Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հիսուն տարվա ընթացքում Սսի կաթողիկոսական աթոռին վեց կաթողիկոս է նստել և վեցն էլ սպանվել են թույնով

23:04, pazartesi, 25 mayıs, 2020
Հիսուն տարվա ընթացքում Սսի կաթողիկոսական աթոռին վեց կաթողիկոս է նստել և վեցն էլ սպանվել են թույնով

Քրիստոնեության վերջնական հաղթանակից հետո հայ ժողովուրդն այլևս չկարողացավ ստեղծել այնպիսի հզոր քաղաքական իշխանություն, որն ընդհանրական, համազգային լիներ: Մինչդեռ հոգևոր միապետությունը, որ կենտրոնացած էր կաթողիկոսի անձի մեջ, միշտ կարողացավ պահպանել իր ընդհանրական իրավասության մեծագույն մասը: Այս առումով կաթողիկոսությունն ավելի բարձր դիրք ուներ 9-րդ դարում հիմնված Շիրակի, Վասպուրականի և Կիլիկիայի հայոց թագավորություններից: Պատահական չէ, որ Շիրակի եկեղեցիների արձանագրությունների մեջ համարյա միշտ նախ կաթողիկոսն է հիշատակվում, ապա թագավորը:

Հայաստանի վրա Կիլիկիայի կաթողիկոսի իշխանությունն է միայն տարածվել: Թե՛ այս իրողությունը, թե՛ առհասարակ այն հանգամանքը, որ Հայաստանում միակ կայուն, հեղինակավոր բարձր իշխանությունը եկեղեցական միապետությունն էր, առանձնահատուկ կարևոր դեր են հատկացրել հայոց կաթողիկոսներին: Պարսկական, արաբական, բյուզանդական, մոնղոլական, սելջուկյան արքունիքները միայն կաթողիկոսների հետ են բանակցություններ վարել՝ նույնիսկ այն դեպքերում, երբ խնդրո առարկան քաղաքական է եղել: Ի լրումն օտար տիրողների հետ լավ հարաբերությունների՝ հայոց հոգևոր միապետությունն իր անկախությունը, ազդեցիկ դիրքը և առանձնաշնորհումները պահպանել է՝ հենվելով ազգային քաղաքական իշխանության վրա: Այդ էր պատճառը, որ կաթողիկոսական գահը տեղափոխվել է այնտեղ, որտեղ հաստատված է եղել փոքրիշատե ուժեղ ազգային իշխանություն, որն ապահովել է նրա կարգավիճակը: Հարմարություններ որոնելով՝ կաթողիկոսությունը, ինչպես գիտեք, մինչև Կիլիկիա է հասել: Բայց ազգային իշխանության իսպառ կործանումից հետո, կաթողիկոսության դիրքին ու իշխանությանը նսեմացում էր սպառնում: Հոգևորականությունը դա զգացել էր Կիլիկիայի հայոց թագավորության թուլացման շրջանում, ու այդ ժամանակներում էլ վերարթնացել էր կաթողիկոսական աթոռը Էջմիածին վերադարձնելու գաղափարը: Այդ գաղափարն ավելի է հասունացել, երբ 1292 թվականին Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆի զորքը գրավել ու ավերել է հայոց կաթողիկոսների երկդարյա նստավայր Հռոմկլան: Կաթողիկոսական աթոռը Հայաստան տեղափոխելու նպատակով որոշակի քայլեր է կատարել Հովհան Որոտնեցին, որը ծրագրել էր Գանձասարը դարձնել կաթողիկոսական կենտրոն՝ նկատի առնելով, որ Գանձասարի վանքը, Աղվանից կաթողիկոսական աթոռով, համեմատաբար ապահով պայմանների մեջ էր Հասան-Ջալալյան գերդաստանի իշխանության ներքո:

Երբ Կիլիկյան Հայաստանի վերջին հայ թագավորը՝ Կոստանդինը, անկարող լինելով դիմադրել Եգիպտոսի Մուզավար սուլթանի ճնշմանը, բազմահազար արտագաղթողների գլուխ անցած թողել է Սիսը և ապաստանել է Կիպրոսում, կաթողիկոսական աթոռի տեղափոխման անհրաժեշտությունն առավել հրամայական է դարձել:

