Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ու... ԼՌՈՒՄ Է ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄԸ ... ՄԱՍ 2

20:05, pazar, 23 şubat, 2020
Ու... ԼՌՈՒՄ Է ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄԸ ... ՄԱՍ 2

Աչքերի անկյունում աճեց լճացած արցունքն ու խաչվեց հեռվից, շատ հեռվից եկող մղձավանջային ցավի հետ ...
    
     Արձագանքը խրվեց Ռաֆիկի հոգու խորքերն ու կարծես թել` օճորքից կախվեց, հասավ Մշո դաշտեր, Մշո խնկաբույրով օծեց ամբողջ ներքնաշխարը: Հուզմունքից աչքերը շաղվեց: Գասպարյանների մեծ գերդաստանից միայն մի բուռ ածու հազիվ թուրքի յաթաղանից մազապուրծ եկել ծվարել էր Շիրակ աշխարհի Լեռնակերտ գյուղ և հիմա կարծես հավերժական արևի մի պտղունց շող առկայծում էր այդ ածուի կիսակոտոր արմատի վրա:

Շառավիղը՜... Հուզմունքի ու ուրախության մի փոքրիկ գունդ կանգնեց կոկորդին, սեղմեց, փշրվեց ամբողջ մարմնի մեջ ու տարածվելով դուրս հորդաց. առաջնե~կս:
     Կնոջ` Սուսաննայի, ներաշխարհը խառնվել էր. իր իմացությունների շրջանակում դարսել էր նպատակներն ու երազանքները` բխեցնելով բարու, գեղեցիկի, ազնվության, սիրո բառերով, որոնց իմաստն ու հոմանիշները իր հոգու սեփականությունն էին, իր արյան կանչը...
    
     Միրո՜...ո՜..., հիմա էլ եկել կանգնել է ճակատագրի անողոք կիզիչ արևի տակ ու եփվում է: Հոգին դեռ այսպես չէր մխացել: Աչքերի անկյունում աճեց լճացած արցունքն ու խաչվեց հեռվից, շատ հեռվից եկող մղձավանջային ցավի հետ, երբ տատի խամրած ակնախոռոչներից գլորվում էին արցունքները թոնրի տաք շուրթին` վերածվելով տառապանքի, կարոտի բոցերի ու ծխի հետ գալարվելով դուրս էր գալիս երդիկից` հասնելու Մշո էրգրից եկած ծվեն-ծվեն ամպերին, որոնք հետ պիտի տանեին խտացրած այն կարոտն ու սերը, որոնք այդպես էլ հավերժ ծխաց հոգու խորքերում...
     ...Հոգնած միտքն արթնացավ ու սիրտը տագնապեց. իրականությունը շամփրեց. ազգի երթը, ժողովրդի ձայնը, հայրենիքի կանչը գերհանդես էր դարձել, ճշմարտության, իմաստնության, արդար պահանջի, ու...
     տագնապեց. ապուպապերից, պապերից ժառանգած կորուստը աղմկում էր, աղմկում էր, որ աճպարարների վիճարկած սեփականության անօրեն զավթումը չպիտի հանդուրժվի, որ բռնի տիրանալով չես կարող տեր լինել, ու կորստի վրեժի կրակը բորբոքվում էր այնպես, ինչպես տատի երգից թեժանում էր թոնրի կրակն ու սույլերի վերածվելով բարձրանում, թռչկոտում, բողոքում էին և օրհնում այն հոգիներին, ովքեր ընդունել էին աստվածային խորհուրդը` արդարության ու վրեժի խորհուրդը: Միրոն չխուսանավեց և հայտնվեց այդ խորհրդի կիզակետում` իր ազնվաբարո նկրտումներով...
     ... Խոշտանգված հայրենիքն էր, բզկտված հողը, որ երկար ժամանակ սեղմվել էր հիշողությունների խոռոչում ու լռում էր։ Հիմա ճչում է, դուրս ժայթքում դարասկզբի չմոխրացած վրեժի ցասումը, որը ցավի տեսքով լցվել էր երկրի երակները, հողի, ժողովրդի մեջ։ Ճչում էր և Միրոյի հուշերի ցավը...
    
     Հիշողություններն արշավեցին աչքերի դեմ, տեսիլքներ կախվեցին ու հոգին ճաք տվեց, վերածվեց հազարավոր բյուրեղների։ Հիմա ո ՞ր մեկը հավաքի, որ չվնասի...
     1987֊ի ամռան վերջն էր։ Մորն անակնկալ էր մատուցել։ Մտավ տուն ու ուսանողական տոմսը դրեց սեղանին. Գյուղակադեմիայի ուսանող էր։ Երջանկախառն ալիքը ակոսեց հոգին, որդին ուսանող է։ Մորն էլ ինչ էր պետք, որքա՜ն հույսեր փայփայեց։ Սակայն...
     Հայոց համազգային շարժումն էր սկսվել, դե՜, Միրոն այն գերդաստանի ընձյուղն էր, ովքեր տառապանքի մեջ անգամ երգում են, մխրճվում դժվարին կածաններ, և... հայտնվեց շարժման մեջ, ընդգրկվեց " Սասունցի Դավիթ
     աշխարհազորային ջոկատում` Հառիճավանքում երդվելով` "Կամ սրի վրա, կամ սրից էլ վեր, կյանքս կտամ աներեր"։ Երդվեց, գործեց, ապա` բանակ։ Վերադարձավ, ավելի ճիշտ` աճապարեց ու վերսկսեց թողածը` այս անգամ արդեն արհեստավարժ զինվոր։ Հայրենիքը կանչում էր։
    
     /շարունակելի/
    
     Հեղ՝. Սվետա Աբրահամյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4028 | 0 | 0
Facebook