Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հիմնադրամային դրամա, կամ՝ «Բաբամ, էդ ի՞նչ տեսակ հիասթափված եմ...»

17:02, cuma, 06 temmuz, 2018
Հիմնադրամային դրամա, կամ՝ «Բաբամ, էդ ի՞նչ տեսակ հիասթափված եմ...»
    

Հիմնադրամային դրամա, կամ՝ «Բաբամ, էդ ի՞նչ տեսակ հիասթափված եմ...»

ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ
     (Alik Assatrian)

Նկարիչ, արվեստագետ
     (Նիդերլանդներ)
     _____________
     «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ:
     Մենք ապացուցում ենք եւ ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որեւէ դրսեւորում:
     Նիկոլ Փաշինյան
     ՀՀ վարչապետ
     ______________

Այս իրական պատմությունը՝ Նիդերլանդներում ապրող հայերից շատերը կհիշեն, և կարող են վկայել գրածիս ճշմարտացիությունը: Այն կապված է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի գործունեության հետ:
     Արդեն երկար տարիներ առաջ էր, հավանաբար 90-ականների կեսերը: Մի օր թակեցին տանս դուռը, բացեցի, ընկերս էր՝ Ալեքսանդրը, Ամերսֆորտ քաղաքից: Ալեքսանդրը ծնվել է Պարսկաստանում, ապրում է Հոլանդիայում, մի ֆանատիկ ազգասեր ու հայրենասեր հայ, որ երբևէ դեռ Հայաստանում չէր եղել: Ապրում էր իր երազ Հայաստանի կյանքով, նրա հրաշք, աներևույթ հեքիաթներով: Բավականին ակտիվ գործունեություն էր ծավալել Հոլանդահայ համայնքային կյանքում, կարճ ասած՝ ամեն բան Հայաստանի համար:
     Ալեքսանդրը ներս մտավ շատ ոգևորված, ձեռքին մի տոպրակ կար, որի մեջից հանեց մի 4 մետրանոց սպիտակ կտոր: Ասաց.
     - Ալիկ ջան մի խնդրանք: Այս կտորի վրա պետք է մեծ և գեղեցիկ տառերով գրես՝ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ:
     Այնուհետև ավելացրեց, որ խնդրում է այս գործն արագ անել, քանի որ Հայաստանից՝ Համահայկական հիմնադրամից պատվիրակություն է եկել Ամստերդամ: Հավաստիացրեց, որ արդեն դահլիճ է վարձվել և Հոլանդիայում ապրող բոլոր հայերին նամակներով տեղյակ է պահվել, դրամահավաք է կազմակերպվելու, որպեսզի օգնեն «Հայաստան» Համահայկական հիմնադրամին, մեր Հայաստան երկրին, բավական մարդ է լինելու և այդպես ոգևորող էլի բառեր ու բառեր:
     Ալեքսանդրը զարմացավ, երբ տեսավ, որ իր խոսքերն ինձ չվոգևորեցին ու ես էլ ուրախությունից իր պես չթռչկոտացի: Տարակուսած հայացքով ինձ նայեց: Ասացի.
     - Ալեքսանդր, բերածդ կտորի վրա այդ նախադասությունը կգրեմ և դա կանեմ քո համար, և ոչ թե «Հայաստան» Համահայկական հիմնադրամի պարզ է՞:
     Ալեքսանդրը շատ զարմացավ, ասաց,
     -Ալիկ էս ինչե՞ր ես խոսում՝ բաբամ ...
     Ասացի.
     -Ալեք ջան, ես այդ երկրից եմ եկել ու սեփական աչքերով եմ տեսել ամեն բան, այդ հիմնադրամներին չեմ հավատում, դու Հայաստանում երբեք չես եղել, ու չգիտես ինչն ինչոց է:
     Մի պահ տիրեց լռություն: Ալեքսանդրը երևի մտքերի մեջ ընկավ ՝ թե ու՞մ հավատա. ի՞նձ, թե՞ իր սիրած և երազած երկրից եկած պատվիրակությանը:
     Դե ես անտրտունջ իմ գործն արեցի, այդ կտորի վրա գրեցի՝ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ.
