Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եղել է ժամանակ, երբ թուրքն ու հայը միասին կռվել են քրդերի դեմ

23:48, cuma, 18 eylül, 2020
Եղել է ժամանակ, երբ թուրքն ու հայը միասին կռվել են քրդերի դեմ

Այնուամենայնիվ, ապստամբ քուրդ խաների ու բեկերի հպատակեցումը լիարժեքորեն չի իրականանում: Հարավային Հայաստանի մեծ մասի տիրակալ Բեդեր խան բեյը չի հպատակվում և 1843-ին նույնիսկ ապստամբում է՝ ձգտելով իր շուրջը համախմբել մյուս քուրդ իշխանավորներին: Անհնազանդ քրդերի դեմ պայքարում սուլթանական կառավարությունը դիմել է նաև այնպիսի փորձված միջոցի, ինչպիսին տարբեր էթնիկակական խմբերին իրար դեմ հանելն է: Կառավարությունը վարձկանների միջոցով քուրդ բեկերին գրգռել է ասորիների, հայերի ու եզիդների դեմ, կազմակերպել է քուրդ-ասորական ջարդեր: 1843 թվականին Բեդեր խանը հարձակվել է Հեքյարիի իշխանության մաս կազմող Թիար լեռնագագաթին ապաստանած ասորիների վրա և 10 հազար խաղաղ բնակչի է կոտորել, որի հետևանքով Արևմտյան Հայաստանի քրիստոնյա ազգերն ու եզիներն էլ ավելի մեծ ցասումով են լցվել Քրդստանի ջարդարար բեկի նկատմամբ:

1845 թվականին սուլթան Աբդուլ Մեջիդը Սըրրի փաշային հանձնարարում է հպատակեցնել քուրդ բեկերին, մինչդեռ ապստամբած քրդերը որոշում են նվաճել Վանի, Բաղեշի ու Դիարբեքիրի կուսակալությունները, անջատվել Օսմանյան կայսրությունից և Պարսկաստանի հովանու ներքո ստեղծել անկախ Քրդստան: Հատկանշական է այն, որ հայերին իրենց կողմը գրավելու նպատակով, ապստամբները լուր են տարածել, թե հայկական գավառներին թույլ կտրվի ստեղծել անկախ Հայաստան Ռուսաստանի հովանու ներքո, իսկ եթե դա չհաջողվի, Բեդեր խանը նրանց կհանձնի Քրդստանի «տնտեսական բաժնի մատակարարությունը»: Հայերի օգնության կարիքն ունեցել են և՛ օսմանյան կառավարությունը, և՛ քուրդ ցեղապետերը, և երկուսն էլ հայերին շռայլ խոստումներ են տվել: Հարավային Հայաստանի հայ ավատատերերը պաշտպանել են ապստամբներին, իսկ նրանցից ոմանք դարձել են Բեդեր խանի խորհրդականներ: Տեղի հայ վերնախավի ջանքերով Շատախի ու Մոկսի հայ զինյալների մի մասը միացել է ապստամբ քրդերին, իսկ 1847-ին նրանց է միացել Դըհի գավառի հայ ու քուրդ բնակիչների մի ստվար հատված: Նույն թվականին էլ Բեդեր խանի բազմահազարանոց բանակն արշավել է Վանի վրա, գրավել է քաղաքը և պաշտոնից հեռացրել է թուրք Մուստաֆա բեյին ու նոր կառավարիչ է նշանակել քուրդ Խան Մահմուդին:

Քուրդ ապստամբների հաջողությունները տագնապեցրել են օսմանյան արքունիքին, սակայն առավել սարսափած է եղել Վասպուրականի գյուղացիությունը, որի կյանքի, ունեցվածքի, պատվի անվտանգությունը կախված էր քուրդ առաջնորդների քմահաճույքից: Քրդահպատակ հայկական գավառներն արյունահեղ կռիվների ասպարեզի էին վերածվել. Քայքայվել էր արհեստագործությունն ու առևտուրը, գյուղատնտեսությունն ու անասնապահությունը: Հայ գյուղացու վիճակը ողբերգակական էր:

Գավառահայերի բողոքները պոլսահայերին դրդել են գործողությունների դիմել: Կոստանդնուպոլսի Մատթեոս պատրիարքը երեք անգամ դիմել է սուլթանին և խնդրել Վասպուրականի ու Տարոնի հայ ազգաբնակչությանն ազատել քրդերի կամայականություններից: Նա կառավարությանը զգուշացրել է, որ եթե հայերն օգնություն չստանան, գերդաստաններով Ռուսաստան կգաղթեն:

Հայերի ցանկություններն ու պահանջները համահունչ էին սուլթանի ու Ռեշիդ փաշայի ծրագրերին, և 1847 թվականի ամռանը, Օսման փաշայի հրամանատարությամբ, հատուկ բանակ է ուղարկվում Արևմտյան Հայաստան: ԻշխանությունըՄատթեոս պատրիարքին առաջարկում է հորդորել տեղի հայերին, որ օգնեն բանակին, իսկ Օսման փաշային իրավունք է վերապահվում տեղացիներից զինվորագրություն կատարել: Մատթեոս պատրիարքը հատուկ շրջաբերականով դիմում է Տիգրանակերտի, Բաղեշի, Կարինի և Վանի հայ ազգաբնակչությանը: Հայերն առաջին անգամ զինվորական ծառայության էին կանչվում:

1847 թվականի աշնանը Օսման փաշան Մոկս է մտնում: Բանակը ռմբակոծում է Աբդալ բեյի անառիկ ամրոցը, ջախջախում է նրա զորաբանակը և գերում առաջնորդին: Քյոռ Մուստաֆա փաշան առանց կռվի հանձնվում է: Երկրորդ ճակատամարտը Վանի մոտ է տեղի ունենում: Քուրդ խան Մահմուդը պաշարում է Այգեստանը: Հայերը խիզախորեն դիմադրում են ու նույնիսկ գերեվարում են խան Մահմուդին ու հանձնում են Օսման փաշային: :

Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Ջազիրե գավառում, որտեղ ապաստանել էր քրդական ցեղախմբերի գերագույն առաջնորդ Բեդեր խան բեյը: Կառավարական զորքերի, հայ ու եզդի աշխարհազորայինների հարվածներին Բեդեր խանը չի դիմանում ու նահանջում է՝ փակվելով ամրոցում: 17-օրյա պաշարումից հետո բերդի կայազորն անձնատուր է լինում:

1848-ի սկզբներին ընկճվում է Խոշաբն ու նվաճվում է Մուշը: 1849 թվականին գրավվում է Բաղեշը, գերեվարվում են Շերեֆների տոհմի բոլոր անդամները և մեկընդմիշտ վերջ է դրվում նրանց տիրապետությանը: Բաղեշի ենթակայության տակ է դրվում դաշտային Սասունը:

Սուլթանական բանակի հաղթանակը կատարյալ էր: Դերեբեյությունները, օջաքըլքները, հյուքյումեթություններն ու յուրթլուքները վերացվում են: Հայ և քուրդ ռայան, ըստ խոստման, պիտի ազատվեր քուրդ բեկերի ծանր լծից: Այս առթիվ շնորհակալական բազմաթիվ հեռագրեր է ստանում Մատթեոս պատրիարքը:

Բեդեր խանն աքսորվում է Կրետե կղզի, խան Մահմուդը՝ Սիլիստրե, բայց պաշտոնի է կանչվում Բեդեր խանի եղբորորդին՝ Եզդանշիրը, շատ ցեղապետերի արտոնություններ են շնորհվում, իսկ ասորական ջարդերի կազմակերպիչներից մեկը՝ Նուր Ալլահ բեկը, նույնիսկ վարչական պաշտոն է ստանում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3974 | 0 | 0
Facebook