Durun lütfen yüklemiyor...
COMMENT.am

Makaleler

«Պարոն-տեր» եզրույթի ծագման կամ այն մասին, թե ինչու են միջնադարյան հայ մեծատուններն իրենց ունեցվածքն ուրիշի անունով «գրանցել»

11:19, cumartesi, 15 haziran, 2019
«Պարոն-տեր» եզրույթի ծագման կամ այն մասին, թե ինչու են միջնադարյան հայ մեծատուններն իրենց ունեցվածքն ուրիշի անունով «գրանցել»

Իր գոյության առաջին իսկ օրերից հայ եկեղեցին, արտահայտելով իշխող դասակարգերի, մեծահարուստների, ունևորների շահերը և ամեն կերպ ջանալով աշխատավոր հասարակ ժողովրդին հեռու պահել սոցիալական պայքարից, շատ մեծ ծառայություններ է մատուցել ժողովրդին կեղեքող երկրի տերերին, մեծահարուստներին: Ի հատուցումն այդ անգնահատելի ծառայությունների՝ հայոց իշխանավորները գրեթե միշտ հովանավորել են եկեղեցուն, նրա սպասավորներին ու ու բազում արտոնություններ են շնորհել նրանց: 14-րդ դարից ի վեր հայ ֆեոդալական տների աստիճանական վերացման և օտար նվաճողների կողմից դրանց տիրույթների բռնագրավմանը զուգընթաց, եկեղեցին աստիճանաբար իր վրա է վերցնում հայ ժողովրդի ներքին կյանքը տնօրինելու պարտականությունը: Այս հանգամանքը հաշվի են առել նաև օտար՝ նույնիսկ ամենադաժան տիրողները, որովհետև եկեղեցին ժողովրդին հնազանդության մեջ է պահել և օժանդակել է զավթիչների տիրապետության ամրապնդմանը:

Պատահական չէ, որ մեր երկիրը բռնատիրած գրեթե յուրաքանչյուր տիրակալ սիրաշահել է հայ հոգևորականության հատկապես վերնախավին՝ եկեղեցու արտոնություններն ընդլայնելու, նվերներ բաշխելու, երբեմն նույնիսկ եկեղեցիներ կառուցելու կամ վնասված եկեղեցիները նորոգելու ճանապարհով: Հայ եկեղեցու պաշտոնյաներն ու նրանց կալվածքներն ազատված են եղել մի շարք հարկերից ու տուրքերից:

Ուզուն Հասան անունով մի եռանդուն ու խելացի բռնակալի ջանքերի շնորհիվ 15-րդ դարի երկրորդ կեսին Աղ-կոյունլու թուքմենների հսկայական կայսրություն է ստեղծվում: Այս կայսրության մասն էր կազմում նաև Հայաստանը: Ահա այս Ուզուն Հասանը մի հրովարտակ է թելադրում, որում հետևյալն է գրված. «Հին ժամանակներից ի վեր մինչև օրս երբեք այնպիսի օրենք չի եղել, որ Ուչքիլիսայի (մի քանի հարյուր տարի Էջմիածինն այս անվամբ է հորջորջվել) կրոնավորներից ու սևագլուխներից խարաջ և ջիզյա («ջիզյա» -ն այլակրոնության կամ գլխահարկն է, որ գանձվել է յուրաքանչյուր չափահաս քրիստոնյա տղամարդուց, տարեկան մեկ անգամ՝ ըստ ռայաթի կարողության) պահանջեն»: Աղ կոյունլուներից առաջ Հայաստանին տիրող Կարա-կոյունլուների տիրակալ Ջհանշահի կինը՝ Բեգում խաթունը, 1462 թվականին հրովարտակ է հրապարակում, որով արգելվում է Գանձասարի կաթողիկոսի իշխանությանը ենթակա հոգևորականներից «ջիզյայի և բեյթ ուլ մալի (սա այն հիմնական հարկն էր, որ գանձվել է բոլոր տեսակի եկամտաբեր սեփականություններից) պատրվակով» որևէ բան պահանջելը, նրանց հպատակ վայրերում իջևանելը: Ուշագրավ է նաև վերոհիշյալ Ջհանշահ փադիշահի մի հրովարտակը, ըստ որի, Տաթևի և Վաղադնի վանքերի կալվածքները, նախկին գահակալների հրամանագրերի օրինակով, ազատ են հայտարարվել պետական ամեն տեսակ հարկից՝ մալից (սա հողային հարկի պետությանը տրվող մասի անունն է), իխրաջաթից (սա պետության արտակարգ ծախսերի համար գանձվող հարկ է եղել) և պետության նկատմամբ հարկային պարտավորությունից:

