Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եթե ուզում ես հաղորդակցվել հայկական հինավուրց մշակութային արժեքների հետ, պարզապես այցելիր Շուշի

23:32, cumartesi, 09 mayıs, 2020
Եթե ուզում ես հաղորդակցվել հայկական հինավուրց մշակութային արժեքների հետ, պարզապես այցելիր Շուշի

Եթե ուզում ես հաղորդակցվել հայկական հինավուրց մշակութային արժեքների հետ, զգալ հաղթողի հպարտությունը, հաղթողի բարձունքից աշխարհին հայացք ձգել, մերձենալ Աստծո և հոգևոր մաքրության հետ, պարզապես այցելիր հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշի և քայլիր փողոցներով: Իսկ բերդաքաղաքի ռազմավարական նշանակության մասին ավելի լավ է զորավար Դրոյի գնահատականը մեջբերենք, որից դիպուկ ասված հազիվ թե գտնվի. «Շուշին ում ձեռքին է գտնվում, նա էլ Ղարաբաղի տերն է»:

Դարեր շարունակ Շուշին եղել է հոգևոր, մշակութային, կրթական կարևորագույն կենտրոն: Պատմագիտության, գրականության, պարբերական մամուլի, տպագրության զարգացման առումով Շուշին եղել է լավագույն օջախ հայ մտքի մշակների համար: Իր պատմական վաղեմի փառքով, մշակութային ժառանգությամբ ու բնության անձեռակերտ հրաշալիքներով Շուշին գերել է ոչ միայն ողջ հայությանը, այլ նաև օտարերկրացիներին: Շուշիի պատմությունը իր կորստաբեր ու հաղթական էջերով դարձել է նաև արվեստի տարբեր ճյուղերում ստեղծագործությունների թեմա: Գեղարվեստական գրականության մեջ Շուշիին նվիրված բազմաթիվ ստեղծագործություններ են ծնվել` արձակ և չափածո:

Շուշիով ոգեշնչված` բերդաքաղաքին նվիրված գեղարվեստական գործեր են երկնել ոչ միան հայ, այլև օտարազգի գրողներ:

1920թ. Շուշիի ջարդերի, բարբարոսաբար հրկիզված քաղաքի մասին գրված թերևս ամենահայտնի բանաստեղծությունը` «Ֆայտոնչին», գրել է 20-րդ դարի ռուսական և համաշխարհային դասականներից մեկը` Օսիպ Մանդելշտամը, որտեղ նա սրտի կսկիծով ու սարսափների զգացողությամբ է պատկերում բարբարոսների վայրագությունները` դատապարտելով թուրք ջարդարարների կողմից իրագործված արյունահեղությունը.

Եվ Լեռնային Ղարաբաղում,

Գիշատչային Շուշիում,

Վերապրեցի ես սարսափներ,

Որ ներհակ են մեր հոգուն…

Ադրբեջանական ցեղասպան գործողությունները չփոխեցին իրենց ոճն ու ձեռագիրը: Բռնությամբ ու արյունահեղությամբ քաղաքը զավթած ադրբեջանցիները, ներդնելով բոլոր գործիքները, փորձում էին ջնջել Շուշիի հայկական հետքերը: 1992 թ. մայիսի 9-ին ազատագրվեց հայոց բերդաքաղաքը, հայ զինվորի շնորհիվ վերականգնվեց պատմական արդարությունը, և Շուշին կրկին սկսեց շնչել հայեցի: Այսօր Շուշին ծաղկում է, փորձում է վերականգնել իր երբեմնի փառքը, ապաքինել ադրբեջանցիների հասցրած վերքերը: Ողբի տրամադրությունը գրականության մեջ փոխվեց հաղթանակի բերկրանքի, ցնծության և հաղթանակը կերտած հերոսների ներբողի:

Բնորոշ է Վահագն Դավթյանի «Եռագույնը Շուշվա բերդին» բանաստեղծությունը:

…Եվ չտեսան, և չտեսան, որ դարձած լույս, դարձած ոգի,

Նորից Նժդեհն է արշավում, նման մի նոր Սուրբ Գևորգի,

Որ բոցերից Սումգայիթի ելնում աղջիկ մի սիրասուն,

Ելնում փխրուն ու բարալիկ, բայց և ահեղ, որպես ցասում,

Որ ելնում են ամեն կողմից ֆիդայիններն այս ոգեղեն,

Դառնում անտես մի զորագունդ, թշնամու դեմ դառնում գեհեն:

Եվ եռագույնն են ծածանում մեր հինավուրց Շուշվա բերդին

Վրեժի շանթն աչքերի մեջ, վրեժի երգն իրենց շուրթին.

Թրքաց մայրեր թող լան ու դուն

Ուրախ լուրեր տար ի Զեյթուն...

Այս բանաստեղծության մեջ հեղինակը գեղարվեստական կուռ պատկերների միջոցով ներկայացրել է հայոց պատմության արյունալի էջերը` 1915 թ. ցեղասպանություն, Դեր-Զորի անապատ, Սումգայիթյան եղեռնագործություն, որից ծնված վրեժի ոգին, թև է առել նժդեհյան, հայոց ֆիդայինների անպարտ ոգիներից, դարձել անխորտակելի ուժ` ծնունդ տալով Շուշիի հաղթանակին, ուրախ լուրեր տանելով Զեյթուն, դեպի կորուսյալ հայրենիք.

