Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղաքի տոնի իրական հիմնադիրը. վերաբացահայտում

20:09, pazar, 21 ekim, 2018
Քաղաքի տոնի իրական հիմնադիրը. վերաբացահայտում

Aravot.am-ը գրում է . Հայաստանի վաստակավոր ճարտարապետն իր տան աշխատասենյակում բացում է խնամքով պահվող գրքերից մեկն ու առաջարկում կարդալ Գրիգոր Հասրաթյանին վերաբերող տողերը. «Մեր ժամանակներում շատերը ձգտում են զբաղեցնել ուրիշի պատվանդանը: Գրիգոր Հասրաթյանը կանգնած է ի՛ր պատվանդանի վրա, որին նա հասել է իր ապրած կյանքով, որպես իր երկրի համար արարող ու սրտացավ քաղաքացի» … – Իսկապե՞ս այդպես է, -հարցնում ենք քաղաքապետի հետ աշխատած Գուրգեն Մուշեղյանին:

– Իսկապես, -պատասխանելիս ճարտարապետի ձայնը խեղդվում է: Փորձեց պատասխանել կարճ, որպեսզի զսպի արցունքները: Չստացվեց… – Հիմա հասկացա՞ք` ինչու ե՛ս չկարդացի այդ տողերը: Չեմ կարող… Ճարտարապետը կարոտել է իր ընկերոջը, որի հետ, չնայած տարիքային տարբերությանը, շփվում էին հավասարը հավասարի պես: Պատմում է, որ գիշերները` ազատ ժամերին, զբոսնում էին, տեսնում` որտեղ ինչ խնդիր կա, ու առավոտյան առաջարկում լուծումներ: – Ես տասը քաղաքապետի հետ եմ աշխատել:

Համարում եմ, որ առաջին քաղաքապետը Հասրաթյանն է: Իր աշխատած 13 տարում Երևանը դարձավ մայրաքաղաք: Վերադառնալով գրքում գրված տողերին, ճարտարապետը հիշեց 1968-ը, Էրեբունի-Երևան 2750-ը: Քչերը գիտեն, որ առաջին տոնակատարությունը կապված է Գրիգոր Հասրաթյանի անվան հետ: – Տոնական միջոցառումների գլխավոր պատասխանատուն Գրիգոր Հասրաթյանն էր, -եղբոր մասին խոսելիս` Մուրադ Հասրաթյանը բացահայտում է դրվագներ, որոնց մասին չի խոսվել գրեթե կես դար, և որոնց մասին համեստորեն լռում էր «քաղաքի լեգենդ» անունը ստացած քաղաքապետը:

Հարցազրույցներից մեկում Գրիգոր Հասրաթյանը նշել էր, որ գաղափարը իր քեռունն էր` հայտնի լեզվագետ, պատմագետ Մորուս Հասրաթյանինը: «Նա հուշեց, որ լրանում է 2750-ամյակը: Պետք է նշել»: Մորուս Հասրաթյանը Մուրադ Հասրաթյանի հայրն է: Թամանյանի որդու` Գևորգ Թամանյանի հետ աշխատած ճարտարապետը հիշում է` ինչ փուլերով անցան, որ Մոսկվային ապացուցեն` Երևանն իրոք 2750 տարեկան է, հնագույնը` Խորհրդային Միությունում: Եվ եթե Մոսկվան նշեց իր 800-ամյակը, Թբիլիսին` 1500, ինչո՞ւ մենք չնշենք 2750-ը:

Վրացիները նախանձից դիմեցին Մոսկվա, թե` հնարած հոբելյան է, թե` Արգիշտիի արձանագրությունների վրա ոչ մի թվական չկա: Նախանձում էին, որ Երևանը 2750 տարեկան է, մինչդեռ հենց Թիֆլիսի 1500-ամյակն էր օդից վերցրած թիվ: 1500 տարի առաջ իրենց մայրաքաղաքը ոչ թե Թիֆլիսն էր, այլ` Մցխեթը: Ամեն դեպքում, Մոսկվան, ճշտելու համար, ուղարկեց մասնագետի` Ուրարտուի պատմության գիտակ Բորիս Պիոտրովսկուն: Նա էլ պատասխանեց, որ գտնված արձանագրություններում տարեթիվ նշված չէ, բայց Վանի արձանագրությունների միջոցով հնարավոր է հաշվարկել սեպագիրը կազմելու տարիքը, ինչից էլ հաստատվում է, որ, այո, Երևանը 1968-ին 2750 տարեկան էր»:

Քաղաքապետ Հասրաթյանը նպատակ էր դրել քաղաքը դարձնել մայրաքաղաք, շեշտելով, որ մայրաքաղաք կառուցելն ու ղեկավարելը ակադեմիա է: Եվ նրա կառուցած ու ղեկավարած Երևանն իր առաջին տոնին ներկայացավ այն մթնոլորտով ու կերպարով, ինչին քաղաքապետը ձգտում էր պաշտոնավարման ընթացքում: Եվ ինչի մասին խոսում էր բաց ճակատով:

Հնագույն մայրաքաղաքը ներկայացավ մի քանի տասնյակ նորագույն կառույցներով, վերակառուցված Էրեբունի ամրոցով, լճերով ու ջրավազաններով: Գրիգոր Հասրաթյանի դուստրը` Անահիտը, հիշում է այն օրը, երբ Կարապի լիճը ստեղծելուց հետո, հայրը բերեց առաջին կարապները` սև ու սպիտակ: Եվ ինչպես սևին վիրավորեցին որոշ մարդիկ, և հոր պատասխանը. «Ոչինչ, մարդիկ կսովորեն գեղեցիկին, կսովորեն պահպանել դա ու իրենք էլ կմասնակցեն դրա ստեղծմանը: Այդ օրն էլ կգա»:

