Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները (սկիզբը՝ նախորդում)

12:47, perşembe, 09 temmuz, 2020
Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները (սկիզբը՝ նախորդում)

-Այս կինն առաջին իսկ հայացքից աչքովս ընկավ, քանի որ շատ դուրեկան է: Առաջին գիշերը, երբ նրա հետ անկողին մտա, նա հայտարարեց, թե կանացի արնահոսություն ունի: Ես, իսկապես, նրա ոտների արանքում ինչ-որ փալասներ հայտնաբերեցի: Այդ առաջին գիշերը ես նրանից ոչինչ չպահանջեցի, այլ գիշերեցի ուրիշ կանանց հետ: Երկրորդ գիշերն առաջին գիշերվա պես համբերեցի: Իսկ արդեն երրորդ գիշերը, երբ պառկեցի նրա կողքին, հանկարծ նրա այն տեղի մոտ մեծ բշտիկ, ավելի ճիշտ՝ ուռուցք բացահայտեցի: Պարզվեց, կնոջը դարձյալ չի կարելի դիպնել: Չորրորդ օրը մենք ճանապարհին էինք: Նրա ուռուցքն իջավ, բայց դրա փոխարեն ինձ փորլուծություն կպավ՝ այն էլ այնպիսի դաժան փորլուծություն, որ կարիքս հոգալու համար ստիպված էի հարյուրից ոչ պակաս անգամ վազ տալ: Ես կորցրեցի իմ ամբողջ ուժը, նույնիսկ բառ չէի կարողանում ասել, ի՜նչ մնաց, թե սեր անելով զբաղվեի…Ընդհանուր առմամբ, այն օրից սկսած, երբ մենք դուրս եկանք ճամբարից ու մինչև այս պահը, ես անդադար վազել եմ բնական կարիքս բավարարելու: Ապրել ենք, ճիշտ է, միասին, նույնիսկ նույն անկողնում ենք քնել, բայց մեր միջև այդպիսի բան տեղի չի ունեցել: Ինչպես ասվում է. «Ես ու նա իրար հետ ոչ բրինձ, ոչ էլ մի կում ջուր չենք կիսել»: Պարոնա՛յք բարի մարդիկ, եթե ինձ չեք հավատում, նրա՛ն հարցրեք:

Ներկաների մեջ կային մի քանի տրամաբանողներ:

-Ինչը ճի՛շտ է, ճի՛շտ է, - գոռաց մեկը: - Ես հիշում եմ, նրանք սիչուանյան լոբիներ գնեցին:

-…Ու քրջեր էլ նախապատրաստեցին, դա հաստատ է, - ասաց մեկն ամբոխից: - Ես այն ժամանակ նաև հարցրեցի, թե նրա ինչին է պետք այդ քուրջը: Հիմա հասկանալի է, , թե ինչի համար է այն նրան պետք եկել: Ամեն ինչ պարզ է. ավազակը չի կարողացել նրան ապականել: Նա մաքուր ու անբիծ է մնացել:

Հարևաններից մեկն էլ, որի կնոջն ավազակները տարել էին, հետաքրքրվեց.

-Ասա՛, գերված կանանցից քանի՞սն են մաքուր մնացել:

-Բացի նրանից, ո՛չ մեկը, - պատասխանեց ավազակը: - Ճիշտ է, ոմանք իրենց հետ դանակ էին վերցրել, բայց նրանցից ոչ ոք կամավոր մահ չընդունեց: Բոլորն էլ իմ անկողնում եղել են:

Հարցը տված տղամարդը լեզուն կծեց, քանի որ հասկացավ, որ իր կինն էլ է անպատվության ճանապարհն անցել: Նրա դեմքը զայրույթից մթագնեց:

Գեն Երկրորդը նորից դագանակը ձեռքն առավ, որպեսզի ձաղկի գերուն:

-Մեծարգո՛ Գեն, - աղաչեց ավազակը, - ես երկու հազար լյանից ավելի արծաթ ունեմ պահած: Այդ բոլորը քեզ կտամ, միայն թե գթա՛ ինձ, մի՛ սպանիր:

-Որտե՞ղ ես թաքցրել, - հարցրեցին ձայները:

-Մի հետ ընկած տեղում, կամրջի տակ, գետում: Կարող եք այնտեղից հանել:

-Դրանք թալանված փողեր են, անարդար փողն ինձ պետք չէ, - բացականչեց Գենը: - Ինձ համար գլխավորը՝ չարիքն արմատախիլ անելն է, և ես դա անում եմ հանում իմ համերկրացիների:

Այդ հարցը տված հարևաններն հուզվեցին: Նրանցից շատերի սրտերում վրեժի կրակը բռնկվեց: Ինչ-որ մեկը գոռաց.