Եվ չտեսան, և չտեսան, նրանց աչքերն արնոտ ու կույր,

Որ դու, Արցա՛խ, ոչ թե մի բուռ, այլ բռունցք ես պղնձակուռ…

Շուշիի հաղթանակին սրտի թրթիռով էր սպաասում նաև բանաստեղծ Համո Սահյանը: Գրող, հրապարակախոս Զորի Բալայանն իր հուշերում պատմում է, որ 1993 թ.-ին` Համո Սահյանի մահից մեկ շաբաթ առաջ, երբ հերթական անգամ վերադառնալով Արցախից` այցելել էր հիվանդ բանաստեղծին ու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին էր պատմում, Համո Սահյանը Զորի Բալայանին ժպտալով ասել է. . «Մի՛ հուզվիր։ Ամեն ինչ ճիշտ է։ Ամեն ինչ տրամաբանական է։ Մահը եւ կյանքը իրավահավասար են։ Եթե մահ չլիներ, կյանքն ամբողջովին կզրկվեր բանաստեղծականությունից: Դատարկ բաներ են։ Գլխավորն այն է, ինչ երջանկաբար վերապրեցինք մեկ տարի առաջ։ Շուշիի ազատագրումը» ։

«Դրանք վերջին բառերն էին, որ լսեցի մեծ բանաստեղծից եւ մտածողից», - Սահյանի մասին իր հուշերում պատմում է Զորի Բալայանը:

Բանաստեղծուհի Մետաքսեի գրիչը այդ օրերին մարտնչում էր հանուն Արցախի պատմական արդարության վերականգնման: Շուշիի ազատագրման, կրակակետերը լռեցնելու և հաղթանակի ավետիսին նա ևս անհամբերությամբ ու մեծ հավատով էր սպասում: Այդ ոգեղեն ու հերոսական օրերի մասին նա մի առիթով պատմել է իր հարցազրույցներից մեկում: Ահավասիկ. «Ես խոստացել էի, որ Շուշիի ազատագրության լուրը բերողին ճանապարհեմ առատ նվերներով։ Իմ սիրտը գիտեր, որ հաղթելու ենք, և ես պատրաստել էի նվերներով լի ճամպրուկ` ավետիսը բերողի համար։ Հրաշափառ լուրը ազատամարտիկ Հայկազ Անանյանից լսեցի։ Արցունքն ու ծիծաղը խառնվել էին իրար։ Ցնծություն ու ողբ էր… Մենք թանկ, շատ թանկ զոհեր ունեցանք… Ցավոք, Հայկազ Անանյանը հետագայում զոհվեց։ Նա շուտով պիտի նշանվեր, ընտանիքը խնջույքի պատրաստություն էր տեսնում… Լուր են բերում, որ ադրբեջանցիները նորից վրա են տվել։ Հայկազը նշանդրեքը թողած՝ վերադառնում է ճակատ ու զոհվում Արցախի ինքնապաշտպանության մարտերում»:

Բանաստեղծուհու շատ ու շատ տողերում են խտացված նրա անափ հայրենասիրությունն ու նվիրումը, Արցախի սիրով տրոփող նրա հույզերի ու մտածումների գեղարվեստական պատկերներն ու փիլիսոփայությունը:

Ես հայրենիքս գրկած եմ ապրում

Որ ամենուրեք նրա շունչն զգամ,

Իմ դեմքի վրա,

Իմ կրծքի վրա զգամ թրթռուն

Զարկերը սրտի,

Որով հաստատի հավերժությունը…

Շուշին հայկականության յուրատիպ խորհրդանիշ է և շատ ու շատ ստեղծագործողների համար է ոգեշնչման աղբյուր հանդիսացել: Ստեղծվել և դեռ կստեղծվեն արվեստի բազմաթիվ գործեր: Դեպի հավերժություն ձգվող Շուշիի հայկականությունը, Աստծուն և, հարկ եղած դեպքում, հայ զինվորի բազկի ուժին պահ տված, կասկած հարուցել չի կարող: Ասվածի լավագույն բանաձևումը տվել է մեծանուն շուշեցի բանաստեղծ Միքայել Հարությունյանը.

«Ինչպես մայրն իմ ողջ աշխարհի,

Մայրերից էլ լավն է, բարի,

Այդպես էլ հողն իմ Ղարաբաղի

Քաղցր է, և թող Աստված պահի,

Եվ կպահի, մի կասկածիր,

Աստված էլ է ղարաբաղցի….»:

Եթե ուզում ես հաղորդակցվել այս փիլիսոփայությանը, այցելիր Շուշի և քայլիր Շուշիի փողոցներով, հետո մի մոմ վառիր Ղազանչեցոց եկեղեցում, նայիր երկնքին, ու Աստծո ներկայությունը կզգաս կողքիդ…

Զարինե Սառաջյան, բ.գ.թ.

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4441 | 0 | 0
Facebook