Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հույն փիլիսոփաների մասին. «Եթե մարդկանց մեջ արդարություն լիներ, նրանց ինչի՞ն էր պետք լինելու քաջությունը»

18:18, cuma, 14 aralık, 2018
Հույն փիլիսոփաների մասին. «Եթե մարդկանց մեջ արդարություն լիներ, նրանց ինչի՞ն էր պետք լինելու քաջությունը»

Քանի դեռ մարդկանց մտքերի վրա, փիլիսոփայության փոխարեն, գերիշխում էր առասպելաբանությունը, աշխարհը ներկայանում էր որպես մի մեծ ընտանիք, որտեղ գերիշխողը սովորույթն էր: Թալեսից մինչև Արիստոտելը փիլիսոփայությունն աշխարհը նմանեցրել է մի մեծ քաղաքի, որտեղ օրենքն է թագավորել: Իսկ Էպիկուրականներն ու ստոիկներն աշխարհը մասնիկների են բաժանել. այդ մասնիկների միջև տիրապետողը պատահականությունն է համարվել, և համաշխարհային այդ մարմնում այն դարձել է ճակատագիր: Դա նշանակում էր, որ հունական փոքր քաղաքների վերջը եկել է. դրանք լուծվել են մեծ պետությունների` Մակեդոնիայի ու Հռոմ ստեղծած մեծ պետության մեջ:

Իսկ ինչո՞ւմն է երջանկությունը: Այս դժվար հարցին հին հույնը լիովին հստակ պատասխան է տվել: Նա այդ մասին երգել է ցանկացած խնջույքում: Մի շատ հին երգ է երգվել այն մասին, որ մարդու համար լավագույն պարգևն առողջությունն է, երկրորդ պարգևը՝ գեղեցկությունը, երրորդ պարգևը՝ ազնվությունը, իսկ բարեկամների հետ գինի ըմբոշխնելու Ուրախությունը չորրորդ պարգևն է:

Հունական փիլիսոփայությունն այս ցուցակից ոչինչ չի հեռացրել, միայն հավելել է: Այն ասել է. «Մարդու համար երեք տեսակի բարիք գոյություն ունի` ներքին, արտաքին և կողմնակի: Ներքին բարիքը չորս առաքինություններն են, արտաքինը` առողջությունն ու գեղեցկությունը, կողմնակին` հարստությունը, փառքը, լավ ընկերներն ու ծաղկող հայրենիքը»: Իսկ այս բարիքներից ո՞րն է ամենակարևորը երջանկության համար: Իհարկե', ներքինը, որովհետև այն քեզանից չեն կարող խլել: Չորս առաքինություններն են բանականությունը (խելամտությունը), քաջությունը, արդարությունը և ամենակարևորը` չափի զգացումը: Պատահական չէ, որ մ.թ.ա. 6-րդ դարում ապրած իմաստասեր Կլեոբուլոսն ասել է. «Չափն ամենակարևորն է», իսկ նրա ժամանակակից մեկ այլ իմաստուն` Պիտակոսը, գրեթե նույնն է հանձնարարել. «Ոչինչ` չափից ավելի»: Քաջությունն այն բանի իմացությունն է, թե ինչ լավ բան է անհրաժեշտ անել և ինչը պետք չէ անել: Արդարությունն այն բանի իմացությունն է, թե ում համար պետք է անել այդ լավ բանը, և ում համար պետք չէ անել: Չափի զգացումն այն բանի իմացությունն է, թե մինչև երբ պետք է անել այդ բարի գործը և երբ պետք է կանգ առնել: Քաջությունն առաքինություն է պատերազմի համար, արդարությունը` խաղաղության, բանականությունն առաքինություն է մտքի համար, չափի զգացումը` սրտի համար: Բանականությունն է ծնում բարյացկամություն, քաջությունը` կայունություն ու զսպվածություն, արդարությունը` բարությունը, չափի զգացումը` կարգավորվածությունը:

Սպարտայի թագավոր Ագասիլայոս 2-րդին (մ.թ.ա. 442 – 358 թթ.) հարցնում են. «Չորս առաքինություններից ո՞րն է կարևորագույնը: Հավանաբար, քաջությո՞ւնը»: - «Ո'չ, - պատասխանում է նա: - Եթե մարդկանց մեջ արդարություն լիներ, նրանց ինչի՞ն էր պետք լինելու քաջությունը»:

Պլատոնի համար բոլոր առաքինություններից կարևորագույնը խելամտությունն է եղել, Արիստոտելի համար` չափի զգացումը, ստոիկների համար` քաջությունը, բայց բոլորն էլ կհամաձայնեին, որ դրանցից բարձրն արդարությունն է: Երբ Պլատոնը գծագրում է իր պատկերացրած կատարյալ պետությունը, այդ պետության գլուխ է դնում խելամտությունը, քաջությանը նշանակում է պահապան, չափի զգացմանը՝ աշխատավոր, իսկ արդարությանը՝ հանուր առաքինության պաշտոնն է վստահում` համոզված լինելով, որ նրա վրա է հենվելու ամբողջ պետությունը:

Արդարությունն այդքան կարևոր է համարվել, որովհետև արդարությունն օրենքն է, իսկ օրենքը հույների համար ամեն ինչ է: Նույնիսկ այնպիսի պատվարժան բան, որպիսին պատվախնդրությունն է, հույների համար առանձին առաքինություն չի համարվել, այլ դիտարկվել է որպես արդարության տարատեսակություն, իսկ պատվախնդրությունը համարվել է արդարացի վերաբերմունք աստվածների նկատմամբ: Անարդարություն գործելն ավելի վատ է, քան անարդարությունը հանդուրժելը: Վիրավորանքի համար վրեժխնդիր լինելը հույների մեծ մասը արդարություն է համարել, իսկ փիլիսոփաներն այն անարդարություն են համարել: «Թշնամուցս ինչպե՞ս վրեժս առնեմ», - հարցնում է մեկը Դիոգենեսին: «Դարձիր ավելի լավը, քան եղել ես», - պատասխանել է Դիոգենեսը:

Ում թվում է, թե երկրային անհամար հոգսերի մեջ անհնարին է ճշմարիտ իմաստունի անվրդովությունը, պիտի կարդա Եզովպոսի առակներից մեկի կենցաղային շատ պարզ կանոնը. «Շատ մի'ուրախացեք ու չափավոր բողոքեք. և' ուրախությունը, և' վիշտը կյանքում հավասարաչափ են»:

Երբ հին հույնին հարցրել են, թե երջանկության հասած մարդն ինչ պետք է զգա, հիմնականում կարճ պատասխանել է՝ ուրախություն: Փիլիսոփաներից ոչ մեկը, կարծես, այդ զգացմունքը չի մերժել: Մեզ վստահեցնում են, թե որևէ ժողովրդի հոգեբանությունը կարելի է որոշել բաևելիս կամ հրաժեշտ տալիս արտասանած խոսքով: Օրինակ՝ հրաժեշտ տալիս՝ ռուսներն ասում են «прости» («ներիր»), անգլիացիները՝ «ֆարվել» («բարի ճանապարհ»), ողջունելիս` հռոմեացիներն ասել են «վալե'» («առո'ղջ եղիր»), իսկ հույներն ասել են` «հայրե'» («ուրախացի'ր»):


     Նկարում
` Ագասիլայոս 2-րդը:


     (
շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4903 | 0 | 0
Facebook