Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղկեդոնի եկեղեցական ժողովը հայության համար իսկական աղետ է դարձել (5)

22:27, pazar, 03 mayıs, 2020
Քաղկեդոնի եկեղեցական ժողովը հայության համար իսկական աղետ է դարձել (5)

Բայց վերադառնանք եկեղեցական, կրոնական գործերին: 518 թվականին մահացել է Բյուզանդիայի Անաստաս կայսրը, և հաջորդ կայսրի օրոք արմատապես փոխվել է նաև Բյուզանդիայի եկեղեցական քաղաքականությունը: Նրա հաջորդը՝ գրեթե անգրագետ Հուստինոսը, իրեն հռչակելով ուղղափառության պաշտպան, կրոնական քողի ներքո ցանկացել է առաջ մղել իր նվաճողական ձգտումները, ձգտել է վերականգնել Հռոմեական հին կայսրությունը: Նպատակին հասնելու համար նա պիտի նախ վերականգներ եկեղացական միությունը Հռոմի հետ: Հռոմի հետ այս հաշտեցմանը Բյուզանդիան փորձել է հասնել կրոնական հալածանքներ հարուցելով: Մոտ հիսուն միաբնյա եպիսկոպոս, որոնց մեծ մասը եղել են պարկեշտ, մաքրակենցաղ մարդիկ, զրկվել են իրենց պաշտոններից ու աքսորվել են:

Բայց այս Հուստինոսի ծավալած կրոնական հալածանքները, ինչպես հետագա իրադարձություններն են ցույց տալիս, առավել մեծամասշտաբ հալածանքների նախերգանքն են եղել: 527 թվականին Հուստինոսն իր գահակիցն է դարձրել իր քեռորդուն՝ Հուստինիանոսին, իսկ մեկ տարի անց մահացել է՝ գահը թողնելով նրան:

«Մեծ» պատվանունին արժանացած Հուստինիանոսի ամբողջ գահակալության ընթացքում (531 - 579) մեծ խստությամբ հալածվել են քրիստոնեական աղանդները՝ արիոսականները, նեստորականները, միաբնակները և այլն: Այդ հալածանքների հետևանքով երկրներ են ամայացել: Օրինակ՝ Ասորիքը: Ահա ինչպես է նկարագրել Հովհաննես Եփեսացին իր աչքով տեսածը.

«Հալածանքի արագահոս փոթորիկն անգթաբար և անդիմադրելիորեն պայթեց բոլոր երկրների, բոլոր քաղաքների վրա: Բոլոր եկեղեցիների և վանքերի, քաղաքների և գյուղերի կայքերը՝ ոչ միայն եկեղեցական, վանքապատկան և վարդապետական, այլև այնպիսիները, որոնք պատկանում էին աշխարհականներին, կողոպտվեցին ագահությամբ, անգթությամբ: Ամեն կերպ հարստահարված, տանջանքների և լլկանքի մատնվածները հեռանում էին ուրիշ երկրներ, տեղահան էին արվում և ճանապարհին ենթարկվում էին ամեն տեսակ տանջանքի, դժբախտության՝ ուղիղ, ճշմարիտ և անարատ հավատի համար: Նրանցից մի քանիսը չէին կարողանում գիշերվա ապաստան գտնել: Եվ այսպիսով նրանք, գազանների նման, գիշերներն անց էին կացնում բաց երկնքի տակ, սար ու ձոր ընկած, իսկ երբ խստաշունչ ձմեռն է գալիս, գիշերում են ձյան վրա՝ ենթարկված ցրտին և սաստիկ քամիներին, չունենալով ոչ մի բան, որ փռեն իրենց տակ՝ հողի վրա պառկելու համար»:

Բյուզանդական կղերականությունը, Հուստինիանոսի օգնությամբ, հալածանքներով է վճռել այն հարցը, թե Քրիստոսի մեջ քանի բնություն կա, և աստվածային ու մարդկային բնություններն ինչպես են այդ անձի մեջ իրար վերաբերվում:

