«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՍԽԱԼԸ»
ՀՀ երրորդ նախագահի վերջին սխալին բոլորս մասնակից եղանք և բոլորս էլ պարտադրված ենք «վայելելու» թավշիզմի հաճույքները՝ մի մասը երջանիկ անգիտության մեջ, մի մասը՝ թաքուն չարախնդությամբ, մեծ մասն էլ՝ խորապես անհանգիստ ու անմասնակից: Նախավերջին սխալը 2017 թվականի ընտրություններից հետո իրականության գնահատման իսպառ բացակայությունն էր և թեկուզ պայմանականորեն վարչապետի աթոռը Կարեն Կարապետյանին չզիջելն էր: Վերջինս իր իրականացրած նախընտրական արշավում վաստակել էր դրա իրավունքը, ձևավորել էր իմիջ և ժողովրդի մեծամասնության ենթագիտակցության մեջ կար թաքուն մի հավատ, որ Սերժ Սարգսյանը չի դառնա վարչապետ, որ վարչապետ կլինի Կարեն Կարապետյանը: Շուրջ երեք տարի, սահմանադրական փոփոխություններից ի վեր մենք էլեկտրականացված սպասում էինք և այդ սպասումը սպորտային հետաքրքրասիրություն չէր. այդ սպասումը ճակատագրական էր և ուներ երկու ելք. ա) Բացահայտ և անամոթ խաբեություն բ) ընտրություն չարյաց և չարյաց փոքրագույնի մեջ Եվ ի՞նչ ստացանք….. ստացանք խաբվածի ապտակ. Սերժ Սարգսյանը կարգվեց վարչապետ: Արհեստականորեն արագացվեց ՀՀԿ-ի վախճանը. Կարեն Կարապետյանի դեպքում դա կլիներ քիչ դանդաղ, բայց բնական: Գաղտնիք չէ, որ բնական մահվան հետ բոլորն էլ ի սկզբանե հաշտ են, իսկ անբնական մահը լի է չարագույժ, քայքայող անակնկալներով, մեռնողի համար՝ աստրալ աշխարհում, մնացածների համար՝ երկրի վրա….. Կարեն Կարապետյանը արմատական ՀՀԿ-ական չէր: Իսկ ՀՀԿ-ի հնաբնակների մոտ թարախապալարները այլևս գարշահոտ էին և դատապարտված, նրանք այսպես թե այնպես մահամերձ էին և այն շինծու համոզմունքը, թե Նիկոլը փրկեց մեզ ՀՀԿ-ից, այնքան էլ իրական չէ: ՀՀԿ-ն վախճանվել էր մինչև հեղափոխությունը: Կարեն Կարապետյանը խճճված չէր ՀՀԿ-ի լաբիրինթի մեջ: Կարեն Կարապետյանը արտերկրում ճանաչված էր որպես հաջողված կազմակերպիչ և գործարար: Կարեն Կարապետյանի ներդրումային նախաձեռնությունները դեկլարատիվ չէին, իրական էին, անձնավորված – հայտնի էին ներդրողները, ուրվագծվում էին այն ոլորտները, որոնք կնպաստեին տնտեսության իրական զարգացմանը: ՀՀԿ շատ թե քիչ առողջ թևը իզուր է նվնվում, թե կուսակցապետը իրենց թողեց մեն մենակ հորձանուտի դեմ. մոռանում են, որ իրենք էլ վիժեցնելով Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու տարբերակը՝ Սերժ Սարգսյանին այլընտրանք չթողեցին և Նիկոլի համար իրենք ստեղծեցին բոլոր բարենպաստ պայմանները. և թող չհոխորտան, թե ժողովուրդը սխալ ընտրություն կատարեց: ՀՀԿ-ն ոչ միայն 20 տարի երկիրն ու ժողովրդին մղեց դեպի անդունդ, այլ նաև նա եղավ այսօրվա անկանխատեսելի վայրիվերումների փաստացի ուղղորդողը: Գոնե Գյումրին Կարեն Կարապետյանի կարիքը զգում է. չէի ասի թե գյումրեցիները նրան շատ էին սիրում, բայց չէին էլ ատում: Եթե հարցնում են Ռուսթավելի փողոցի տեղը, ժողովուրդը ճշտում է՝ վարչապետի փողո՞ցը: Չնայած այն բանին, որ Կարեն Կարապետյանի սեփականություն հանդիսացող Ջիվանու 79 հասցեի Անիի կարծր տուֆով կառուցած միակ պատմական-հուշարձան շենքը այլևս չկա, փոխարենը կենսագրություն չունեցող, հարևանությամբ գտնվող մարգարտահատիկ շինությունները ստվերող ինչ որ նորակառույց է, բայց նույնիսկ այդ փաստը ոչինչ է տեղի ունեցող այն ավերածությունների հետ, որոնք Նիկոլ Փաշինյանը իր ինքնասևեռ բնույթին հարազատ ներդրել է Շիրակի մարզում…… Հասմիկ Մելքոնյան Գյումրի |
Abone ol ve malalelerin yayınla: