Նրանք այդպես են իրենց հարգանքի տուրքը մատուցում Ագաթա անունով նահատակված կույսին:
Ագաթան եղել է Կատանիայի ամենագեղեցիկ պարմանուհին: Ըստ վարքագրությունների՝ նա ծնվել է 235 թվականին, հարուստ սիցիլիացու ընտանիքում: Աղջիկն այնքան գեղեցիկ է եղել, որ նրան խելահեղորեն սիրահարվել է Սիցիլիայի կոնսուլը:
Բայց, ի դժբախտություն այդ կույսի, գեղեցկությունը կործանարար է եղել նրա համար, որովհետև նա որոշել է անբիծ մնալ ու անմնացորդ ծառայել միայն Քրիստոսին:
Չկարողանալով Ագաթային գայթակղել՝ Քվինտիանոսը՝ Սիցիլիայի կոնսուլը, կատաղությամբ է համակվել ու որոշել է վրեժ լուծել մերժման համար: Նա առևանգել է աղջկան ու հանձնել է հասարակաց տան տիրոջը՝ ոմն Աֆրոզինի: Երեսուն օր շարունակ անառականոցի կանայք աղջկան համոզել են զիջել կոնսուլին ու հաճույք ստանալ: Գեղեցկուհի կույսն անսասան է մնացել: Վերջնականապես համոզվելով, որ չի կարողանալու տիրել աղջկան՝ Քվինտիանոսը որոշել է նրան մատնել անարգ տանջանքների:
13-րդ դարում ապրած և կաթոլիկ բազում սրբերի վարքագրությունները ժողոված Ջիակոմմո դա Վարազեն գրում է. «Կատաղած կոնսուլը նախ ոլորել է տալիս նրա ստինքները, ապա կարգադրում է դրանք պոկել»:
Ագաթան նրան ասում է. «Դաժան ու անարգ բռնակալ, դու չե՞ս ամաչում՝ կնոջ մարմնից պոկելով այն, ինչը դու ինքդ էլ ծ ծել ես քո մորից: Բայց իմացիր, որ ես իմ հոգում այլ ստինքներ ունեմ, որոնց կաթն ինձ սնուցում է»:
Նույն գիշեր մի ծեր տղամարդ զնդանում այցելում է Ագաթային, և երիտասարդ մարտիրոսուհին համաձայնում է, որ ծերունին հպվի պոկված ստինքներից մնացած վերքին: Այդ ծերունին Հիսուսի առաքյալ սուրբ Պետրոսն էր: Հենց որ առաքյալը մատներն հպում է ստինքների տեղում գոյացած վերքին, ստինքները նորից աճում են:
«Եվ սուրբ Ագաթայի ստինքները հրաշքով լիովին վերականգնվում են», - խանդավառությամբ ասում է Ջիակոմմո դա Վարազեն:
Տեսնելով դա՝ Քվինտիանոսը նորից է սկսում աղջկան տանջել, ապա կարգադրում է Ագաթային հրաշեկ ածուխների վրա նետել, ու նա մեռնում է կսկծալի տառապանք կրելով: Եվ այդ ժամանակ Էթնան զայրույթից ժայթքում է ՝ սարսափելի երկրաշարժ հարուցելով:
(շարունակելի)