Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ ՔԱՋ ՎԱՐԴԱՆԸ

20:34, cuma, 24 ağustos, 2018
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ ՔԱՋ ՎԱՐԴԱՆԸ
    
     ՎԱՐԴԱՆ ՂՌՄԱՋՅԱՆ
    
     Կենսագրությունը տրամադրեց հերոս՝ Վարդանի մայրիկը
     Վարդան Կարապետի Ղռմաջյան
     Ծնվել է 1996թ. հունվարի 5-ին, Երևանում: Ապրել է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում, ծնողների, տատիկի և երկու քույրերի հետ: Ընտանիքի միակ արու զավակն էր: Հաճախել է տեղի Գ. Նժդեհի անվան հիմնական դպրոցը, որն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Մ.Խորենացու անվան ավագ դպրոցում: Վարդանը մանկուց սիրում էր սպորտով զբաղվել, և փոքր հասակից հաճախում էր սպորտային մի շարք խմբակների պարապմունքներին: Իրեն բնորոշ բարությամբ, պարզությամբ և դրական հատկանիշների մի ամբողջ շղթայով աչքի է ընկել տարիքային բոլոր փուլերում: Սիրում էր կյանքը, մարդկանց, Լուսավոր ՄԱՐԴ, ում բոլորն էին սիրում…
     2013թ. ավարտելով դպրոցը Վարդանը ընդունվում է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանի «Ծանրամարտի» բաժինը: Մեկ տարի սովորում է մեծ եռանդով և սիրով: Փոխադրվում է երկրորդ կուրս:
     2014թ. հունիսի 24-ին Վարդանը զորակոչվում է ժամկետային ծառայության՝ հայրենիքի առաջ պարտքը կատարելու: Ծառայության 6 ամիսը անցնում է Լուսակերտի N զինվորական ուսումնական զորամասում, որտեղ Վարդանը ստանում է կրտսեր սերժանտի կոչում: Այնուհետև ծառայությունը շարունակում է Կուբաթլիի N զորամասում: Վարդանն այն եզակի զինվորներից էր, ով երբեք չի խուսափել ծառայելուց, և երբեք չի փնովել Հայոց բանակին: Ծառայության ընթացքում բազմիցս արժանացել է պատվոգրերի, խրախուսվել է հրամանատարական կազմի կողմից: Վարդանին շնորհվել է ՀՀ ԶՈՒ լավագույն Զինվոր-Մարզիկ, Հայոց Բանակի Գերազանցիկ, Քաջարի Մարտիկ կրծքանշանները: Կոչումով եղել է Կրտսեր Սերժանտ, հաստիքով՝ Կառավարման և հրետանային հետախուզական մարտկոցի հաշվողական ջոկի ավագ հաշվարկող: Նրան սիրում էին թե բանակային ընկերները և թե հրամանատարները: Լինելով իր ծառայակիցներից կոչումով բարձր, երբեք չի չարաշահել իր դիրքը, և ինչպես ինքն էր ասում.
     «Բոլորս հավասար ենք եկել ծառայելու»:
     2016թ. Ապրիլի 2-ին Ադրբեջանի դավադիր հարձակումը կասեցնելու համար Վարդանն իր զորամասով մարտական տագնապով շարժվում են դեպի Ջաբրաիլի դիրքեր: Մահը գիտակցված էր, և նա չնահանջեց…
     Եվ ով գիտե, թշնամու բանակից քանիսն ընկան, այն հրետանու զարկերից, որի հաշվարկները կատարում էր Վարդանը: Օրեցօր թեժացող պայքարի մեջ նույնիսկ, Վարդանի ոգին անկոտրում էր ու հպարտ: Վարդանն իր ընտանիքի անդամներին ոգևորում էր, ասելով թե ամեն ինչ նորմալ է: Գրադի արկը ընկել էր իրենցից մի քանի մետր հեռու, և Վարդանը փաթաթվելով իր զինակից ընկերներից մեկին, տապալել էր գետնին և մարմնով ծածկել նրան (Ընկերոջ պատմածից): Այդ պահին արկը չի պայթում: Պատերազմի դաշտում մի ակնթարթ անգամ չընկրկեց և չվախեցավ, որովհետև նա իսկական հայորդի էր, հայ ազգի արժանի զավակ…
     Զինադադար կնքվեց, թվում էր ամեն բան կարգավորվում է: Վարդանն ու իր ընկերները դեռևս մարտական դիրքերում էին:
     Եվ այդպես 2 ամիս նրանք մնացին Ջաբրաիլի մարտական դիրքերում: Ու մի օր եղավ սարսափելին, Վարդանն ու իր մտերիմ ընկերը, ովքեր 2 ամիս անվնաս կարողացան մարտական դիրք պահել, դարձան բնության աղետի զոհեր: Հունիսի 7-ին լույս 8-ի գիշերը տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի և ուժեղ քամու, սողանքի հետևանքով Վարդան Կարապետի Ղռմաջյանը և Արման Պավելի Գազարյանը զոհվեցին:
     Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնուրացության Կրտսեր Սերժանտ Վարդան Կարապետի Ղռմաջյանը պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6397 | 0 | 0
Facebook