Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«…եթե նրանցից մեկն աղքատ է, ապա մյուսները ձևացնում են, թե չեն նկատում այդ մարդու աղքատությունը, և վարվեցողության այդ տեսակը բարքերի մաքրության ու բնածին ազնվազարմության դրսևորումներից մեկն է»

09:21, perşembe, 26 eylül, 2019
«…եթե նրանցից մեկն աղքատ է, ապա մյուսները ձևացնում են, թե չեն նկատում այդ մարդու աղքատությունը, և վարվեցողության այդ տեսակը բարքերի մաքրության ու բնածին ազնվազարմության դրսևորումներից մեկն է»

10-րդ դարում ապրած արաբ բանաստեղծ, ճանապարհորդ և հանքաբան Աբու Ջուլաֆ ալ Հազրաջին, ի շարս բազում երկրների, այցելել է նաև Հայաստան: Ներկայացնում եմ այդ այցելության ընթացքում նրա ձեռք բերած տեղեկություններն ու անձնական տպավորությունները:

«Ուրմիայում (նկատի ունի հայտնի լճին հարակից երկրամասը) կա նաև մի աղի լիճ, որի շուրջը ոչ մի բուսականություն չի աճում և որի մերձակայքում ոչ մի կենդանի չկա: Լճի կենտրոնում լեռներ են` «Կաբուզան» (հայերն Ուրմիային Կապուտան են անվանել, և «Կաբուզան» -ը մի քիչ հնչյունափոխված Կապուտանն է, հեղինակը լճի հայկական անունը վերագրել է լճի լեռնոտ կղզիախմբին) անվանումով, և այնտեղ բնակավայրեր կան, որոնցում այդ լճի նավերի նավաստիներն են ապրում: Լճից շողշողուն աղ են արդյունահանում…Լճի արևելյան ափին աղբյուրներ են բխում, որոնց ջրերն օդի հետ շփվելով քարանում են…

Այնտեղ կան նաև փոքրիկ սպիտակ քարեր, որոնցով սպիտակեցվում է կապարը՝ հալեցնելիս, ու այն գրեթե արծաթագույն է դառնում: Լճի ափերին անմատչելի ամրոցներ կան: Լճի ափն հասնում է մինչև Վադի լ Քուրդ (Քրդի գետ) վայրը, որտեղ հազվագյուտ քարեր կան: Եվ այստեղ, Սալմաստի կողմում, մի շատ հրաշալի, մեծ նշանակության ու չափազանց օգտակար տաք աղբյուր կա: Բոլորի կարծիքով այն գետնի տակից բխող բոլոր աղբյուրներից լավագույնն է: Դրան «Զարավանդ» են անվանում: Այդ անունից է առաջացել «» Զարավանդի բաուրակ» (Զարավանդի բորակ) անունը: Բանն այն է, որ, երբ խոցերով պատված մարդը սուզվում է այդ ջրի մեջ, այդ խոցերը բացվում են, դրանցից արտահոսում է թարախը: Վերքերը մաքրվում են ու փակվում, ու մարդն ազատվում է այդ ախտից: Ես մի մարդ գիտեի, որին տարա այդ աղբյուր: Նրա հիվանդություններն էին քոսը, դիաթեզը, որքինը, սրունքների ցավերը, կապանների թուլացումը, որոնք նրան անդադար անհանգստացնում էին, ու նա հաճախ ջերմում էր: Նրա մարմնում նաև նետ կար, որը խորացել էր մարմնի մեջ, և որի ծայրը պատվել էր մսով: Մենք բոլորս մտահոգ էինք, որ այն պատռելու է նրա լյարդը: Նա երեք օր մնաց աղբյուրի մոտ, և նետը նրա կողից դուրս եկավ: Այդ ջրի նմանը ես մեկ էլ տեսել եմ ադ Թիզում (Պարսից ծոցի ափին հավահանգստային քաղաք) և ալ Մուքրանում (արդի Մուքրան քաղաքը Պարսից ծոցի ափին): Այդ տաք աղբյուրի արժանիքներից մեկն էլ այն է, որ նրա հունի կողքով հոսում է խմելու մաքուր ու սառը ջուր. Այդ ջուրը խմողն ապահովագրում է իրեն կոկորդի բորբոքումից, լորձաթաղանթի նուրբ անոթների ընդլայնումից, այն հեշտությամբ մեղմում է սև մաղձը: Եթե թույլ տեսողություն ունեցող մարդն այդ աղբյուրի սառը ջրով թրջի աչքերը, ապա կսկսի լավ տեսնել: Եվ ով այդ գետի տիղմի հոտը շնչի, նրա աչքերը ձնային կուրությունից կբուժվեն: Եթե կենդանին այդ աղբյուրը մտնի, ապա ո՛չ նա, ո՛չ նրա ձագերը քոսով չեն հիվանդանա: Այս լճի մեջ շատ գետեր են թափվում:

Հայաստանում բաուրակ (հայերենում` բորակ) կա այն լճում, որում տիրրիխ (տառեխ, նկատի ունի Վանա լիճը) են որսում և Բաջունայսում (Խլաթի երկրամասի շրջան է, Բաջունայս անունը հավանաբար ծագել է հայկական Բզնունիք երկրամասի անունից, որը համապատասխանում է Խլաթի երկրամասին): Այս մարզում աղի հանքավայրեր կան, որոնք հրաշալի աղ են արդյունահանում: Դրանից ստանում են տութիյա ալ մահմուդի և տութիյա ադ դաֆադիի (խոսքը վերաբերում է ցինկի օքսիդին, «տուտիյա ադ դաֆադիի» տերմինը, հավանաբար, կապված է «լեզվի գորտային հիվանդության» հետ, որը, գուցե, բուժել են այդ նյութով), և դրանում կա նաև որոշ քանակության սև արջասպ, որից ոչ մի օգուտ չկա: Դրա աղը Խիզանի աղից վատն է: Այստեղ կա նաև նաբաթ ալ խուզամա (սիզ, չայիր) և օշինդր, որը ճիճվասպան հատկություն ունի, բայց թուրքական օշինդրն ավել լավ և ուժեղ ներգործություն ունի: Այստեղ աճում է նաև կծու օշինդր, կա հոյակապ ծարիր (հավանաբար, փսխում հարուցող քար է), աճում է հունական նարդոս ու բազմաթիվ օգտակար խոտեր:

Ուրմիայի ու Աֆլուգինիայի (հին հույների Պաֆլագոնիան է՝ լեռնային մարզ Փոքր Ասիայում) միջև մի մեծ երկիր կա, որը մինչև այժմ ոչ մի գիտնական չի տվել, և դա բնական պատճառ ունի: Այս երկրում անառիկ ամրոցներ կան, որոնց թվում է Վարիման ամրոցը, և այն գտնվում է լճի մեջ գոյացած լեռան կատարին ու անմատչելի է: Այնտեղ գետ է հոսում, որը գետնի տակ է անցնում: Փղային հիվանդությունը հաճախ է պատուհասում այս երկրի բնակիչներին, որովհետև նրանք կաղամբ շատ են ուտում: Այս երկրի բնակիչներին բնորոշ է ուխտադրժությունը, բայց իմ ընկերներից մեկը հերքեց այդ և արդարացրեց նրանց՝ պնդելով, թե նրանք ամենևին էլ ուխտադրուժ չեն: Նա նաև ասաց, թե եթե նրանցից մեկն աղքատ է, ապա մյուսները ձևացնում են, թե չեն նկատում այդ մարդու աղքատությունը, և վարվեցողության այդ տեսակը բարքերի մաքրության ու բնածին ազնվազարմության դրսևորումներից մեկն է»:

(շարունակելի)

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
3185 | 0 | 0
Facebook
COMMENT.am