Առայժմ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը միակարծիք է, իսկ միակարծությունն այն է, երբ միայն մեկն է մտածում: Իսկ դա, մեղմ ասած, վատ է ու էլ ավելի վատի է հանգեցնելու:
Ներկայացնում եմ նշանավոր մարդկանց մի քանի ասույթ, որոնք, ըստ իս ու ցավոք, շատ համահունչ են վերջին մի քանի ամիսներին մեր երկրում տեղի ունեցող մտահոգիչ գործընթացներին: Իսկ հիասթափությունը խորանում է:
*****
Կարիքը ժողովրդին տանում է դեպի հեղափոխություններ, իսկ հեղափոխությունները նրան գցում են կարիքի մեջ:
Վիկտոր Հյուգո (1802 - 1885), ֆրանսիացի գրող
*****
Պաշտոնատարներն ու սպիտակ հագուստը լավն են միայն այնքան ժամանակ, քանի դեռ նոր են:
Ճապոնական ասացվածք
*****
Այն երկիրը, որը կարող է փրկվել միայն որևէ հերոսի կողմից, չի կարող երկար ժամանակ այդպես գոյատևել՝ նույնիսկ այդ հերոսի օգնությամբ. ավելին, այն արժանի էլ չէ, որ իրեն փրկեն:
Բենժամեն Կոնստան (1767 - 1830), ֆրանսիացի գրող, քաղաքական գործիչ
*****
Նոր ընտրախավի մոտիվացիան ոչնչով չի տարբերվում հին ընտրախավի մոտիվացիայից: Նոր ընտրախավը պարտադիր կերպով փորձում է հեղափոխությամբ ստեղծված նոր սոցիալ-քաղաքական ինստիտուտների ներսում վերականգնել հին հասարակության որոշ տարրեր:
Էրիխ Ֆրոմ (1900 - 1980), ամերիկացի հոգեբան
*****
Համոզմունքների փոփոխությունն այն է, երբ հանրապետականը դեմոկրատ է դառնում, իսկ դավաճանությունն այն է, երբ դեմոկրատը հանրապետական է դառնում:
Էդլայ Էվինգ Սթիվենսոն (1900 - 1965), ամերիկացի քաղաքական գործիչ
*****
Իշխանությունը ոմանց գլխին է խփում, ոմանց էլ գլուխն է թռնում:
Յուզեֆ Կուսմարեկ (1927 - 1992), լեհ լրագրող
*****
Յուրաքանչյուր հեղափոխություն ցնդում է՝ իր հետևում թողնելով միայն մի նոր բյուրոկրատիայի լուծը:
Ֆրանց Կաֆկա (1883 - 1924), գերմանալեզու հրեա գրող
*****
Հեղափոխությունը հեծանվի նման է. երբ այն այլևս առաջ չի գնում, ընկնում է:
Չե Գեվարա (1928 - 1967), լատինաամերիկյան հեղափոխական