Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հատված Թեոդոր Դրայզեր «Հանճարը» գրքից-Մի սիրո պատմություն

10:41, çarşamba, 10 nisan, 2013
Հատված Թեոդոր Դրայզեր «Հանճարը» գրքից-Մի սիրո պատմություն

►Մի անգամ կեսօրից հետո Անջելան ու Յուջինը գնացել էին Օկունի փոքրիկ լիճը՝ զբոսնելու: Մոտենում էր երեկոն, թովիչ մի երեկո, որ երբեմն լինում է ամառային օրերին և պատմում է սիրո ու գեղեցկության մասին: Որքան հաճելի ու տաք էր: Ծառերն այնպիսի հանգստացնող, սփոփիչ ստվերներ էին գցել, որ Յուջինի սիրտը ճմլվում էր: Նա երիտասար էդ, իսկ կյանքը նրա համար գեղեցիկ: Հուզմունքի էքստազի մեջ Յուջինը Անջելայի դեմքը առավ ափերի մեջ, նորից խոսելով սիրո մասին:

-Ինչպիսի՜ հրաշալի օր է, ես ամբողջովին փոխվել եմ, -ասաց նա, -որքան գեղեցիկ է կյանքն այստեղ: Որքան հաճելի ու խաղաղ անկյուն է այս: Իսկ դու, օ՜հ, դու, -մնացածը նա ասաց համբույրներով:
     Մի որոշ ժամանակ էլ նրանք մնացին այնտեղ, ապա վերադարձան հյուրասենյակ և Անջելան վառեց լամպը, որը դեղին, թույլ շողեր տարածեց սենյակի մեջ, այնքան, որ ջերմություն զգացվեր: Սկզբում նրանք նստեցին իրար կողքի երկու ճոճաթոռների՝ ապա բազմոցի վրա. Յուջինը գրկել էր նրան: Անջելան հագել էր տնային լայն, դեղնորակ մի շոր: Յուջինը համոզեց նրան, որ մազերը երկու հյուսքերով ներքև կախի:
     ԻՍԿԱԿԱՆ ԿԻՐՔԸ ԼՈՒՌ Է: Այն այնպես լուռ էր Յուջինի հոգում, որ նա սկսեց դիտել Անջելային, կարծես հմայված լիներ: Անջելան հենվեց նրա ուսին, գգվելով նրա մազերը, իսկ հետո նույնիսկ այդ էլ չարեց, որովհետև նրա զգացմունքներն այնքան բուռն էին, որ նա անկարող էր որևէ շարժում անել: Նա Յուջինի մասին մտածում էր որպես երիտասարդ աստծու, ուժեղ, առնական, գեղեցիկ, որն ուներ փայլուն ապագա: Այս բոլոր տարիներին նա սպասել էր մեկին, որ սիրեր իրեն ԻՍԿԱԿԱՆ ՍԻՐՈՎ, և այժմ այս հրաշալի երիտասարդը իրեն գցել էր նրա ոտները: Յուջինը շոյում էր նրա ՁԵՌՔԵՐԸ, պարանոցը, այտերը, ապա դանդաղորեն նրան ավելի մոտ քաշելով, գլուխը հենեց Անջելայի կրծքին:


     Անջելան դաստիարակված էր ուժեղ ավանդությունների, ծնողների պատվերների, ընտանիքի և իրենց դիրքի մասին ունեցած ըմբռնումների մեջ, բայց այս դրությունը ավելի ծանր էր, քան նա կարող էր դիմադրել: Նա նախ ընդունեց Յուջինի թեթև ճնշումը, ապա նրա աննկատ, նուրբ շարժումները, որոնցով գգվում էր իրեն: Դիմադրելը համարյա անհնար էր թվում այժմ, որովհետև Յուջինը շատ պինդ էր գրկել նրան և պահում էր իր մագնիսական ուժի սահմաններում: Իսկ երբ, ի վերջո, զգաց Յուջինի ձեռքի ճնշումը իր դողացող սրունքների վրա, ետ նետվեց հոգեվարքի բերկրանքի վերացած զգացումով:
     -Ո՛չ, ո՛չ, Յուջին, -աղերսեց նա, -ո՛չ, ո՛չ, փրկիր ինձ ինձանից, փրկիր ինձ ինձանից, օ՜հ, Յուջին:
     Յուջինը մի պահ կանգ առավ նայելու համար նրա դեմքին, որտեղ տեսավ բուռն տանջանքի գծեր. Անջելան գունատ էր, կարծես հիվանդ լիներ: Նրա մարմինը լրիվ թուլացել էր: Միայն ջերմ, թարմ շրթունքներն էին, որ պատմում էին այս բազմանշանակ պատմությունը: Յուջինը չէր կարող միանգամից կանգ առնել: Դանդաղորեն նա ձեռքը ետ քաշեց, ապա ՆԿԱՐՉԻ իր զգայուն մատներին թույլ տվեց, որ մեղմորեն մնան Անջելայի պարանոցի, կրծքի վրա:
     Անջելան թուլացած մաքառեց ու ազատվելով ծնկի եկավ. զգեստը՝ վզի մոտ լայնացել էր:
     -Մի արա, Յուջին, -աղերսում էր նա, -մի արա: Մտածիր իմ հոր մասին, մոր մասին: Չէ՞ որ ես միշտ պարծեցել եմ իմ անարատությամբ, իմ վրա նրանք միշտ վստահ են եղել: Օ՜հ, Յուջին, աղաչում եմ:
     Յուջինը շոյեց նրա մազերը, այտերը, նայելով նրա դեմքին այնպես, ինչպես Աբելարը՝ Էլոիզին:


     -Օ՜հ, գիտեմ, թե ինչու է այդպես, -բացականչեց Անջելան ցնցված եղանակով, -ես որևէ մեկից ավելի լավը չեմ, բայց ես այնքան երկար սպասել եմ, այնքան երկար սպասել եմ: Եվ չպետք է թույլ տամ, Յուջին, չպետք է…օգնիր ինձ:
     Յուջինը տարտամորեն հասկացավ: Անջելան սիրահար չէր ունեցել: Իսկ ինչու՞, մտածում էր Յուջինը: Չէ՞ որ նա գեղեցիկ էր: Յուջինը վեր կացավ, մտածելով նրան տանել իր սենյակը, բայց կանգ առավ, մտածելով: Անջելան շատ հուզիչ կերպարանք ուներ: Մի՞թե ինքը այսքան վատն էր: Նա նայեց Անջելային և դեռ կիրքը հրապուրում, քշում-տանում էր նրան կամքից անկախ. բայց նա կանգ առավ.
     -Վեր կաց, Անջելա, -ասաց նա վերջապես ինքն իրեն հավաքելով ու լարված նայելով նրան: Անջելան վեր կացավ: -Այժմ գնա, անմիջապես, եթե չգնաս, ես պատասխանատում չեմ ինձ համար: Ես փորձում եմ իշխել ինձ վրա: Խնդրում եմ, գնա՛:
     Անջելան կանգ առավ, ահաբեկված ու վշտալի նայելով նրան:
     -Օ՜հ, ներիր ինձ, Յուջին, -աղերսեց նա:
     -Դու՛ ներիր ինձ, -ասաց Յուջինը, -ի՛նձ պետք է ներել: Բայց այժմ գնա, հարազատս: Չգիտես, թե որքան դժվար է այդ: Օգնիր ինձ այստեղից գնալով:
     Անջելան շարժվեց դեպի դուռը, Յուջինը տենչալի, հրավառ աչքերով հետևեց նրան, մինչև նա դուրս եկավ սենյակից: Երբ Անջելան մեղմորեն փակեց դուռը, Յուջինը գնաց իրեն հատկացված սենյակն ու նստեց: Ամբողջ մարմինը ջարդված էր ու հոգնած: Ոտքից գլուխ ցավում էր այն բուռն ապրումից, որով անցել էր: Նա վերհիեց վերջին դեպքը և գրեթե անզգայացավ իր այդ վարմունքից: Ապա դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա ու բարձրաձայն մտածեց:
     -Ի վերջո ի՞նչ է կյանքը, -հարցրեց նա ինքն իրեն: -Ի՞նչ է մարդկային մարմինը: Ինչի՞ց է առաջանում կիրքը: Այստեղ մենք մի քանի տարի գալարվում ենք տենչերի տենդով և այրվելով սպառվում, մեռնում ենք:
     ՆԱ ՄՏԱԾԵՑ ՄԻ ՔԱՆԻ ՏՈՂԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ԳՐԵԼ, ՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ՆԿԱՐԵԼ: ԻՍԿ ՆՐԱ ՄՏՔԻ ԱՉՔԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՆՄԱՆ ՊԱՏԿԵՐՎՈՒՄ ԷՐ ԱՆՋԵԼԱՅԻ ԿԵՐՊԱՐԱՆՔԸ, ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ ԷՐ ԱՅԴ ԵՐԵԿՈ՝ ԻՐ ԹԵՎԵՐԻ ՄԵՋ ԿԱՄ ԾՈՒՆԿԻ ԵԿԱԾ: ՆԱ ՏԵՍԵԼ ԷՐ ՆՐԱ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ: ՊԱՀԵԼ ԷՐ ՆՐԱՆ ԻՐ ԳՐԿՈՒՄ. ԱՅԴ ԳԻՇԵՐ ՆԱ ԿԱՄԱՎՈՐ ԿԵՐՊՈՎ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԷՐ ԱՆՋԵԼԱՅԻ ՀՄԱՅՔՆԵՐԻՑ: ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԱՏ ԲԱՆ ՏԵՂԻ ՉԷՐ ՈՒՆԵՑԵ: ԵՐԲԵՔ ԷԼ ՉՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՐ…
    


    

Դժվար կլիներ ասել, թե այդ նշանակալից գիշերվա իրադարձությունները ինչ չափով փոխեցին Յուջինի վերաբերմունքը Անջելայի նկատմամբ, եթե իսկապես փոփոխություն կար: Նա հակամետ էր նրան ավելի շատ սիրել, ինչպես ինքն էր անվանում, նրա մարդկայնության համար: Այդպես անկեղծորեն թուլությունը խոստովանելը և իրեն փրկելու անկարողությունը հոյակապ էր: Յուջինի համար բախտավորություն էր և հոգեկան բարձրացում, որ առիթ ունեցավ կատարելու մի ազնիվ գործ: Այժմ նա գիտեր, որ Անջելային կարող է տիրել, եթե ուզենա, բայց երբ նորից հանդարտվեց, որոշեց ուղղամիտ լինել և չպնդել: ՆԱ ԿԱՐՈՂ ԷՐ ՍՊԱՍԵԼ:
     Անջելայի հոգեվիճակը, ընդհակառակը, ողբալի էր, երբ նոպան անցնելուց հետո նա հասել էր իր սենյակը: Մինչ այդ նա իրեն համարել էր հարգանքի արժանի ու առաքինի աղջիկ: Նրա նկարագրի մեջ կար ամոթխածության որոշ թույլ հետք, որը հեշտությամբ նրան կարող էր հասցնել ծերացած օրիորդի վիճակին, եթե Յուջինը, նկատի չունենալով կամ չհասկանալով իր գերազանցությունը, ավանդական տեսությունների նկատմամբ լինելով անտարբեր և անտեսելով նյութական բարեկեցությունն ու տարիքի տարբերությունը չմոտենար ու չսիրեր նրան: ՅՈՒՋԻՆԸ ԱՆՋԵԼԱՅԻ ՈՒՂԵՂԸ ԼՑՐԵԼ ԷՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՓՈԹՈՐԻԿՈՎ, ՈՐՈՆՔ ՄԻՆՉ ԱՅԴ ԽՈՐԹ ԷԻՆ ՎԵՐՋԻՆԻՍ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ, և միաժամանակ Անջելայի համար դարձել էր անառարկելի օրենք: Նա ուրիշ տղամարդկանց նման չէր: Անջելան կարող էր այդ տեսնել: Նա մյուսներից բարձր էր: Յուջինը գուցե շատ դրամ չհաներ, քանի որ նկարիչ էր, բայց կարող էր այլ բաներ անել, որոնք Անջելայի համար ավելի ցանկալի էին: Հռչակ, գեղեցիկ նկարներ, նշանավոր ընկերներ, մի՞թե դրանք դրամից շատ ավելի բարձր չէին: Անջելան ամբողջ կյանքում երբեք, երբեք շատ դրամ չեր ունեցել, և որքան էլ Յուջինը շահեր, նրա համար բավական էր: Յուջինը կարող էր մտածել, որ ամուսնանալու համար շատ միջոցներ են պետք, մինչդեռ Անջելան ուրախությամբ, հանուն Յուջինի, պատրաստ էր ռիսկի դիմելու, որքան էլ պայմանները վատ լինեին:


     Այս վերջին դեպքը ոչ միայն նրա մտքից կորզեց իր առաքինության անդրդվելիության մասին խնամքով սնուցած հավատքը, այլև մի աղետալի ուրվական բարձրացրեց Յուջինի սիրո մասին: Այժմ, երբ ինքը թույլ էր տվել Յուջինին այն թանկագին խանդաղատանքները, որ պետք է վերապահված լինեին միայն ամուսնության մահճի համար, Յուջինը կսիրե՞ր իրեն այնպես, ինչպես առաջ: Չէ՞ր մտածի, թե ինքը թեթևամիտ աղջիկ է, հեշտությամբ եղծվող արարած, որը հարմար մոմենտի է սպասում՝ անձնատուր լինելու: Զգում էր, որ այդ ժամին ինքը լրիվ կորցրել է ճշտի ու սխալի մասին իր գիտակցությունը: Հոր նկարագիրը, նրա սկզբունքները, մոր պարկեշտությունը, եղբայրների առաքինությունը, իրենց մաքուր մտքով, շիտակ կենցաղով ու քույրերը, այս բոլորը մոռացվեցին այդ ժամին և ահա ինքը, արատավորված մի աղջիկ. ճիշտ է, դեռ առաքինի է բառիս տեխնիկական իմաստով, բայց և այնպես արատավորված է: Ավանդականորեն դաստիարակված խիղճը սարսափելիորեն խեղդում էր նրան, և նա սրտում ողբում էր: Առավոտ վաղ նա դուրս եկավ սենյակից և, նստած թաց կանաչ խոտի վրա մտածում էր: Ամենուրեք զով էր ու խաղաղ, բացի իր հոգուց: Նա դեմքը ծածկել էր ձեռքերով, զգում էր այրվող այտերի ջերմությունը: Նա հարցնում էր ինքն իրեն, թե ի՞նչ էր Յուջինն այդ րոպեին մտածում իր մասին: Ի՞նչ կմտածեր հայրը, մայրը: Մի քանի անգամ գալարեց ձեռքերը և վերջապես գնաց ներս. գուցե կարողանար մի քիչ հանգստանալ: Չի կարելի ասել, որ նա չէր զգում այդ դեպքի գեղեցկությունն ու պատճառած ցնծությունը, բայց նեղվում էր մի բանից, որ ինքը պարտավոր է մտածել, թե դա ինչ հետևանքներ կունենար իր համար: Պահել Յուջինին այժմ... դա նուրբ հարց էր: Կարո՞ղ էր այժմ էլ, առաջվա նման, գլուխը հենել նրա կրծքին Կարո՞ղ էր այսուհետև պահել նրան ավելի առաջ գնալուց. դժվար էր, և նա ամբողջ գիշեր անհանգիստ տարուբերել էր գլուխը, շատ քիչ էր քնել: Առավոտյան նա վեր կացավ հոգնած ու մտահոգ, բայց առաջվանից ավելի սիրով: Այս զարմանալի երիտասարդը նրա համար հայտնաբերել էր բոլորովին նոր և անսահման դրամատիկական մի աշխարհ:
     Երբ առավոտյան, նախաճաշից առաջ հանդիպեցին իրար տան առջև, Անջելան սպիտակ շորեր էր հագել: Նա չափազանց գունատ էր ու նուրբ տեսք էր ստացել. աչքերում երևում էին մթագնած օղակներ, ինչպես և աղոտ մտքեր, որ տանջում էին նրան: Յուջինը համակրանքով բռնեց նրա ձեռքը:
     -Մի մտատանջվիր, -ասաց նա քնքուշ ժպիտով, -հավատա, դա այնքան վատ չէ, որքան կարծում ես:
     -Օ՜հ, Յուջին, այժմ ես ինձ չեմ հասկանում, -ասաց նա վշտալի ձայնով, -ես կարծում էի, թե դրանից լավն եմ:
     -Մեզնից ոչ մեկը դրանից լավը չէ, -պատասխանեց Յուջինը, -միայն երբեմն կարծում ենք, որ լավն ենք: Դու ինձ համար այժմ էլ նույնն ես: Ուրիշ բան մի տածիր:
     -Օ՜հ, Յուջին, ճի՞շտ ես ասում, -հարցրեց նա անձկալից:
     -Միանգամայն ճիշտ, -պատասխանեց նա, -սերը երկուսի մեջ սարսափելի լինել չի կարող: Ընդհակառակը, քնքուշ բան է: Ինչու՞ պետք է այժմ վատ մտածեմ քո մասին:
     -Օ՜հ, որովհետև լավ աղջիկները չեն անում այն, ինչ ես եմ արել: Ինձ մեծացրել են ավելի լավն իմանալու, ավելի լավ բաներ անելու համար:
