Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿՈՐԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

22:46, cumartesi, 16 haziran, 2018
ԿՈՐԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Մարդը ծնվում, աշխարհ է գալիս անկախ իր կամքից: Ավելի ճիշտ երեխան, որը շատ է զգում պաշտպանության և խնամքի կարիք: Բայց ինչու՞ շատ անգամ այդ երեխաները թողնվում են բախտի քմահաճույքին: Որոնք էլ խոսել սովորելուց անմիջապես հետո, կամա, թե ակամա, դառնում են մուրացիկներ ու թափառաշրջիկներ: Եվ մեկ էլ տեսար դուռն են բախում. ՙՄի կտոր հաց չէի՞ք տա…՚ Ի՞նչ անել, երբ աշխարհում բոլորը չեն, որ գթասիրտ են: Կան նաև այնպիսիները, որոնք ամենաճոխ քեֆի պահին անգամ դուռ են շրխկացնում նրանց երեսներին կոպտելով. «Չկա’»: Եվ այդպես այնքան, մինչև մի օր էլ գիշերը քնելով ցուրտ փողոցի չոր քարին, առավոտն էլ չեն արթնանա:

Բայց ինչու՞, ո՞րն է նրանց մեղքը… Եվ այսքանից հետո մի՞թե խոսք կարող է լինել ամենասովորական ուսման մասին: Մինչդեռ, եթե նրանց հանդեպ հոգատար լինեն, գուցե նրանք կդառնան աշխարհաճանաչ մարդիկ. նկարիչ ու քանդակագործ, բանաստեղծ ու երաժիշտ, բժիշկ ու հոգեբան, կամ էլ ինչ-որ նոր բանի գյուտարար:

Այստեղ կամա, թե ակամա հիշում եմ Հ. Թումանյանի պատմվածքներից մեկը՝ «ՙԻմ ընկեր Նեսոն», որտեղ հեղինակը հերոսի մասին խոսելով, այսպես է արտահայտվում. «Նեսոն աղքատ է… Նեսոն տգետ է… Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով… Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր՝ լավ մարդ կլիներ. գուցե ինձանից էլ շատ ավելի լավը…»:

Ինչու՞ այդ անմեղ մանուկների ջինջ հոգին չպիտի ուրախանա մանկական բազում խաղերով, չպիտի զվարճանա տոներով: Գոնե նոր տարով. Ձմեռ պապ-Ձյունանուշով, գույնզգույն փուչիկներով ու փայլփլուն լույսերով, որը նրանց համար իրենց կյանքի ամենաերջանիկ օրը կլինի: Իսկ եթե պիտի հոգսաշատ կյանք ունենան՝ գոնե հետո: Տարիներ հետո ասեն. «Դե Նոր տարի է էլի», որը կհնչի անտարբերից անտարբեր: Իսկ հետո նույն տոնով կշարունակեն. «Ուղղակի բոլորի նման մեխանիկորեն մենք էլ ենք պատրաստվում նշելու»: Դրանից մի քանի տարի հետո էլ այն պարտականություն կհամարվեր: Այդ անգամ արդեն ոչ իրենց հաճույքի համար, այլ իրենց կողքին եղողների, այդ տոնով դեռ ուրախացողների համար կնշեին: Որոշ ժամանակ հետո էլ… բնազդաբար: Եվ ահա կհասնեին ծերունական տարիքին, և այդ ժամանակ արդեն նույն հոգսը կհոգային իրենց զավակները: Բայց դա՝ հտո: Իսկ այժմ…

Ի՞նչ ասել, այս ամենի համար ու՞մ մեղադրել, որ չլինի, թե սխալվես: Կարծում եմ առանց բացատրությունների էլ ամեն ինչ պարզ է, և յուրաքանչյուր ոք հասկանում է ամեն ինչ, թեկուզ ամեն մեկն էլ յուրովի:

Սակայն եկեք այս հարցին ճիշտ մոտենանք ու խոստովանենք, որ միայն հասկանալը քիչ է, պետք է լուծում գտնել: Իսկ դա, իմ կարծիքով, վերին ատյանների գործն է, որ ոչ թե իրար կոկորդ բռնած աթոռակռիվ մղեն ու նստած տեղերից ամպագոռգոռ ճառեր ասեն, այլ վերջ տան այս խայտառակությանը: Որ մանկությունը չդառնա դժբախտություն երեխայի համար: Եվ նրա գրադարանում հանկարծ չհայտնվի մի գիրք, որը կկրի «մենակություն» անվանումը, բայց եթե հանկարծ այդպես լինի, գոնե ապագայում թող այն դառնա նրա տունդարձի ճանապարհը: Որ կարողանա խուսափել այնպիսի ընթերցողներից, որոնք հազվադեպ պահերի ընդամենը թռուցիկ թերթում են նախաբանն ու վերջաբանը, բայց գրքի էության մեջ ոչինչ չեն փնտրում:

Ահա մի հարց ևս, որին կրկին չկա պատասխան. ինչու՞ նա, ով լքված է հասարակության կողմից՝ բնությունն էլ նրան չի ընդունում. ինչու՞ է կարկուտը ծեծկում այն կիսամերկ փոքրիկի մարմինը, ինչու՞ է անձրևը հոսում նրա ցնցոտիներից ներս՝ մրսեցնելով նրան: Ինչու՞ է հարազատի փոխարեն օտարը խղճում նրան՝ մահից փրկում ձեռքերը սառույցի միջից հազիվ պոկելով, կամ էլ ինչու՞ է արևի կիզող տապն այրում նրա մերկ ոտքերն ու հոգնած մարմինը:

Տարիներ հետո ի՞նչ է տանելու նա իր հետ դեպի հիշողություն՝ իր ողջ կյանքից: Ոչի՛նչ… նա բացարձակապես զրկված է լինելու հիշողությունից: Քանզի այս կյանք կոչվող գոյի պայքարում նա հիշողություն հավաքելու ժամանակ չի ունենա: Իսկ եթե մարդը հիշողություն չունի, ուրեմն… չի ապրել: Եվ այո՛, մուրացիկները չեն ապրում, այլ մասնագիտացած իրենց տիտղոսակիր գործում, ռոբոտի պես միայն մի բան են կրկնում. «Մի կտոր հաց չէի՞ք տա…»:

Նորից եմ հարցնում. բայց ինչու՞… ինչու՞ պիտի նրանք նմանվեին Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելի հերոսին, երբ այս պատմություններն իրարից դարերով են բաժանվում: Կամ էլ ինձ թվում է դարերի հեռվից լսում եմ Հ. Թումանյանի նույն պատմվածքի հերոսի հոր ձայնը. «Կա ո¯չ, կա ո¯չ, ա°յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ… Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ. հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած. կա ո՛չ…»:

Այո՛, պտտվում է անիվը, կրկնվում է պատմությունը: Բայց իմ կարծիքով պետք է օպտիմիստ լինել, որ լավ օրեր դեռ կգան:

Իսկ այսօր և՛ մեզ, և՛ թափառաշրջիկին ու մուրացիկին պետք է երեք բան՝ լավատեսություն, հույս ու հավատ:

Սակայն… Մտորումներս ընդհատվեցին դռան զանգից, որին հետևեց ինչ-որ մեկի վախվորած ու ամաչկոտ թոթովախոս ձայնը.

-Մի կտոր հաց չէի՞ք տա…

Դե եկ այսքանից հետո լավատես եղիր, մնա ու լավատեսություն քարոզիր:


    

Հոգեբան՝ Մարինե Մանուկյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7103 | 0 | 0
Facebook