Երևանի բազմաբնակարանանոց շենքերի բակերով անցուդարձե՞լ եք։ Ոչ անտարբեր, այլ տիրոջ մտահոգությամբ։ Եթե ոչ բոլորի, երկուսից մեկի դիմաց սրա-նրա անվամբ կամ անանուն ցայտաղբյուր կա։ Իմ իմանալով՝ երեք հազարի է հասնում թիվը և շատանալու միտում ունի։ Գումարեք ավտոտնակների, էլի այլ թաքուն ջրագծեր, ապա եղածը մտովի միավորեք։ Հորդ գետ կդառնա։ Հիմա ցուրտ է, գրեթե ոչ ոք չի օգտվում, ձմռանն էլ մեծ մասը չեն փակում, որպեսզի խողովակները չսառչեն։ Ո՞վ է դրա դիմաց վճարում - համայնքը, որի բյուջեն գոյանում է մեր տուրքերից։ Վճարելը՝ մի կողմ։ Կարելի՞ է այդքան ջուր վատնել, լցնել կոյուղին։ Այն էլ ի՜նչ որակի ջուր՝ հեռուներից մղիչ պոմպերով Երևան հասցված, այն դեպքում, երբ լիտրով գնող բնակավայրեր կան /օրինակ՝ Դալարիկ ավանը/ և գետեր, որոնք չէին ցամաքի, եթե քաղաք տանելու համար ակունքը չառնվեր խողովակի մեջ։
Գործնական քայլ արա, Երևանի նոր քաղաքապետ․ հանձնարարիր՝ թող համայնքապետարաններն անջատեն բոլոր ցայտաղբյուրները, իսկ մինչև գարուն, բացառյալ մի քանիսը, պարտադիր փականավորեք՝ հետայդու պատասխանատվությունը դնելով համայնքապետերի ու համատիրությունների վրա։
Կանե՞ք, կասեմ՝ քաղաքի, երկրի ապագայով, բնության պահպանությամբ մտահոգ անձ եք, տնտեսվար, բակերում բուրդ, գորգ, ավտո լվացողից քաղաքացի կերտող պաշտոնյա․․․