ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ
Գնում ենք սիրահարվելու...______________ Ամեն ինչ սկսվեց Սեթոյից: Երկու տարով մեծ է ինձանից, բայց այնպիսի բաներ գիտի, որ նույսնիսկ տատս անտեղյակ է այդ բոլորից, որովհետև ինչ լսում եմ Սեթոյից, ու չեմ հասկանում, հարցնում եմ ամենագետ տատիս, սա զարմացած ինձ է նայում, քրթմնջում է ինչ-որ և ապա նեղացած՝ աշխատում է փակել բերանս: Վերջերս, ես տատիս ոչ միայն զարմացրի, այլ մազ մնաց կաթվածահար անեի, որովհետև տուն մտա հաստատ որոշումով. -Տատի՛կ, էլ վերջ չորգլուխ ապրելուն, ես ամուսնանում եմ… Տատս տարիքին անհամեմատ թեթևությամբ երկու կանգուն վեր թռավ, արագ խաչակնքեց, կապույտ աչքերը կապույտ բոց արձակեցին և շլվեցին վրաս. -Վո՜ւյ… ես քոռանամ, ա՛յ լակոտ, - խփեց ծնկներին, - էդ ինչե՞ր ես դուրս տալիս… -Ի՞նչ դուրս տալ, - մեծավարի շարունակեցի խոսքս, - ամուսնությունը կամուրջ է, տատի՛, և ամեն մարդ պարտավոր է անցնել այդ կամուրջով… -Ճի՛շտ է, - հեշտ համաձայնվեց տատս, - այ դու էլ ասում ես, ամեն մարդ պետք է անցնի այդ կամուրջով, ամեն մարդ, - ծոր տվեց տատս, - և ոչ ամեն շան թուլա, ինչպիսին դու ես, նախ քիթդ սրբել սովորի, հետո օրը կգա՝ կամուսնանաս… Հիմա ասա, թե ո՞վ է էդ մտքերը լցրել գլուխդ… -Ես, սիրելի տատիկ, արդեն բոլորել եմ ինը տարիս, եկող տարի իմացի՛ր, տասը տարեկան եմ դառնալու, հո չե՞մ կարող անկնիկ ծերանալ… -Տեր Աստված, Տեր Աստված, էս ինչե՞ր է խոսում էս խելառը, սատանոց չլինի՞, ախր ես գիտեի, որ սա խելքի կարոտ է, բայց էսօր էնպես է խոսում, ոնց որ հինգ կնիկ փոխած քոփակ… Տե՜ր Աստված… -Բավական է, - նեղացա ես, - բավական է… Մենք տղերքով որոշել ենք ամուսնանալ և կամուսնանանք, հարսնացուներ արդեն ընտրել ենք՝ այն էլ տղամարդավարի՝ վիճակահանությամբ: Սեթոն ասում է՝ հիմա կարևորը քավոր ընտրելն է ու ամուսնական մատանին… Այնպես որ, տատի՛կ ջան, շուտով հարևանիք ենք անելու… Այս անգամ տատիս դեմքին ժպիտ երևաց: Նա սրբում էր հինավուրց կամոդի փոշին և քրթմնջում.: -Ես կդիմանամ տատի՛, Նունիկը չի դիմանա… կպառավի, իսկ մինչ այդ կփախցնեն նրան, և նա, տատիկ ջան, շներոց-գելերոց կդառնա… -Այ քեզ կրակ, որքան աշխատում եմ, որ սա օրորոցում մնա, երեխա մնա, չէ ու չէ, սա խաղում է իր պապի դերը… Լա՛վ, լա՛վ, բալիկ ջան, դու գնա, թող տնեցիները հավաքվեն, կնստենք, կմտածենք, մի՛ վախենա, անկնիկ չես մնա… -Այ դա ուրիշ, ավելի խելոք խոսք էր, - ասում եմ ես ու բարձիս տակից թռցնելով պառսատիկը, թռչում եմ դուրս… *** Առավոտից նստել ենք ջրաղացը զարդարող ուռիների տակ և քննարկում ենք մեր ամուսնության հարցը: Ութ տղա ենք: Ավագը` Սեթոն, ասում է, որ մենք փեսացուների նման չենք, որովհետև ման ենք գալիս բոլորովին մերկ. -Չկա, չունենք, որտեղի՞ց հագնենք…, - բողոքում ենք մենք: -Պիտի ձեռք բերեք, - ասում է Սեթոն, - ինը-տասը տարեկան հասուն երեխաներ եք, ամո՜թ է… Հարսնացուներն ի՞նչ կասեն… -Ի՞նչ պիտի ասեն, իրենք էլ նույն վիճակում են, - խոսում է Վարդանը, - մորիցս լողազգեստ ուզեցի, նեղացավ, ասաց մի մատ լակոտ ես, լողազգեստն ի՞նչ ես անում… Տիրում է երկարատև լռություն: Անուշ խոխոջյունով ջրանցքում հոսում է ջուրը և կարոտածի նման նետվում նովի մեջ, որ պտտեցնի ջրաղացաքարը և ոսկի ցորենը դարձնի սպիտակ ալյուր: Լռությունն ու շոգը հրամայում են լողանալ և մենք աղմուկ աղաղակով լցվում ենք սառ, պաղպաջուն ջրի մեջ, հովացնելով մեր մարմինները և ամուսնության մտահոգությամբ չարչարվող մեր սրտերը: Քիչ անց երևում են հարսնացուները: Նրանք էլ մի լավ օրի չեն: Կիսամաշ շրջազգեստ մի քանիսն ունեն: Գալիս են և խառնվում մեզ՝ լողացողներիս: Սեթոն ասում է, որ այսօր հարսնացուների ընտրության վերջին օրն է, որովհետև շուտով գալու է աշունը, հարսանիքների սեզոնը, մինչդեռ զույգերը վերջնականապես ընտրված չեն: Ինչ որ է: Լողանում ենք ու հավաքվում իրար գլխի: Քիչ անց սկսվում է աղմուկն ու վեճը և քաշքշոցը: Բաժանելը՝ բաժանել, բայց զույգերը իրար հետ յոլա չեն գնում: Պարզվում է Ռաֆիկը անցյալ տարի ուժգին ձգել է Սիրուշի մազերը, և վիճակահանությամբ թեև Սիրուշը Ռաֆիկին է բաժին ընկել, սակայն Սիրուշը՝ չէ՛ ու չէ՛, համաձայն չէ Ռաֆիկի հարսնացուն դառնալ: Աղջկան համոզել չի հաջողվում և Ռաֆիկը, իր տղամարդկային ինքնասիրությունը փրլեու համար ծեծում է Սիրուշին: Աղջիկները այս անարգանքին պատասխանում են խմբակային մերժումով և խաղից դուրս գալու սպառնալիքով: Տղաները նահանջում են և սկսում հարսնացուների համոզել, որ նրանք փեսացուներին չխրտնեցնեն: Գործի են դրվում նվիրատվությունը, և նույնիսկ կաշառատվությունը: Տղաների ձեռքերում երևում են ծաղկեփնջեր, սինձի կապուկներ, չգիտես որտեղից գունավոր ապակիներ և հուլունքներ են երևում տղաների ձեռքերին, որոնք փոխանցվում են աղջիկներին: Սուրիկը գնում է տուն և բերում է գունավոր մեկ հուլունքաշար և հագցնում Էնզելի վիզը: Որտեղից-որտեղ Վարդանի բոլորովին մի ռուբլիանոցը հայտնվում է Վարդուշի ձեռքին: Ես գնում են տուն ու թռցնում հորս հաստ ու գեղեցիկ գրիչը՝ Նունեիս համար, որը ընդունվում է գոհունակությամբ, շարժելով Լևոնի նախանձը: Կարծես ամեն ինչ կարգին է: Նորից, այս էլ քանիերորդ անգամ կատարվում է զույգերի վերաբաժանում: Այս անգամ Նունեն դառնում է կռվախնձոր իմ և Լևոնի միջև: -Նունիկին ե՛ս եմ ուզում, - առաջ է գալիս Լևոնը: -Ես ուզել պրծել եմ, - առաջ եմ գալիս ես: -Նունեն իմ սիրածը պիտի լինի, - համառում է Լևոնը: -Նունեն քո սիրածը չի լինելու, -համառում եմ ես: -Ես քեզ կծեծեմ և Նունեն իմը կլինի, - սպառնում է նա: -Ես քեզ նման լոպազ չեմ, բայց