Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԴԵԳԵՐՈՂԻ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՆՈՐԵԿՆԵՐԻՆ

10:32, salı, 28 temmuz, 2020
ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԴԵԳԵՐՈՂԻ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՆՈՐԵԿՆԵՐԻՆ

Յուրօրինակ տիրույթ է: Եվ կա և չկա: Ձգողունակություն ունի, որը ոչնչի հետ համեմատելի չէ: Համազգային Շարժման առաջին օրերին, հիշում եմ, եղբայրս չէր մասնակցում օպերայի հավաքներին, հետո մի անգամ եկավ, և բժշկագիտության թեկնածուն հանձնվեց մոգական անտես ուժին՝ երկրորդելով ինստիտուտ, հիվանդ... Չհասկացվե՞ց: Փորձեմ այլ կերպ բացատրել. պատկերացրեք գիրք՝ մտքերի, պատկերների անվերջ հոսքով: Չէ, հեռուստացույցից շատ է տարբեր, որովհետև այստեղ դու միջամտել կարող ես, անմիջական մասնակից ես, Աստծո մանրակերտ ՝ բայց ոչ կղերի հրամցրած և ոչ ամենակարող... Դարձյալ այն չէ, ցայժմ շարադրածն էլ համացանցի ու նրանից օգտվողի շուրջ է պտտվում, իսկ խնդիրս ֆեյսբուքյան մթնոլորտը ներկայացնելն է, ուստի նեղացնեմ շրջանակը. ֆեյսբուքը համացանցի պատուհաններից մեկն է՝ կյանքի խտածո: Այն էլ ինչպիսի՜: Հազար ընկեր ունեմ: Հազարը ոճի առումով չգրեցի: Ես, որ կյանքում ներփակ մարդ եմ, առանձնակի չշփվող, պաշտոնապես հազարին մերձ ընկեր ունեմ, և դա՝ երկու տարում, և դա սահման չէ:

Սկզբում միայնակությունը ճնշում էր: Մեկ անգամ ևս փորձով համոզվելով, որ մարդը հանրային արարած է, սկսեցի առաջարկներ անել, հետո, երբ հարյուրն անցավ, դադարեցրի՝ գործի դնելով Նարեկացու ասած «բանականության երասանը»: Ընկերանալու ոչ մի առաջարկ չեմ մերժել՝ բացառյալ օտարալեզուներն Աֆրիկայից ու էլի չգիտեմ որտեղից՝ պարկեշտ ու անպարկեշտ կեցվածքներով, թափանցիկ ու սքող ակնարկներով: Կան, որ իրական դեմքով են, կան՝ դիմակավոր: Ֆեյք են ասում, ֆրենդ... Գլուխ չեմ հանում, կարևոր էլ չէ: Ոչ մեկին չեմ հեռացրել ու մտադիր չեմ: Ինձ իր ցուցակից զտող եղել է, թե ոչ, դարձյալ անտեղյակ եմ: Եվ միշտ զարմացել են, երբ ոմանք գրառում են՝ սրան հեռացրի, նրան գրողի ծոցը ճամփեցի, մինչևիսկ այլոց են պարտադրելու պես խորհուրդ տալիս նույն կերպ վարվել: Լավ-վատ, մարդ են, իմ հայրենակիցները, թող մնան, ինձ չեն խանգարում, մանավանդ նրանք, միևնույն է, կան՝ վերևի հարկում են, ներքևի, թաղամասում, մերձակա գյուղում, լեռներից, օվկիանոսներից այն կողմ, ըստ այնմ բա՞ն կփոխվի տեսադաշտիցս հեռացնելով: Ոմանց հղումներից, ճիշտ է, ինքս էլ նեղսրտում եմ, բայց դրանից ելք նույնպես կա՝ չես ընթերցում, ինչպես չես բացում զանազան նյութեր, որոնց որպիսին լինելը հուշում են խորագիրը, գովազդողը: Չմոռանանք, հեռու անցյալում, երբ հանրային ճնշումը շատ ավելի սաստիկ էր, անգամ Եվրոպայում որքան գրող, գիտնական հարկադրված էին հանդես գալիս ծածկանվամբ, մինչևիսկ մի քանի կեղծանունով:

Իմ համոզմամբ ֆեյսբուքն ինքնօրինակ կրթարան է, հարահոս-դասագիրք, ուստի այնտեղ լինելն օգտակար է թե ինձ, թե մոլորյալ, անուս, թերուս, ուսյալ հայրենակցիս, ով «սենց», «նենց» ու այդակարգ «մթերք» է գործածում, «տոլման» լցոնում թուրքերեն, ռուսերեն բառերով, օժանդակ բայն ա-ով գրում, լեզու, որը Վաչագան Սարգսյանը մի անգամ իրավացի որակեց «թերմացքային»:

Քանի որ խոսքն ինչ կերպ գրելուն հասավ, շարունակեմ՝ հիասթափեցնում են ոչ հայատառ գրառումները, որոնք չեմ ընթերցում, որովհետև նախ՝ դժվարանում եմ, երկրորդ՝ մայրենիի դեմ ոտնձգություն են, ուստի արդարացումները վերապահումով եմ ընդունում՝ լինի հարազատի, անծանոթի, իբր... Եթե մարդուն մի բան շա՜տ է պետք, հայթայթելու համար կգտնի թե՛ փող, թե՛ ժամանակ, չգտնելու ու չունենալու պարագայում էլ սոսկ ընթերցող կմնա, եթե SOS-ի կանչ չէ: Նույնքան խիստ իմ հանդեպ եմ, ինչպես ուսուցիչը, որը գիտի՝ գրատախտակի գրառմանը հետևող անմեղ աչուկներ կան, խմբագիրը, ում նշաձողը բանիմաց ընթերցողն է: Ասվածից չի հետևում, թե մտքի, լեզվական վրիպումներ թույլ չեմ տալիս. անսխալական չեմ, բացթողումներ էլ են լինում՝ շտապելիս մանավանդ: Օրինակ՝ վերջերս մի լուսանկար էի զետեղել, որտեղ ես էի կուրսեցիներիցս երեքի հետ՝ զինվորական զգեստով: Ծանուցման մեջ ժամանակ անց նկատեցի, ազգանունս մի ն-ով եմ գրել: Տհաճ զգացողություն էր, հետո ինքս ինձ սփոփեցի՝ լավ է, գոնե սխալը քո ազգանվան մեջ է: Ի դեպ, ֆուտբոլասեր լինելով՝ հաճախ եմ ռուսական կայքեր մտնում: Նրանք, ի տարբերություն մեզ, շատ անկաշկանդ, բուռն քննարկում են, վերլուծում հրապարակումները: Բացի դա՝ այնտեղ հարյուր մեկնաբանությունից մեկը հազիվ լինի լատինատառ, իսկ մեր հանրության նույնակարգ շերտը... Եթե տասը կարծիք կա, ուրեմն՝ յոթ-ութն այլատառ է:

Ֆեյսբուքը զրուցատեղի լինելով հանդերձ, մերձավորին, ծանոթին, անծանոթին, հային, ընդհանուր բառով՝ մարդուն ճանաչելու հարթակ-հայելի է: Ինչ բնավորության անձ ասես կա, ինչպես կյանքում, տարբերությամբ միայն, որ այստեղ խոշորադիտակի տակ են. խռովկաններ, կռվազաններ, ինքնասիրահարներ, անպատկառներ, երազողներ... Տրամադրությունների որպիսի՜ փոփոխականություն, դրանով պայմանավորված՝ խոհերի, կոչերի՝ պարզունակից մինչև խորախոր: Կոնֆուցիոս, Բրեխտ, Վարուժան, ևս չգիտեմ ով, ու մեկ էլ՝ հանգավոր թոթովանք, ջինջի կողքին պղտորը, նուրբին հարևանած գռեհիկը, թրթռունին կից ծանրամածը, կատարյալին կիպ տխեղծը... Հոսք է՝ անեկդոտների, խորհուրդների, գույների, մեղեդու, պատկերի, կոչերի՝ Բաքուն գրավելու, Ստամբուլը հիրավի արյան ծով դարձնելու, շրջահայացության, պատմությունից դասեր քաղելու, զգոնության... Եվ հրավեր՝ «ցնցող» լուրը, «բացառիկ» հարցազրույցն ընթերցելու, «հանճարեղ» բեմադրությունն ու «եզակի» կատարումն ունկնդրելու: Երբեմն կռվում են, ինչպե՜ս են ձաղկում մեկմեկու, բաժանված ջոկերի, լուտանքներ՝ տաք թոնրահան, մեղադրանքներ՝ գրագողության... Քաղաքականացված, կուսակցականացված, գրականամերձ թևը՝ մանավանդ: Երբեմն տպավորություն է՝ Ծապլվարի «բնակիչներն» են կեցության վայրը փոխել: Ի դեպ, տևաբար այդ հորձանքում մնալու պարագայում անխուսափելի է չընկղմվել-չազդվելը: Տեղեկատավական այնպիսի գերառատություն է /լրատվական կայքերի նյութերի զգալի մասը ևս շատ արագ հայտնվում է խնդրո դաշտ/, որ հնարավոր է զգոնությունդ կորցնելով չըմբռնես՝ խոհը գլխումդ ինքնուրու՞յն ծնվեց, թե պատճենվել է ակամա, միտքը շապկավորելիս ձեռքիդ քո՞ թել-ասեղն էր:

Ամենադժվարը լայքի խնդիրն է: Ֆեյսբուքից անտեղյակներին հուշեմ՝ դա գործողություն է, որով քո վերաբերմունքն ես արտահայտում զետեղված նյութի նկատմամբ: Եթե հավանել ես հրապարակումը, կարող ես համապատասխան նշում անել, նույնիսկ մեկնաբանել, քո էջ փոխադրել: Սա, թեև ոչ կատարյալ, ցուցիչ է ոչ միայն հրապարակման լավ ու վատ լինելու, այլև «ընտանիքի» անդամի սկզբունքայնության, կրթվածության, կողմնորոշման, ճաշակի, բնավորության... Կամքի՝ մանավանդ: Չմոռանանք, նույն հարկի ներքո հարազատների մի մասն է, կուրսեցիներ են, գործընկերներ, հարևաններ, կան հայտնի անուններ, կան՝ ոչինչ չասող, կան գեղուհիներ, քինախնդիրներ, տատանվողներ, մանկտիք... Մի խոսքով, ինչ-ինչ նկատառումներով լայքում ես, բայց բանաստեղծությունների, վերլուծությունների, հումորի, բնապատկերների, դիմանկարների, խաղերի, հորինովի ու ճիշտ, կարևոր ու անկարևոր լուրերի, այլազան հղումների տարափին ավարտ չկա: Երբեմն նամակով են նյութ ճամփում՝ խնդրելով հավանել: Սովորաբար այդ կերպ վարվում են զանազան կայքեր զանազան նկատառումով բացած անձինք, կազմակերպություններ, սակավ՝ համախոհներ: Դա էլ ոչինչ: Առավել դժվարանում է կացությունը, երբ օրը տոնական է, մեկնումեկի տարեդարձը, եթե, ասենք՝ Չարենցի, պիտի չարենցախեղդ անեն, Թումանյանի՝ թումանյանաթաղ, Մարկեսի՝ մարկեսակոխ, իսկ եթե ֆեյսբուքատան անդամի՝ պաչիկներ, ծաղիկների խրձեր, նախշուն տորթեր և մաղթանք, մաղթանքնե՜ր՝ ի միջի այլոց, ի սրտե... Չշնորհավորես, հնարավոր է նեղսրտի... Չծավալվեմ: Անձամբ գաղտնիք չունեմ, ուստի ծննդյանս օրը, տարեթիվը համապատասխան վանդակում նշել եմ / ֆեյսբուքատիրոջ գրասենյակի հորդորն է/, բայց մարդկանց պարտադրված խոսք գրելու նեղությունից ազատելու նպատակով այդ օրերին աներևութանում եմ /նման հնարավորություն ցանցն ունի/, որպեսզի ոստայնի ամենատես տերն ընկերներիս աչքը չխոթի տարեդարձիս օրը: Ճիշտ եմ, թե սխալ, քննարկման թեմա չէ, մանավանդ երկրի երեսին ահագին պարապ քայլել եմ, քիչ սերմել...

Ծանր է ֆեյսբուքյան «աշխատավորի» կյանքը նմանապես այն օրերին, երբ երկրային կյանքից հեռանում է հայտնի մեկը, սահմանում զոհ լինում. գրադաշտը ծփում է սրտաճմլիկ նյութերով, ձայնարկություններով, մահազդի, գույժի չարչրկմամբ: Դարձյալ չծավալվեմ, քանզի գիտեք՝ նման պահերի անգամ չտես ծայրահեղ ենք: Չափազանցումն արվեստում կարևոր, մինչևիսկ անհրաժեշտ է, իսկ այս դեպքում... Վանողն այն է, երբ ոմանք առաջ են մղում հանգուցյալի հետ նախկին մտերմությունը, իրենց գիտունությունը, պերճագրելու ունակությունը, և վաստակավորը դառնում է վաստակաշատ, շնորհալին՝ շնորհաշատ, տաղանդավորը՝ հանճարեղ, սուգը՝ ցուցք...

Վերադառնամ լայքին: Ֆեյսբուքը մի լուրջ պակասություն ունի, որով էլ մասամբ պայմանավորված է մեկմեկու նախանձելու, չափի ու անչափի սահմանը հատելու, հաճոյախոսությունից շողոքորթություն ոտնակոխելու արատավոր երևույթը: Թերթերի առցանց տարբերակներում, զորօրինակ, հստակ գրվում է, թե քանիսն է բացել տվյալ նյութը /ընթերցել են, թե ոչ, այլ խնդիր է/, իսկ այս հարթակում կարող են գրառումդ կարդալ, բայց նշում չանել, ուստի հեղինակն անորոշության մեջ է, չափիչ չունի: Անձամբ առանձնակի դժգոհ չեմ, ավելին՝ երախտապարտ եմ համակարգիչ, համացանց, ֆեյսբուք հորինողներին, չլինեին, ի՞նչ կերպ արևին տայի իմ գրվածքները և կարծիքներ ընթերցեի՝ թեկուզ սակավների, երբ գրական մամուլն ինչպես նախկինում, իմ ու քո-ով է առաջնորդվում, մեծ մասի քայլքն էլ կրիայի է: Ափսոս, շա՜տ ափսոս, պատանությանս տարիներին ֆեյսբուք չկար, այլապես այդքան թափոն կընթերցեի՞: Հրեն, Հովիկ Չարխչյանը, էլի ուրիշներ մեծաց մտքերի այնքան ու այնորակ ծաղկաքաղ են անում, արբել կարելի է: Ափսոս, շա՜տ ափսոս, երիտասարդությանս տարիներին ֆեյսբուք չկար, կողմնորոշիչ չկար, թե չէ... Հիմա ընտրության որպիսի՜հնարավորություն՝ հայուհիների, և որքա՜ն հեշտ է ծանոթանալը: Միանգամից կարող ես անցնել մտերմիկ ոճի, նամակ գրել, սրտումդ կուտակ ցողաթաթախ սերը վայրկենաբար փոխանցել ու նույնչափ արագ պատասխան ստանալ: Իսկ այն օրերին՝ «Ներեցեք, ժամը քանի՞սն է...», հավելած՝ հուզմունք, կողմնակի քննախույզ աչք, ալեհավաքը պարզած ականջ, և հավանական պատասխանը՝ չգիտեմ, կամ՝քե՛զ ինչ...

Ֆեյսբուքը նաև ոչ պակաս խորհրդարան է /մի անգամ թռուցիկ դիմէջումս գրել եմ/՝ տարբերությամբ, որ այնտեղ անդամներն օրենքով են անձեռնմխելի, այստեղ՝ թվացյալ, այնտեղ աշխատավարձ են ստանում, այստեղ՝ լայք, այնտեղ կախյալ են, այստեղ՝ անկախ, այնտեղ ներկայությունը պարտադիր է, այստեղ՝ կամավոր, ՀՀ նախագահը խորհրդարանը կարող է ցրել, ֆեյսբուքը՝ առայժմ ոչ: Այստեղ էլ կան գործունյա «պատգամավորներ», հավերժ քնկոտներ, մականունավորներ, դիմակավորներ, պատվերով ելույթ ունեցողներ, ըստ էության արտահայտվողներ, ջուր ծեծողներ, սոսկ կոճակ սեղմողներ, հայերենին տիրապետողներ, հայհոյողներ, բարբառախոսներ, քրիստոնյաներ, հեթանոսներ, սրբապիղծներ, սեռախախտներ: Այստեղ ևս օրենքներ են քննարկում, առաջարկներ հնչում, բաց ու փակ քվեարկում, ճեպազրույցներ կայանում, խմբակցություններ կան, անհատ ձեռնարկատերեր, ունեցվածքն այլոց անուններով ձևակերպածներ, իշխանությանն ի բաց «քլնգող», թաքուն ծափողներ, օրահացի կարոտ և այդպիսին ներկայացողներ, ազգի, պետության նվիրյալներ ու երկրի հերն անիծողներ, նիստերին պարտաճանաչ մասնակցողներ, շուրջ տարին բացակայողներ, երեսպաշտներ, պնակալեզներ, ճամբարը փոխելու պատրաստ և առնետավազքի սովոր սպասյակներ: Այնտեղ ընտրվելիս ՀՀ քաղաքացի լինելը, փող ունենալն ու կուսակցական պատկանելությունը պարտադիր են, այստեղ՝ ամենևին, այնտեղ ոմանց քիմքին անհաճո հայտարարության, ելույթի ժամանակ լքում են դահլիճը, անջատում խոսափողը, այստեղ՝ հեռացնում հղումը, վտարում ընկերությունից, այնտեղ անպարկեշտ պահվածքը ձևի համար են նախատում, այստեղ՝ տեղը տեղին: Ֆեյսբուքը, համեմատ Ազգային ժողովի, մի բանով հաստատապես լավ է․ այստեղ բոլոր նիստերն են դռնբաց, նամակագրության գաղտնիությունը երաշխավորում են, մարդու արժեքն էլ ոչ միշտ է ավտոյի թանկությամբ, իշխանության բարեհաճությամբ, սնամեջ հեղինակությամբ պայմանավորված:

Վե՛րջ, աններելի երկարեց ախտահարիս խոսքը, ֆեյսբուքում հիմա ինչե՜ր եղան, գնացի դեգերելու...

ՀԳ - Քիչ մնաց մոռանայի խորհուրդս նորեկներին. հիշու՞մ եք հեքիաթի ծերունու պատգամը մութ աշխարհ մեկնող հերոսին՝ սկզբում քեզ կգցես սև, հետո՝ կարմիր, վերջում միայն՝ ճերմակ խոյի մեջքին, կհանի երկրի երես: Չշփոթեք, այլապես կմնաք այնտեղ, ինչպես մոլորյալս:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5770 | 0 | 0
Facebook