Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱԶԳԱԴԱՎԻՆ ԳՐԱՎՈՎ ԲԱՑ ԹՈՂՆԵԼԸ, ԻՍԿ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԱԾՆԵՐԻՆ ՓԱԿԻ ՏԱԿ ՊԱՀԵԼԸ ՓՈՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ՈՉ ԹԵ ԺՈՂՈՎՐԴԻ

22:16, pazar, 02 haziran, 2019
ԱԶԳԱԴԱՎԻՆ ԳՐԱՎՈՎ ԲԱՑ ԹՈՂՆԵԼԸ, ԻՍԿ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԱԾՆԵՐԻՆ ՓԱԿԻ ՏԱԿ ՊԱՀԵԼԸ ՓՈՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ՈՉ ԹԵ ԺՈՂՈՎՐԴԻ

Երբ մեկին խիստ հայհոյում են կամ օրհնում, նրա ազգի հերոսին են հիշատակում, այսինքն՝ փնովում կամ գովում: Դրսից էլ, երբ գնահատական են տալիս, նայում են, թե ով ես, ինչացու ես, ինչ Աստծո ես պաշտում, ում առաջ ես երկտակվում կամ ում ես Աստծո տեղ դնում:

Քեզնից է կախված՝ Եռագույնդ բարձունքների՞ ես հասցնում, թե՞ քո կամ ուրիշի ոտքի տակ գցում (գուլպայի տեսքով կամ այլ կերպ): Եթե դեռ վտարանդի մտավորականներիդ տուն չես կանչում, արդարամարտիկներիդ բանտած ես պահում, իսկ հանցագործներիդ ներում ես շնորհում ու ազատություն տալիս, ո՞րն է նշանաբառովդ գաղափարախոսություն տանող ՔՈ ուղին: Ամեն ինչ շատ պարզ է: Քո նշանաբառը որտեղից կամ ումից որ ծագել է, այն էլ դու ես ու քո բռնած ուղին: Որտեղից որ դուրս ես եկել, այդ «ի շրջանս յուր» -ն էլ վերադառնալու ես: Եթե նշանաբառը քոնը չէ, դու նշանաբան չես ունենում եւ ի վերջո այդ ուրիշի հանգրվանին ես վերադառնում: Երբ նշանաբան չես ունենում, ուր գնալդ նույնպես չի երեւում: Դե, իսկ եթե չգիտես, թե ուր ես գնում, միայն վայելում ես ու խաբելով սպառում, ոչ մի քամի համընթաց չի լինի: Կյանքի փիլիսոփայության լեզվով ասած՝ եթե գաղափար չունես, թե որտեղից ես գալիս եւ ուր ես գնում, ճանապարհին հողմածեծ կլինես ու ոչ մի տեղ էլ չես հասնի: Քաղաքականության լեզվով ասած՝ գաղափարախոսություն (շինծու, թե անկեղծ) եթե չկա, ուրեմն չկա եւ ռազմավարություն, նպատակ, ու ամեն ինչ դառնում է ինքնանպատակ: Ով ոնց հաջողեցնի: Հասկանալի է, որ հեղափոխություններին բնորոշ է ետհեղափոխական խառնաշփոթ, բայց կան արժեքներ, որոնք սրբություն են, իսկ դրանք ոտնահարելը՝ մեղք: Ու երբ մի ոմն անձ, կարեւորելով միայն հաղթանակի փաստը, կարող է հայտարարել, թե մնացյալ ամեն ինչն այլեւս էական չէ, առանց հաշիվ տալու, թե այդ մնացյալն ինչ է իրենից ներկայացնում, արդեն սարսափելի է: Այսօր, դատարկ կամ մակերեսային դատողությունները ներկայացվում են այնպիսի խանդավառ կեցվածքով, իսկ կարեւոր հարցերն այնպես շուռտված, որ ակամա մտածում ես՝ այս ո՜ւր եմ ընկել:

Լուկաշենկոյի վկայությունը միայն խոսում է այն մասին, որ իրենք պահանջել են, իսկ Սերժ Սարգսյանը չի կարողացել հանձնել 5 շրջանները, որովհետեւ հայ ազգը պարբերաբար ընդվզում էր ու ապստամբում: Այդ իսկ պատճառով էլ Կարեն Կարապետյանն ուղարկվեց ՀՀ կառավարություն, որ իր ենթակայության տակ գտնվողներին հորդորի չվախենալ, գնալ ու դուխով անել իր ասածները… Բայց ժողովուրդը չհամաձայնեց նրան տեսնել իրեն առաջնորդ։

Ուստի, նա նույնպես տերերի աչքում անփառունակ ավարտեց իր առաքելությունը: Հիմա հերթը նոր իշխանությանն է, որի բոստանը նետված փորձաքարերից մեկը ռուս զինվորականի կողմից հայի հերթական, անհասկանալի սպանությունն է՝ էլի Գյումրիում: Եվ որտե՞ղ է հիմա մարդասպանը:

