Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ

16:48, salı, 31 ekim, 2017
ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ

ԵՎ ԵՂԱՎ ԱՐՅՈՒՆ…

Այո, եղավ արյուն: Եղավ այն, ինչից վախենում, խուսափում, զգուշանում էինք մեր շարժման ամբողջ ընթացքում: Ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ: Կենտրոնական հեռուստատեսությունը, որ մարգարեաբար կանխագուշակել էր կատարվելիքը, չհապաղեց շրխկացնել հերթական պիտակը` տեռորիստ: Այս ո՞ւր հասանք: Հուսանք, որ կպարզվի, թե ովքեր են եղել ողբերգության կազմակերպիչները և ում խղճին է նստած երկու տասնյակից ավելի մարդկանց արյունը, որոնց մեծ մասը բացարձակապես կապ չունի կատարվածի հետ: Եվ, անկախ նրանից, թե ինչ կպարզի հետաքննությունը, մի բան հաստատ է` կատարվածի համար պատասխանատու են նաև նրանք, ովքեր մեր ժողովրդին հասցրեցին այս վիճակին` մեծապետական դաժան որոշումներով ու հարկադրանքներով:

…Ու սակայն մենք պարտավոր ենք ճշմարտության աչքերին նայելով խորհել ողբերգական իրողության շուրջ: Եղածն ինչի հետևանք էլ որ լինի, մեզ է ցավ պատճառում, քանզի մեր հողի վրա մեր արյունն է թափվել:

…Ապակե աչքերով, մարմին փշաքաղեցնող մետաղե ձայնով դատախազը: Այս գիշերներին նա միաժամանակ ամեն տեղ է, բոլոր հայերիս տառապալի անքնության մեջ: Ծանր, զարհուրելի հարցաքննությամբ պատեպատ է խփում մեզ, բայց արյունը դեռ չի չորացել խոտերի վրա, կորուստների ցավը հնչում է իր ամբողջ ուժգնությամբ, և դժվար է այդ ամեն ինչի միջից որոշակի բան ասել: Դժվար է գուշակել, թե ու՞մ ճակատին է իջնելու մեղադրանքի խարազանը: Դատախազը, որի անունն է Սառը Տրամաբանություն, որերորդ անգամ կրկնել է իր հարցերը և սպասում է պատասխանի: Նա ուզում է, որ ես կապ տեսնեմ բազմամարդ կայարանում պահակախմբի զինաթափման ողբերգական փորձի և, ասենք, Արտաշատի դեպքերի միջև: Ուզում է, որ ես բացատրեմ, թե հափշտակված զենքերով զինված, հանրապետության ճանապարհներով բացարձակ լկտիությամբ երթևեկող խմբերն ի՞նչ մարդկանցից են բաղկացած: Եվ ներքին գործերի մինիստրությունն ո՞ւմ է ուղղում իր ամենօրյա կոչը` պահանջելով զինաթափել արդեն բազում աղետներ գործած այդ անօրեններին:

Բոլոր ահեղ հարցումների դեմ գիշերվա խորքից ես կարողանում եմ արտաբերել հազիվ մի քանի բառ. ամեն ինչ հետևանք է, մարդու և ժողովուրդների իրավունքների ոտնահարման հետևանք:

-Այդ ամենով հանդերձ, դուք պարտավոր եք դատապարտել կատարվածը…
     Բայց ես արդեն չեմ լսում դատախազին: Ազգային իմ ալեկոծ ինքնասիրությամբ, խոշտանգված հավատով ու գալիք վտանգների սարսափով կուչ եմ եկել նրա ապակե հայացքի առաջ և հիշում եմ երամը, որը սխալվելու իրավունք չուներ:

…Աշնանը, երբ կռունկները գնում էին, Ջողազի ջրամբարը դեռևս չէր լցված: Գարնանը հեռվից վերադարձող երամը նորահայտ լճի մակերեսը շփոթեց խաղաղիկ դաշտի հետ և իջավ հանգստանալու: Կռունկները կարծեմ փրկվեցին, բայց երամը, որպես հավաքական գոյություն, կործանվեց:

