Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱՆԳՐՎԱՆ /չափածո շարք/

08:38, cuma, 06 eylül, 2019
ՀԱՆԳՐՎԱՆ /չափածո շարք/

* * *

Ինձ մաղթեցիք հանգստություն,

Լույս, - ասացիք, - իջնի հոգուդ,

Հողը թեթև լինի վրադ,

Ճախրես վերին ոլորտներում:

Խոստում տվիք մտապահել

Տողերը, որ ձեզ թողեցի,

Նեցուկ լինել զավակներիս,

Եթե գոցվի փեղկը հույսի:

Ի հատուցում կամեցումի,

Կեցվածքին այդ ի պատասխան,

Փոխադարձեմ մաղթանքս Ձեզ`

Դուք երջանիկ գոնե դառնաք:

* * *

Չի լսվում ձայնը դուդուկի,

Արցունքներին` այլևս վերջ,

Դամբանականն էր հավուր պատշաճի,

Հողաթումբը գինիով հեղվեց:

Ավետարանը Տեր հայրը ծալել,

Սպասում է խաչհամբույրին,

Ծաղիկների խուրձը գունեղ

Փռել են` գորշությունը մեղմի:

Գերեզմանափորը բահերն ուսեց,

Զրնգաց շեղբը քարին,

Թափորը դեպ դարպասը քայլեց,

Ետքից բռնել է փոշին:

Մուրկանը վարանքոտ մոտենում է,

Տեսնես բաժին կհասնի՞,

Թե՞ փորողները չկամ են,

Կքշեն շիրմաթմբից:

Գթացեք մուրացիկին, մարդիկ,

Օղի մատուցեք նրան,

Իմ բաժին հացը տվեք,

Չէ՞ որ ես արդեն չկամ:

* * *

Լքեցի ձեզ հանկարծ

Գիտեք` ոչ իմ կամքով,

Ճակատի գիր էր այն,

Բախեց դուռս փութով:

Որքան էլ կամեցա,

Մի կողմ նրան վանել,

Զանց չեկավ ինձնից,

Շատ հուժկու զարկեց:

Հիմա նա հեռու է,

Էլ գործ հետս չունի,

Ուրիշ դռներ է թակում,

Որ հոգիներ առնի:

Վերևում կյանքը կա,

Իր հանգով գնում է,

Դա էլ է սփոփանք,

Երբ սիրտդ լռում է:

* * *

Մորեխը, հոպ, ոստնեց,

Հողից շոգի է ելնում,

Խոտ ու ծաղիկ թոշնել,

Զեփյուռ են երազում:

Երկնքում արծիվն է

Սավառնում տիրաբար,

Թե շարժում տեսավ,

Կիջնի վայրապար:

Վաղուց անձրև չի եկել,

Ճաքեց հողն անգամ,

Զեռունը բույնը թողել,

Իջնում է անվարան:

Գուբում զովություն է փրկիչ,

Այնտեղ ես եմ պառկած,

Վրա չգա՞ն հանկարծ ինձ,

Ցանկությանն հագուրդ տան:

* * *

Մթագնեց օրը.

Անձրև պիտ տեղա,

Մոլեգնած քամին թուղթ է թռցնում,

Ցավից ճչում են ճկված ծառերը,

Ձեղունի ներքո ահուդողի մեջ

Ծիծառը լուռ է,

Ծերունին ճիգով դարպասն է կողպում,

Անձրևանոցը քամուն դեմ արած

Տիկին է գնում,

Մի կատու կտրեց փողոցը վազքով,

Փեղկեր զարկվեցին,

Ապակին խշրեց,

Պարանից պոկված ճերմակ սավանը

Փաթաթվել բարդուն,

Պոկ գալ չի ուզում:

Էլի մի վայրկյան,

Եվ կաթիլն առաջին

Իջնում է հողին,

Հաջորդ կաթիլը`

Ասֆալտին դեռ տաք,

Թոշնած խոտերին,

Կտուրներին բարկ,

Ներկած կոպերին պորտբաց օրիորդի.

Անձրև է վարար:

Ջրհորդաններում աղմկող ջուրը

Փրփուր է կապել,

Փողոցներն ի վար առու է, հեղեղ,

Տեղատարափ է,

Մաքրագործումի ժամ...

- Իսկ ինձ մոտ լուռ է:

* * *

Աղմուկ է, ժխոր դրսում,

Շիրմաքար դրին վրաս,

Խիճը կհարթեն վերջում,

Չմնաց էլ բան պակաս:

Վարդերը տեղ չունեն,

Ոչ իսկ եղրևանին.