Նկատի ունենալով հայ եկեղեցական կալվածատիրության համար ստեղծված այս՝ համեմատաբար նպաստավոր պայմանները, իրենց տիրույթների ու կալվածքների գեթ մի մասը բռնագրավումից զերծ պահելու նպատակով, հայ ֆեոդալական տներն իրենց պատվարում են վանական կալվածատիրական ցուցանակներով: Հայ նախարարական տների սակավազոր ներկայացուցիչները 14 – 15-րդ դարերում իրենց ենթակա վանական հաստատությունների իրավասության տակ են դնում իրենց ընտանիքին պատկանող կալվածքները՝ վանական այդ հաստատությունների գլուխ կարգելով իրենց մերձավոր ազգականներին:

Ահա այսպես, կյանքի է կոչվում սոցիալական մի նոր եզրույթ: Դա «պարոն տեր» եզրույթն է, որը տրվում էր այն բոլոր հայ հողատեր-ֆեոդալներին, որոնք շարունակում էին տիրել իրենց հայրենական կալվածքների մի մասին՝ լինելով միաժամանկ և «պարոն» (այսինքն՝ աշխարհիկ իշխան), և՛ «տեր» (այսինքն՝ հոգևոր առաջնորդ):

Հիշյալ ժամանակաշրջանում «պարոն-տեր» են եղել Աղթամարի և Գանձասարի կաթողիկոսները, Սյունյաց մետրոպոլիտները, Վայոց Ձորի առաջնորդները, Հաղբատ, Սանահին, Կեչառիս և մի քանի տասնյակ այլ վանքերի հայրապետերն ու թեմերի առաջնորդները:

Պարոն տեր է եղել Գառնիի շրջակայքում գյուղեր ունեցող և իրեն Գրիգոր Պահլավունուց սերված ազնվական համարող Զաքարիա եպիսկոպոսը՝ Հավուց թառ վանքի վանահայրը: 1487 թվականին այս պարոն-տերը նորից տիրանում է իրենց ընտանիքի ժառանգական կալվածքներին, որոնց մեջ են մտել Մանկուս, Ավանիկ, Կուտիս, Հայոց Թառ, Կուտուց վանք, Ավանասար, Թառնիս, Սուրբ Սարգիս գյուղերը և Կոխտ գյուղի կեսը: Այս ինը գյուղերի կալվածագրում Զաքարիան չի գրանցվել որպես Ամենափրկիչ վանքի վանահայր և չի նշել, որ գյուղերը նվիրաբերվում են («վակֆ» են արվում) վանքին, որովհետև, կաթողիկոս Սիմեոն Երևանցու համոզմամբ, ֆեոդալական այս ընտանիքի անդամները «ի բնե ազնվազարմներ էին և անվանի, հարուստ, թեպետ ոմանք վանական էին, ոմանք՝ աշխարհական, բայց տնով և ունեցվածքով մեկ էին և առանց խտրության իրենցն էին գյուղերն ու վանքերը»:

Սիմեոն Երևանցու այս պնդումը հայ աշխարհիկ ու վանական կալվածատիրության սերտաճման ճշմարիտ նկարագիր է:

Երբեմն նվերներ ստանալով, երբեմն գնումներ կատարելով՝ հայկական վանական հաստատությունները 15-րդ դարում ընդարձակում են իրենց կալվածքները: Այդ հաստատություններն իրենց տնտեսությունը մեծի մասամբ վարել են «վանքի գործավոր» կոչվող վարձու մշակների աշխատանքով, որոշ վայրերում էլ շահագործել են վանքապատկան գյուղերի բնակիչների կոռային աշխատանքը: Երկրագործությունից բացի, վանական տնտեսություններն զբաղվել են նաև անասնապահությամբ, սակավաթիվ դեպքերում նաև ձկնորսությամբ, առևտրով և վաշխառությամբ:

Հայերի ընտանեկան հարաբերություններին ու համայնքի ներքին խնդիրներին առնչվող վեճերը լուծել են հայ հոգևորականները: Պահպանելով այդ ֆունկցիան՝ մեր ազգի հոգևոր ֆեոդալները միշտ ուղիներ են որոնել իրենց տնտեսական դիրքերն ամրապնդելու և շահույթի աղբյուրներն ընդարձակելու համար:

Հայ պարոն-տերերը բնավ էլ աշխարհական գործերից կտրված հոգևոր պաշտոնյաներ չեն եղել: Նրանք նույնիսկ զինված ջոկատներ են ունեցել, որոնցով, անհրաժեշտության դեպքում, պաշտպանել են իրենց գույքն ու պատիվը: Աղթամարի կաթողիկոսներն իրենց զինական ուժերով կարողացել են զսպել Աղթամարը գրավել ու թալանել փափագող Ոստանի քրդերի ախորժակը: Ամիդի առաջնորդՄկրտիչ Նաղաշի զորեղ ծառաները երբեմն նույնիսկ հարձակվել են թշնամի բանակների փոքր զորախմբերի վրա ու ազատել քրիստոնյա գերիներին: Իսկ Տաթևի մետրոպոլիտը, որն այլազգի բազում ճորտեր է ունեցել, այդ ճորտերի միջոցով իր կամքն է թելադրել հայ հպատակներին:

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
2118 | 0 | 0
Facebook