     Այս գրությամբ պաստառը կախվելու էր Ամստերդամում՝ հոլանդահայերի կողմից վարձված դահլիճում, որպեսզի շուքով ու ըստ պատշաճի դիմավորեն Հայաստանից եկած հիմնադրամի պատվիրակությանը: 2 ժամում գործը վերջացրեցի, սպասեցինք տառերը չորացավ, հանձնեցի Ալեքսանդրին: Նա գոհ և ուրախ էր, ինձ էլ առաջարկեց, որ վաղն իր հետ լինեմ հիմնադրամի հիշյալ հավաքին: Ես քաղաքավարությամբ հրաժարվեցի և այդպես էլ չգնացի:
     Անցավ մեկ շաբաթ, զանգեցի Ալեքսանդրին, որպեսզի իմանամ թե հիմնադրամի պատվիրակության հետ ինչպե՞ս անցավ հանդիպումը:
     Ալեքսանդրը պատասխանեց զանգիս: Բարևից ու «ոնց ես՝ ոնց չեսից» հետո հետաքրքրվում եմ.
     -Ալեքսանդր, ինչպե՞ս անցավ հանդիպում-հավաքը:
     Ալեքսանդրը թե.
     -Բաբամ, ես ամաչում եմ.. Գետինն եմ մտնում... Էդ ինչ մարդիկ են... Ես շատ զայրացած եմ...
     -Ալեքսանդր, - ասում եմ, պատմիր ի՞նչ է եղել...
     (Ահա թե ինչ պատմեց Ալեքսանդրը)
     Ամստերդամի Հայկական համայքում հանդիպում են Հայաստանից եկած հիմնադրամի պատվիրակությանը՝ երեկոյան հանդիպման մանրամասները ճշտելու համար, ասում-խոսում են, սուրճ են խմում և պայմնանավորվում են արդեն նախօրոք վարձած դահլիճում ժամը 17: 00-ի հանդիպման համար: Հիմնադրամի մի քանի հոգանոց պատվիրակները՝ մինչ կգար հանդիպման ժամը, ինքնուրույն որոշում են շրջել՝ տեսնել Ամստերդամ քաղաքը:
     Մոտենում է արդեն հանդիպման ժամը, ակտիվիստները դահլիճը նախապատրաստել են, բեմում աթոռ ու սեղան են դրել, ելույթների, խոսելու համար միկրոֆոն տեղադրել, հայկական դրոշ կախել, ջուր ու ծաղիկ, նաև չեն մոռացել իմ մեծատառերով գրված՝ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏԻ պլակատը կախել, մի խոսքով տեղը տեղին պատրաստվել են հավաքին: Հոլանդահայերը եկել են տարբեր քաղաքներից, գնացքով, մեքենայով, ավտոբուսով՝ ով ինչպես կարողացել է, հավաքվել են դահլիճում ավելի քան 200 հոգի սպասում են, որ հիմնադրամի պատվիրակությունը կավարտի զբոսանքը և ուր որէ դահլիճ կմտնի ու կկայանա երկար սպասված հանդիպումը:
     Ահա և ժամը 17: 00 է՝ պայմանաորված ճիշտ ժամը, հիմնադրամի պատվիրակները չկան:
     Դե մտածում են, ոչինչ, հայերը միշտ էլ մի քիչ ուշանում են, ուր որէ կգան...
     Ժամը դառնում է 17: 30, պատվիրակությունը չկա, դահլիճում հավաքվածները սկսում են անհանգստանալ.
     - Էս ի՞նչ եղան էս մարդիկ...Միթե՞ Հասցեն են շփոթել... Հո մի բան չի՞ պատահել...
     Ոչ կապ, ոչ խաբար, ոչ էլ հեռախոսազանգ: Չկան ու չկան:
     Ահա ժամը 18: 00 էլ եկավ, արդեն 1 ժամ է անցել պայմանավորված ժամից, հիմնադրամի պատվիրակությունը չկա ու չկա:
     Բայց հարյուրավոր մարդիկ սպասում են ու սպասում: Մի մասը անհանգստացած է, մի մասը զայրացած, մի մասն էլ դուրս ու ներս է անում դահլիճ: Ոմանք դրսում ծխում են, մյուսները՝ փողոցում են սպասում, իսկ հյուրերը չկան ու չկան:
     Դառնում է ժամը 18: 30, սրանք չկան, դահլիճում սպասող ժողովուրդը գնալով ավելի է զայրանում, վարձած դահլիճի ամեն մի ժամն էլ փող արժի:
     Դառնում է ժամը 19: 00-ը, սրանք չկան ու չկան, արդեն 2 ժամ է անցել, դահլիճում իրարանցում է, ժողովուրդը չգիտի ինչ անի, սպասե՞ն, գնա՞ն կգա՞ն, չեն գա ՝ ոչ ոք չգիտի, հավաքվածների մեծ մասն էլ տարբեր քաղաքներից են եկել մեքենայով, ոմանք 2, 3 ժամ ճանապարհ են կտրել անցել, վերջը դեռ այդքան էլ հետ պետք է գնան, որ տուն հասնեն:
     Դառնում է ժամը 19: 30, հիմնադրամի պատվիրակությունը՝ չկա ու չկա, դահլիճում հավաքված ժողովուրդը զայրացել է և մի քանի հոգի թողնում գնում են:
     Դառնում է ժամը 20: 00, անցել է 3 ժամ, Համահայկական հիմնադրամի պատվիրակությունը, արդեն ի զարմանս բոլորի հանկարծ դահլիճ է մտնում, վերջապես վերադարձան զբոսանքից: Բարձրանում են բեմի վրա, նստում իրենց հատկացրած տեղերը, դե ժողովուրդը սպասում է, որ հիմա պատվիրակության անդամներից մեկը կպատմի իրենց 3 ժամ ուշանալու պատճառը, և կսկսեն ժողովի քնարկումները, խոսք ու ելույթը, հարց ու պատասխաները, ինչպես նախորոք նախատեսված էր հանդիպման ծրագրում:
     Հիմա դահլիճը սպասում է, սրանք եկել նստել ու ծպտուն չեն հանում, միայն նայում են միմյանց ու ժպտում են: Պատվիրակության անդամներից ոչ մեկի բերանը չի բացվում, որ վերջապես մարդկանց հետ հաղորդակցվեն: Քթների տակ քչփչում են, ուզում են. փորձում են մի բան ասել, բայց չի ստացվում ՝ ծիծաղում ու ծիծաղում են:
     Խոսել այդպես էլ չի ստացվում, միայն ծիծաղում են ու ծիծաղում: Դե դահլիճում հավաքվածները գլխի են ընկնում ու հասկանում, որ Համահայկական հիմնադրամի պատվիրակության անխտիր բոլոր անդամները քաղաքը տեսնելուն զուգընթաց հատուկ սրճարան են մտել մարիխուանա, կամ պլան քաշել, և լավ քաշած եկել են, կայֆի տակ, ժամ ու պատարագ մոռացած, նաև թե ինչի համար են Հոլանդիա եկել, ինչու՞ են այս դահլիճում, ու ծիծաղում են, հա ծիծաղում...
     Այդպես էլ արդեն միջոցառման համար սահմանված ժամն ավարտված և ուշացումով դահլիճ մտած «Հայաստան» Համահայկական հիմնադրամի անդամների ու հայ համայնքի անդամների միջև ոչ մի կարգի զրույց տեղի չի ունենում, իսկ դահլիճում հավաքված ժողովուրդը իհարկե զայրանում է, մի քանիսը արտահայտում են իրենց զայրույթը, և բարկացած հեռանում:
     Ահա հեռախոսով այսպիսի պատմություն իմացա իմ ընկեր Ալեքսանդրից՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի անդամների ու Ամստերդամի հայ համայնքի անդամների ՝՝բացառիկ՝՝ հանդիպման մասին:
     Հիմա, բավական տարիներ անց,
     երբ բացահայտվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրենի առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելը և զվարճալի խաղերի նկատմամբ նրա թուլությունն ու անպատասխանատու վերաբերմունքը, հիշեցի այս պատմությունը: ամեն վայրկյան ականջիս արձագանքում է իմ ընկեր Ալեքսանդրի մեխող հետևյալ խոսքերը.
     -Բաբամ, էդ ի՞նչ տեսակ հիասթափված եմ...
     Սա խորքային ու համակարգային արատի ձևավորված արդյունքն էր, որտեղ արագորեն կորում էր մարդկանց լավատեսությունն ու վստահությունը՝ վերածվելով հիասթափության: Հիմա, երբ անզիջում պայքար է մղվում այս անպատասխանատվության դեմ և չի հանդուրժվելու չարաշահման որևէ դրսևորում, ակնհայտ է դառնում, որ ավելանալու են մարդկանց վստահությունը՝ առ մեր երկիր և իշխանություններ:
     Ոնց որ հավատքի վերականգման և հիասթափության վերացման նախադրյալներ են ստեղծվում:
     Տեսնե՛նք, կյանքը շարունակվում է...
     https://www.nidoragir.com/2018/07/blog-post.html

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4493 | 0 | 0
Facebook