Դարձյա՞լ Ռուսաստանի հովանավորության տակ: Հայկական հողի վրա, բայց ի՛ր ռազմաբազայում եւ միանգամայն ապահո՛վ: Իսկ ջավախահայությունը, որ ձգտել է օտար երկիր տարագրվելու փոխարեն ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ճանապարհով մի ելք գտնել Հայաստանում մնալու, հայկական միջավայրում հայեցի կրթվելու, ընկնում է հետախուզման տակ եւ հետապնդվում, որ զինապարտ համարվի Հայաստանում: Մեր մեջ ասած, Ջավախքը «պարտավոր չէ» զինվոր տալու մի երկրի, որը նրան ուղարկելու է իր կողմից չճանաչված, «չընդունված», ՀՀ-ին չմիացված Արցախի սահմանները պաշտպանելու: Այն Արցախի, որի քաղաքացին այսօր իրավունք չունի նույն ՀՀ-ում մասնակցելու իր իսկ ազգի ընտրություններին:

Այստեղից հետեւություն. Հայաստանի Հանրապետությունում ամենաապահովը ՌԴ քաղաքացի մարդասպանների համար է: Դե իզուր չէր, էլի, որ, հեղափոխությունը դեռ չհաստատված, մայիսյան հերոսամարտերի ու հայկական անկախ հանրապետության ստեղծման 100-ամյակի առթիվ, հայդուկների ազատագրական երգերի զրնգալու փոխարեն «կրակեցին» ռուսերեն «կատյուշաներ» -ը՝ ազդարարելով ռուսական զենքի հերթական հրավառությունը: Տպավորություն էր, թե Հայաստանում նոր-նոր կատարվող հեղափոխությունը Ռուսաստանի «Դեն պաբեդի» -ն էր: Դե հա, մենք ՌԴ-ի շքերթները նայելուց դեռ հպարտություն ենք զգում, իսկ ոմանք նույնիսկ սիրում են եւ առաջին իսկ առիթի դեպքում շտապում հայտնել այդ մասին: Վերեւինին: Իսկ Ապարանի հերոսամարտի տոնակատարությանը մեր ժողովրդի նոր առաջնորդը ներկա չէր… Ժամանակ չուներ գալու, կամ նոր օրերի երգ չկար… Ոչինչ, կարեւորը, երբ ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում միլիարդներ վերականգնվեն, մի օր բոլորին պարզ լինի, թե որտեղ են այդ գումարները վերականգնվում, մտնո՞ւմ են արդյոք պետբյուջե:

Կարեւորն այն է, որ անցումային արդարադատությունը (բռնել-բաց թողնելուց բացի) առաջ քայլ անի ու ձայն բարբառոյ անապատի չդառնա: Կարեւորը, իհարկե, այն է, որ երկրում օրինապահության կոչված ՀՀ ոստիկանությունը լինի այնպիսին, որ երբ ընտրություններում կարգուկանոն պահպանող իր ոստիկանը ծեծվի, կարողանա գոնե իրեն պաշտպանել, չվախենա բողոքել: Որովհետեւ այդ ծեծի հետեւանքն ու լռության արդյունքը շատ ծանր են նստելու ազգի վրա: Մեկը կատի ծեծողին ու նրա համակարգը, մյուսը՝ կգազազի ժողովրդի դեմ ու հաջորդ ընտրություններում արդեն ինքը կծեծի: Մեկը կմտածի, որ իշխելու ուժն է ծնում իրավունք, այդ իրավունքն էլ՝ բռնություն, մյուսն էլ կասի՝ «Ամեն ինչ սուտ է, արդարություն չկա» ու… Ու (զոհ-ոճրագործ դասական կապվածությամբ) նորից ետ կընկնենք մեզ «հարազատացած» ու ապահով կարծվող հորը, որտեղ նույն երգն ենք լսելու՝ «Ում մի բան տվել են (ընտրակաշառք, սեռական փոքրամասնություններին հովանավորություն, զրո տոկոսով դրամաշնորհները տոկոսով վարկերի վերածած «բարեգործություն», նախորդ կյանքի կարոտ, խաբկանք), նա էլ թող գնա ընտրության:

Ոչ ոքի չենք հավատում, ուրեմն ով կտա, նրան էլ կընտրեմ: Ոչ ոքի չենք վստահում, որովհետեւ, քանի չեն ընտրվել, սարեր են խոստանում, ընտրվելուց հետո երեսներն են շրջում: Ամեն ինչ սուտ է»: Ու ընտրողների կեսից ավելին դարձյալ տեղից չի շարժվի, կշարժվի «երաշխիք» ու «բարեգործություն» ստացողը՝ կեղծված արդարացումներով: Իսկ արդարություն փնտրողների ձայնը, ինչպես միշտ, տեղ չի հասնի…

Շատ կուզենայի, որ մեր երկրում հիմա ազգովի առաջ գնալու եռքից քափուքրտինք մտած լինեինք ու, երկրի բացերը շտկելով տարված, քիթ սրբելու ժամանակ չունենայինք: Թե չէ՝ բանակից ու ազգից թալանած փողատեր մարդատյացին գիշերով թաքուն տուն ուղարկելով, իսկ արդարության համար պայքարած տղաներին (որոնք փող չունեն, ունեցածն իրենց կյանքն է) փակի տակ պահելով՝ շուտով մեր ազգի հերոսների շիրիմներին այցի գնալու երես անգամ չենք ունենա: Այսօր մեր երկրի վրա նախկին ռեժիմի թողած խարան կա, որ ներկա իշխանությունները պիտի մաքրեն, զի Ազգի Ոգին եւ մարդ արարածի ոգեղենությունը վաճառքի ենթակա չեն, որովհետեւ անգնահատելի են:

Անահիտ Արփեն

16.01.2019

Kaynak: hraparak.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2729 | 0 | 0
Facebook