Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բաբելոնյան դիցարանի էգ դևը՝ Լիլիթը

10:18, cuma, 14 haziran, 2019
Բաբելոնյան դիցարանի էգ դևը՝ Լիլիթը

«Լիլիթ» եզրույթը հրեական ժողովրդական ծագումնաբանությունը կապում է «գիշեր» եզրույթի հետ. չար ոգին նրանց առասպելներում սովորաբար կին է եղել:

Այս անվան արմատներն առկա են շումերական դևերի (Լիլու, Լիլիթու և Արդաթ Լիլի) անուններում: Առաջին երկուսն ինկուբուսներ (կանանց հետ սեռական կապ փնտրող արու դևեր) են, երրորդը և չորրորդը՝ սուկուբուսներ (տղամարդկանց հետ սեռական կապ փնտրող էգ դևեր): Շումերական ավանդապատումը Լիլիթին համարում է իր ազգին հովանավորող աստվածուհի, որի արցունքները կյանք են պարգևում, իսկ համբույրները սպանում են:

Սուկուբուսի դերում Լիլիթն հանդես է գալիս նաև հրեական ավանդապատումում. այն տիրում է տղամարդկանց՝ հակառակ իրենց կամքի, որպեսզի նրանցից երեխաներ ծնի: Այդ իսկ պատճառով Թալմուդը տղամարդկանց խորհուրդ է տալիս տանը միայնակ չգիշերել: 130 տարի «բանադրված» լինելով՝ Ադամն ու Եվան կենակցում են ոգիների հետ ու դևեր են ծնում ու աշխարհը լցնում են դևերով: Բայց հրեական ավանդապատումներում Լիլիթը մանկածնության խաթարիչ է: Ե՛վ հին հրեաները, և՛ հին Միջագետքի բնակիչները համոզված են եղել, թե Լիլիթը ոչ միայն փչացնում է նորածիններին, այլև հափշտակում է մանուկներին ու գիշերները խմում է նրանց արյունը, ծ ծում է նրանց ոսկորների ծուծքը, փոխում է նորածիններին, կանանց ստրջացնում է ու նաև գայթակղում ու խոշտանգում է տղամարդկանց: Ըստ Թալմուդի՝ Լիլիթը մազոտ է ու թևավոր, նա Չարի նախասկզբի՝ Ահրիմանի մայրն է: Հոբի գրքի արամեական թարգմանությունում «Սաբա» բառը «Լիլիթ» է թարգմանված:

Սեմիտական առասպելաբանությունը և հուդայականությունը Լիլիթին համարում են Ադամի առաջին կինը. Ադամին ստեղծելուց հետո Աստված կավից կերտում է կնոջը և անունը Լիլիթ է դնում: Դրանից անմիջապես հետո Ադամի և Լիլիթի միջև վեճ է սկսվում: Լիլիթը պնդում է, թե իրենք հավասար են, քանի որ երկուսն էլ կավից են կերտված: Չկարողանալով համոզել Ադամին՝ Լիլիթը թռչում հեռանում է: Կարմիր ծովում նրան հասնում են Աստծո առաքած երեք հրեշտակները: Լիլիթն հրաժարվում է ենթարկվել վերադառնալու պահանջին ու հայտարարում է, թե ինքն ստեղծված է, որպեսզի վնասի նորածիններին: Այդժամ հրեշտակները նրանից երդում են առնում, որ չի մտնի այն տունը, որտեղ կտեսնի իրենց կամ իրենց անունները: Նա իր վրա է առնում պատիժը, այսինքն համաձայնում է, որ ամեն օր մեռնելու են իր երեխաներից հարյուրը:

Ծննդկանին չար աչքից պաշտպանող հմայախոսություններից մեկը (որն հայտնի է Մերձավոր Արևելքի ու Արևելյան Եվրոպայի շատ ժողովուրդների լեզուներում ու որը հետագայում գործածվել է չար աչքի ու տարբեր հիվանդությունների դեմ) պատմում է այն մասին, թե ինչպես մի ոմն սուրբ՝ ճանապարհին, ավելի հաճախ՝ սարից իջնելիս կամ ծովի ափին հանդիպում է վհուկին ու հարցնում է, թե ուր է գնում: Տեղեկանալով, որ նա ծննդկանի տուն է գնում, որպեսզի նրան վնասի, սուրբը նրան ստիպում է արտասանել իր բոլոր ինը (այլ տարբերակներում՝ 12, 40) անունները և երդվել, որ չի վնասի ծննդկանին կամ նորածնին, եթե տանը տեսնի իր բոլոր անունները: Ծննդկանների համար պատրաստված բոլոր հմայիլներն ու հմայախոսությունները պետք է ոչ միայն պարունակեին այն երեք հրեշտակների անունները, որոնք փորձել էին նրան ետ դարձնել, այլև հենց Լիլիթի անունները (ահա՛ մի քանիսը. Բատնա, որ եբրայերենում և արամերենում «արգանդ» է նշանակում, Օդեմ, որ «կարմրություն» է նշանակում, Ամորֆո, որ հունարենում «անձև» է նշանակում, ասորական մի տեքստում էլ Լիլիթի անունը նաև «Երեխաներին սպանող մայր» է նշանակել): Լիլիթի Օդեմ անվան հետ է կապված նորածնի բազկին կարմիր թել կապելը (առ այսօր կենսունակ է այն համոզմունքը, թե Լիլիթը վախենում է կարմիր գույնից): Երեխային թլպատելուց մեկ օր առաջ, նրան Լիլիթից պաշտպանելու համար, նրա հայրը պետք է ամբողջ գիշեր Կաբալայի «Զոհար» գրքից հատվածներ կարդա:

Առանց տղամարդու հետ սեռական հարաբերության ծննդաբերելու շնորհ խնդրելով Աստծուց՝ նա կախարդական գեղարդ է ստանում, և այդ գեղարդով Լիլիթի մարմնից կտրված մասնիկը մարդ է դառնում: Հրեական առասպելաբանությունում ասվում է, թե այդ «ընծայի» դիմաց հրեշտակները նրա երեխաներից ամեն օր հազարին սպանում են:

Լիլիթի մասին առասպելը ոգեշնչել է անգլիացի բանաստեղծ Դանթե Գաբրիել Ռոսեթին (1828 - 1882) պոեմ գրել նրա մասին: «Լիլիթն օձ է եղել, նա Ադամի առաջին կինն է եղել ու նրան պարգևել է «շողշողուն որդիներ ու դուստրեր»: Եվային Աստված հետո է ստեղծել. որպեսզի վրեժ լուծի Ադամի հողեղեն կնոջից, Լիլիթը նրան համոզում է ուտել արգելված պտուղն ու բեղմնավորվել Կայենով:

Միջնադարում հին եբրայերեն «լայիլ» (նշանակում է գիշեր) բառի ազդեցությամբ Լիլիթի մասին առասպելը փոխվում է, ու Լիլիթն արդեն ոչ թե օձ է, այլ գիշերվա ոգի: Նա երբեմն մարդկանց ծնունդը հսկող հրեշտակ է, երբեմն էլ՝ միայնակ քնած մարդկանց ու ամայի ճանապարհներով գնացող ճանապարհորդների վրա հարձակվող դևերի կարգադրիչ: Ժողովրդական երևակայության մեջ նա բարձրահասակ, լռակյաց կին է՝ երկար սև մազերով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4415 | 0 | 0
Facebook