Բայց և այնպես, մոնղոլների, սելջուկների, քրդական ցեղախմբերի տիրապետության տակ էլ հայ եկեղեցին պահպանել է իր իրավունքների մի մասը, որոնց մեջ ամենակարևորը քաղաքական իրավասությունն էր: Այդ պատճառով էլ ազգային իշխանության բոլոր նշույլների վերացումից հետո անգամ հայ ժողովուրդը կաթողիկոսական գահի մեջ է որոնել այն, ինչը մի ժամանակ ունեցել է հայոց թագավորների ու իշխանների ժամանակ: Եկեղեցին սկսել է քաղաքական իշխանության դեր կատարել: Կաթողիկոսությունն էր այդ ժամանակաշրջանի հայության միակ ազգային իշխանությունը, որը եկեղեցու միջոցով կատարել է ազգի զանազան հատվածները միացնողի, համախմբողի շատ կարևոր դերը:

Բայց 15-րդ դարում կաթողիկոսական գահը մոտեցել էր բարոյական անկման անդունդին: Բարոյական անկման եզրին էր նաև այդ ժամանակի ամբողջ քրիստոնեական եկեղեցին: Հոգևորականությունը՝ սկսած պապերից, իր սարսափելի անբարոյականությամբ ապականել էր քրիստոնեության անունը: Հատկապես կաթոլիկ եկեղեցում ծաղկում էր կաշառակերությունը, փողապաշտությունը, սրբավաճառությունը: Նույնքան փչացած էին նաև հույն հոգևորականները:

Ամեն տեսակ շահատակությունների ասպարեզ էր դարձել նաև հայոց եկեղեցին ու Սսի կաթողիկոսարանը: Հիսուն տարվա ընթացքում Սսի կաթողիկոսական աթոռին վեց կաթողիկոս է նստել և վեցն էլ սպանվել են թույնով: Սրբավաճառությունն այլանդակ չափեր է ընդունել, կաշառքի համար փող չունեցող եպիսկոպոսացուն իր կարգը կաթողիկոսի մոտ գրավ դնելուց հետո է միայն ձեռնադրվել:

1439 թվականին Ֆլորենցիայում եկեղեցական ժողով է տեղի ունենում, որին մասնակցելու էր հրավիրված նաև հայոց կաթողիկոսը: Առանց եկեղեցական ժողով գումարելու և բարձրաստիճան հոգևորականության համաձայնությունն ստանալու, կաթողիկոսը ներկայացուցիչներ է ուղարկում: Սրանք գնում են Ֆլորենցիա և հայ եկեղեցու անունից պաշտոնապես կաթոլիկություն են ընդունում:

Բուն Հայաստանի հոգևորականությունը սկսում է մի շարժում, որի նպատակն էր վերականգնել ընդհանրական կաթողիկոսության աթոռն Հայաստանում: Այդ շարժումը գլխավորողները հասկացել էին, որ անկախություն պահպանել հնարավոր չէ, եթե ոտքի տակ պատմական հող չկա: Կիլիկիայում կաթողիկոսությունը վաղուց էր կորցրել իր գոյության իմաստը: Անվանի պատմաբան Մաղաքի Օրմանյանն իրավամբ նկատել է, որ «այլևս պատճառ մըն ալ չկար, որ հայրապետական աթոռը յուր պանդխտությունը շարունակեր, որուն միակ արդարացումը ազգային քաղաքական իշխանության Վաղարշապատե դուրս եղած ըլլալն էր»: Տեղափոխվելով Հայաստան՝ այն ավելի լավ պաշտպանված կլիներն օտար ազդեցություններից ու ճնշումներից և ավելի շատ ենթարկված կլիներ ազգային ինքնորոշման պահանջներին, ազգային ոգուն ու ավանդույթներին:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3998 | 0 | 0
Facebook