-Ճի՛շտ ասաց Գենը: Մեզ հարկավոր է չարիքն արմատախիլ անել: Դա միայն Գենի անելիքը չէ:

Ավազակի վրա տեղացին աքացիներն ու չափալախները, ինչ-որ մեկն էլ սկսեց նրան գանահարել: Մի քանի րոպե անց նրան սպանեցին: Ավա՜ղ, ինչպես ասվում է, «Այսպիսին է նրա տխուր վախճանը, մնում է նվիրաբերություն կատարել ոգիներին»:

Ներկաների մեջ եղան հազվադեպ պատահող գյուղացիներ (այդպիսի արատ ունեցողներ էլ կան), որոնք հրապուրված փողով, նույն գիշերը, մյուսներից թաքցնելով իրենց մտադրությունը, գնացին ավանդված վայր, ցանկանալով գետի հատակից հանել թանկարժեք իրերը, բայց, որքան էլ չարչարվեցին, ջրում միայն լուսինը կարողացան որսալ:

Սիրելի՛ ընթերցող, իսկ դու ի՞նչ կասես: Ի՞նչ ծրագիր էր կազմել մեր հերոսուհին: Մի՞թե նա խորամիտ չէր, մի՞թե նա ճարպիկ չէր:

Այն ժամանակից ի վեր, երբ Գենը լքել էր իր հարազատ տունն ու մինչև իր վերադարձը մի քանի հնարքներ էր հորինել (հիմա մենք բոլորի մասին չենք հիշի), որոնցից վերջինը առացել հնարամիտն ու խորամանկն էր: Հիմա մի քիչ մտորենք: Մեր Գենն առանց որևէ առանձնահատուկ ջանքի, իր իսկ ձեռքերով կարող էր ավազակին այն աշխարհն ուղարկել: Բավական էր, որ նրա կերակրի մեջ մի քանի հատիկ ավելի լոբի ավելացներ: Բայց այդպես չարեց, նա նրան հասցրեց մինչև իր տունը և նրա բերանով ապացուցեց իր մաքրությունն ու ողջամտությունը, այսինքն իրականացրեց նախապես մտածված ծրագիրը: Այ՛ թե ինչն է զարմանալի: Պատկերացնենք, թե նա չարագործին մահվան դուռն էր հասցնում ճանապարհին, իսկ հետո, վերադառնալով տուն, սկսում էր համագյուղացիներին ասել՝ ես պատիվս պահել եմ, ավազակն ինձ նույնիսկ մատով չի դիպել: Արժե՞ արդյոք բացատրել, որ նրան հազիվ թե հավատային և, առաջին հերթին, չէր հավատա սեփական ամուսինը: Մի փոքր մտածելուց հետո նա հաստատ ասելու էր՝ կինս պարզապես ուզում է իրեն մաքրել: Մինչդեռ հիմա լրիվ հակառակն ստացվեց. դրվատանքի խոսքեր ելան հենց ավազակի՝ նրա թշնամու բերանից. ա՛յ դրա համար էլ նրանց հավատացին: Ահա թե ինչու մենք ավելի վաղ ասացինք, որ մեր հերոսուհին կանացի կերպարանքով իսկական Չեն Պին է: Բայց Չեն Պինն ընդամենը վեց խորամանկ ծրագիր է կազմել, իսկ այս կինը՝ յոթ: Ահա թե ինչու մարդիկ շուտով սկսեցին գովերգել նրա բոլոր յոթ ծառայությունները.

Լսեք.

Նրա առաջին խորամանկ հնարամտությունը՝

հնամաշ քրջերը՝ ծածուկ անցումը փակելու համար:

Երկրորդ խորամանկությունը՝ բլիթի նմանվող ուռածությունը,

որը նույնիսկ հեքիմն ի զորու չէ բուժել:

Երրորդ ճարպիկ ծրագիրը՝ արական գործիքը բյուրեղապակյա հավանգակոթի վերածելը:

Չորրորդ ծրագիրը՝ հրաշագործ լոբի դեղահաբը.

ի՞նչը չարագործին ուժեղ լուծ գցեց:

Հինգերորդ հնարամտությունը՝ փողերով խաբելը

և բանդիտների ճամբարից փախուստը:

Վեցերորդ ծրագիրը՝ գետի հատակում հարստություն թաքցնելը,

Դրանից օգուտ քաղելու նպատակով:

Յոթերորդ ծրագիրը՝ ամենախորամանկը՝

ոխերիմ թշնամուն խանդակի (գերանի) մոտ տանելը,

Որպեսզի բոլորն հավատային նրա խոսքերին:

Վերջ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4944 | 0 | 0
Facebook