Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գիտե՞ք արդյոք

20:45, cumartesi, 13 nisan, 2019
Գիտե՞ք արդյոք

«Կոտակ» -ը պահլավերեն բառ է (Kotak), որ նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»: Այս բառը, որպես մականուն, տրվել է Տրդատի որդուն՝ Խոսրով թագավորին: Հետաքրքիր է, որ Մովսես Խորենացին, Խոսրովի մասին պատմելիս, «կոտակ» մականունը թարգմանել է՝ գործածելով «փոքր» բառը՝ շեշտելով նրա կարճահասակ լինելը («Պատմություն Հայոց» -ի երրորդ հատվածի «Ը» ենթագլխի վերնագիրն է՝ «Փոքր Խոսրովի թագավորելը, արքունիքը տեղափոխելը և անտառ տնկելը»):

«Վաչկատուն» -ը վրանաբնակն է:


     Դվին քաղաքի անվան մասին

Ըստ Փավստոսի՝ «Դվին» եղել է բլրի հատուկ անունը. «Եվ հրաման տվեց թագավորն իր զորավարին՝ երկրից բազմաթիվ մշակներ հանել, անտառներից վայրի կաղնի բերել ու տնկել Այրարատյան գավառում՝ սկսելով արքունի ամուր բերդից, որին ասում են Գառնի, մինչև Մեծամորի դաշտը, այն բլուրը, որ կոչվում է Դվին» (Երրորդ դպրություն, գլուխ Ը): Իսկ Խորենացին «Դվին» -ը պարսկերեն հասարակ անուն է համարում, որը «բլուր» է նշանակում: («Նաև արքունիքը փոխադրում է անտառից վերև մի բլուրի վրա և շինում է արևից պատսպարված մի ապարանք. (այդ տեղը) պարսկերեն լեզվով կոչվում է Դվին, որ նշանակում է «բլուր» » . Հայոց պատմություն, երրորդ հատված, Ը ենթագլուխ):

«Բդեշխ» բառն իրանական բառ է, որն ունի բազմաթիվ ձևեր: Հայերենին ամնեամոտ ձևը պահլավերեն «bitaxs» -ն է, որ նշանակում է «տեղակալ», «փոխարքա»:

«Սպարապետ» -ը պարսկերեն բառ է (հին պարսկերեն` spadpati, պահլավերեն` spahpat, նոր պարսկերեն` spahbat), որը նշանակությամբ համապատասխանում է մասամբ հայերեն, մասամբ պարսկերեն «զորավար» -ին: Բայց հայերենում այս երկու բառերի միջև որոշակի նուբ տարբերություն կա: «Սպարապետ» կոչել են այն անձին, որ սպարապետության ժառանգական իշխանության կրողն է եղել տվյալ ժամանակ, իսկ «զորավար» կոչվել է այն անձը, որը տվյալ ժամանակ զորքերի իրական ընդհանուր հրամանատարն է եղել»:

«Եպիսկոպոս» -ը հունարեն բառ է, որ նշանակում է «վերատեսուչ», «վերադիտող»: Սկզբնապես սրանք եղել են թեմերի հոգևոր տեսուչներ կամ առաջնորդներ: Հին նախարարական Հայաստանում ամեն մի նախարարություն մի հատուկ եկեղեցական թեմ է կազմել և ունեցել է սեփական եպիսկոպոսը:

Իսկ «քորեպիսկոպոս» եզրը, որ հունարենում նշանակել է գավառի կամ գյուղի վերատեսուչ, եղել է գավառի կամ գյուղի առաջնորդ` եպիսկոպոսական կամ քահանայական աստիճանով, թեմի առաջնորդին ստորադրյալ:

Պահլավերենից մեր լեզվին անցած «անապատ» բառը («anapat» -ի «an» -ը նշանակում է «ոչ», «apat» -ը` «շեն», այսինքն` «ոչ շեն», անշեն, անմարդաբնակ, ի հակադրություն «ապատի շեն» -ի, այսինքն` բնակելի տեղերի):

Մեր հին հեղինակները «մարդպետ» բառը «ներքինապետ» նշանակությամբ են գործածել: Մարդպետի պաշտոնը կոչվել է «մարդպետություն»: Նիկողայոս Ադոնցի կարծիքով «մարդպետ» բառը ծագել է «Մարդ» հատուկ անունից: Պարսկական ավազակաբարո մի ցեղի անունը «մարդ» է եղել: Այս ցեղը հաճախ է ներխուժել Հայաստան ու թալանել բնակչությանը: Այդ ցեղի բնակեցրած տարածքը Մարդաստան է անվանվել, իսկ նրանց ցեղապետը «մարդպետ» է կոչվել: Երբ մարդպետները նեքինապետի, այսինքն կանանոցի պետի պաշտոն են ստանում, «մարդպետ» բառն սկսում են գործածել «ներքինապետ» նշանակությամբ: «Արմատական բառարան» -ը ընդունում է Ադոնցի այս բացատրությունը և հավելում, որ «հայր մարդպետ» -ի «հայր» -ը հատուկ անուն չէ, այլ ներքինապետի հարգական կոչում (ինչպես թուրքական միջավայրում ներքինապետին «baba» են անվանել, որը դարձել է հայերենում տարածված մի շարք ազգանունների արմատը):

