Լողացող առանձնատներ տեսել ենք բոլորս, շատերը նույնիսկ հասցրել են վայելել իրենց հանգիստը ըմպելով զովացուցիչ ըմպելիքներ նմանօրինակ առանձնատանը: Սակայն արևային էներգիայով աշխատող լողացող առանձնատունը մի սենսացիա է, որը այլևս իրականություն է:
Այս յուրօրինակ առանձնատան հեղինակը ավստրալիացի ճարտարապետ Չակ Անդերսոնն է: Նա կառուցել է Լիլիփադը՝ արևային էներգիայով լողացող առանձնատունը, որը այժմ գտնվում է Սիդնեյի Փալմ լողափում: Լիլիփադը 100% արևային էներգիայով է աշխատում:
«Մեծանալով Սիդնեյի հյուսիսային լողափերում և իմ կյանքի մեծ մասն անցկացնելով նավակների շուրջ, ես միշտ ցանկություն ունեի ստեղծելու իրոք առանձնահատուկ մի բան, որը մարդիկ այժմ կարող են վայելել», – ասել է Անդերսոնը euronews-ին:
«Լիլիփադը, անշուշտ, նմանը չունի», - նշել է Անդերսոնը Design Files-ին տված իր հարցազրույցում: «Ամբողջովին սնուցվելով արևային էներգիայից, առանձնատունը չունի վառելիքի կարիք: Առանձնատան շքեղության ու հարմարավետության մասին խոսելն անգամ ավելորդ է»:
Վառելիքի օգտագործումը զրոյական է. այն 100%-ով արևային է: Աղմուկը նույնպես զրոյական է, իսկ շքեղությունը 100%-անոց:
Առաջին իսկ օրվանից հեղինակի նպատակն էր մի այնպիսի նավ ստեղծել, որը կպահպանի շրջակա միջավայրը, բայց չի զիջի իր շքեղությամբ մյուսներին:
Միակ աղմուկը, որը դուք կլսեք, կլինի քամու, ջրի և թռչյունների ձայնը. ոչ մի գեներատորի կամ շարժիչի ձայն:
«Մեր մասնագետների, դիզայներների, ինժեներների, բոլոր բոլորի ջանքերի շնորհիվ Լիլիփադն այսօր այսպիսին է»:
Լիլիփադը հասանելի է ամրագրման համար, և գիշերակացն արժե AUD $ 1, 850 դոլար. գինը ներառում է ամեն ինչ, նաև մտքի խաղաղությունը: