Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Ֆոսֆոր» տարրի անվան ծագումն ու ֆոսֆորի բացահայտման հետաքրքրական պատմությունը

16:16, salı, 15 ekim, 2019
«Ֆոսֆոր» տարրի անվան ծագումն ու ֆոսֆորի բացահայտման հետաքրքրական պատմությունը

Ընդունված է ֆոսֆորի բացահայտման տարեթիվը համարել 1669 թվականը, բայց կան մի քանի վկայություններ այն մասին, որ այն ավել վաղ ժամանակներում էլ հայտնի է եղել: Օրինակ՝ գերմանացի գրող և պատմաբան Էդմունդ Հոյֆերը (1819 – 1882 թթ.) տեղեկացրել է, որ Փարիզի ազգային գրադարանում պահվող ալքիմիական մի ձեռագրում ասվում է այն մասին, որ դեռևս 12-րդ դարում ոմն Ալհիդ Բեքիլ մեզը կավով թորելիս ստացել է մի նյութ, որն անվանել է «էսկարբուկլ»:

Գուցեև այդ նյութը հենց ֆոսֆորն է եղել, որն ալքիմիկոսները խիստ գաղտնի են պահել: Համենայն դեպս հայտնի է, որ փիլիսոփայական քարը փնտրելու ընթացքում ալքիմիկոսները թորել են ոչ միայն մեզը, այլև կղանքը, ոսկրածուծը և բազում այլ նյութեր:

Հնուց ի վեր «ֆոսֆոր» անունն են տվել այն բոլոր նյութերին, որոնք մթության մեջ լուսարձակել են: 17-րդ դարում հայտնի էր «բոլոնյան ֆոսֆոր» -ը՝ Բոլոնիա քաղաքի մերձակայքում հայտնաբերված հանքաքարը: Ածուխի վրա թրծվելուց հետո այդ քարը լուսարձակման հատկություն է ձեռք բերել:

Նկարագրվել է նաև «Բոլդուինի ֆոսֆոր» -ը, որը 17-րդ դարի կեսերին ստացել է սաքսոնացի մի պաշտոնյա՝ Բոլդուին անվամբ: Թրծված կավճի վրա ազոտաթթու լցնելով՝ նա ստացել է օդում բոցավառվող նյութ: Բոլդուինը նկատել է, որ այն մթության մեջ լուսարձակում է:

Նմանատիպ նյութերի լուսարձակումը մարդկանց շատ է զարմացրել ու հրաշք է համարվել: Համբուրգցի սնանկացած վաճառական Հենինգ Բրանդտը (կամ Բրանտը) սկսում է ալքիմիայով զբաղվել, որպեսզի դրա օգնությամբ նորից հարստանա: Ենթադրելով, թե կենսաբանական նյութերը կարող են փիլիսոփայական քարի «նախասկզբնական նյութ» -ը պարունակել՝ նա 1669 թ.-ին ձեռնամուխ է լինում մարդու մեզից այդ փիլիսոփայական քարն ստանալու փորձերին` համոզված լինելով, որ ոսկեգույն երանգ ունեցող մեզը պարունակում է այն նյութը, որի միջոցով ինքը կկարողանա բոլոր մետաղները ոսկու վերածել:

Նա զորանոցներից շուրջ մեկ տոննա մեզ է հավաքում, նախ մի քանի օր սպասում է, որ դրա տհաճ հոտն անցնի, այնուհետև այն այնքան է եփում, մինչև որ օշարակի թանձրության զանգված է գոյանում: Այդ հեղուկը նա նորից է եփում այնքան, մինչև որ պղպջակներ են առաջանում: Նա ակնկալում է, թե պղպջակների խտացման արդյունքում ոսկի կգոյանա, բայց գոյանում է կարմիր գույնի «միզայուղ»: Այս յուղը նույնպես նա նորից թորում է: Թորանոթի հատակին մնում է մոմանման մի նյութ: Բայց երբ նա այդ նյութը երկար ժամանակ թրծում է կրակին, նկատում է, որ թորանոթում սպիտակ փոշի է գոյանում, որը դանդաղ նստում է անոթի հատակին ու լուսարձակում է: Բրանդտը դրան «phosphorus mirabilis» (լատիներեն «հրաշափառ լուսակիր») անունն է տալիս: Բրանդտի այս հայտնագործությունն անտիկ ժամանակներից ի վեր նոր տարրի առաջին բացահայտումն էր:

Բրանդտը որոշում է, որ իրեն հաջողվել է իր ստացած մեռյալ զանգվածից նախասկիզբ կրակ արտածել ու էլ ավելի մեծ ոգևորությամբ շարունակում է փորձերը: Ինչ խոսք, նրան չի հաջողվում այդ կրակը ոսկու վերածել, բայց նա իր հայտնագործությունը` «ֆոսֆոր» տարրի (հունարեն «ֆոս»` «լույս», և «ֆորոս»` «կրող» բառերից, այսինքն` «լուսակիր») հայտնագործությունը գաղտնի է պահում (հունական դիցաբանությունում Ֆոսֆոր կամ Էոսֆոր անունն է կրել անձնավորված Առավոտյան աստղի կամ Վեներա մոլորակի պահապանը, իսկ հին Հռոմում Լյուցիֆերը նույնացվել է Ֆոսֆորին): Բայց և այնպես Բրանդի գաղտնիքի մասին իմանում է Սաքսոնիայի կուրֆյուրստի արքունիքում որպես ալքիմիկոս և գաղտնի խորհրդական ծառայող ոմն Կունկել: Այս Կունկելը Համբուրգ մեկնող իր ծառայակից Կրաֆտին խնդրում է Բրանդտից տեղեկություններ կորզել ֆոսֆորի մասին, բայց Կրաֆտը որոշում է Բրանդտի գաղտնիքն իր օգտին ծառայեցնել: Նա 200 թալեր գումարով Բրանդտից գնում է գաղտնիքը և, պատրաստելով բավարար քանակության ֆոսֆոր, սկսում է Եվրոպայով մեկ ճանապարհորդել` բարձրաստիճան անձանց հաջողությամբ ցուցադրելով ֆոսֆորի լուսարձակումը: Մասնավորապես, Անգլիայում նա ֆոսֆորը ցուցադրում է Կարլ 2-րդ թագավորին ու իռլանդացի ֆիզիկոս, քիմիկոս ու աստվածաբան Ռոբերտ Բոյլին: Այդ ընթացքում Կունեկլին հաջողվում է Բրանդտի հայտնաբերած եղանակին շատ մոտ եղանակով ինքնուրույն ֆոսֆոր ստանալ և, ի տարբերություն Բրանդտի, նա ամեն տեղ գովազդում է ֆոսֆորը` չբացահայտելով, սակայն, դրա պատրաստման գաղտնիքը: Ֆոսֆորը երրորդ անգամ հայտնաբերում է վերոհիշյալ Բոյլը, 1680-ին, որը, ինչպես Կուկելը, հրապարակում է ֆոսֆորի հատկությունների մասին տվյաներ, բայց այն ստանալու եղանակի մասին փակ ծրարով հայտնում է միայն Լոնդոնի թագավորական գիտական ընկերությանը: Այդ հաղորդումը հրապարակվում է 12 տարի անց միայն, Բոյլի մահվանից հետո:

Ֆոսֆորը Բրանդտին ու Բոյլին չհարստացրեց, բայց հարստացրեց Կրաֆտին ու Կունկելին: Այս նյութի արդյունաբերական արտադրությանը զարկ է տվել Բոյլի ասիստենտ Հենկվիցը: 50 տարի շարունակ նա սիգարանման սպիտակ ձողիկներում ամփոփված ֆոսֆոր է վաճառել: Օրինակ` Հոլանդիայում մեկ ունցիա (31, 1 գրամ) ֆոսֆորն այն ժամանակ արժեցել է 16 դուկատ:

Ֆոսֆորի բնույթի մասին ամենաֆանտաստիկ ենթադրություններն են արվել: 18-րդ դարում ֆոսֆորի ուսումնասիրությամբ շատ գիտնականներ են զբաղվել, իսկ գերմանացի քիմիկոս Անդրեաս Մարգգրաֆը կատարելագործել է մեզից ֆոսֆորի ստացման եղանակը` ֆոսգենիտի, ավազի և ածուխի կիրառմամբ (1743 թ.):

1777 թվականին շվեդ քիմիկոս-դեղաբան Կարլ Վիլհելմ Շեելեն բացահայտում է ֆոսֆորի առկայությունը կենդանիների ոսկորներում ու եղջյուրներում` կրին միախառնված ֆոսֆորաթթվի տեսքով: Թեպետ որոշ ուսումնասիրողներ այս բացահայտման հեղինակ են համարում մեկ այլ շվեդ քիմիկոսի` Յոհան Գոտլիբ Գանին, բայց հենց Շեելեն է մշակել ոսկորներից ֆոսֆոր ստանալու եղանակը:

Ֆոսֆորը տարր է ճանաչել ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության հիմնադիր Անտուան Լավուազիեն` թթվածնում ֆոսֆորն այրելու փորձերի հիման վրա: Պարզ մարմինների աղյուսակում Լավուազիեն ֆոսֆորը տեղադրել է ոչ մետաղական պարզ մարմինների երկրորդ խմբում: 19-րդ դարից սկսած ֆոսֆորը լայն կիրառություն է ստանում որպես հողը պարարտացնող աղ:

Նկարում՝ ֆոսֆորը բացահայտած ալքիմիկոսը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5253 | 0 | 0
Facebook