Մոդայից դրանք դուրս են,

Հոգս են անհարկի:

Հղկած որձաքարն է ճնշում,

Ողորկ գրանիտ է չորս դին,

Համակ գորշությունն է իշխում,

Մեռնել թշվառն իսկ չի ուզի:

Կարմիր քար քաշեիք վրաս`

Բերած եզերքից հայրենի,

Թող բառը պարզ, մեսրոպյան,

Ազդեր չգոյությունն իմ:

Սակայն այս ի՞նչ եմ ասում,

Մի՞թե էական է դա,

Մեկ չէ՞` օրերի հոսքում

Ամեն բան կնույնանա:

Դու խաղաղ ննջիր ցածում,

Վերի հետ գործ չունես,

Եթե ելնել ես ուզում,

Հոգիդ թևում է, տես:

* * *

Անհաղորդ եմ` ինչո՞ւ եկար

Առանց ծաղիկ, նույնիսկ` անխունկ,

Անուղեկից և ուշ ժամի

Ի՞նչը բերեց, ո՞ր հեզ քամին:

Վշտահար էիր, նեղված.

Ու՞մ պատճառով,

Հեղած արցունքն հասցե ուներ.

Տերը ո՞վ էր:

Դաժան խաղում հրե՞լ էին,

Թե՞ հարվածել,

Թույնը խոսքի մարսե՞լ չեղավ.

Թո՞ւնդ էր, շատ խի՞տ:

Գուցե մե՞ղք ես գործել հիմար,

Խիղճդ հանգիստ քեզ չի՞ տալիս,

Իմ թողության կարի՞քն ունես,

Որ կարենաս ապրել նորից:

Խորհուրդ տալ քեզ ես չեմ կարող.

Մեռածի խոսքն ուժ ե՞րբ ունի,

Փեշդ թափ տուր, գնա բարով,

Քեզ զորավիգ Աստված լինի:

* * *

Դժվարը մնաց հեռվում,

Հոգսին` այլևս վերջ,

Կարիքը մեջքից չի հրում,

Չես կանգնի էլ հերթ:

Ձմեռը որքան էլ երկարի,

Ձյուն նստի թեկուզ ծնկաչափ,

Հագածից հայացքդ չի թաքչի,

Ոտքերդ չեն լինի ցրտահար:

Աղ կերած կոշիկներդ հաստատ

Վաղուց աղբանոցն են նետել,

Վերարկուդ` փողքերը երկար,

Ուրիշին նվեր տվել:

Ներքնաշորեր` հին ու մին,

Գուլպա, թաշկինակ, գոտի,

Կապոցում` թվով ետին,

Հանձնել են հողին մոտիկ:

Կփտի, կգնա, անշուշտ,

Դրանից քեզ ի՞նչ վնաս,

Հագուստով, թե՞ մորեմերկ,

Մեկ է` անհաղորդ կմնաս:

Սա ևս մտքի խաղ է, գիտե՞ք,

Թղթում պահվելու հնարք,

Եթե ձանձրացաք, այրեք,

Չմնա ոչ մի հիշատակ:

* * *

Էլ այցի չեն գալիս,

Մոռացել են մերոնք

Շիրմատան ճամփան`

Դեպի ինձ բերող:

Տարին կլորվեց,

Պարտքն է հատուցած,

Իմ գերին, հո, չեն,

Կա վերև Աստված:

Ընկած կանթեղից

Յուղը հոսել է,

Պատրույգը վառելն

Արդեն անհույս է:

Նորն արարելու

Կա մի ճանապարհ,

Հինը դեն նետել,

Առաջ ընթանալ:

Անխախտ օրենք է,

Դու մի տրտնջա,

Կանգառին հասար,

Վերջ` մնաս բարյավ:

Հանդիպում կկայանա,

Սակայն այլ մարմնում,

- Ձեռդ թխի գա, - ասա, -

Բարի աջողում:

* * *

Լույսը բացվել,

Գլորում է օրը,

Գիշերն ո՞վ ում հիշեց,

Առավ կարոտը:

Տրվեց գգվանքին,

Հորձանքին կրքի,

Ներքնակն ահա թաց`

Վկան վայելքի:

Երբ արթնացավ հետո,

Սթափ` դատել փորձեց,

Ամաչե՞ց վարքից,

Թե՞ վերապրել ուզեց:

Գիտեի՞ն նրանք իրար,

Ծանոթնե՞ր էին հին,

Մտերիմնե՞ր գուցե.

