Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղկեդոնի եկեղեցական ժողովը հայության համար իսկական աղետ է դարձել

23:57, salı, 28 nisan, 2020
Քաղկեդոնի եկեղեցական ժողովը հայության համար իսկական աղետ է դարձել

Այդ աղետի պատճառած վնասները Հայոց աշխարհին ու տառապանքները՝ հայ ժողովրդին, ավելի շատ է եղել, քան Հայաստանը ոտքի կոխան դարձրած բոլոր բռնակալ նվաճողներինը միասին:

Նազովրեցի համեստ հյուսն Հիսուսի ու նույնքան համեստ ձկնորս աշակերտների տեղապահները երրորդ դարից ի վեր համաշխարհային տիրապետության են ձգտել: Իսկ 5-րդ դարի առաջին քառորդում Հռոմում հաստատվել էր մի հոգևոր կայսրություն, որը, ընդօրինակելով Հռոմեական կայսրությանը, ձգտել է համաշխարհային տիրապետության: Քրիստոնեություն ընդունած երկրներում երկրորդը պիտի Կոստանդնուպոլսի պատրիարքը լիներ, որովհետև այն կայսրության մայրաքաղաքն էր: Դեռևս 381 թվականին Կոստանդնուպոլսում ժողովվել էին ժամանակի բոլոր բարձրաստիճան հոգևորականները՝ հավատի գործերը կարգավորելու համար: Այստեղ որոշվել էր, որ Հռոմի աթոռից հետո առաջնությունը պատկանում է Կոստանդնուպոլսի աթոռին: Բայց քանի որ հոգևորական իշխանավորները նույնքան նախանձ են, որքան աշխարհիկները, քանի որ Եգիպտոսի Ալեքսանդրիա մայրաքաղաքը քրիստոնեության հզորացման գործում Կոստանդնուպոլսից անհամեմատ ավելի մեծ ներդրում է ունեցել, ուստի իրեն միանգամայն արժանի է համարել լիովին անկախ մի կրոնապետություն լինելու: Ալեքսանդրիայի քրիստոնյաները առաջին «արշավանքը» սկսում են Կոստանդնուպոլսի պատրիարք Նեստորի դեմ: Այս Նեստորը, կայսրության մայրաքաղաքի եպիսկոպոս նշանակվելուց հետո, քարոզի ժամանակ դիմելով կայսրին, հետևյալն է ասում. «Տո՛ւր ինձ հերձվածողներից մաքրված երկիր, և ես քեզ երկնքով կհատուցեմ. օգնի՛ր ինձ խորտակելու հերձվածողներին, և ես կօգնեմ քեզ պարսիկների դեմ պատերազմում»:

Բայց հերձվածողների կամ աղանդավորների դեմ պայքարի ելած այս մոլեռանդին վիճակված էր աղանդավորի պիտակի արժանանալ ու եկեղեցու կողմից ամենակատաղի կերպով հալածվել:

Այն ժամանակ կույս Մարիամի պաշտամունքն այնպիսի չափազանցության է հասել, որ դրան փորձել է ընդդիմանալ վերոհիշյալ Նեստորը՝ վերաքննելով Քրիստոսի բնության խնդիրը: Նեստորի համոզմամբ՝ Մարիամն աստվածածին չի եղել, որովհետև նրա ծնածը ոչ թե աստված է եղել, այլ՝ մարդ, բայց մի այնպիսի մարդ, որ իր հետ աստվածային բնություն է աշխարհ բերել: Նա պնդել է, թե աստված չի կարող մարդուց ծնվել, որովհետև նա արարիչ է և չի կարող գոյանալ իր ստեղծածից: Զարգացնելով իր համոզմունքը՝ նա պնդել է, թե Քրիստոսի մեջ երկու բնություն է առկա, և այդ բնություններն անխառն են, իրարից անջատ: Այդ բնություններից մեկը մարդկային է, մյուսը՝ աստվածային: Ըստ Նեստորի՝ Մարիամից ծնվածը ոչ թե աստված Քրիստոս էր, այլ Մարդ Քրիստոս և, հետևաբար, Մարիամն աստվածածին չէ, այլ միայն Քրիստոսածին: Նեստորի դեմ պայքար է սկսում Ալեքսանդրիայի արքեպիսկոպոս Կյուրեղը, որը հավատարիմ էր մնացել Նիկեայի տիեզերական ժողովի որոշմանը՝ առ այն, թե Քրիստոսի մեջ մարդկային ու աստվածային բնությունները ոչ թե առանձին են, այլ միախառնված: Այս վեճը հանգուցալուծելու համար Թեոդոս կայսրը 451 թվականին Եփեսոսում եկեղեցական ժողով է գումարում: Ժողովին մասնակցել են երկու հակառակորդները: Կյուրեղ Ալեքսանդրիացու կողմնակիցները գերակշռել են, և ժողովը Նեստորին վտարել է եկեղեցուց: Ժողովը որոշել է, թե Նեստորի վարդապետությունը չի համապատասխանում եկեղեցու կարծիքին և ընդունել է, թե աստվածային ու մարդկային բնությունները Քրիստոսի մեջ խառնված են ու անբաժանելի են: Կայսրը հաստատել է այս որոշումը, և Նեստորն անապատ է աքսորվել:

(շարունակելի)

Նկարում՝ Նեստորի դատապարտումը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3399 | 0 | 0
Facebook