ուղարկել Պարսկաստան՝ Արտեմի Վոլինսկու ղեկավարությամբ: Դեսպանության պաշտոնական նպատակն առևտրական կապերի հաստատումն է եղել, բայց Վոլինսկու գլխավոր պարտականությունն էր հետազոտել Պարսկաստանի զինուժը, ռազմական ճանապարհները: Վոլինսկուն տրված հրահանգներից մեկն էլ հետևյալն է եղել.

«Տեղեկություններ հավաքել հայ ժողովրդի մասին. շա՞տ է նա, ո՞ր վայրերում է ապրում, հայերի մեջ կա՞ն նշանավոր մարդիկ ազնվականներից կամ վաճառականներից և ինչպե՞ս են նրանք վերաբերվում Պետրոսին: Պետք է նրանց հետ սիրով ու քաղցրությամբ վարվել ու բարեկամություն հաստատել»:

Թե ինչ մեծ նշանակություն են ունեցել հայերը Պետրոսի համար առևտրային տեսակետից, ցույց է տալիս և այն, որ նա դեռ Օրիի կենդանության ժամանակ առևտրային դաշինք էր կնքել Ջուղայի հայերի հետ, որ նրանք բացառապես Ռուսաստան տանեն Չինաստանից արտահանած մետաքսը:

Դեսպան Վոլինսկին 1717 թվականին մուտք է գործում Սպահան: Սկզբում նրան լավ են ընդունում: Բայց ռուս դեսպանի գոռոզ ու գրգռիչ բնավորությունն այն աստիճան անտանելի է եղել, որ Սուլթան Հուսեին շահի կառավարությունը նույնիսկ որոշ ժամանակ նրան բանտարկել է, ապա ստիպել, որ հեռանա երկրի մայրաքաղաքից: Սեպտեմբերին Վոլինսկին հեռացել է Սպահանից: Պարսից մայրաքաղաքում նա մնացել է մոտ յոթ ամիս, և այդ ժամանակամիջոցը բավական է եղել, որ նա հետևյալ պատկերացումը կազմի Պարսկաստանի, նրա շահի ու արքունիքի մասին, որը նա շարադրել է իր զեկույցում.

«Այստեղ այժմ մի այնպիսի գլուխ է, որը ոչ թե հպատակների վրա է, այլ հպատակ է իր հպատակներին և, կարծում եմ, թե այդպիսի մի հիմար գլուխ շատ քիչ կարելի է գտնել նույնիսկ հասարակ մարդկանց, էլ ուր մնաց, թե թագակիրների մեջ: Այդ է պատճառը, որ ոչ մի գործի մեջ չի բարեհաճում մտնել, ամեն ինչի տնօրինումը հանձնում է իր փոխանորդ էհտմա-դովլաթին, որը թեև անասունից էլ հիմար է, բայց այնքան է սիրված շահից, որ նա ինչ հրամայում է, շահն անում է: Այդ պատճառով էլ այստեղ շատ քիչ է հիշատակվում շահի անունը: Ով փոքր ի շատե խելոք է եղել, սա նրան հեռացրել է շահից. և այժմ, բացի նրանից, համարյա ոչ ոք չկա. անում է՝ ինչ որ ուզում է և այնպիսի հիմարն է, որին ո՛չ կաշառք տալով, ո՛չ բարեկամությամբ, ո՛չ էլ խոսք ու դատողությամբ մոտենալ չի կարելի: Ես փորձեցի ամեն միջոցով, բայց ոչ մի բան չօգնեց: Ինչպես ես լսեցի, նրանք խորհրդակցության ժամանակ այնպես են որոշել, որ ինձ այստեղ երկար չպահեն, որպեսզի ես չիմանանամ իրենց պետության դրությունը: Բայց եթե տասը տարի էլ ապրելու լինեմ, այլևս իմանալու և նայելու բան չի մնացել և գործեր կատարել չի կարելի, որովհետև նրանք չգիտեն, թե ի՛նչ է գործը և ինչպես կարելի է գործ անել, քանի որ ծույլ են, գործի մասին մեկ ժամ անգամ չեն ուզում խոսել. ոչ միայն կողմնակի, այլև սեփական գործերը նրանց մոտ կանոնակարգված չեն, ինչպես խելքներին փչում է, այնպես էլ անում են, առանց որևէ կշռադատման: Այսպիսով, իրենց թագավորությունն այնպես են քանդել, որ, կարծում եմ, Ալեքսանդր Մեծն էլ չէր կարող պատերազմով այդպես քանդել: Կարծում եմ, որ այս թագը խորտակման ընթացքի մեջ է, եթե չնորոգվի ուրիշ շահի ձեռքով. որովհետև ոչ միայն թշնամիներից, այլև իրենց ապստամբներից չեն կարողանում պաշտպանվել, և արդեն քիչ վայր է մնացել, ուր ապստամբություն չկա: Աստված այս թագը տանում է դեպի կորուստ…ի բախտավորություն ցարական մեծության: Թեկուզ մեր այժմյան պատերազմը (շվեդական) նույնիսկ արգելեր, սակայն մենք կարող ենք պատերազմ սկսել առանց երկյուղի, որովհետև ոչ թե մի ամբողջ զորաբանակով, այլ մի փոքրիկ կորպուսով այս երկրի մի մեծ մասը կարելի է Ռուսաստանին միացնել: Դրա համար ավելի հարմար ժամանակ, քան այժմյանն է, չի լինի, որովհետև եթե առաջիկայում այս պետությունը վերանորոգվի մի ուրիշ շահի ձեռքով, այն ժամանակ կարգն էլ ուրիշ տեսակ կլինի»:

Նկարում՝ Արտեմի Վոլինսկին

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1898 | 0 | 0
Facebook