«Եկեղեցասեր» շարժումը Եկեղեցին կործանելու փորձերը
«Եկեղեցասեր» շարժումը Եկեղեցին կործանելու բոլոր հնարավոր տարբերակները փորձարկեց և ձախողելով՝ ստիպված կանգ առավ պղծելու, ապականելու և վարկաբեկելու կամ գոնե ֆեյսբուքում մի-քիչ երևալու տարբերակի վրա։ Հերթական սին պատրվակը դրոշ դարձրած՝ նրանք եկան-լցվեցին Դիվանատուն։ Ընդ որում՝ եկեղեցական կառավարման համակարգը լավ չպատկերացնողների համար մանրամասնեմ, որ եթե Եկեղեցին դիտարկենք իբրև մի միասնական մարմին, հավանաբար Դիվանատունը պետք է նկատվի իբրև սիրտ, որ անդադար արյունը շրջանառում է հեռու և մոտ կենտրոնների միջև։ Դիվանատունն է, որ մշտական՝ 24-ժամյա, կապ և գործակցություն է ապահովում Մայր Աթոռի և Առաքելական Եկեղեցու թեմերի միջև։ Ես նշեցի 24-ժամյա, որովհետև վերին Նախախնամությունն այնպես է կամեցել, որ արևը երբեք մայր չմտնի Առաքելական Եկեղեցու թեմերի վրա՝ բառիս և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստներով։ Եվ եթե անգամ Վաղարշապատում աշխատանքային օրն ավարտվել է, աշխարհի տարբեր ծագերում լինում են բազմաթիվ մարդիկ՝ կարոտյալներ, իրական հավատացյալներ, ժառանգավորներ, որոնց հարցերին և խնդիրներին լուծում պիտի տրվի Հայ Եկեղեցու կենտրոնից, Միածնաէջ Սուրբ Քաղաքից՝ Առաքելական կառույցի Դիվանատնից, որ այսօր անգործության է մատնվել «եկեղեցասերների» ջանքերով։ Համացանցում կարելի է դիտել տեսագրությունը, թե ինչպես «սուրբ» դարձած լրբերը եկան լցվեցին Դիվանատուն, գոռգոռացին ու աղմկեցին մի վայրում, ուր ընդհանրապես ընդունված է խոսել շշուկով։ Եվ Դիվանատան անձնակազմը, տեսնելով, որ հորդորներով և զգոնության կոչերով արդյունքի չի հասնում, առճակատումից խուսափելով, հեռացավ շենքից։ Արդյոք սա պետք է իբրև թուլության կամ վախի արտահայտություն դիտարկել։ Բնավ ո՛չ։ Զիջողությունն ու մեծահոգությունը, մեղմ վերաբերմունքը ուժեղ և իմաստնացած, իր կարողություններին վստահ անձին են հատուկ։ Իսկ թույլը, կամ նա, որ գիտի, որ արդարության դիրքերից չէ խոսում, ստիպված է աղմկելով, զոռբայությամբ առաջ գնալ։ Այդ ուղին ընտրողը մեկ կարող է հայտարարել, թե. «Գեղարդից կտոր է պակաս, դրա համար եմ եկել», իսկ հետո խոստովանել, որ՝ «Իմացել եմ, որ իմ հարցն է քննվելու, և եկել եմ Դիվանատուն՝ խոչընդոտելու» ։ Բարձր, սուրբ բաներից հետո ինչքան հեշտ հասավ նեղ ու ճղճիմ՝ իր մաշկի կամ մորթու կարիքներին։ Ինչ խոսք՝ ազատ երկիր ենք, ով-ինչ ուզի կարող է խոսել։ Բայց արդյո՞ք այնքան ազատ ենք, որ ով ինչ ուզի՝ կարող է անել։ Օրինակ ես ջրմուղի աշխատանքից եմ դժգոհ՝ կարո՞ղ եմ ընկերներիս հետ գնալ նրանց գրասենյակը գրավել։ Մի՞թե ՀՀ Քաղ. Օրենսգրքի՝ «Հոդված 203. Հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու արգելքը» օրենքով ապահովված չէ, թե օրենքները դարձյալ սկսել են ընտրովի գործել։ Անշուշտ լաչառներն իբրև արդարացում պնդում են, թե «Մենք էլ եկեղեցու անդամ ենք, կարող ենք մտնել Դիվանատուն» ։ Այդ դեպքում, կուզենայի հարցնել՝ «Իսկ ազգի անդա՞մ եք։ Կարո՞ղ եք ներխուժել Ազգային անվտանգության շենք» ։ Ես չգիտեմ՝ փչացած ապրանքը ետ վերցնել չկամեցող՝ շուկայի լրբացած կնոջ վարք դրսևորող անձինք ընդհանրապես բանակում ծառայել են, թե՝ ոչ։ Բայց կցանկանայի, որ ոչ թե հոգևոր կամ աշխարհիկ մայրաքաղաքներում շենք-շինություններ գրավեին, այլ, եթե իրապես այդքան զորեղ են իրենց հավատքով, կամքով և ուժով, որևէ դիրք ազատագրեին։ Իսկ օրենքի մասին խոսքն ավարտելով, օրենքներից խոսել շատ սիրողներին պետք է հիշեցնեմ, որ ոչ թե պետք է կասկածյալին ստիպել, թե՝ «Ապացուցիր քո անմեղությունը», այլ քննություն կատարող մարմինը՝ այդ դեպքում «եկեղեցասեր» անդամները, պետք է հիմնավոր և փաստացի ապացույցներ բերեն, այլապես պիտի խնդրեմ իրենց ապացուցել, որ մտավոր հետամնացությունը չէ պատճառը, որ չընկալեցին ասածներս։ «Եկեղեցասերներից» մեկը շատ է սիրում ճամարտակել փշալարերից։ Խոսքս ավարտելով հայտնի անեկդոտի բառերով, պիտի խոստովանեմ, որ այդ մեկը մնաց փշալարերից կախված։ |
Abone ol ve malalelerin yayınla: