Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արական ուժն ու իգական իշխանությունը

19:41, çarşamba, 15 оcak, 2020
Արական ուժն ու իգական իշխանությունը

Աֆրոամերիկացիների միջավայրում ծնունդ առած այս հեքիաթը սիրում են պատմել հատկապես Թենեսի նահանգում:


     Տղամարդուն և կնոջն արարելուց հետո Աստված նրանց բնակեցնում է մի տան մեջ: Աստված տղամարդուն ու կնոջն այնքան հավասարազոր էր ստեղծել, որ երբ նրանք կռվում էին, նրանցից ոչ մեկը հաղթող չէր դառնում:

Եվ կնոջը հաղթելու համար անհրաժեշտ ուժը չունեցող տղամարդը որոշում է խոսել Աստծու հետ: Նա բարձրանում է երկինք ու դիմում է Աստծուն.

-Տե՛ր, - ասում է նա, - տղամարդուն միայն դու կարող ես օգնել, որովհետև դու ամենազոր ես: Ողորմա՛ծ եղիր, տե՛ր, ինձ հավելյալ ուժ տուր, որպեսզի կարողանամ հաղթահարել կնոջը: Դու հո ամեն անգամ երկնքից երկիր չե՞ս իջնելու, որպեսզի մեզ հաշտեցնես: Դու գոնե մի քիչ ինձ ուժ տուր, իսկ ես կարգ ու կանոն կհաստատեմ:

-Լա՛վ, - ասում է Աստված, - այսուհետ դու կնոջից ուժեղ կլինես:

Եվ տղամարդը երկնքից ուղիղ տուն է վազում ու գոռում է.

-Կի՛ն, այսուհետ ես քո տերն եմ: Աստված իմ ուժն ավելացրեց, և հիմա արդեն դու պետք է ինձ հնազանդվես:

Կինը սկսում է նրա հետ մենամարտել, բայց տղամարդը նրան տապալում է: Կինը նորից է կռվում, ու տղամարդը նորից է նրան տապալում: Տղամարդը երրորդ անգամ նույնպես տապալում է կնոջն ու մեծամտորեն ասում.

-Եթե չհնազանդվես, ջարդ կուտես:

Կինը պատասխանում է.

-Դեռ կտեսնենք:

Եվ հաջորդ օրը կինը գնում է Աստծու մոտ:

-Տե՛ր, խնդրում եմ, գոնե մի քիչ ավելացրու ուժս:

-Դու քո ամբողջ ուժն ստացել ես, - իսկ տղամարդուն ես հավելյալ ուժ եմ տվել:

-Բայց ինչո՞ւ: Չե՞որ հիմա նա կարողանում է ինձ հեշտությամբ հաղթել, իսկ առաջ չէր կարողանում: Խնդրո՛ւմ եմ, տե՛ր, ինձ այնքան ուժ տուր, որքան նրան ես տվել, կամ էլ նրանից ետ առ տվածդ հավելյալ ուժը:

-Ինչ որ տվել եմ, հետ չեմ վերցնում: Պետք է համակերպվես:

Եվ կինը շատ զայրացած տուն է դառնում: Ճանապարհին հանդիպում է սատանային ու պատմում, թե գլխին ինչ փորձանք է եկել:

-Լսի՛ր ինձ, և ամեն ինչ լավ կլինի, - ասում է նրան սատանան: Ոչ թե հոնքերդ կիտիր, այլ հետ դարձիր Աստծու մոտ ու նրանից խնդրիր այն բանալիները, որ կախված են նրա դռան կողքին: Երբ ստանաս բանալիները, վերադարձիր ինձ մոտ, և ես քեզ կսովորեցնեմ, թե հետո ինչ պետք է անես:

Եվ կինը նորից երկինք է վերադառնում:

-Կի՛ն, ասում է արդեն զայրացած Աստված, - հիմա՞ ինչ ես ուզում:

-Տե՛ր իմ, ծիածանի, երկնքի ու բոլոր աստղերի տիրակալ, տո՛ւր ինձ այն մեխից կախված բանալիները:

-Վերցրո՛ւ և այլևս ինձ չանհանգստացնես:

Կինը վերցնում է բանալիներն ու վազում է սատանայի մոտ:

-Այս երեք բանալիները, - ասում է սատանան, եթե դրանք ճիշտ գործածես, քեզ նույնքան մեծ ուժ և իշխանություն կտան, որքան տղամարդն ունի: Առաջին բանալիով դու կփակես խոհանոցի դուռը: Տղամարդու համար առաջնայինն ուտելիքն է: Երկրորդ բանալին ննջարանի դռան բանալին է: Այդ դուռը ևս փակ կպահես: Երբ տղամարդուն ննջարան չեն թողնում, նա շատ է խեղճանում: Իսկ երրորդ բանալին այն սենյակի բանալին է, որտեղ դու օրորում ես ձեր փոքրիկի օրորոցը: Այդ դուռն էլ փակ կպահես: Տղամարդը կապված է իր երեխային ու սիրում է նայել, թե ինչպես է մեծանում իր ժառանգը: Հիմա վերցրու բանալիներն ու գնա տուն:

Հետո սատանան մի բան էլ է ասածին հավելում.

-Հիշի՛ր, դռներից ոչ մեկը չբացե՛ս, քանի դեռ տղամարդը չի սովորել իր ուժը գործադրել քո հրահանգի համաձայն ու հանուն քո ուրախության:

Կինը տուն է վազում ու անում է այնպես, ինչպես սատանան էր ասել: Երբ տղամարդը տուն է գալիս, տեսնում է, որ այն դռները, որոնք միշտ կրնկի վրա բաց էին, կողպված են: Սկզբում նա փորձում է դրանք ուժով բացել, բայց չի կարողանում ու գոռում է.

-Այս ո՞վ է փակել դռները, ա՛յ կին, բանալիներն ո՞վ է քեզ տվել:

-Աստված, - պատասխանում է կինը:

-Ես սա այսպես չեմ թողնի, - ասում է տղամարդն ու վազում է Աստծու մոտ:

-Կինը կողպել է դռներն ու թույլ չի տալիս մտնեմ խոհանոց, մոտենամ երեխայիս ու անկողին մտնեմ: Նա ասաց, թե դու ես նրան տվել բանալիները:

-Այո, ես եմ տվել, իսկ սատանան նրան սովորեցրել է, թե ինչպես պետք է օգտվել դրանցից:

-Տե՛ր, ինձ էլ բանալիներ տուր, որպեսզի կարողանամ բացել այդ դռները:

-Չե՛մ կարող, - ասում է Աստված: - Ինչ որ տվել եմ՝ տվել եմ: Ես կնոջը բանալիներ եմ տվել, և թող բանալիները կնոջ մոտ լինեն: Դու պետք է կնոջը միշտ խնդրես, որ նա դռներն ինքը բացի քո առաջ:

Տղամարդը տուն է վերադառնում, բայց որքան էլ ջանում է, չի կարողանում կնոջն ստիպել, որ դռները բացի: Այդժամ նա սկսում է խնդրել նրան ու անել այն ամենը, ինչը կնոջը ցանկալի էր, և, վերջապես, կինը բացում է դռները:

Բայց տղամարդուն կնոջ այդ զիջումը քիչ է թվում, ու նա կնոջն ասում է.

-Ե՛կ մեր ունեցաները կիսենք: Դու ինձ կտաս բանալիների կեսը, իսկ ես՝ իմ ուժի կեսը:

-Պիտի մտածեմ, - պատասխանում է կինը:

Նա նստում է ու սկսում մտածել: Այդ պահին պատուհանից նրա սենյակ է մտնում սատանան:

-Չհամաձայնես, - շշնջում է նա: - Թող նրա ուժն իրեն մնա, իսկ քեզ՝ բանալիները: Հիշի՛ր ընդմիշտ. երբ վրա են տալիս աշնանային ճանճերը, կովն առան պոչի չի կարողանա դրանց հարձակմանը դիմանալ:

Եվ կնոջ ու տղամարդու գործարքը տեղի չի ունենում:

Այդ ժամանակից ի վեր տղամարդն ստիպված է զսպել իր ուժը, եթե ուզում է կնոջ հետ ապրել:

Ահա թե ինչու տղամարդը զիջում է, իսկ կինն իրենն է պնդում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3031 | 0 | 0
Facebook