Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Այստեղ կրակում են բարձր ճախրող թռչունների վրա...». 7 պատճառ, թե ինչու պետք է կարդալ Ս.-Ավիկ Հարությունյանի պոեզիան

21:09, cumartesi, 12 eylül, 2020
«Այստեղ կրակում են բարձր ճախրող թռչունների վրա...». 7 պատճառ, թե ինչու պետք է կարդալ Ս.-Ավիկ Հարությունյանի պոեզիան

Իրականում պատճառները շատ ավելի են, 7-ը՝ որպես սիմվոլիկ թիվ

1. Նա ունի յուրահատուկ գրական ոճ և ձեռագիր: Հարությունյանական իր նորարարությունն ու թարմ շունչն է նա բերել գրականություն: Նրա պոեզիայում տեսնում ենք ժամանակակից մարդու ապրումները, հույզերը, խոհը՝ երբեմն անկախ էթնիկ, կրոնական պատկանելությունից: Սա նշանակում է, որ նրա պոեզիան պետք է հետաքրքիր լինի աշխարհի ցանկացած անկյունում ապրող մարդու համար: Նրա պոեզիան սնուցվում է համամարդկային երակներից: ՆՈՐԱՐԱՐ Է ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ:


    

2. Ս.-Ավիկ Հարությունյանի պոեզիայում տեսնում ենք յուրօրինակ սիրո յուրօրինակ խոստովանություն հայրենիքին, որն է՝ սեր առ Արցախ-Հայաստան: Ավելին՝ նա իր պոեզիայով կոչ է անում սիրել հային ու Հայաստանը՝ գեղարվեստական պատկերներով կերտելով մեր հայրենիքն իր գույներով, բույրերով, պատմությամբ ու մարդկային ճակատագրերով: Այդ կոչը հասցեագրվում է աշխարհի բոլոր ժողովուրդներին, ուստի Հարությունյանի պոեզիան ունի նաև հայրենասիրական ու ազգային շերտեր, որից էլ ակունքվում է համամարդկայինը: ՆԵՐԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ:


    

3. Մենք բոլորս գիտենք, որ Արցախը միջազգային ճանաչման խնդիր ունի, և ցանկացած գիտակից, հայրենիքի ճակատագրով մտահոգ հայ իր գործողությունները իր հնարավորությունների չափով ծառայեցնում է Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու խնդրին: Ս.-Ավիկ Հարությունյանը սա անում է իր պոեզիայով: Նրա պոեզիան, որ թարգմանվել է տարբեր լեզուներով և տարածվել նաև Հայաստանի սահմաններից դուրս, նպաստում է Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելուն նաև գրականության՝ պոեզիայի միջոցով:


    

4. ՀՈՒՄԱՆԻԶՄ (ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ): Հումանիստական արժեքներն են դոմինանտում նրա յուրաքանչյուր ստեղծագործության գաղափարական բովանդակությունում: Աշխարհը, կյանքը, մարդուն դարձնել ավելի բարի, գեղեցիկ, վեհ, մարդու հանդեպ մարդ լինելու բանաստեղծական կոչ, կյանքի իմաստի արժևորում հենց հումանիստական արժեքների միջոցով, որոնք ընկած են նրա պոեզիայի գեղագիտական, գաղափարաբովանդակային առանցքում:


    

5. Ունի աֆորիստիկ մտածողություն, որը կարողանում է դարձնել գեղարվեստ: Նրա բանաստեղծական տողերը կամ առանձին բանաստեղծություններ ունեն աֆորիզմային նշանակություն: Օրինակ՝ Ուրիշների երջանկությունը/ ուրիշ չափման միավոր ունի: Կամ՝ Այստեղ /կրակում են /բարձր ճախրող /թռչունների վրա/ մնացածների համար/ թակարդներ են լարել/ թփուտներում:


    

6. Ունի ինքնատիպ պատկերավոր մտածողություն, նշանային համակարգի իր մոդելը և հաջողությամբ իր պոեզիայի գեղագիտական համակարգում կարողանում է խորհրդանիշների կիրառմամբ գեղարվեստական պատկերին, տեքստին տալ ենթատեքստ, ընթերցողի երևակայությունը տանել դեպի անսահմանություն՝ չկաղապարելով նրան և սահմաններ չգծելով նրա համար: Առերևույթ աննշան թվացող երևույթներին փիլիսոփայական խորը իմաստ և կենսական կարևոր նշանակություն հաղորդելու առանձնահատկությամբ է օժտված նաև նրա պոեզիան: Խորհրդանիշներից ուզում եմ առանձնացնել թռչունի սիմվոլը /խորհրդանիշը/, որը ընթերցողի մշտական ուղեկիցն է ամբողջ ընթացքում: Այդ թռչունը երբեմն մենավոր է, երբեմն՝ չվող, երբեմն՝ դեպի հետդարձ նայող, երբեմն՝ հաստատ որոշած, որ էլ հետ չի դառնա այն տարածքները, որտեղից մի ժամանակ չվել է, երբեմն իրեն տանջող ինչ-որ մեղքի զգացումով, բայց միշտ իր բնօրրանի մասին հուշերով ապրող, թաքուն հետդարձի մասին երազող, որովհետև այդ տարածքներն են սնել, պահել, գուրգուրել նրան, ուրախացել առաջին թռիչքով և այլն:


    

7. Նա այն հեղինակն է, ում մասին ոչ ոքից չես լսում, ոչ բուհի գրականության դասերին, ոչ դպրոցի գրականության դասերին, այլ պատահական ես համացանցում գտնում լավ պոեզիա որոնելիս, երբ ուզում ես ապրումակցող տողեր գտնել: Նրա պոեզիան ապրումակցող է: Ու գտնում ես հանկարծ մի հեղինակ, որի մասին փաստորեն բարձր գնահատականներ են հնչեցրել հայաստանյան և արտասահմանյան գրականագետներ, նրա բանաստեղծություններից առարկայական նոր չափորոշիչներով ներառել են դպրոցական դասագրքում: Այդ հեղինակը ժամանակակից ճանաչված բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանն է, ծնունդով Արցախի Չլդրան գյուղից, ապրում է Մոսկվայում և Բարսելոնայում:


    

Զարինե Սառաջյան, բ.գ.թ., դոցենտ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4637 | 0 | 0
Facebook