Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Երբ նրանք բարեհաջող անցան գետի (Արաքսի) մյուս ափը և ոտք դրին հայկական հողին…սկսեցին համբուրել քարերն ու ավազը և լալ ուրախությունից՝ միմյանց գրկախառնվելով»

21:12, perşembe, 05 aralık, 2019
«Երբ նրանք բարեհաջող անցան գետի (Արաքսի) մյուս ափը և ոտք դրին հայկական հողին…սկսեցին համբուրել քարերն ու ավազը և լալ ուրախությունից՝ միմյանց գրկախառնվելով»

Մ. թ. ա. 36 թվականի գարնանը Անտոնիոսն անցնում է Եփրատը և գալիս բանակում է Կարնո դաշտում: Նա իր տրամադրության տակ 100 հազար զինվոր է ունեցել: Արտավազդը հռոմեացիներին 7000 հետևակ և 6000 հեծյալ էր տրամադրել: Արտավազդն, անշուշտ, կարող էր ավելի մեծ զորախումբ տրամադրել, բայց նրա քաղաքականությունը նոր ժամանակներում ավելի ճկուն էր դարձել: Եթե նա, իր կամքին հակառակ, միանում էր հռոմեական արշավանքին, ապա ջանում էր անել այնպես, որ Հայաստանը հնարավորինս քիչ տուժի: Հավանաբար, հենց սկզբից նա հակված է եղել հարմար պահի իսպառ հրաժարվել Անտոնիոսի արշավանքին մասնակցելուց, որն էլ տեղի է ունենում:

Կարնո դաշտից Անտոնիոսի զորքը շարժվում է դեպի Ուրմիա լիճ՝ նպատակ ունենալով պարթևական զորքերից առաջ հասնել Հրահատի դաշնակից մար Արտավազդի երկիրն ու մայրաքաղաք Փրաասպան: Հռոմեացիներն իրենց հետ պաշարողական տեխնիկա էին տանում, բայց դրա տեղափոխոմը շատ դանդաղ էր ընթանում: Անտոնիոսը սխալ է թույլ տալիս. նա լքում պաշարողական մեքենաները՝ դրանց պաշտպանության համար ընդամենը երկու լեգեոն թողնելով, իսկ ինքն առաջ է անցնում:

Երբ Անտոնիոսն արդեն շատ էր հեռացել, պարթևները գերակշռող ուժերով հարձակվում են պաշարողական մեքենաները պաշտպանող լեգեոնների վրա, սպանում կամ գերի են վերցնում զինվորներին, իսկ մեքենաներն այրում են: Այս անգամ ևս պարթևների ձեռքն են ընկնում լեգեոնների արծվակիր դրոշները:

Հռոմեացիների այս պարտությունն Արտավազդին մղեց փոխել իր վերաբերմունքը հռոմեացիների նկատմամբ: Նա իր զորքերը ետ է քաշում և հրաժարվում է հետագա գործողություններին մասնակցելուց, որի համար նա հետագայում, ավաղ, կյանքով է հատուցում: Անտոնիոսը շարունակում է Փրաասպայի պաշարումը, սակայն լավ պարենավորված և ուժեղ կայազոր ունեցող բերդաքաղաքը հաջողությամբ պաշտպանվում է: Իսկ երբ մոտակայքում երևում են մար Արտավազդի և Հրահատի զորքերը, հռոմեացիների վիճակը հուսահատական է դառնում: Ի վերջո հռոմեացիներն սկսում են նահանջել: 27 օր տևած նահանջից հետո հռոմեացինեն հասնում են Արաքս գետին:

«Երբ նրանք բարեհաջող անցան գետի մյուս ափը և ոտք դրին հայկական հողին, - գրում է Պլուտարքոսը, - ապա ասես ծովում երկար դեգերելուց հետո առաջին անգամ ցամաք տեսնելով, նրանք սկսեցին համբուրել քարերն ու ավազը և լալ ուրախությունից՝ միմյանց գրկախառնվելով: Այնուհետև գնալով հարուստ ու բարգավաճող երկրով, նրանք չափից շատ կերան ու խմեցին այդպիսի դաժան կարիքից հետ ու հիվանդացան ջրգողությամբ ու փորլուծությամբ:

Այստեղ Անտոնիոսն իր զորքի ստուգատես կատարեց ու պարզեց, որ կորցրել է 20 հազար հետևակային ու չորս հազար հեծյալ: Բոլորը մարտերում չէին ընկել, կեսից ավելին հիվանդություններից էին մահացել: Փրաասպայի մոտ խփած ճամբարից մեկնելով՝ հռոմեացիները քսանմեկ օր ճանապարհ էին գնացել ու պարթևների նկատմամբ տասնութ հաղթանակ էին տարել, բայց դրանք անհուսալի հաղթանակներ էին եղել՝ այն պատճառով, որ Անտոնիոսը ջախջախված հակառակորդին ինչպես հարկն է հետապնդել չկարողացավ: Դա առանձնակի համոզչությամբ վկայում է, որ արշավանքի անհաջող ավարտի համար նա պարտական է հայ Արտավազդին: Եթե նրա տրամադրության տակ լինեին այն 16 հազար հեծյալները, որոնց Մարաստանից բերել էր Արտավազդը, որոնք գրեթե պարսիկների նման էին զինված և որոնք սովոր էին նրանց հետ կռվել, ապա հռոմեացիները թշնամուն կջախջախեին բաց մարտում, իսկ հայերը կկոտորեին փախչողներին, և թշնամիներն ի զորու չէին լինի պարտություններից հետո այդքան անգամ վերականգնվել: Բնականաբար, բոլորը կատաղությամբ էին լցված և գրգռում էին Անտոնիոսին, որ հաշվեհարդար տեսնի հայոց թագավորի հետ»:

Իր նահանջի ճանապարհին արդեն Անտոնիոսն արշավանքի ձախողման արդարացումներ է մտմտացել և դրանցից գլխավորը նա պիտի դարձներ Արտավազդի «դավաճանությունը»: Բայց այդ մասին նա հետագայում պիտի բացահայտ հայտարարեր, իսկ առայժմ, քանի դեռ իր հալումաշ եղած զորքերի ու իր բախտը կախված էր Արտավազդից, քաղցր լեզվով պիտի խոսեր նրա հետ: Պլուտարքոսը գրում է.

«Անտոնիոսը լավ էր հասկանում, - գրում է Պլուտարքոսը, - որ իր զորքը թուլացած է և կարոտ է ամենաանհրաժեշտ բաների, ուստի և անսաց իր բանականությանը և Արտավազդին դավաճանության մեղադրանք չներկայացրեց. առաջվա պես բարեկամաբար էր վարվում նրա հետ և պատշաճ պատիվներ մատուցում»:

Ստանալով Արտավազդի համաձայնությունը, որ հռոմեական զորքերը ձմեռեն Հայաստանում, Անտոնիոսը մեկնում է Կլեոպատրայի մոտ, որին տեսակցություն էր նշանակել Ասորիքի գյուղերից մեկում:

Նկարում՝ Արտավազդ 2-րդի դրամը:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3251 | 0 | 0
Facebook