Արցախյան գոյամարտում
ընկածներին
Երկինքն աչքը բացեց, անձրևում է սակայն,
Կամար ծիածանը կապեց, չդյութի՞ աղջկան:
Թե անցնի տակով, կդառնա տղա,
Հոգնել է սպասելով իր ասպետին նա:
Վազում է բարակիրան օրիորդը դաշտերով,
Լուրն հասավ տղային հավքի թևերով:
- Հողմից էլ արագ առաջ սլացիր,
Քանի դեռ ուշ չէ, դու նրան հասիր:
Ծունկ իջիր: - Գթա, - դու նրան ասա, -
Որ քեզ սիրում եմ, ինձնից լավ գիտես:
Շատ մի կշտամբիր, մեղք չունեմ բնավ,
Թե՞ դու չասացիր, որ կռիվ գնամ:
Պատիվդ պահեմ, պահեմ հայրենին,
Երկրից վանեմ անարգ թշնամին:
Շատ քաջեր ընկան, նրանց` փառք, պատիվ,
Սրբոց դասն անցան. գլուխ խոնարհիր:
Ախ, հա°, տղա ես դու ուզում լինել,
Արանց շարքերին համալրում բերել:
Վտանգ չի սպառնում, հոգիս, հավատա,
Կռիվը շուտով ավարտ կունենա:
Տե°ս, ծիածանը Տերը հավաքեց,
Անգամ նա է դեմ, որ տղա լինես:
Իմ հարսնացուն ես, մնա` ինչպես կաս,
Ես էլ ո՞ւմ գգվեմ, եթե առնանաս:
Տան ճամփան բռնիր. իջավ երեկոն,
Համբույրս հիշիր ու խոստումը քո:
Մինչև այգաբաց արկ չի որոտա,
Օգտվելով դադարից` մտքով քեզ հասա:
Հեքիաթ հյուսեցի, տողեցի բալլադ,
Հուսավորվեցի մեծ մարտից առաջ:
Մնաց զենքերս օծեմ ես յուղով,
Քեզ` բարի գիշեր, քնիր անխռով:
ՀԱՆԳՐՎԱՆ շարքից