Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»

22:47, salı, 19 şubat, 2019
«Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»

«Թումանյանից առաջ մենք ամեն ինչ ունեինք և ոչինչ չունեինք, ինչպես որ աստվածային Բանից առաջ ամեն ինչ կար և ոչինչ չկար: Մենք հող ու հայրենիք, բարեկամ և թշնամի, ջանք ու տառապանք, խինդ ու ծիծաղ և անգամ հազարամյա մշակույթ ունեինք՝ բանարվեստի, զարդարվեստի, երգարվեստի մի ամբողջ լեռնաշխարհ, որի վերընթացն իզուր էր լինելու, եթե չպսակվեր իրենով՝ Արարատով: Մաքուր վաղորդայնի պես, որպես մաքուր վաղորդայն, Թումանյանը ցողվեց այդ ամենի վրա, փռվեց, սփռվեց, բացեց, բացահայտեց այդ ամենն ու իրեն այդ ամբողջի մեջ և հավաքեց այդ ամբողջը իրենով ու իր շուրջը: Այդպես մեկ էլ հայրենիքն է իմաստ ու նշանակություն տալիս իր մեծուփոքրի ջանքին, իր կենդան ու անկենդան գոյին …»

Հրանտ Մաթևոսյան

Հրաշալի բացահայտում, Թումանյանի մեծությանը վայել նկարագիր, մեծ հոգու տեր մարդու խոսք: Ակամայից սիրտս լցվում է շնորհակալությամբ: Չէ որ Աստված մեր ժողովրդին էլ օժտել է այսպիսի մեծություններ ունենալու շնորհով: Չէ որ մեր ժողովուրդը շարունակում է ունենալ իր մեծերին: Մենք նրանց շնորհիվ նաև կարողանում ենք աշխարհին ներկայանալ որպես ոգեղեն արժեքներ ունեցող ազգ: Մնում է տեր կանգնենք մեր արժեքներին: Պահենք, պահպանենք, հարգենք, մեծարենք նրանց ու նաև ուժ գտնենք մեր ներկան ապրել այդ արժեքներով: Այնպես ապրել, որ այդ արժեքները դառնան մեր հանապազօրյա հացը: Կարծում եմ հայրենիքին, հայրենասիրությանը վերաբերող հարցերը լուծելի են դառնում, երբ հանրությունը պահպանում է մեկ մակարդակ ավելի բարձր արժեքներ: Տվյալ դեպքում խոսքը համամարդկային բարոյական արժեքներին է վերաբերում: Միայն համամարդկային արժեքներ ունեցող հանրությունն է ի զորու պատշաճ մակարդակով լուծել հայրենասիրությանը, հայրենիքին վերաբերող հարցերը: Այս նկատառումով առաջարկում եմ ՀՀ օրհներգի համար որպես խոսք ընտրել Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը, որը կառուցված է Աստծո հետ ներքին զրույցի վրա, խոհերի, որոնք պատմում են մեր անցյալի մասին և ոգու թռիչքով բարձրացնում են ազգային գիտակցությունը: Ինչու՞ հրաժարվենք այս խոսքերից կամ այնպիսի կեցվածք ընդունենք, թե նախընտրելի է այլ խոսքերով կամ առանց խոսքերի օրհներգ ունենալը, երբ «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը վերջանում է ապագայի այնպիսի տեսլապատկերով, որը միայն կարելի է երազել.


    

ՈՒ պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազար- հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

ՈՒ երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին,

ՈՒ պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

Իմ նո՜ր հայրենիք,

Հզո՜ր հայրենիք…

Մեզանից մեկը հարյուր տարի առաջ օրհասական պահին ոգու թռիչքով կարողացել է տեսնել լուսավոր ապագան: Եկեք մենք ևս տեր կանգնենք մեր արժանապատիվ լինելիությանը:

Այս բանաստեղծությունը երգ է դարձել և կատարվել է Լուսինե Զաքարյանի կողմից:
     https://www.youtube.com/watch?v=cfLPSkQjVdc

Եթե աշխարհին ուզում ենք ներկայանալ որպես հեգևոր արժեքներ ունեցող ազգ, պետք է ձգտենք նույնպիսի դիմագիծ ունենալ /բարձրարժեք երաժշտություն-հոգևոր խոսք/:

Կոչ եմ անում նաև պետական օրհներգ առաջադրողներին հրաժարվել նյութական պարգևատրում ստանալուց ՝ այդ գումարները ուղղորդելով բարեգործական նպատակների:

Կոչ եմ անում մեզ վերագտնել մեր ներքին ազատությունը, որը հիմնվում է համամարդկային արժեքների, բարոյականության օրենքի վրա:

Նունե Կարապետյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6172 | 0 | 0
Facebook