- Կմնա գաղտնիք:

Ինչո՞ւ այցի եկավ,

Խոռոչը լայն բացեց,

Սե՞ր էր մշտահմա,

Ժամը արդ հնչեց:

Երազախա՞բ եղար,

Ինչ արած` կյանք է,

Խաբկանքը կրքի

Շատերին հյուր է:

Թե արիություն չունես

Ներկայով ապրելու,

Պատրաստվիր նաև

Տակդ թրջելու:

Իսկ կարիքն իմ, տեսնես,

Մեկնումեկը կզգա՞,

Ստվերս կանրջի՞,

Շուրթերս կըղձա՞:

Կապրե՞մ թեկուզ առպահ

Երկրորդ` անգո կյանքով,

Կօգնե՞մ խաբվածին

Առնակիս զարկով…

* * *

Շտապում եմ - ինչո՞ւ,

Թողած կյանքը` ընծա,

Մահվան խոհին տրվել,

Հողոտիքն եմ գրկել:

Առաջ ընկել վազում,

Իբր, ի՞նչ եմ ուզում,

Ստվերն իմ ճեպում,

Նրան ո՞վ է հուզում:

Դժգոհ չեմ տրվածից,

Շատ էր ու քիչ չէր,

Աշխարհը` շեն, բոլ,

Ինքս` հազիվ ծեղ:

Ասեմ` հոգնեցի,

Կլինի սխալ,

Թե հագեցել եմ,

Սուտ է տակետակ:

Եթե այդպես է,

Վռազդ ո՞րն է,

Մնա, արարիր,

Օրդ երկարիր:

Գնալը հա՛ կա,

Տեղ էլ, տնաշեն,

Քար է, կտաշեն,

Վրադ կքաշեն:

Մեռնելը հեշտ է,

Ապրելն է դժվար,

Մահը կատակ չէ,

Ոչ կյանքը` կտակ:

Իրար հասկացա՞նք,

Դեհ, առույգ, արի

Կամք դրսևորիր,

Ուժերդ լարիր:

Մոռացիր ճամփան

Շիրմատուն տանող,

Գինուն ձեռքդ տար,

Սրտին խինդ բերող:

* * *

Առանձնանալ կամեցար դու շրջապատից,

Հուսալով թաքուն` չեն հանի հոգիդ,

Մեկուսի անկյունում, պարփակված քո մեջ,

Վանեցիր հեռու, ինչ օտար էր քեզ:

Գիտեիր հնար կա ինքնությունը փրկելու,

Թե դառնաս դիտորդ գոյության կռվում,

Կարծեցիր ասպարեզը եթե նրանց զիջես,

Մոռացած անձդ` չեն բզկտի քեզ:

Որքան էլ ջանացիր նրանց դարձի բերել,

Տքնանքդ` անարդյունք, եղավ ի դերև,

Օղակը սեղմվեց, դեմ առար պատի,

Փոսից չազատեց ոչ մի փրկագոտի:

Էությունը մարդու, թերևս, այդպիսին է,

Իրար լլկելու կարգը շատ հին է,

Թույլը դու էիր, նրանք` վայրենի,

Պատրաստ խժռելու ինչպես բորենի:

Քեզ զոհ մի կարծիր, ոչ իսկ նահատակ,

Ամեն բան սպասելի է այս երկնի տակ,

Ինչ լինելու է, կլինի շուտ, ուշ,

Հարկ չկա թերթել ամեն մի վերհուշ:

* * *

Պարսավել ոչ մեկին չեմ ուզում.

Ո՞վ տվեց իրավունք ինձ այդքան,

Նույն կյանքն ենք լավից վատ մենք ապրում,

Ես ինչպե՞ս պիտի ձեզ խորհուրդ տամ:

Երբ չունեմ պարզ հարցին պատասխան.

Ապրեցի, չապրեցի - չգիտեմ,

Գոյության իմաստը մեր կյանքի

Նվաստս էլ ինչպե՞ս, ո՞նց մեկնեմ:

Ինձ չօգնեց գրքերի դեզն անգամ.

Հարցերի շարանը շատացավ,

Խորացավ տառապանքն ավելի,

Խավարը սաստիկ խտացավ:

Մեն մի բան կարող եմ վկայել.

