Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական ուխտագնացությունը

15:18, cumartesi, 13 temmuz, 2019
Մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական ուխտագնացությունը

Saturday, 6 July 2019

Մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական ուխտագնացությունը


    
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը, որին մասնակցում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից ժամանած շուրջ 250 եկեղեցասեր երիտասարդ:
     ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, մասնակիցների անունից ողջունելով և իր որդիական սերն ու խոնարհումը բերելով Վեհափառ Հորը, նշեց, որ աշխարհասփյուռ թեմական կառույցներից երիտասարդները ուխտավորաբար եկել են Մայր Աթոռ՝ ստանալու Հայոց Հովվապետի օրհնությունն իրենց ուխտի ճանապարհը սկսելուց առաջ:
     Երիտասարդներին ողջունեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` նշելով. «Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը համախմբում է աշխարհասփյուռ հայկական եկեղեցիներն և համայնքային երիտասարդական կառույցներին, մեկտեղում հայ երիտասարդության ներուժը նրա զարգացման, ազգային և հոգևոր արժեքների պահպանման նվիրական գործում: Ուրախալի է, որ 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ տարեցտարի ավելի ու ավելի է ընդլայնում իր գործունեության ասպարեզը, նպատակային ուղղվածությունը»:
     Վեհափառ Հորն ու մասնակիցներին ողջունեց նաև ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` նշելով, որ ներկայի մեջ երիտասարդներն անցյալը գալիքի հետ կապող ոսկե կամուրջ են և այսօր եկել են վերամկրտվելու Սուրբ Էջմիածնի խորհրդի մեջ, որը հայության ինքնության արմատն է. «Ուխտագնացության այս օրերը յուրաքանչյուրի համար պիտի դառնան հիշարժան, հոգին լցնող, հոգին զորացնող ուխտավորության օրեր: Եկել ենք, Վեհափառ Տեր, հայցելու և խնդրելու ձեր հայրական օրհնությունները, որպեսզի մեր երիտասարդները այս պահից սկսած, Սուրբ էջմիածնի խորհրդի մեջ վերամկրտելով իրենց հոգևոր կյանքը»:
     Իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով երիտասարդներին` Վեհափառ Հայրն ուրախությամբ փաստեց, որ նման ուխտագնացությունները լավագույն հնարավորություն են Հայրենիքի ու Մայր Եկեղեցու հետ կապն առավել ամրապնդելու, Աստվածճանաչողության և ինքնաճանաչողության ճանապարհին:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց նաև, որ դեպի Սուրբ էջմիածին և Արցախ ուխտագնացության կազմակերպումն ամենևին պատահական չէ: «Սուրբ էջմիածնում է, որ մեր հայրերը ուխտեցին լինել Աստծո սեփական ժողովուրդը և պահել հավատարմությունը բոլոր ժամանակներում դեպի մեր Տերը, դեպի մեր Երկնավոր Հայրը: Այդ ուխտով մեր հայրերը կերտեցին մեր մշակույթը, մեր փառապանծ պատմությունն ու հաղթանակները: Հայրենիքից հարկադրված հեռանալով՝ նրանք ամենուր հաստատեցին մեր համայնքները՝ Հայոց Սփյուռքը, որը դարձավ հայրենիքի անքակտելի ու անբաժան մասը և շարունակեց ապրել իր հայացքը ուղղած դեպի Սուրբ Էջմիածին:
     Սուրբ Էջմիածնից դուք ուղևորվելու եք դեպի Արցախ, ինչը նույնպես պատահական չէ: Այս տարի լրանում է Արցախի թեմի հաստատման 30-ամյակը: Երեսուն տարի առաջ էր, որ երանաշնորհ Վազգեն Ա. Կաթողիկոսը հռչակեց Արցախի թեմը: Այն օրերին, երբ մեր ժողովուրդը ոտքի էր ելել արցախյան ազատագրական պայքարի, երբ նաև ձեզ պես երիտասարդ հայորդիք մեկնում էին Արցախ` իրենց կյանքով պաշտպանելու արցախաբնակ մեր զավակների ազատ ու անկախ ապրելու իրավունքը, և այս իմաստով նույնպես Արցախն այն սրբազան տարածքն է, որտեղ դուք լիարժեքորեն և կատարյալ կերպով հնարավորություն կունենաք ձեր ուխտագնացությունն աստվածահաճո դարձնելու համար», – նշեց Վեհափառ Հայրը:
     Հանդիպման ավարտին ի հիշատակ գեղեցիկ ուխտագնացության
     Հայր Թովման երիտասարդների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հովնան սրբազանին նվիրեց ՀԵՀԵՄ անվանական շապիկներ:
     Հավաքի առաջին օրը սկիզբ դրվեց նաև «20 տարի Վեհափառի հետ» ՀԵՀԵՄ երիտասարդական ծրագրի մեկնարկը: Մասնակիցները ծանոթացան Մայր Աթոռի նորակառույց շինությունների և վերջին 20 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների հետ:
     Քառօրյա ուխտագնացության ընթացքում երիտասարդները կայցելեն Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր, կհանդիպեն հոգևոր և պետական ավագանու հետ, կքննարկեն քույր թեմերի համագործակցության խթանմանը, ՀԵՀԵՄ տարածաշրջանային և միջտարածաշրջանային, ինչպես նաև համաերիտասարդական նոր ու կազմակերպված միջոցառումների նախագծմանը առնչվող հարցեր:
    
     Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման մամլո դիվան
    
    

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2148 | 0 | 0
Facebook