Իսկ Հուստինիանոսի կինը՝ Թեոդորան, որ կայսրուհի դառնալուց առաջ կրկեսի պարուհի է եղել ու հասակ է առել անառակ միջավայրում, միաբնյա վարդապետության կողմնակից է եղել և իր ամբողջ ազդեցությունն օգտագործել է իր դավանակիցներին պաշտպանելու համար: Նրա պալատում 500 վարդապետ է ապրել, որոնք միաբնյա համոզմունքի համար հալածվել են ու պաշտպանություն են գտել նախկին պարուհու հարկի տակ: Բայց Թեոդորան էլ չի կարողացել կանգնեցնել բյուզանդական ուղղափառության մոլեռանդ արշավանքը տարբեր կրոնների ու դավանանքների դեմ:

Հայաստանի այն մասում, որն այն ժամանակ պատկանել է Բյուզանդիային, հալածանքներ քիչ են եղել: Պատճառներից գլախավորն այն է եղել, որ հայերը չեն դիմադրել, և քաղկեդոնականությունը նրանց մեջ հեշտությամբ է տարածվել:

554 թվականին Դվինում տեղի է ունեցել Երկրորդ եկեղեցական ժողովը, որը քննարկել է նեստորականության նկատմամբ վերաբերմունքի հարցը և որին մասնակցել է 35 նախախար: Դա նշանակում է, որ այս ժողովին մեծ կարևորություն է տրվել: Ժողովին մասնակցել է միաբնյա ասորիների ներկայացուցիչ Աբդիշո եպիսկոպոսը, որը մեծ դեր է խաղացել ժամանակի հայ-ասորական հարաբերությունների մեջ: Ասորական եկեղեցին միշտ մեծ ազդեցություն է ունեցել հայ եկեղեցու վրա, և այդ ազդեցությունը պահպանելու համար նա պայքարել է հայ եկեղեցու վրա հունական ազդեցության դեմ: Ասորական եկեղեցուն աջակցել է պարսից պետությունը, որպեսզի նրա օգնությամբ չեզոքացնի Բյուզանդիայի քաղաքական նկրտումները:

Առևտրական գործերով Հայաստան շատ են եկել խուժիկ (ասորի) նեստորականներ, որոնք բնակվելով միաբնյա հայերի մեջ, դավանափոխ են արել նրանց: Նեստորական ասորիները շատ են եղել հատկապես Դվինում, որտեղ նույնիսկ իրենց եկեղեցական կազմակերպությունն ու հատուկ ժողովատեղին (Գրիգոր Մանաճիհր Ռաժիկի վանքը) են ունեցել: Այս «պղծողներ» -ից ուղղափառ հավատացյալներին պաշտպանելու համար Դվինի ժողովը նորից բանադրել է նեստորականությունը և հալածանքի գործողություններ մշակել այդ աղանդի դեմ: Բայց էականն այն է, որ ժամանակի հայերը «նեստորական» անվան տակ ընդգրկել են ոչ միայն հենց Նեստորի հետևորդներին, այլև քաղկեդոնականներին, որոնք նեստորականների պես Քրիստոսի երկու բնության սկզբունքն են ընդունել: Ուստի Դվինի Երկրորդ ժողովը դատապարտել և բանադրել է Քաղկեդոնի ժողովը, թեպետ ոչ իսկական անունով: Իսկ դա շատ հանդուգն քայլ է եղել: Դվինի Առաջին ժողովը (տեղի էր ունեցել 506 թվականին) նույնպես դատապարտել էր Քաղկեդոնի ժողովը, բայց այն ժամանակ Բյուզանդական կայսրության մեծագույն մասն էր բանադրել ու մերժել Քաղկեդոնը, որովհետև դա էր եղել կայսերական քաղաքականությունը: Այն ժամանակ Հայաստանն ընդամենը միացել էր ընդհանուր շարժմանը: Իսկ Դվինի Երկրորդ ժողովի ժամանակ քաղկեդոնականությունն արդեն տիրապետող, պատժող կրոն էր ամբողջ կայսրությունում, և դեմ լինելով քաղկեդոնականությանը՝ նշանակում էր դեմ լինել ամբողջ հունական ու լատինական աշխարհին: Այժմ պետք էր կռվել թշնամական դավանության դեմ:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3956 | 0 | 0
Facebook