     -Այդ բոլորը նախապաշարմունք է, սիրելիս, որը դու բխեցնում ես քո դաստիարակությունից: Դու մտածում ես որ դա սխալ է: Ինչու: Որովհետև հայրդ ու մայրդ են քեզ այդպես ուսուցանել: Ճիշտ չէ՞:
     -Օ՜հ, միայն այդ չէ: Բոլորն էլ կմտածեն, որ դա ճիշտ չէ: Այդպես է ուսուցում աստվածաշունչըը: Ամեն ոք ինձնից երես կդարձնի, եթե իմանա:
     -Սպասիր մի րոպե, -խնդրեց Յուջինը առարկող տոնով: Նա փորձում էր իր համար լուծել այս առեղծվածը, -աստվածաշունչը թողնենք իր տեղում, ես աստվածաշնչին չեմ հավատում, համենայն դեպս, այ ինձ համար օրենք չէ: Եթե բոլոր մարդիկ մտածում են, թե դա ճիշտ չէ, ապա ասացեք խնդրեմ, արդյոք այդ նշանակու՞մ է, որ ԻՍԿԱՊԵՍ ճիշտ չէ:
     Նա դրանով հրաժարվում էր «բոլոր մարդիկ» հասկացողությունից որպես անդրադարձումն այն սկզբունքների, ՈՐՈՆՑՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ:
     -Ոչ, -համարձակվեց արտասանել Անջելան կասկածող ձայնով:
     -Լսիր ինձ, -շարունակեց Յուջինը, -Կոստանտինոպոլսում ամեքն ոք հավատացած է, թե Մուհամդեը աստծու մարգարեն է: Բայց մի՞թե դրանով նա աստծու մարգարեն կդառնա:
     -Իհարկե ոչ:
     -Լավ, ուրեմն, այս տանը ամենք ոք կարող էր հավատացած լինել, որ անցյալ երեկոյի մեր արածը սխալ է, թեև այնտեղ ոչ մի սխալ չկար: Այնպես չէ՞:
     -Այո, -պատասխանեց Անջելան շփոթված եղանակո: Իսկապես նա չէր հասկանում այդ և չէր կարող առարկել Յուջինին: Յուջինը շատ սրամիտ էր: Այնուամենայնիվ նրա հոգուց բխող սկզբունքներն ու բնազդները բավականին պարզ ձայնով այլ բան էին ասում:
     -Այժմ դու մտածում ես, թե ինչ կասեն մարդիկ: Նրանք քեզնից երես կդարձնեն, ասում ես: Դա գործնական հարց է: Հայրդ կարող է քեզ տնից դուրս հանել...
     -Կարծում եմ, որ այո, դուրս կանի, -պատասխանեց Անջելան, որ լավ չէր հասկացել, թե ինչպիսի մեծ սրտի տեր էր հայրը:
     -Իսկ ես կարծում եմ, որ չէր անի, -ասաց Յուջինը, -բայց դա գործի հետ ոչ մի կապ չունի: Մարդիկ կարող են չհամաձայնել ամուսնանալ քեզ հետ: Դրանք զուտ գործնական հարցեր են: Դու չես կարող ասել, նրանք այդ գործում ճի՞շտ են, թե սխալ, այնպես չէ՞:
     Յուջինն իր փաստարկումների մեջ համոզիչ ոչ մի հաստատուն բան չուներ: Նա ավելի շատ չգիտեր, քան որևէ մեկ ուրիշը, թե տվյալ հարցում, որն էր ճիշտը և որը սխալ: Նա միայն խոսում էր ինքն իրեն համոզելու համար, բայց նա այնքան տրամաբանող էր, որ կարող էր Անջելային շփոթության մեջ գցել:
     -Չգիտեմ, -ասաց Անջելան տարտամորեն:
     -Շիտակ գործը, -շարունակեց Յուջինը վսեմ եղանակով, -այնպիսի մի բան պետք է լինի, որը համապատասխանի ճշմարտության չափանիշներին: Բայց ամբողջ աշխարհում մի մարդ չկա, որ իմանա, թե ինչ է ճշմարտությունը, ոչ մի մարդ: Այդ բանն ասել հնարավոր չէ: Դու կարող ես միայն քո գործերում խելոք կամ անխորհուրդ լինել, որքանով որ այդ վերաբերում է քո անձնական բարօրությանը: Եթե քեզ անհանգստացնողն այդ է, ես հավատում եմ, որ այդ է, ապա կարող եմ ասել, որ ոչինչ չի վատացել, քո բարօրության հետ ոչ մի կապ չունի դա: Ես կարծում եմ, որ ընդհակառակը, դու ավելի լավն ես, որովհետև այժմ ավելի շատ եմ սիրում քեզ...

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
13301 | 0 | 0
Facebook