Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կապարոսի առաջին քննությունը. Հայաստանի հավաքականը կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիային

Blog About Everything
Basın sekreteri:
Blog About Everything
12:30, cumartesi, 05 eylül, 2020
Կապարոսի առաջին քննությունը. Հայաստանի հավաքականը կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիային

64 տարեկան հասակում իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապարոսը պատրաստվում է իր կյանքի հերթական քննությանը: Հայաստանի հավաքականը գլխավորելուց ամիսներ անց միայն Կապարոսն իր նորամուտն է նշում նոր պաշտոնում: Ու կարևոր քննությունից առաջ Կապարոսը կանգնել է մի շարք խնդիրների առջև:


    

Առաջին խաղը՝ խայտառակ պարտությունից հետո


    

Հայաստանի հավաքականը իր վերջին խաղն անցկացրել է նախորդ տարվա նոյեմբերին՝ արտագնա խաղում խայտառակ պարտություն կրելով Իտալիայի հավաքականից (1-9): Եթե չլիներ պանդեմիան, Հայաստանի հավաքականն արդեն 4-5 ընկերական հանդիպում պետք է անցկացրած լիներ, և Կապարոսը արդեն լիարժեք պատկերացում պետք է ունենար իր թիմի կազմի մասին: Սակայն 2020թ.-ի համաշխարհային համար մեկ խնդիրը որոշակի բարդություններ առաջացրեց նաև Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչի համար: Սպասվում էր, որ ընկերական խաղերի միջոցով Հայաստանի հավաքականը կնախապատրաստվի Ազգերի լիգայի գավաթի խաղարկությանը: Սակայն ստացվեց այնպես, որ Ազգերի լիգայի միջոցով Հայաստանի հավաքականը պատրաստվելու է Աշխարհի առաջնության որակավորման փուլին:


    

Առանց առաջատարի և մի քանի այլ փորձառու ֆուտբոլիստների


    

Կապարոսի համար մյուս մտահոգության առիթը Հենրիխ Մխիթարյանի զանգն էր: Հայաստանի հավաքականի առաջատարն ու ավագը խնդրել է գլխավոր մարզչին չմիանալ հավաքականին առաջիկա երկու հանդիպումներին և խոստացել ժամանել հոկտեմբերյան խաղերին: Ոմանք կարծում են, որ դրա ետևում թաքնված է ՀՖՖ նախագահի ընտրությունների արդյունքներով Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի՝ գործկոմում չընդգրկվելը, որոշ ուժեր արդեն փորձում են շահարկել՝ օգտագործելով իրենց քաղաքական շահերի համար, սակայն Կապարոսի հետ հեռախոսազրույցից բացի այլ մեկնաբանություններ որևէ կողմից չեն եղել, այնպես որ Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուին սպասում ենք հավաքականում մեկ ամիս անց, իսկ Կապարոսի համար սա լավ հնարավորություն է՝ փորձել պատկերացնել հավաքականի խաղը առանց առաջատարի, եթե կարևորագույն խաղերի ժամանակ դրա կարիքը լինի:


    

Բացի Մխիթարյանից, առաջիկա հանդիպումը վնասվածքների պատճառով բաց կթողնեն նաև Սարգիս Ադամյանն ու Գևորգ Ղազարյանը (երկուսն էլ նոր են ապաքինվել, և մարզչական շտաբը որոշել է ռիսկի տակ չդնել նրանց առողջությունը):


    

Մի կողմից, իհարկե, այս ֆուտբոլիստների առկայությամբ, Կապարոսը շատ ավելի լայն տարբերակներ կունենար առջևի գծում, սակայն, մյուս կողմից, այժմ նա կարող է փորձարկել մի շարք տաղանդավոր նորեկների ու հասկանալ բոլորի ներուժը:


    

Նոր համալրումներ՝ մարզչի համար


    

Թող տպավորություն չստեղծվի, որ Կապարոսի՝ հավաքականը գլխավորելուց հետո նա միայն խնդիրների առաջ է կանգնել: Հավաքականում մի շարք դրական փոփոխություններ են եղել: Առաջին հերթին խոսքը ԵԱՏՄ երկրներում հայ ֆուտբոլիստների լեգիոներ չհամարվելու հարցն է: Դա թույլ տվեց հավաքականը համալրել այնպիսի ֆուտբոլիստներով, ինչպիսիք են դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, կիսապաշտպաններ Խորեն Բայրամյանն ու Արշակ Կորյանը: Սպասվում է, որ Յուրչենկոն կդառնա հավաքականի առաջին համարը, իսկ Բայրամյանն ու Կորյանը բավականին կուժեղացնեն թիմի եզրերը:


    

Բացի այդ, վերջին շրջանում Սլովակիայում գերազանց խաղ է ցուցադրում երիտասարդ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով, Էրիկ Վարդանյանի հետ միասին համարվում է նոր սերնդի հայ ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Ու թեև Վահանը դեռ կայուն տեղ չի ստանում «Ժիլինայի» մեկնարկային կազմում, սակայն իր ստացած խաղաժամանակում հասցրել է 5 գոլ խփել ու գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Պատահական չէ, որ Կապարոսի աչքից չի վրիպել նրա լավ խաղը: Իրենց թիմերում արդյունավետ խաղ են ցուցադրում նաև Ալեքսանդր Կարապետյանը, Տիգրան Բարսեղյանը, Գեղամ Ղադիմյանը, Կամո Հովհաննիսյանը…


    

Հայաստանի հավաքականը ևս 3 նորեկ ունի՝ Հայաստանի առաջնությունից: Նրանցից երկուսի մասին ՀՖՖ-ն նախապես հայտարարել էր: Ազգային ընտրանու կազմը համալրել են երկու «լեգիոներներ» ՝ «Շիրակի» նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդեն և «Գանձասարի» կոլումբացի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն: Երկուսն էլ արդեն 5 տարի է հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում և, ստանալով ՀՀ քաղաքացիություն, համալրել են ազգային ընտրանու կազմը: Հատկանշական է, որ երկուսն էլ կենտրոնական կիսապաշտպաններ են: Հավանաբար, Կապարոսը հավաքականի ամենամեծ խնդիրներից մեկը հենց այդ դիրքում է տեսնում՝ փորձելով այն լրացնել «լեգիոներների» միջոցով:


    

Հավաքականի վերջին նորեկը «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Գրիգորյանն է: Աշխատասեր կիսապաշտպանը առաջնությունում իր կայուն ելույթներով աչքի էր ընկնում դեռևս «Գանձասարում» ունեցած ելույթների ժամանակ, Կապարոսի հրավերը ցույց է տալիս, որ նա ուշադրությամբ է հետևում առաջնության հանդիպումներին:


    

Ցուցակից դուրս մնացածները


    

Այս անգամ ազգային հավաքականի ցուցակից դուրս է մնացել Արաս Օզբիլիզը: Հավանաբար, կիսապաշտպանի խաղը Հայաստանի առաջնությունում առայժմ չի տպավորել Կապարոսին: Բացակաների թվում են նաև «Տոբոլի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն ու «Ռոտորի» պաշտպան Արմեն Մանուչարյանը: Եթե Ավետիսյանի բացակայությունը կարելի է բացատրել նրա խաղային դիրքում մեծ քանակի ֆուտբոլիստների առկայությամբ, ապա Մանուչարյանին չհրավիրելու որոշումը մի փոքր տարօրինակ է՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի պրոգրեսը վերջին շրջանում և ՌՊԼ-ի նորեկի հիմնական կազմում հաստատվելը: Վնասվածքից դեռ չի ապաքինվել «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը:


    

Մրցակիցը


    

Մակեդոնիայի հավաքականը խմբի ֆավորիտներից է: Սակայն խաղից առաջ գլխավոր մարզիչ Իգոր Անգելովկին լուրջ խնդրի առջև է կանգնել. հիմնական դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկին վարակվել է կորոնավիրուսով և դուրս մնացել հավաքականի կազմից: Այժմ Անգելովսկու տրամադրության տակ մնացել են Մարտին Բոգատինովը, ով 4 տարի առաջ ավարտել էր կարիերան հավաքականում, ինչպես նաև երկու անփորձ դարպասապահներ Դեյան Իլիևն (Լոնդոնի «Արսենալի» սան է) ու Դամիան Շիշկովսկին: Փոխարենը՝ մյուս առաջատարները՝ Ստեֆան Ռիստկովսկին, Էնիս Բարդհին, Էլիֆ Էլմահը, Գորան Պանդևն ու Իլյա Նեստերովսկին շարքում են և պատրաստվում են Հայաստանի և Վրաստանի հավաքականների հետ հանդիպումներին:


    

Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 17: 00-ին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4015 | 0 | 0
Facebook