Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երևանի խանությունում ջրի նկատմամբ իրավունքը այնքան բացարձակ է եղել, որ նույնիսկ սահմանափակել է հողատիրության իրավունքը

20:17, perşembe, 12 aralık, 2019
Երևանի խանությունում ջրի նկատմամբ իրավունքը այնքան բացարձակ է եղել, որ նույնիսկ սահմանափակել է հողատիրության իրավունքը

Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններում ոռոգման ջուրը նույնպիսի կենսական անհրաժեշտություն է եղել ինչպես հողը: Այդ իսկ պատճառով Երևանի խաները կարևոր են համարել նոր ջրանցքների կառուցումն ու հների նորոգումը, մանավանդ որ արհեստական ոռոգումից է կախված եղել բերքի քանակը (հարկը գանձվել է ոչ թե ըստ մշակվող տարածությունների, այլ ըստ ստացված բերքի քանակի):

Երևանի խանության ժամանակաշրջանում ոռոգման ջուրը երկու կարգի է բաժանվել՝ բնական ու արհեստական: «Արհեստական» ջրին ժողովուրդը «հանած ջուր» է անվանել: Բնական ջրեր են համարվել լճերի, գետերի, առուների, առվակների, աղբյուրների ջրերը, ինչպես նաև անձրևաջրերը, իակ «հանած ջուր» են համարվել արհեստական ջրամբարների, քյարեզների (ջրհորներ), ջրանցքների և ոռոգման այլ; կառույցների միջոցով ստացվող ջրերը:

Ջրերի այս կարգորոշումն իրավական առումով շատ կարևոր նշանակություն է ունեցել: Բնատուր ջուրը Աստծու պարգև է համարվել ու, որպես այդպիսին, համարվել է տվյալ գետի կամ լճի ջրով ոռոգվող տարածքի ամբողջ բնակչության սեփականությունը: Իսկ «հանած ջուր» -ը, ընդհակառակը, կարող էր լինել ինչպես մեկ անձի, այնպես էլ քաղաքային կամ գյուղական համայնքի, որևէ հաստատության մասնավոր սեփականությունը: Քյարեզների ջուրը կարող էր պատկանել այն անձանց կամ համայնքներին, որոնք իրենց միջոցներով դրանք փորել էին: Ջրանցքներն ու առուները նույնպես կարող էին պատկանել համայնքներին կամ համայնքների խմբին ու նաև առանձին անձանց:

Յուրաքանչյոր համայնք, իրավական կամ ֆիզիկական անձ իրավունք է ունեցել օգտվել բնատուր ջրից, եթե հողամաս է ունեցել այդ ջրով ոռոգվող տարածքում: Ջրօգտագործման իրավունքն ուղիղ համեմատական է եղել հողակտորի ջափին: Երևանի խանությունում այդ իրավունքը սահմանվել է՝ հաշվի առնելով տվյալ շրջանի կամ համայնքի ծխերի թիվը:

Ջրի նկատմամբ իրավունքը այնքան բացարձակ, անսահմանափակ, սրբազան ու նվիրական է եղել, որ նույնիսկ սահմանափակել է հողատիրության իրավունքը: Ոչ ոք, լիներ դա համայնք կամ մասնավոր անձ, իրավունք չի ունեցել կտրել ջրի ճանապարհը, իսկ ճանապարհ տալու համար էլ իրավունք չի ունեցել հատուցում պահանջել: Որոշ դեպքերում, եթե հողակտորը, որտեղով անցնելու էր առուն կամ ջրանցքը, խիստ թանկ է եղել տիրոջ համար, նա պիտի ջրին շրջանցիկ ճանապարհ տար: Նա շրջանցիկ ճանապարհի տրամադրումը մերժելու իրավունք չի ունեցել: Քանի որ ջրանցքներն ու առուները ջուր են մատակարարել համայնքի բոլոր անդամներին, ապա համայնքի անդամները պարտավոր են եղել դրանց պահպանման համար միջոցներ տրամադրել և աշխատանք կատարել: Ջրանցքներ կառուցելիս կամ վերանորոգելիս կիրառվել է կոռային աշխատանք, և այդ աշխատանքին մասնակցել է տվյալ վայրի բնակչության մեծ մասը:

Ջրօգտագործումը կանոնավորելու համար նշանակվել են հատուկ պաշտոնյաներ՝ միրաբներ: Նրանց հսկողության ներքո են եղել ամբողջ մահալի ջրերը: Միրաբները պիտի հետևեին, որպեսզի գյուղական տարբեր համայնքների միջև ջուրը հնարավորինս հավասար բաժանվեր: Միրաբների պարտականությունների մեջ է մտել նաև ջրգողության, ջրի հերթի խախտումների դեմ համապատասխան միջոցների ձեռնարկումը, առուների, ջրանցքների մաքրման, ջրօգտագործման վերաբերյալ ծագած զանազան վեճերի լուծման գործը:

Ջրաբաժանության գործը գյուղական համայնքներում կարգավորել են ջուվարները, որոնք ենթարկվել են միրաբներին: Ջուվարների պարտականությունն է եղել ջրի պահպանման գործը՝ հատկապես դրա ակունքային մասում, հերթով բաժանեին ջուրն ու հսկեին հերթի պահպանումը: Մեծ գյուղերում ջուվարներն օգնականներ են ունեցել, որոնք կոչվել են կարաջուվարներ: Ինչպես միրաբներին, այնպես էլ ջուվարներին վարձատրել է բնակչությունը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4124 | 0 | 0
Facebook