Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինքնահավան ամբարտավանի գլուխը՝ պարսից և հայոց արքաների առջև նետված

19:29, pazartesi, 02 aralık, 2019
Ինքնահավան ամբարտավանի գլուխը՝ պարսից և հայոց արքաների առջև նետված

Պարսից արքա Օրոդեսն իր բանակը երկու մասի է բաժանել: Այրուձին՝ երիտասարդ Սուրեն զորավարի հրամանատարությամբ, ուղարկել է Կրասսոսի դեմ, մյուս մասը՝ հիմնականում հետևակ, անձամբ առաջնորդել է դեպի Հայաստան: Եվ այս փաստը վերստին ապացուցում է, որ Հայաստանի համար չեզոքությունն անհնարին էր: Ահա թե ինչու է Արտավազդը, ըստ էության, դավաճանել հռոմեացիներին, չի կատարել Պոմպեոսի հետ Տիգրան 2-րդի կնքած պայմանագիրը և միացել է պարսիկներին: Քանի որ Օրոդեսը Հայաստանը նվաճելու հստակ ծրագիր չի ունեցել, ուստի դաշնակցել է Արտավազդի հետ, և այդ դաշնակցությունն ամրապնդվել է դինաստիական ամուսնությամբ՝ Արտավազդն իր քրոջը կնության է տվել պարթևական թագաժառանգ Բակուրին: Դաշնագրի կնքումն ուղեկցվել է փոխադարձ հրավերներով ու խնջույքներով: Այս ամենը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Արտաշատում:

Իսկ այդ ընթացքում Կրասսոսը շարունակել է առաջխաղացումը և հասել է Միջագետքի Խառան (Կառռա) քաղաքի մոտակայքը: Նահանջ ձևացնող պարթևների համար այդ վայրի տեղանքը շատ բարենապաստ է եղել հեծելազորի գործողությունների համար, և Սուրեն զորավարը որոշել է ճակատամարտ տալ: Կրասսոսն իր ռազմական դասավորության մի թևը հանձնարարել է Կասիոսին, իսկ մյուսը՝ իր որդուն՝ Պուբլիոսին, իսկ ինքը գլխավորել է զորաշարի կենտրոնը:

Պարթևները կարողացել են, խորամանկության դիմելով, մոլորեցնել հռոմեացիներին: Նրանք նախապես լաթեր ու կաշիներ գցելով իրենց վահանների ու զրահների վրա, մեղմել են դրանց փայլը ու հակառակորդին թվացել է, թե պարսիկները փոքրաքանակ են: Այնուհետև, նետընկեց հեռավորության վրա մոտենալով հակառակորդին, պարսիկներն սկսել են նետերի տարափ տեղալ ու նոսրացնել հռոմեացիների շարքերը: Կրասսոսի սպասածին հակառակ՝ տարափը ո՛չ դադարել է, ո՛չ էլ թուլացել, որովհետև պարզվում է, որ նետաձիգների թիկունքում շարված ուղտերը բեռնված են եղել նետերով: Կրասսոսը որդուն՝ Պուբլիոսին, կարգադրում է հարձակում սկսել: Պարթևները ձևացնում են, թե նահանջում են, իսկ հետո էլ փախուստ են բեմականացնում: Ոգևորված երիտասարդը չորս հազարանոց ջոկատով նետվում է նրանց հետևից: Բավական տարածություն անցնելուց հետո պարթևները ետ են դառնում և շրջապատում են հռոմեացիներին: Հռոմեացիների մեծ մասն սպանվում է, ներառյալ՝ Պուբլիոսը, որն իր զինակցին հրամայում է հենց իր սրով իրեն սպանել: Հռոմեացիների մի մասն էլ գերի է ընկնում: Պուբլիոսի գլուխը՝ աշտեի վրա ցցած, տանում են ցուցադրելու Կրասսոսին ու նրա բանակին:

Բոլորովին հուսալքված հռոմեացիներն սկսում են նահանջել, որը տևում է մի քանի օր, և այդ ընթացքում պարթևներն անընդհատ հարվածներով մաշում են հակառակորդի զորքը և, ի վերջո, շրջապատում և գերեվարում են նրա մեծ մասը՝ Կրասսոսի հետ միասին: Միայն մի փոքր մասին (Կասիոսի գլխավորությամբ) է հաջողվում փախչել ու վերադառնալ Ասորիք: Հռոմեացիների զոհերի թիվը եղել է 20 հազար: Գերվել են նաև լեգեոնների արծվակիր դրոշները, որը մեծագույն անարգանք է եղել հռոմեացիների համար:

Սուրեն զորավարը գլխատում է Կրասսոսին և ուղարկում է Օրոդեսին, որն այն ստանում է Արտավազդի հետ «Բաքոսուհիներ» -ը դիտելու պահին:

«…Օրոդեսը, - գրում է Պլուտարքոսը, - արդեն հաշտվել էր հայերի Արտավազդի հետ ու համաձայնել էր նրա քրոջ և իր Բակուր որդու ամուսնությանը: Նրանք մեկմեկու խնջույքներով ու գինարբուքներով էին պատվում, հաճախ կազմակերպում էին հունական ներկայացումներ, քանի որ Օրոդեսին օտար չէին հունարեն լեզուն ու գրականությունը, իսկ Արտավազդը ողբերգություններ էր գրում, ճառեր ու պատմական ստեղծագործություններ էր գրում, որոնց մի մասը պահպանվել է: Երբ պալատ բերեցին Կրասսոսի գլուխը, սեղաններին դրվածն արդեն հավաքված էր, և թրալոսցի ողբերգակ դերասան Յասոնը Եվրիպիդեսի «Բաքոսյաններ» -ից արտասանեց Ագավայի (բաքոսական ինքնամոռացման մեջ գտնվող թագուհի Ագավան սպանում է իր որդի Պենփեոսին՝ նրան վայրի գազանի տեղ դնելով, և բաքոսուհիները բերում են նրա բզկտված մարմինը որպես որսորդական ավար) մասին պատմող բանաստեղծությունը: Այն ընթացքում, երբ պարսիկները նրան ուրախ բացականչելով ծափահարում էին, դահլիճ մտավ Սիլլակոսը, ծնկի իջավ թագավորի առջև, հետո Կրասսոսի գլուխը դահլիճի մեջտեղը նետեց: Պարսիկներն ուրախ բացականչելով ծափահարում էին, և ծառաները, թագավորի հրամանով, Սիլլակոսին հրավիրեցին ընկողմանել: Իսկ Յասոնը, Պենփեոսի զգեստը փոխանցելով դերասաններից մեկին, վերցրեց Կրասսոսի գլուխը և, բաքոսական հափշտակության վիճակում հայտնվելով, սկսեց ոգեշնչմամբ արտասանել հետևյալ բանաստեղծությունը.

Մենք լեռներից մեր տուն ենք բերում

Նոր սպանած գազանին՝

Բարեհաջո՜ղ որս:

Դա բոլոր ներկաներին վայելք պարգևեց: Իսկ երբ նա հասավ բանաստեղծության այն մասին, որտեղ երգչախումբը և Ագավան ՝ փոխեփոխ երգում են.

-Ո՞վ էր առաջին հարվածողը:

-Այդ պատիվն ինձ է պատկանում,

Էքսատորեսը (պարթև զինվորական, որը կտրել է Կրասսոսի գլուխը), որը ներկա էր խնջույքին, տեղից վեր թռավ ու Յասոնից խլեց գլուխը՝ ցանկանալով ասել, թե այդ խոսքերն իրեն է վայել արտասանել, և ոչ թե Յասոնին: Հիացած թագավորը (Օրոդեսը), ուրախացած, հետևելով հայրենի սովորությանը, պարգև տվեց նրան, իսկ Յասոնին մեկ տաղանդ արծաթ տվեց»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4832 | 0 | 0
Facebook