Չեմ զրկել ես հացից ուրիշի,

Կրքերին շատ գերի չեմ դարձել,

Լա՞վ էր, վա՞տ - թող Աստված որոշի:

* * *

Սխալների համար և մեղքերի

Ումի՞ց ներողություն խնդրեմ,

Հայցեմ թողություն:

Նրբանկատ չեղա հաճախ,

Չտեսա ցավը ոմանց,

Չմեկնեցի ձեռք,

Թեև կարող էի:

Տնանկին տուն չառա,

Թիկունքով դարձա,

Հետը հաց չկիսեցի,

Երբ դուռս բախեցին:

Առողջ լինելով` հիվանդ ձևացա,

Երբ պետք էր ժպտալ, ամպակալեցի,

Հայացքս թեքած` անտարբեր անցա,

Մուրկանի կանչին ականջ խցեցի:

Խոսքում ժլատ եղա, գործում` առավել,

Սխալը ճիշտ արի, ստին տվի տեղ,

Բերան փակեցի, երբ պետք էր գոռալ,

Հարկ էր սպասել, մինչդեռ վազեցի,

Որակը թողած` քանակի անցա,

Արձակի տեղակ չափածոյեցի:

Այս ի՞նչ արեցի:

* * *

Դատաստանից ահեղ չեմ երկյուղում.

Փուլն այդ անցել եմ:

Նոր` երկրորդ կյանքով ապրելու հույսը

Չի հուզում բնավ.

Փուլն այդ անցել եմ:

Իմը ներկան է, ու ես ներկան եմ,

Առկան ու արդին - սա է Էական:

Շռայլ գտնվեց Անտեսն իմ հանդեպ,

Ընծայեց հոգի, մարմին շնորհեց,

Բանականությամբ օժտեց նվաստիս,

Տվեց ազատ կամք,

Դրսևորվելու հնարավորություն:

Ավելին ասեմ` փորձ թողեց ցեղի,

Նաև` մարդկության:

Լեզու ավանդեց, որպեսզի կարդամ,

Բարբառեմ նաև, խորհել կարենամ,

Ձեռքեր, որ բռնեմ, ոտքեր` ընթանամ,

Քանզի գնացք է կյանքը մշտահոս,

Ոչ մի ընդհատում:

Ճեպընթացում այս` իմը տրվածն է,

Անգիտության մե՞ջ Ժամս կսպառեմ,

Տեղապտույտո՞ւմ,

Կորոշեմ սողա՞լ,

Թե երկինքն ի վեր ելնել կջանամ.

Ընտրությունն իմն է:

- Ես այդ փուլում եմ:

* * *

Ցանկությունն հեռանալու ձեզ այցի եկե՞լ է,

Ասպարեզը լքելու տենչանք պատե՞լ է,

Կամեցե՞լ եք պառկել որևէ ծառի տակ

Կամ թե` մի պատի,

Գոցել կոպերը,

Էլ չելնել ոտքի:

Ազատ` կրքերից,

Որկոր լցնելու առօրյա հոգսից,

Հոգին պարուրած անամոք վշտից:

Ցավը կրելը եղե՞լ է տաժանք,

Չեն՞ թվացել սուտ

Անուն, փող, հարգանք:

Ներկան` մղձավանջ,

Սարսափ` գալիքը:

Պատսպարվելու համար հարվածից

Համակ էությամբ դարձե՞լ եք մի բուռ,

Գլխովին թաղվել հաստ վերմակի տակ`

Ընդունելով դիրք,

Ինչպես մոր փորում,

Երբ սաղմնյակ էիք նոր ձևավորվող:

Արցունք հոսե՞լ է ձեր այտերն ի վար

Եվ կամ դեպի ներս`

Առանց պատճառի, առիթով չնչին:

Կսկիծն անորոշ ծվատե՞լ է ձեզ,

Չեք էլ իմացել

Ինչը` որտեղից, ինչպես սողոսկեց,

Գտավ ապաստան հեծող կրծքի տակ:

Հույսը լքե՞լ է ձեզ երբևիցե,

Ոտքը տարե՞լ է դեպի կամուրջը,

Ձեռքը պարանի կողմը ձգվե՞լ է,

Հայթայթե՞լ եք զենք`

Թեկուզ մտովի

Քունքին պարպելու, սրտին տագնապող,

Որպես ելք վերջին:

- Եթե եղել է,

Ուրեմն` մարդ եք,

Տառապյալ հոգի:

* * *

Կա, թե՞ չկա - դեռ հասու չեմ,

Իսկ կլինե՞մ - ես ի՞նչ գիտեմ.

Խավարը` խիտ, թանձրուքը` շատ,

Հա խարխափիր, զարկ պատեպատ

Դեգերիր հար, ելիր, իջիր

Կածանն ի վեր, վիհերն ի վար,

Արահետներ կոխ տուր մտքի,

Բառի կրճոնն առ ոտնատակ,

Դիտակին դիր խոհը մեծաց,

Ճեղքիր խոսքը նախորդների,

Թող չթվա բարբառվածը

Անանց, անմեռ ու անքննին,

Ու թե նույնիսկ դրան հանգես,

Ճգնիր գտնել դու քո ուղին,

Դեպ վեր տանող ճամփան` անղեկ,

Որ հանում է պողոտա լայն,

Լույսով հեղուն, առձիգ, անթեք,

Միտված երկինք, դեմքով` Աստված:

* * *

Գիտեմ` ինձնից հետո

Ամեն բան նախկինի պես է լինելու,

Կյանքն ընթանալու է` ինչպես որ էր,

Արևը կելնի, կմտնի,

Կզուգվեն ծառերը գարնանը,

Կարբի ծաղկանց բույրից մեղուն,

Կխենթանան տղաները

Նազող օրիորդների համար,

Կատուն կմրափի պատի տակ,

Շունն աչքի պոչով կհետևի,

Ու էլի բաներ, դարձյալ բաներ,

Որ տեսել է աչքս,

Ընկալել ականջս,

Ըմբոշխնել միտքս…

Կյանքն իմ կարիքը չունի,

Ինչպես և մյուսների,

Աշխարհը ոչ կպակասի,

Ոչ իսկ կավելանա իմ հեռանալով,

Տարածքը, որ զբաղեցնում էի

Երկրի վրա` պառկած, թե քայլելիս,

Ընդամենը փոխարինվելու է հողախորշով,

Շարժումը` դադարով,

Նինջը` քնով,

Ընդսմին…

Ամեն գոյություն հարաբերական է.

Վերջավոր երկրի վրա,

Անգամ տիեզերքում վերջավոր,

Ո՞վ էի, որ ինչ դառնամ` անցվորս,

Երբ բոլորին է սպասում Սև խոռոչը,

Ուր ի մի ենք գալու`

Զատվելու համար նորեն:

Գիտեի, գիտեմ…

Եվ այդուհանդերձ

Կասկածը մնում է, հարցը` հնչում.

Տեսնես ինձնից հետո արևը կելնի՞, կմտնի՞,

Կզուգվե՞ն ծառերը գարնանը,

Ծաղիկների բույրից կարբի՞ մեղուն,

Կխենթանա՞ն տղերքը

Նազուկ օրիորդների համար,

Շո՞ւնը կմրափի պատի տակ, թե՞ կատուն,

Ո՞վ ում կհետևի աչքի պոչով,

Ու էլի բաներ, դարձյալ բաներ,

Կրկին կասկածներ, վերստին հարցեր.

Եթե ոչինչ չի փոխվելու,

Ի՞նչ իմաստ այս ամենում,

Նպատակ` ծնվելու և մեռնելու,

Կառուցման ու ավերումի,

Սկզբի և ավարտի

Հավերժ հալովույթում:

Ափսոս չէ՞ տքնանքը,

Եթե շրջապտույտը

Հանգեցնելու, բերելու է նույնին,

Թե՞ որակն այլ է,

Եւ ուրիշ` պարույրը,

Ծրագիր կա ողջում`

Գալու և գնալու,

Էանալ-անէանալու,

Խոռոչով անցնելու,

Հոն ի մի գալու,

Եվ դարձի մեջ`

Ի շրջանս յուր:

- Մշտնջենավորը գիտի:

* * *

Վերջին կայանի՞ն հասա,

Թե՞ հանգրվան է սա`

Հերթական, ժամանակավոր:

Միտք չարչարել չարժե.

Պատասխանը որքան ճիշտ,

Նույնքան թերի է,

Սխալ, անորոշ,

Ինչպես մարմինը, որ գոցել արկղում`

Վրան խաչ ու փայլ, այլ հարդարանքներ,

Հանձնել են հողին:

Ի՜նչ գոյություն է, բնակատեղի,

Չեն սարսում որից որդերը միայն:

Հետաքրքիր է` նրանք ի՞նչ եղան,

Ելան հողերե՞ս, թե՞ մնացին հոն,

Որ կենան ևս որոշ ժամանակ,

Մինչև սերունդ տան, գտնեն սնունդ նոր:

Թե՞ նրանք ևս ինձ պես հող դարձան

Կամ կեր ուրիշի

Եվ ինձ կրկնակի, բազմիցս մեռցրին:

Հեռացիր նյութից, նրան հանգիստ տուր.

