«Չկորչելու համար սերունդներին պետք է տալ գիր և գիրք իր իսկ լեզվով, որպեսզի նա ապրի արժանապատվությամբ»
Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումը: /I ա և I բ դաս. Դասվարներ Անահիտ Առաքելյան, Մերի Մովսիսյան/
Երգ, պար, բանաստեղծություններ ու տոնական աշխույժ մթնոլորտ՝ 62 աշակերտ նշեցին կյանքի կարևորագույն փուլերից մեկի հաղթահարումը։
Մեսրոպ Մաշտոցի գյուտը հեղաշրջել էր մանուկների կյանքը. հիմք դրել լուսավորության ու առաջադիմության և ամրապնդել ազգային գիտակցությունը, դարձել ինքնապաշտպանության զենք ու վահան, դարձել հայ ժողովրդի հարատև գոյության երաշխիքը:
Հանդեսը թե՛ այբբենարանի հանդես էր, թե՛ հավատի, թե՛ հայրենասիրության։ Հրաժեշտ տալով իրենց առաջին դասագրքին՝ խոստացան մաքուր ու անաղարտ պահել մայրենի լեզուն:
Աշակերտ-ծնող-ուսուցիչ եռամիասնությունը միջոցառման ընթացքում նույնացավ տուն-հայրենիք-լեզու գաղափարի հետ՝ խոստանալով՝ և´ սեփական երկրում, և´ հայրենի սահմաններից դուրս պաշտպանել ու պահպանել մեսրոպատառ հայոց գիրը:
Միջոցառման կազմակերպիչներին և փոքրիկ հերոսներին իր գոհունակությունը հայտնեց դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը. «Փոքրիկները թևակոխում են կյանքի նոր՝ գրագիտության փուլ և առաջիկայում հաղթահարելու են կրթական բազում խնդիրներ», -նշեց նա ու մաղթեց, որ այսուհետ ծնողական հուզմունքը ծնվի միայն երեխաների հաջողությունների ուրախությունից և հպարտությունից:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան