Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՀԱԲԵԿԻՉԸ

12:00, çarşamba, 09 eylül, 2020
ԱՀԱԲԵԿԻՉԸ
    
    

Այդ պահից շատ չանցած՝ շտապօգնության ավտոմեքենաները սլանում էին միացրած փարոսիկներով, ոստիկանությունը շրջապատել էր համալսարանը, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հեռախոսազանգերը չէին դադարում:
     Նույն պահին իրենց հարմարավետ բնում հայր մուկն սկսեց նախատել նորելուկ ձագին.
     – Ասա, թե ի՛նչ ես արել:
     – Ոչինչ, – խեղճ-խեղճ ծվաց պստլիկ մուկը:
     – Ոչինչ չի արել, բայց բոլորն իրար են անցել, շենքում տագնապ է, – հոր նախատինքը շարունակեց մայրը:
     – Հա՛, իսկապես ոչինչ չեմ արել, – վախից դողալով՝ խոսեց մկնիկը: – Ես միայն...
     – Ի՞նչ, – hայացքը ձագի վրա սևեռեց հայրը:
     – Բնից հանեցի քթիս ծայրը ու մի աչքով նայեցի դուրս։
     – Անպիտա՛ն, – բարկացավ մայրը:
     – Ու դեռ ասում է՝ ոչինչ չեմ արել, – մռթմռթաց հայր մուկը: – Այդքան ասում ենք՝ դասերի ժամանակ ո՛չ մի ավելորդ շարժում, ո՛չ մի աղմուկ:
     – Իսկ դու…, – ազդու հայացքով կրկին ձագին նայեց մայրը:
     – Ինչ է, դրսում ֆուտբոլի առաջնությո՞ւն էր, թե՞ շվեյցարական պանրի հերթ, որ չդիմացար, – կրկին հանդիմանեց հայր մուկը:
     – Չգիտեմ, – հազիվ կմկմաց մկնիկը: – Ինչ-որ մեկն ասում էր, թե իրենք հիմա ավելի մեծ թափով են տիեզերքը նվաճում: Ասում էր Նյուտոն, Էյնշտեյն, Մարս, ատոմային ռումբ… Նկարներ էր ցույց տալիս: Ուզեցի տեսնել:
     – Գիտունիկ, – hեգնեց մայրը:
     Մկնիկն իսկապես չէր խաբում: Բնից հանել էր միայն քթի ծայրը, հազիվ նկատելի անցքում փայլել էր նրա աչքը, որից հետո կատարվել էր այն, ինչի մասին իմացանք: Իսկ առավել մանրամասն պատմում էին ուսանողները.
     – Մեկ էլ հանկարծ…
     – Վառվեց…
     – Վազեց…
     – Ճչացին…
     – Դոփեցին…
     – Ընկան…
     – Տարան…
     – Գոռոց…
     – Շփոթ…
     Իսկ հետո… Շտապօգնության ավտոմեքենաները սլացան դեպքի վայր: Ոստիկանությունը շրջապատեց համալսարանը: Շենքում հայտարարվեց արտակարգ դրություն։
     – Ու դեռ ասում է՝ ոչինչ չեմ արել, – այս ու այն կողմ քայլելով՝ նորից կրկնեց հայր մուկը:
     – Վե՛րջ: Այստեղ մնալ չենք կարող: Հիմա ամեն տեղ թակարդ կդնեն: Անուշ-անուշ թույն կտան, – եզրակացրեց մայրը:
     – Ճար չկա. պիտի տեղափոխվենք, արտագաղթենք, – շարունակեց հայրը:
     – Ու էլ ո՛չ դասախոսություններ կլսենք Նյուտոնի ու Էյնշտեյնի մասին, ո՛չ էլ կիմանանք՝ Մարսի վրա մկներ եղե՞լ են, թե՞ ոչ, – եզրափակեց մայր մուկը՝ նայելով խեղճ-խեղճ կանգնած ձագուկին, որ առանձնապես չէր էլ հասկանում, թե ինչ է կատարվել…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3849 | 0 | 0
Facebook