Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անողոք էր. երկրաշարժ, Սումգայիթ, Ղարաբաղյան շարժում, պատերազմ ...

14:40, pazar, 23 şubat, 2020
Անողոք էր. երկրաշարժ, Սումգայիթ, Ղարաբաղյան շարժում, պատերազմ ...
     / 2֊րդ մաս/
    
     Անողոք էր. երկրաշարժ, Սումգայիթ, Ղարաբաղյան շարժում, պատերազմ...
     Պատերազմ, որը չափազանց խեղված պատմության հետևանք էր, պատերազմ, որն այս անգամ հաղթանակն ու արդարությունը պիտի հայ ժողովրդի գերխնդիրը դարձներ, քանզի պաշտպանելով հողը, հայրենիքը, զավակին, պատիվը, պիտի աշխարհին ի ցույց հաներ իր սեփական ակունքները, քանի որ թշնամին մոռացել էր հայոց արմատները, այն իրական արմատները, որոնք շատ խորն են այս հողի մեջ, որ հայը այդ հողից է ծլել, սաղարթակալվել ու ամուր ճյուղավորվել։ Չնայած խեղճերն ինչ հասկանան արմատից, երբ իրենք երբևէ արմատ չեն ունեցել։ Ու հայի ոգին անզուսպ դուրս թռչեց հանունների, սեփական ակունքները պահելու մղումով ոչնչի դեմ չկանգնեց։ Այդ ոգու տերերից էր և իր որդին, ով այս հանդերում, սարերում սուրացող գնդակների տակ ընկերների կողմից անձնազոհ սխրանքների համար Միրո կնքվեց։ Տանկիստ էր, ԲՄՊ տանկի վարորդ, խիզախ մարտիկ, վաշտի հրամանատար...
     ... Միրո՜... հառաչանքը տարածվեց օդում։
     Թողեց գյուղակադեմիայի ուսանողական նստարանը, ստեց մորն ու փախավ վառոդից խոշտանգվող հողը փրկելու, կամավոր մխրճվելու ականապատ երկրի խորքերը, արծվի ճախրանքով սլանալու լեռներն ի վե՜ր, սարերն ի վե՜ր ու...
     Միրո՜... հոգու ճիչն էր, մայրական հոգու անլռելի կանչը։ Հայացքն ընկավ ծոթրինների մարգին, ուր վայրի բնությունն ասես այս փոքրիկ տարածքը նախշել էր կուսական գրավչությամբ։
     Հուզվել էր։ Աչքերում լճացած արցունքները հոսում էր ներս, ներսից նե՜րս ու փորձում խեղդել հառաչանքը, սահմանագծել մարտիրոսված հոգու վերհուշերը։ Ցավի ու քնքշության մի ալիք անցավ միջով, նա ցնցվեց բնության տված հոգու ու մահվան առաջ։ Աչքերի դեմ ծփում էր ալեբախության նման արցունքահեղ ծոթրինները` շաղի մեջ, յուրաքանչյուր թփից կաթիլ֊կաթիլ գլորվում էր բյուրեղանման արտասուքներ ու ներծծվում տնքացող հողի խորշերում։ Տեսարանն անսովոր երանգ էր հաղորդում` աճեցնելով անաղարտությունը կատարելության մեջ, քանզի լույս կար արցունքների մեջ, հարաճուն հավատ ու մաքուր, անխառն բույր։ Որդին այստեղ էր հերոսացել, այստեղ գործել անօրինակ սխրանքը` ափի մեջ տրաքցնելով նռնակը ոչնչացրել թշնամուն ու կտրել իր կյանքի թելը։
    
     /շարունակելի/
    
     Հեղ.՝ Սվետա Աբրահամյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3738 | 0 | 0
Facebook