Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նա՝ Հովանոցով Մարդը

19:36, perşembe, 21 mart, 2019
Նա՝ Հովանոցով Մարդը

«Այսօր ի՞նչ օր է» - հարցրեց Վինի Թուխը:

«Այսօր, այսօր է», - պատասխանեց Դնչիկը:

«Իմ սիրած օրը», - ասաց Վինի Թուխը:


    
    
    

Անցյալի և ապագայի սահմանագծով անցնող այս նեղ արահետը,

որին մենք անվանում ենք Ներկա, ունի իր շատ գեղեցիկ հատվածները և

անընդհատ հայացք ուղղելով Անցյալին ու մեջքով կանգնելով դեպի Ապագան

մենք հաճախ չենք կարողանում նկատել այն Պահը, որը կոչվում է Կյանք:


    

Կյանքը շատ նման է անձրևին, մեկ մաղում է բարակ՝ ամռան շոգ եղանակին,

մեկ կատաղում է ու ջրհեղեղի նման փորձ անում սրբելու տանելու ամեն ինչ, ու մտքումդ քեզ պատկերացնում ես մենա՜կ, անօգնական կանգնած այդ Կյանք կոչվածի հարվածների տակ:

Մխիթարանքդ դառնում է առանց հասկանալու, դանդաղ, առանց հացի ծամվող մեկ ձվից պատրաստած ձվածեղը՝ աչքերդ ուղղած պատուհանին,

որից միշտ ակնկալել ես լույս, ջերմություն, հույս…


    

…մոռանում ես այն մասին, որ անկախ ամեն ինչից, ինչ որ մեկը, որն անպայման պետք է լինի քո կյանքում, այդ նույն արահետի հակառակ կողմից,

նույն անձրևի տակ հովանոցը բաց արած վազում է դեպի քեզ…


    

…Նա մեկ անգամ է գալու, բայց անպայման գալու է…

…Նա չի սիրում, երբ սովորում են իր անընդհատ գոյությանը…

…Նա սիրում է, որ իր համար պայքարեն, որ գնահատեն իրեն…


    

Նա քեզ ցույց կտա վերջին հարյուր կամ հինգ հարյուր տուփ ծխածդ ծխախոտուփերի ժամանակ երազանքներիդ հնարավոր լինելը:

Ցույց կտա այն ժամանակդ, երբ սիրում էիր միայն մայրիկիդ ու գաղափար չունեիր այլ տեսակի սիրո մասին:

Ցույց կտա այն ճոճանակը, որի վրա օրորվելով փորձում էիր թռչել, հասնել այլ մոլորակների:

Նա քեզ չի ասի.

- Սիրում եմ քեզ այնպիսին ինչպիսին կաս:

Նա քեզ կսովորեցնի.

նայել այլ աչքերով,

խոսել այլ լեզվով,

լռել այլ կերպ…

Նա քեզ ցույց կտա ձմռան ցրտաշունչ օրվա ժամանակ քո մեջ գտնվող հաճելի այրող Ամռան թաքնված կոորդինատները…


    

Երբ կմոտենաս լվացարանին լվանալու միակ ափսեդ ու միշտ քեզ համար ավելորդ թվացող պատառաքաղը, (քանի որ միշտ հացով ես կերել ձվածեղդ) տխուր կժպտաս վաղուց դատարկ հացամանիդ ու Անպայման կողքդ կհայտնվի


    

…Նա՝ հովանոցը քեզ համար բացած Մարդը:


    

Ս.Ումառ-Հարությունյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3739 | 0 | 0
Facebook