Այս հիշողությունն ինձ տանջում է շուրջ մեկուկես տարի: Այն օրերից, երբ մեծ աղետ եղավ, և հյուսիսային Հայաստանից շատ ընտանիքներ հեռացան այլ վայրեր: Երբ Ադրբեջանի տարածքից վայրագ բռնագաղթի ենթարկված հայերը ցրվեցին երկրի տարածքով մեկ: Պակասը լրանում է Ամերիկա մեկնող ընտանիքների ցուցակը: Երամ չենք, հին ու տաղանդավոր ժողովուրդ ենք, բայց կործանման վտանգը նույնն է բոլոր հավաքական գոյությունների համար: Ինձ տանջում է կործանված երամի մասին հիշողությունը, և ցավով հասկանում եմ, որ ոչ միայն ցրված, այլև ինքն իր շուրջ պինդ համախմբված ժողովուրդն էլ վտանգների ենթակա նույն երամն է, եթե կորցրել է ՆՊԱՏԱԿԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ: Ոչ, մենք չենք կորցրել: Բայց այս ի՞նչ արյուն է. այս ի՞նչ դագաղներ են: Բազմաթիվ մարդկանց հետ զրուցելուց հետո ես համոզվել եմ, որ կայարանի դեպքը ստոր սադրանք է:

-Ամենանողկալի միջոցներով խաղում են այս ժողովրդի բախտի հետ, – ասում եմ Սառը Տրամաբանություն դատախազին:

-Մեծ նպատակ ունեցող ժողովուրդն իրավունք չունի սադրանքների ենթարկվելու…
     -Գիտենք, պարզապես մեջներս դեռ մի քիչ հավատ է մնացել…

Դատախազը ծիծաղում է չոր, փշրվող ապակու ձայնով, և դառն ու ողբալի է այդ ծիծաղը:

-Դու չե՞ս ուզում խոստովանել, որ այս արյունահեղության մեջ նաև տեղացի մեղավորներ կան, հանցագործներ:

-Մեղավորներին կհայտնաբերի դատարանը, իսկ հանցագործներ, վերևում էլ ասացի, կան ամեն տեղ, ամեն ժողովրդի մեջ: Երկրի պատերը զարդարված են որոնվող հանցագործների նկարներով: Մեր ներքին գործերի մինիստրությունը, որն աշխատում է անժխտելի ջանքերով ու ծանրաբեռնվածությամբ, պիտի կարողանա զինաթափել ազգն ու շարժումը վարկաբեկող արկածախնդիրներին: Եվ նրան պարտավոր են օգնել ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը, ՀԱԲ-ը, մյուս կազմակերպությունները, ովքեր իրենց երկրապահի դիրքերում են զգում:

…Արդեն աղոտ լուսաբաց է: Դատախազը խառնվեց բացվող օրվան և սփռվեց քաղաքի վրա: Ես հիշում եմ երեկվա դագաղները: Իսկ ի՞նչ է լինելու այսօր, վաղը, մյուս օրը: Ամերիկացի մի կույր մարդ, 35-ամյա Ջիմ Դիկսոնը, որոշեց միայնակ նավարկել մինչև Անգլիայի ափերը: Եղավ մի գիշեր, երբ աստղային համակարգերի նկատմամբ նրա մարմնի դիրքը, օվկիանոսի ծփփանքը, քամու ուղղությունը, էլի ինչ ու ինչ բաներ միլիոն տարին մեկ կրկնվող կախարդական ներդաշնակությամբ մի քանի ժամ աշխարհը տեսնելու երջանկություն պարգևեցին Դիկսոնին: Մենք կույր չենք, բայց մեր հայացքի առաջ մշուշոտ պատեր են բարձրացել: Տրվե~ր մեզ էլ Դիկսոնի աստեղային բախտը, նայեինք այդ պատերի միջով ու տեսնեինք, թե դրանցից այն կողմ ինչ սադրանքներ, ինչ նենգ անակնկալներ են սպասում մեր ժողովրդին…

Մղձավանջային գիշերվա ինքնատանջանքներից հետո ահա նայում եմ շքեղ Արարատին, նայում եմ արթնացող Երևանին և սիրով, ցավով, տագնապով շշնջում.
     -Եղբայրներ իմ, քույրեր, հարազատներս: Իմ փոքր ու հին ժողովուրդ, որ մեն-միայնակ ես ամբողջ տիեզերքում, զգոն եղիր, զգույշ եղիր, հանիր քո ցանքսից որոմը, պահպանիր ու խնայիր քեզ: Քո ալեկոծ ճակատագիրը դեռ շատ փորձությունների է ենթարկվելու, ինձ համար քո արյան մի կաթիլն ավելի թանկ է, քան աշխարհի բոլոր օվկիանոսները: Քո մեծ արդարությամբ պատրաստ եղիր անսխալ դիմագրավելու բոլոր փորձանքները, մինչև տեսնենք այս ամենի վերջն ինչ է լինելու: Ապրիր ու պայքարիր քո բարձր երազների համար: Տերը քեզ հետ:

©ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ

01.06.1990թ. «Գրական թերթ»


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6177 | 0 | 0
Facebook