Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սելջուկյան թուրքեր

14:16, perşembe, 27 şubat, 2020
Սելջուկյան թուրքեր

Իսլամը, որպես ասիական միջավայրի ծնունդ, տոհմական հասկացություններ, խիստ պահպանողական գաղափարներ ունեցող կիսաքոչվորին ավելի հարազատ էր, քան եվրոպական բարձր ըմբռնումների կնիքը կրող քրիստոնեությունը: Ահա թե ինչու այն արագ ու առանց դժվարությունների տարածվում է վաչկատուն համայնքներում: Եվ իսլամը խորը փոփոխություններ է կատարում ասիական ժողովուրդների հոգեկերտվածքում: Թրքալեզու ժողովուրդներն այլևս ոչ միայն Եվրոպայի աջակիցները չէին, այլև նրա հակառակորդներն էին, նրա թշնամիները:

Նահապետական, պարզասեր կենցաղով ներծծված քոչվոր ցեղերի համար գրավիչը միայն իսլամի դյուրըմբռնելի, պարզունակ խրատներն ու հրահանգները չէին: Արաբներն այդ երկրներ էին տանում իրենց քաղաքակրթությունը, իրենց հարուստ ու մեծ կայսրության փայլը, որի ձգողական ուժը Միջին Ասիայի միապաղաղ անապատներում և անջրդի տափաստաններում ապրողների համար ուղղակի անդիմադրելի էր: Արաբներն այդ հովիվներին հիացնում էին հատկապես իրենց նժույգներով, որոնք Թուրքեստանում ստանում են «բեիդո» (բեդվին) անունը: Նրանց հիացնում են նաև արաբների որսկան շները, որոնք թրքական լեզվով անվանվում են «թազի»: Թուրքի երևակայության մեջ ամենագեղեցիկ բանը համեմատվել է արաբական գեղեցիկ շան հետ: Թուրքն ասել է. «Թազիի նման սիրուն է»: Եվ միանգամայն բնական էր, որ աշխարհի նոր տերերի շուքով հիացած հովիվը պիտի ձգվեր դեպի այդ լույսն ու փարթամությունը: Թուրանի սահմանին դարերով կանգնած է եղել Սասանյան Իրանը, որը թուրքի առջև ամուր փակել էր դեպի արևմուտք անցնելու բոլոր ճանապարհները: Այժմ արաբը խորտակել էր այդ պատվարն ու լայն ճանապարհ էր բացել: Արաբը ոչ միայն թուրքին չէր արգելում հեռուները գնալ, այլև ինքն էր Բաղդադ տանում այդ հանդուգն զինվորներին, որտեղ նրանք խալիֆների թիկնազորն էին դառնում և ազդում էին ամբողջ պետության ճակատագրի վրա: Խալիֆի թիկնազորի մեջ ընդգրկվածներին «ղուլ» (ստրուկ) են անվանել, բայց այս բառը փոխարինվում էր «գոլ» համահունչ բառով, որը բռունցքով վերջացող «թև» էր նշանակում: Այսպիսի կարգավիճակի հասնելու տենչը համակում էր շատերին, ու հաճախ նույնիսկ առանձին անհատներ, մեն-մենակ, հեծել են իրենց ձին, վերցրել են իրենց զենքն ու ընտանիքը, 10- 12 ոչխար՝ ճանապարհին կերակրվելու համար, և գնացել են խալիֆայության կախարդական մայրաքաղաք և զինվորության են անցել: Տարիների, տասնամյակների ընթացքում նրանք այնքան են շատանում, որ, ի վերջո, կործանում են Աբբասյան հարստությունը: Բայց միջինասյական այս առանձին վարձկանները լուր վտանգ չէին Արևմտյան Ասիայի քաղաքակրթության համար: Իսկական վտանգն սպառնում է այն ժամանկավանից, երբ թուրք ցեղերը, Ալթայան պետության ընդլայնման հետևանքով, անցնում են Տյան Շանի արևմտյան կողմերը և հաստատվում Սիր Դարիա և Ամու Դարիա գետերի ավազաններում: Թրքության այս տեղաշարժն ընդունում է նոր և հաստատուն ուղղություն՝ Արևմտյան Թուրքեստանով դեպի Իրան: Շարժումը, սակայն, մեծ զանգվածներով չի կատարվել: Ցեղերը գործել են առանձին, զատ-զատ. ճանապարհին նրանց են միացել ուրիշ թուրք տարրեր: Այս արշավող ցեղախմբերի ու ազգությունների գործողությունների առաջին թատերաբեմն է դարձել Արևմտյան Թուրքեստանը, որտեղ նրանք կանգ են առել որոշակի ժամանակով և պետականություններ են ստեղծել: Հենց այստեղից էլ ձևավորված թուրքական պետական միավորները հարաբերություններ են հաստատել արևմտյան քաղաքակրթությունների հետ՝ շնորհիվ այն բազմադարյա արյունոտ պայքարի, որ միմյանց դեմ մղել են Բյուզանդիան ու Սասանյան Իրանը: Բյուզանդական դիվանագետներն ավելի ու ավելի հաճախակի են բանակցել թուրք խաքանների հետ՝ երկու կողմից Իրանի վրա հարձակվելու համար: Բայց կան նաև բազում փաստեր, որոնք վկայում են, որ Սասանյան թագավորներն էլ, իրենց թիկունքը ապահովելու համար, դաշնակցել են Թուրքեստանի (Թուրանի) տիրողների հետ, որպեսզի պատերազմեն Բյուզանդիայի դեմ:

Պատմությունն առատ նյութ չունի թուրքական ցեղերի այս տեղաշարժերի մասին, այնուամենայնիվ, ի թիվ մի շարք փաստերի ու վկայությունների, հայտնի է նաև, որ 10-րդ դարում թուրքական մի ցեղ, Արևմտյան Թուրքեստանից անցնելով Աֆղանստանի հարավային մասը, Հնդկաստանի սահմանակից շրջանում գտնվող Ղազնի քաղաքում թագավորություն է հաստատում: Բայց այս թագավորությունը հիմնած թուրքերը գրեթե պարսկացած էին ու կարողանում են մեծ ծառայություններ մատուցել Իրանին՝ նրա ազգային վերածնության գործում: Ղազնիի թագավորներից ամենանշանավորը Մահմուդն է՝ Ֆիրդուսու ժամանակակիցը:

Միևնույն դարի երկրորդ կեսին Թուրքեստանում տեղի է ունենում մի աննշմար շարժում, որը համաշխարհային նշանակության իրադարձություններ պիտի ծներ: Ալթայից ոմն Թոկմակի որդի Սելջուկը կամ Սելջիկը, Պիգու անունով իշխանավորի հրամանատար Սուբաշիի ու հարյուր հեծյալի հետ, հազար ուղտ և 50 հազար ոչխարն առաջներն արած, մի ինչ-որ հանցագործության պատասխանատվությունից խուսափելու համար ստիպված է լինում թողնել հայրենի տափաստաններն ու փախչել Արևմտյան Թուրքեստան: Փախստականները կանգ են առնում Բուխարայի սահմաններում, և այստեղ Սելջուկը, հրաժարվելով նեստորականությունից, իսլամ է ընդունում, որպեսզի տեղացի մահմեդականներին պաշտպանի իր՝ դեռևս հեթանոս ցեղակից թուրքերի հարձակումներից:

Շուտով բոլոր հալածվածները նրա շուրջն են հավաքվում ավելացնում են նրա ուժը, և նա կռվի է բռնվում տեղական խաների հետ և կարողանում է պահպանել իր ստեղծած փոքրիկ թագավորությունը: Վախճանվելով շատ ծեր հասակում՝ նա թագավորությունը թողնում է իր երկու թոռներին՝ Տողրիլին ու Չաքարին, որոնց անձամբ էր դաստիարակել պատերազմական գործերում:

Ահա այսպես կազմավորվում է մի նոր պետություն՝ իր հիմնադիրի՝ Սելջուկի անունով, որի բոլոր հպատակներին սկսում են «սելջուկյան թուրքեր» անվանել:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3654 | 0 | 0
Facebook