Քաղաքապետը խնդիր էր դրել փոխել մայրաքաղաքի կլիման: Քչերին է հայտնի նաև, որ հենց Հասրաթյանի գաղափարն էր շատրվանները դարձնել երգող: Եվ կարողացավ խորհրդային վերնախավին համոզել ու կառուցել 2750 շատրվաններով պուրակը` նույնիսկ դիմադրությունների պայմաններում: Ինչպես շատ հարցերում, նաև այդ դեպքում կային նախանձողներ, որոնք նամակ գրեցին Պետկոմ, թե շատրվանների ջուրը կներծծվի «Արմենիա» հյուրանոցի նկուղները, փլուզումներ կլինեն», - պատմում է Գուրգեն Մուշեղյանը:

Տոնակատարությունից առաջ Գրիգոր Հասրաթյանի աշխատասենյակի դռները բաց էին: Քաղաքապետն անընդհատ նոր գաղափարներ ու մտահղացումներ էր լսում քաղաքացիներից, ամբողջ քաղաքն ու նույնիսկ Հայաստանն էր մասնակցում կարևոր տոնի կազմակերպմանը: Իջևանից գորգագործ երկու կին եկան, բերեցին առաջին «Էրեբունի» գորգն ու փռեցին քաղսովետի իմ աշխատասենյակում:

Պետավտոտեսչության ղեկավարությունը պետական մեքենայիս համարները փոխեց ու դարձրեց 27-50: «Երազ» գործարանը միկրոավտոբուս նվիրեց քաղսովետին», -պատմում էր Հասրաթյանը: Քաղաքապետը հուզմունքով էր հիշում, թե ինչպես էին քաղաքացիները զանգում իրեն ու առաջարկում իրենց տանը տեղավորել արտասահմանյան հյուրերին: Երևանում հյուրանոցները քիչ էին, ստիպված էին հյուրերին տեղավորել նաև գնացքներում: 1968-ի հոկտեմբերի 18-ը վերածվել էր համաժողովրդական տոնի:

Համազգային տոնախմբությունը հավերժացվեց վավերագրական ֆիլմերում: Դրանցից մեկն ամբողջությամբ կառուցված է «Էրեբունի-Երևան» երգի վրա: Մայրաքաղաքի 14 տարվա օրհներգն առաջին անգամ հնչեց ա՛յդ օրը` 50 տարի առաջ, Հաղթանակի զբոսայգում, 2750-հոգանոց երգչախմբի կատարմամբ: Մուրադ Հասրաթյանը դա համարում է Հայաստանի զարթոնք: «Էրեբունի-Երևանը տոնեցինք ազգովի: Հյուրերին տպավորել էր նաև այն, որ մթերային խանութները մայթերին սեղաններ էին բացել ու հյուրասիրում էին բոլորին: Այդ օրը վերահաստատվեց, որ Գրիգոր Հասրաթյանը, որն ի պաշտոնե քաղաքական դեմք էր, նաև լավ կառավարիչ էր»:

Քաղաքապետի եղբայրը ծրագրում էր Երևանի 2750-ամյակին գիրք նվիրել` իր և ընկերների համահեղինակությամբ` «Երևան»: 18 հազար տպաքանակով, մայրաքաղաքի ճարտարապետության մասին պատմող գիրքը, սակայն, Մոսկվայից Երևան հասավ երկու ամիս ուշացումով, և…ընդամենը մեկ տառի պատճառով. Գրքի ամենածավալուն մասը` Է-ն, ես պետք է գրեի:

Արդեն ծրագրում էի, թե ինչպես կծախսեմ հոնորարը. Մոսկվայի հոնորարները շատ բարձր էին: Հոբելյանի օրերին, երբ գիրքը պետք է լիներ Երևանում, զանգում է խմբագիրը, թե` արագ թռիր, արի… կատաստրոֆա է: Ինչ տպել ենք` պետք է այրենք: Գնացի Մոսկվա: Պարզվեց Լենինի հայրանունն է սխալ գրվել` Վ.Ն. Լենին: Եթե այդպես տպեին, հրատարակչությունը կցրեին: Նորից տպելու վրա ծախսված գումարը հանեցին իմ հոնորարից: Ահագին փող էր», - ծիծաղում է Մուրադ Հասրաթյանը: Քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը իր եզակի հարցազրույցներից մեկը տվել էր «Անի» հյուրանոցի տանիքում: Այն պողոտայում, որը նա՛ բացեց ու անվանակոչեց Սայաթ-Նովա: Ու ճիշտ այն տեղում, որտեղ ժամանակին իր տունն էր, որը քանդեց` այդպիսի փողոց ունենալու համար: Սայաթ-Նովան կառուցեցին ազգովի, մտավորականների մասնակցությամբ, որոնց համար արվեստանոցներ էր բացում հենց Հասրաթյանը, էլիտայի ներգրավմամբ, որը հենց նա էր ձևավորել:

Էրեբունի-Երևանի մասին խոսելիս Գրիգոր Հասրաթյանն ասում էր. «Այդպիսի մթնոլորտով տոնակատարություն այլևս չի լինի: Գլուխգործոցը լինում է մեկ անգամ, «Անլռելի զանգակատուն» մեկ անգամ է գրվում»:
    
     Aravot.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3020 | 0 | 0
Facebook