«Սատրապ» -ը հունարեն բառ է, որ նշանակում է գավառի կառավարիչ: Բայց հունարենն էլ փոխառնված է հին պարսկերենից, որի սկզբնական «xsatrapa» ձևը նշանակում է «աշխարհապահ, երկրապահ»:

«Մագիստր» -ը լատիներեն բառ է և նշանակում է «ավագ վարպետ»: Բյուզանդիայում «մագիստրիանոս» կամ «մագիստրոս» էին կոչվում կայսերական տան ավագ մարդիկ և պետական բարձր պաշտոնյաները:

«Խորան» -ը ևս, հավանաբար, պարսկերեն բառ է` «xavran» կամ «xuran», որով կոչվել է Վահրամ Գուրի պալատը: «Խորան» է անվանվել նաև վրանը, բայց դատելով այս տարատեսակ գործածություններից, կարել է ասել, որ այն պետք է լիներ թագավորների ու մեծամեծների ընդարձակ, զարդարուն և ներքին հարմարություններ ունեցող վրան:

«Քունջ» -ը պարսկերեն «kuni» բառի գավառական ձևն է: Պարսկերենում այդ բառը, բացի «անկյուն» նշանակությունից, նշանակել է նաև «խորշ», կամ զգեստի կարպետի «ծալք»:

«Բարձ» -ը նույնն է նշանակում, ինչ որ պարսկերեն «գահ» -ը:

«Քիլ» . հին ժամանակի երկարության չափ է, թզից փոքր, բացված ձեռքի բութ մատի ծայրից մինչև ցուցամատի ծայրը, որն համարվում էր հավասար ութ մատնաչափի»:

«Կարավան» . սա պահլավերեն «caravan» բառն է, որը տարածված է նաև բազում այլ լեզուներում: «Կարավան» նշանակում է ճանապարհորդների խումբ, որոնք աշխարհից աշխարհ են գնում զինված պահապանների ուղեկցությամբ` ավազակների հարձակումներից պաշտպանվելու համար: Բառն այժմ գործածվում է «քարավան» ձևով: Հնում «Կարավան» -ը նաև բանակ է նշանակել:

«Տակառ» . պահլավերեն «takar» և պարսկերեն «tagar» բառերը նշանակում են կարաս (գինու), որից էլ կազմվել է տակառապետ=գինու մատակարար կամ մատռվակ:

Վարազագիր մատանու մեջ ագուցված է եղել թանկագին քար՝ վրան փորագրված տիրոջ անունը: Այն ծառայել է որպես կնիք: «Վարազագիր մատանի» նշանակում է այնպիսի մատանի, որի վրա փորագրված է վարազ, իսկ վարազը եղել է Պարսից թագավորների զինանշանը: Վարազագիր մատանիով, այսինքն Պարսից թագավորի անձնական կնիքով, կնքված աղն ամենահաստատ, անսուտ երդման նշան է եղել: Վարազ անունը, իբրև պատվանուն, շատերը կցել են իրենց անուններին, օրինակ՝ Վարազ-Շապուհ, Վարազ-Ներսեհ, Վարազդատ և այլն:

Օսմանյան կայսրության Աբդուլ Համիդ 2-րդ արյունարբու սուլթանի մայրը հայ է եղել, անունը` Վերժինե (1876 - 1909):

«Փարսախ» -ը կամ «հրասախ» -ը երկարության չափ է, հավասար է 5250 մետրի: Այս բառը ևս իրանական ծագում ունի, որի պահլավերեն «frasax» ձևից գոյացել է մեր «հրասախ» -ը, իսկ նույն բառի արաբացված ձևից` «farsax» -ից` մեր «փարսախ» -ը: Ուրեմն, ըստ Փավստոսի, Կոմսը հսկա Մանուելին շալակած օրական 52, 5 կիլոմետր ճանապարհ է անցնելիս եղել:

«Ասպարեզ» -ը պահլավերեն «aspres», պարսկերեն` «aspares» -ն է, որ բառացի նշանակում է ձիարշավ, ձիաընթացարան, այսինքն` հրապարակ, որտեղ ձի են քշել: Այս բառը երկրորդաբար սկսեց գործածվել որպես երկարության չափ: Այն ժամանակներում ձիարշավարանի երկարությունը հավասար է եղել 230, 1 մետրի: Սա պարսից ասպարեզն է: Եղել են նաև ասպարեզի այլ չափեր:

«Վառ» -ը պարսկերենում «bar» է, որը, հավանաբար, ծագել է պահլավերեն «var» -ից և նշանակում է դրոշակ: Հայերենում այն նշանակել է «քող» («Գոհար վարդըն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից» -Նարեկացի), և հետո` «դրոշակ»: Այս վերջին նշանակությամբ պահպանվել է «Խաչվառ» բառի մեջ, որ նշանակում է խաչակիր դրոշակ կամ խաչի դրոշակ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5380 | 0 | 0
Facebook