Դու հոգու մասին հարցում քեզ արա`

Իսկ նա՞, նա ո՞ւր է, որտե՞ղ է հիմա:

- Վերին եզերքում, - ոմանք ասում են:

- Քավարան գնաց:

- Իջել է դժոխք:

- Ոչ, դրախտում է, - վստահ կպնդեն:

- Նոր կերպարանք է առել այլևս,

Այս անգամ ծառի, խոտի ու թփի,

Թռչունի, ձկան, զեռունի հանգույն:

Դարձել է գազան, կաթնասուն հլու`

Կամոք Աստծո, ձեռամբ, ցանկությամբ`

Ըստ իր վաստակի,

Աշխարհում գործած չարի ու բարու:

Երրորդ կարծիքին դավանողները

Առավել շատ են.

- Ի՞նչ հոգի, ի՞նչ շունչ,

Ի՞նչ երկնային կյանք,

Վերամարմնավորում.

Հորինվածք է փուտ, ստի գիտություն:

Այս մարմնից զատ ուրիշ բան չկա,

Մեն միայն նա է, ինչը տեսնում ենք,

Մահը` վարագույր, վերջ լինելության:

Այս է ամբողջը հազար մեկ տարվա,

Չէ, քիչ ասացի,

Մեր ողջ ընթացքի հունձքը մտավոր:

Այսքանը գիտենք, մոտավոր այսքան

Մեր գալու մասին և հեռանալու:

Կուզես հավատա, չես ուզի`

Ոչ ոք չի պարտադրում.

Դու նոր խոսք ասա, թնջուկը պարզիր,

Մեկնիր իմաստը վերուվարումի,

Ծնունդի, մահվան անքակտ շղթայի,

Որ ամեն պահ է, անկանգ բանում է,

Թե երկրի վրա ու թե երկնքում`

Եզերքում Տիրոջ:

Հիմա դու ասա, իսկ ես կլռեմ.

Աստղիս մարելով ինչի՞ եմ հասել`

Վերջին կայանի՞ն, թե՞ վախճան չկա

Ընթացքին մարդու,

Էությանը մեր:

* * *

Միակն ասում է.

Մոռացիր անձդ,

Տրվիր Տիրոջը,

Կտրիր թելերը աշխարհին կապող,

Քակիր հանգույցը,

Հոգիդ ազատիր:

Մարմնի մասին շատ հոգ դու մի տար,

Զի կացարան է ժամանակավոր:

Ցանկություններին մի դարձիր գերի,

Զգայականը ոչ էական է,

Դարանած վտանգ:

Ինչ դու լսում ես,

Դատարկ հնչյուն է,

Ինչ տեսնում` խաբկանք,

Ծնողք, երեխա, բարեկամություն,

Հին ու նոր ընկեր,

Եղբայրք հարազատ,

Փխրուն օրիորդներ,

Կանայք սեղմիրան,

Հաղթանդամ այրեր,

Կոչում, աստիճան, փառաց պսակներ,

Կայք, դրամ և այլն

Սոսկ փորձություն են,

Պատանդող կապանք

Բարձրյալի կողմից երկիր առաքված`

Սերդ չափելու,

Կամքդ կոփելու,

Տիրոջ զորությանն հասու լինելու:

Զսպիր կրքերդ, խոհերդ սանձիր,

Ցանկություններին գերի մի դարձիր,

Քեզ հեռու պահիր չարի ակունքից,

Խութերը քաշող հոռի բարքերից:

Այս հողագունդը ընծայվել է քեզ,

Մարմինը տրվել

Ոչ թե հաճույքի համար վաղանցիկ,

Այլ հաստատելու,

Մեկ անգամ ևս, դարձյալ ու նորից,

Կրկին, վերստին, էլի ու էլի,

Որ դու հյուլե ես, էակ մի, գոյակ,

Ընդամենը մաս` զատված ամբողջից:

Ճիշտ է, կարող ես ինքնուրույն գործել,

Նույնիսկ` արարել,

Բայց նրա կամքով, կամեցողությամբ,

Այն էլ` դույզն ինչ:

Ինքդ տես, չափիր քո արարմունքը,

Նժարիր հապա.

Որքան պզտիկ է, անկատար որքան,

Ժամանակի մեջ` ժամանակավրեպ`

Համեմատ Դիքի,

Տիրոջ եզերքի:

Թե կասկած մնաց,

Զուգադրումը թերի տեղ թողեց,

Մտովի թերթիր ընթացքը կյանքիդ,

Ուղին քո անցած,

Բացորոշ ասա` ինչ ես անրջում,

Ինչից ես դժգոհ,

Ով կա քո մտքում,

Դարձիր բացված գիրք,

Եթե կարող ես, գոնե քեզ համար

Ու տես` ով ես դու,

Դիմակավորված դահի՞ճ, դերասա՞ն,

Կրքի հոսանուտն ընկած մի տաշե՞ղ,

Որդո՞ւնք սողացող, պտո՞ւղ որդնկեր,

Տեղդ նեղ պահին` շողոքո՞րդ, լալկա՞ն,

Իսկ երբ զորեղ ես, թվացյալ հզոր`

Գիշակեր գազա՞ն:

Թույլ տուր չերկարեմ,

Զի ինձնից առաջ այլոք ոտքել են,

Վայելչագրել

Շարագրածիցս առավել սահուն:

Տարակարծի՞ք ես,

Չհամոզվեցի՞ր:

Իհարկե, հարկավ,

Լավն էլ կա քո մեջ,

Մաքուրն ու բարին.

Ոչ ոք չի ժխտում,

Քանզի ավելորդ անգամ փաստում է

Վերոգրյալի ճշտիվ լինելը:

Դու լուսակիր ես,

Ընդսմին` առկախ, ամբողջից կախյալ:

Ու թե այդպես է,

Էլ ինչո՞ւ ձգել Մեկին, Միակին

Միավորվելու ժամն ու վայրկյանը:

Չկարճել ճամփան դեպի Նա տանող,

Անեղծին կարող:

Ինչո՞ւ զուր աղբել լույսի կանթեղը,

Չէ՞ միևնույն է,

Թեկուզև անցնի շատ հազար տարի,

Սերունդներ փոխվեն, հաջորդեն իրար,

Որպեսզի կայծը կայծին միանա,

Լույսի փունջ դառնա,

Լուսարձակ հզոր,

Դառնա լուսարար,

Հաստիչն ասել է`

Լույսը աղբյուսից, երկրից հողե

Ետ երկինք կելնի,

Ի շրջանս յուր կդառնա նորեն,

Միայն այն դեպքում,

Անխառն է եթե,

Աննյութ, ոգեղեն:

* * *

Մի՞թե հրաշք չէ,

Շնորհ Աստծո,

Ի վերուստ ընծա.

Մտքով ետ գնալ դեպի մանկություն,

Ծանոթ վայրերում, ծանոթ անձանց հետ

Բռնոցի խաղալ, սարերը ելնել`

Ծաղիկ փնջելու, քաղելու ուրց, դաղձ:

Մի՞թե հրաշք չէ,

Շնորհ Աստծո,

Ի վերուստ ընծա.

Պատանի դառնալ` ծիլ տված բեղով,

Սիրած աղջկա տեսքից նվաղել,

Երբ պատահաբար դեմ առ դեմ ելնեք

Դպրոցի ճամփին:

Մնջվել, մնալ, հայացքը թեքել,

Գլուխը հակել,

Բան է, թե ժպտաց, աշխարհով լինել:

Մի՞թե հրաշք չէ,

Շնորհ Աստծո,

Ի վերուստ ընծա.

Թիկնած օթոցին`

Մտքով սլանալ օտար եզերքներ,

Լինել երկրի տարբեր ծագերում,

Տեսնել հովիտներ, լեռնագագաթներ,

Ամբոխ մարդկային` հազարալեզու:

Եվ կամ կորուսյալ քո հայրենիքի

Փառաց օրերը մտքով ետ բերել,

Արքաներին քո` հագած ծիրանի,

Բերդապարիսպը հսկող զինվորին`

Հաղթ բազուկներով,

Մագաղաթ ծաղկող իմաստունի հետ,

Դպիր-գրիչի նստել զրույցի,

Ակունքին հասնել,

Նախնուն` Հայկ անվամբ,

Արամ արորդուն` Թորգոմա զարմից:

Մի՞թե հրաշք չէ,

Շնորհ Աստծո,

Ի վերուստ ընծա.

Կյանքը արարել`

Ըստ քո ճաշակի, պատկերացումի`

Անթերի, անեղծ,

Ինչպես օրոք էր առաջին մարդու,

Անդրանիկ զույգի,

Ինչպես կերտել էր ի սկզբանե

Տերը երկնային;

Մի՞թե հրաշք չէ,

Շնորհ Աստծո,

Ի վերուստ ընծա.

Կրել Սուրբ հոգին, աշխարհը քո մեջ,

Լինել մանրակերտն Ամենակալի:

- Հարկավ, հրաշք է,

Շնորհ է, անշուշտ,

Ի վերուստ ընծա:

Ոչ մի տարակույս:

* * *

Փայտիկն առնեմ կախարդական.

Ուրիշ հնար մի՞թե ունեմ,

Եվ մեկ առ մեկ ու անշտապ

Փափագածս կյանքի կոչեմ:

Նախ` հստակեմ եզերքը այն,

Որ ի վերուստ բաժինն էր մեր,

Սահմանադիր քարերն ընկած

Դեմն արևի նորեն պարզեմ:

Ապա` շնչից, բառից օտար

Մի հարվածով օդն ազատեմ…

Բնավայրերը կորուսյալ

Անուններով նախնյաց օծեմ:

Կարգի բերեմ մեր Տունը մեծ,

Օրոցքները թող գնան-գան,

Հնձվորները սարի լանջին

Շապիկները արևին տան:

Շեները` շեն, ճամփան` բանուկ,

Խորաններում խունկ ու կնդրուկ,

Այգիներում ջրի խոխոջ,

Դեզերի մեջ` սեր, փսփսուք:

Լավաշը թարմ` բույրը սփռի,

Թոնիրներից ելնի մշուշ,

Ծիծառները ծափեն օդում,

Երդից ընկնի երեք խնձոր:

Մեկն ասողին, մեկն լսողին,

Երրորդը Ցավը բուժողին,

Նրան, ով կամք ունի, կորով,

Չի գոհանա անրջելով:

* * *

Արցախյան ազատամարտում

ընկածներին


    

Երկինքն աչքը բացեց, անձրևում է սակայն,

Կամար ծիածանը կապեց, չդյութի՞ աղջկան:

Թե անցնի տակով, կդառնա տղա,

Հոգնել է սպասելով իր ասպետին նա:

Վազում է բարակիրան օրիորդը դաշտերով,

Լուրն հասավ տղային հավքի թևերով:

- Հողմից էլ արագ առաջ սլացիր,

Քանի դեռ ուշ չէ, դու նրան հասիր:

Ծունկ իջիր: - Գթա, - դու նրան ասա, -

Որ քեզ սիրում եմ, ինձնից լավ գիտես:

Շատ մի կշտամբիր, մեղք չունեմ բնավ,

Թե՞ դու չասացիր, որ կռիվ գնամ:

Պատիվդ պահեմ, պահեմ հայրենին,

Երկրից վանեմ անարգ թշնամին:

Շատ քաջեր ընկան, նրանց` փառք, պատիվ,

Սրբոց դասն անցան. գլուխ խոնարհիր:

Ախ, հա°, տղա ես դու ուզում լինել,

Արանց շարքերին համալրում բերել:

Վտանգ չի սպառնում, հոգիս, հավատա,

Կռիվը շուտով ավարտ կունենա:

Տե°ս, ծիածանը Տերը հավաքեց,

Անգամ նա է դեմ, որ տղա լինես:

Իմ հարսնացուն ես, մնա` ինչպես կաս,

Ես էլ ո՞ւմ գգվեմ, եթե առնանաս:

Տան ճամփան բռնիր. իջավ երեկոն,

Համբույրս հիշիր ու խոստումը քո:

Մինչև այգաբաց արկ չի որոտա,

Օգտվելով դադարից` մտքով քեզ հասա:

Հեքիաթ հյուսեցի, տողեցի բալլադ,

Հուսավորվեցի մեծ մարտից առաջ:

Մնաց զենքերս օծեմ ես յուղով,

Քեզ` բարի գիշեր, քնիր անխռով:

* * *

Բառերը միջուկ ունեն,

Ունեն նրանք շապիկ,

Որպեսզի սաղմին հասնես,

Սերմիր այն հատիկ-հատիկ:

Շաղ տուր դու նրանց հողին,

Թող վրան անձրև տեղա,

Արևը շողերը փռի,

Տաքը հունդերին տա:

Ցերեկը գիշեր դառնա,

Երկուսը միասին` օր,

Լինի լուսինը վկա,

Բառի ծնունդին նոր:

Մայրացող հողում ծիլը

Թող որոշ դարձյալ մնա,

Որպեսզի պատեհ պահին,

Երբ կանչեն, արձագանք տա:

Գուղձերը մի կողմ հրի,

Տեղ բացի ձեռաց համար,

Կախվի մահիկից կեռ,

Ուժ տա թևքերին բարակ:

Իսկ հենց օրն աչքը բացի,

Արեգն ընկնի ճամփա,

Բռնվի արդեն շողքից,

Եվ ելնի հողից կամաց:

Եվ ելնեն հերթով, հուշիկ,

Շարվեն մեկմեկու դիմաց,

Թիկունքով իրար, մոտիկ,

Հագած հանդերձներ կանաչ...

Գորգն այս ո՞ւմ կամքով հյուսվեց,

Սերմին ո՞վ ընծայեց կյանք,

Որպեսզի Էությունը տեսնենք,

Իմաստին հասու դառնանք:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
15470 | 0 | 0
Facebook