գործը որ ծեծելու հասնի, քիթ-մռութդ ներկելն ինձանից ուզիր…, - սպառնում եմ ես: -Տեսնենք, - ասում է նա ու ցուլի նման գլուխն իջեցրած անցնում է հարձակման: Ես արագ քաշվում եմ մի կողմ և նա՝ աչքերը արյուն կոխած Լևոնը, անկարող արագությունը պահել, ինձ քսվելով նետվում է ուղիղ ջրի մեջ: Տղաները ծիծաղում են: Նունիկը լրջացել է: Լևոնը փնչացնելով դուրս է գալիս ջրից: Նա պատրաստվում է կրկնելու հարձակումը: Չգիտեմ ինչպես կանխել նրա գլխով հարվածելու ցանկությունը: Կանխելն իհարկե անհնար է: Իսկ այդ անիրավի գլուխը շատ մեծ է: Ես քիթ-բերանիս կարծես զգում եմ հարվածի ծանրությունը: Նա արդեն սպառնալի ձևով վերստին գլուխը ներքև, դանդաղ մոտենում է ինձ: Ես նահանջում եմ ետ, ետ գնալով դեպի ուռենու բունը: Նա մոտ է, զգում եմ նրա շունչը: Հանկարծ նա նետվում է առաջ, իմ ոտքը սայթաքում է և ես մեջքի վրա ընկնում եմ ծառի տակ, զգալով իմ վրա ընկնող Լևոնի ծանրությունը, որին նախորդում է նրա գլծի ուժգին բախումը ծառի բնին: -Օ՜ֆ, ես քո մերը…, -թունդ հայհոյում է նա, արյուն թքելով դեմքիս: Վեր ենք կենում՝ երկուսս էլ արյունով ներկված: Ավելի շատ արյունոտված եմ ես: Լևոնի արյունը պարզապես ողողել է ինձ, դեմքս, կուրծքս… Աղջիկները ճչում են վախից: Նունեն չգիտի սիրածներից որ մեկի կողմն անցնի և բարձրաձայն լաց է լինում, քիթը վեր քաշելով և ձգելով մե՛րթ իմ, մե՛րք Լևոնի թևը: Դանդաղ բարձրանում եմ և մոտենում ջրանցքին, լվանում արյունն իմ վրայից և ողջ-առողջ, նույնիսկ քերծվածք չստացած, նայում իմ ախոյանին, որի քթից բխող արյունը անկանգ է, կապույտ են ներկվել աչքերի շուրջ բոլորը և ճակատի պատռվածքից ծորում է արյունը: Մի խոսքով, կարգին ջարդել է ինքն իրեն: Տարօրինակ է Նույեի պահվածքը: Հավաստիանալով, որ ինձ ոչինչ չի պատահել և տեսնելով Լևոնի վիճակը, նա քիչ է մնում ծվատի ինձ. -Ինչո՞ւ նրան այդ օրը գցեցիր, ինչո՞ւ, - լալիս է նա: -Նա ինքը իրեն այդ օրը գցեց Նունե՛, - ասում է Սեթոն, պոզահարեց ծառին և ստացավ իր պատիժը… Բայց Նունեն չի լսում և ամեն ինչից երևում է՝ ցանկանում է սիրածների փոփոխություն կատարել, իմ տեղը սիրած հռչակել ինքնաջարդի ենթարկված Լևոնին: Ես մոտենում եմ Լևոնին. -Կերա՞ր Լևոն…, - չգիտեմ ինչո՞ւ և առանց չարության ասում եմ նրան: -Ես քեզ չեմ սիրում, իմացա՞ր, - ականջիս հասնում է Նունեի լալագին ձայնը: -Կտեսնե՛նք, - դեռ սպառնում է Լևոնը և Նունեի հետ ձեռք-ձեռքի բարձրանում են գյուղ: Քիչ անց սիրածները զույգեր բաժաված մտնում են ջուրը և ծիծաղով և աղմուկ-աղաղակով սկսում լողանալ: Պարզվում է, որ համարյա բոլոր սիրահարները անվարտիք են և ութը-տասը տարեկանների համար ամոթը տակավին անորոշ զգացում է, դեռ երեխաները թաքնվելու կամ կարմրելու չափ չեն հասունացել: Բայց ինձ հետ կատարվում է այլ բան: Նայելով հասակակից զույգերին, հանկարծ մենության չոր ձեռքը սկսում է խեղդել ինձ, սեղմել իմ կոկորդը՝ աղի արցունք քամելով իմ աչքերից, լացը ազատ ասպարեզ է ստանում և ես բարձրաձայն լաց եմ լինում, չքաշվելով իմ ընկերներից, երջանիկ զույգերից, արար աշխարհից: Ես երևի նախանձում եմ Լևոնին, որը ձեռքից բռնած տարավ իմ հարսնացուին: -Ինչո՞ւ ես լալիս, - հարցնում է Սեթոն: -Չգիտե՛մ, - լալիս եմ: Իսկ ես լալիս եմ, որովհետև մենակ եմ մնացել: Իսկ ես լալիս եմ, որովհետև ինձանից խլել են Նունիկիս: Իսկ ես լալիս եմ, որովհետև խլվել է ինձանից իմ անկապտելի իրավունքը: Որովհետև սիրում եմ Նունիկին: Մի խոսքով, լալու առիթ որքան ուզես: Աշխարհը դատարկվել է ինձ համար, վիրավորվել ինը տարեկան տղամարդու ինքնասիրությունը: Դեռ կտեսնենք, Լևո՛ն: Նունեն չի դառնալու քոնը, չի դառնալու… *** Եվ ես արտասվելով բարձրանում եմ գյուղ: Տատս ունքերի տակից կասկածանքով նայում է ինձ և փա՜ռք Աստծո, ոչինչ չի հարցնում, այլապես իմ լացը կահագնանար և կփոխվեր զռռոցի: Իմ տղամարդկային թերխաշ ինքնասիրությունն էր այդ ասում: Սակայն տատս թոնթորում է ինքնիրեն, ստեպ-ստեպ հայացքով կրակելով ինձ վրա: , - նրա քրթմնջոցի միջից որսացի իմ վիճակի ճիշտ գնահատականը: Իսկ հետո բարձրաձայն. -Ա՛յ բալա, ինչո՞ւ ես լալիս, էշիդ ո՞վ է չոշշ ասել… -Խաղալիքս խլել են, - իր խոսքը վերադարձրի իրեն: -Հա՞… Էդ ոչինչ, խաղալիքդ փոխիր, - ձեռքը թափ է տալիս տատս: Իսկ ինձ հենց միայն այդ քր պակաս: Հարսնացուիս կորուստը վերստին ցավացրեց իմ ինքնասիրությունը և ես լալիս եմ, ո՛չ, ո՛չ այնպիսի մի սրտաճմլիկ աղաղակ բարձրացնում, որ խեղճ տատս երևի կարծում է, թե հարսնացուի կորստի հետ միասին, երևի ինչ-որ ավելի վատ բան է պատահել ինձ հետ: Տատս մոտենում, բռնում է ուսերիցս, նայում ինձ. հայացքում այլևս հեգնանք չկա. -Դե՛հ, հիմա ասա՝, ի՞նչ է պատահել, քեզ հո չեն քոթակել… Հենց այդ պահին ներս է մտնում կրտսեր հորեղբայրս՝ Արտոն, մեր գյուղի ուժեղ և կռվարար ջահելներից մեկը: Նա լացկան տղաներին չի սիրում, նրանց համարում է աղջիկներ: Նրան տեսնելով ես փորձում եմ արգելակել լացս, սակայն ավելի բարձրաձայն եմ ողբում իմ վիշտը: -Էս ի՞նչ բան է, - մռայլվում է Արտոն, - ապա հանիր շալվարդ… -Ինչո՞ւ…, - լացի միջից հարցնում եմ ես: -Յուբկա հագի՛ր, - ասում է Արտոն, - դու քո ձենը հիմա լսու՞մ ես… -Ի՞նչ է որ…, - հեկեկում եմ ես: -Կաղկանձում ես շան նման: Ամոթ է, ամոթ, քո տարիքի երեխաները հրեն կարտոֆիլի բուկլից են անում, կալերում լախտի ու բարով էշ են խաղում, իսկ դո՞ւ… -Իսկ նա ուզում է ամուսնանալ, երևի թակել են, կամ հարսնացուին ձեռքից տարել… Տատիկ խոսքերի վրա հորեղբորս աչքունքն բացվում են: Նա ոգևորվում է այնպես, կարծես ամուսնացողը ոչ թե ես եմ, այլ ինքը: Գրկում է ինձ, սնտեցնում ծնկներին ու հարցուփորձ անում: -Տատդ ճի՞շտ է ասում: Գլխով հաստատական նշան եմ անում, որի համար արժանանում եմ Արտոյի համբույրին: -Կեցցե՛ս, - նորից համբուրում է ինձ, - ա՛յ, դա տղամարդու գործ է: Հիմա ասա, ո՞վ է մեր հարսը: -Նունիկը, - արտասուքի միջից խոսում եմ ես, - Տերտերանց աղջիկն է… -Նա էլ քե՞զ է սիրում, թե՞… -Չի սիրում, - նորից բռնկվում է լացս, - Չախալ Լևոնին է սիրում… -Ի՞նչ գիտես, - հարցաքննում է Արտոն: -Ինձ հետ կռվեց, Լևոնի հետ գնաց: Երևի նրանց տուն գնաց… Էնտեղ մարդ ու կնիկ պիտի խաղան: Ախր Լևոնը շատ վեգ ունի, վեգ կխաղան: Հետո Նունիկը երեխա կառնի և երեխային ծիծ կտա… Ու այստեղ լացը պարզապես խեղդում է ինձ: -Սպասիր, սպասի՛ր, թաց ու չոր խառնեցիր իրար: Լևոնը Տերտերանց տուն գնալ չի կարող: Տերտերանց Մուռթուզ անունով գելխեղդ շունը Լևոնին կգզի, էս մե՛կ: Հետո, առանց հարսնախոսության, առանց հարսանիքի նրանց ո՞վ կթողի մարդ ու կնիկ խաղալու, էս եկո՛ւս: Հետո, դեռ տուն ու տեղ չդարձած, փող չհավաքած, ինչպե՞ս կարող եք երեխա գնել, ախր երեխան շատ թանկ գին ունի, էս ել երե՛ք: Հետո, ա՛յ խելոք, - Արտոն նորից համբուրում է ինձ, - աղջիկը վեգ չի խաղա, իրավունք չէ, իմացի՛ր… Հետո հորեղբայրս ինձ հետ երկար քննություն է առնում իմ ամուսնության խնդիրը: Նունիկը իմը պիտի լինի: Նա իմն է, անառարկելիորեն, և ուրիշ խոսք լինել չի կարող: Արտոն Լևոնին վախեցնելու հարցը կլուծի: Մնում է կարևորը, ես պետք է սիրահարվա՞ծ մնամ Նունիկին, թե ամնիջապես ամուսնանամ: Արտոն ասում է, որ իր կարծիքով ամուսնանալը ավելի ճիշտ կլինի: Թող Նունիկը տուն գա, մորդ օգնի, տատիկիդ հետ կով ու ոչխար կթի, իսկ երբ մեծանաս, երեխաներ գնելու կգնաս… -Լավ չի՞ լինի, հոպա՛ր, սկզբից երեխայի տեր դառնանք, - ասում եմ ես, - հետո նոր միայն Նունիկը կով կթել, հաց թխել կսովորի… -Չէ՛, չէ՛, ախր երեխայի հարցը դժվար է, հարկավոր է նախ երեխա պատվիրել և մինչ մեկ տարի սպասել, որ երեխան պատրաստ լինի: Հետո փաթաթաշորորի, օրոցքի և այլ հարցեր կան… Իմացա՞ր… -Իսկ չի՞ կարելի ավելի շատ վճարել, երեխայի առնելը արագացնելու համար… -Դու ախր, չես հասկանում, բալի՛կս, երեխան խիտի ծնվի, մի օր շուտ կամ մի օր ուշ ծնվելու դեպքում նա կմեռնի, իմացի՛ր: Ինչպես բոլորը, այնպես էլ դու, երեխան կառնեք այն ժամանակ, երբ պատվերը կատարվի և երեխան ծնվի… Ավելի լավ է, արի մտածենք, թե՝ Նունիկին բերելու համար խնամախոսության գնանք, թե փախցնենք… -Ո՞րը շուտ կլինի… -Իհարկե, փախցնելը, - ասում է Արտոն, - արի՛ փախցնենք… -Արի՛, - ասում եմ ես, արցունքներս սրբելով ու համբուրելով իմ հոպարին: -Ե՞րբ փախցնենք… -Փախցնելու հետ դու գործ չունես, - ասում է նա, - փախցնելու հոգսը թող ինձ, ես կփախցնեմ ու կբերեմ տուն… *** Անցնում է երկու օր: Հորեղբայրս կատարում է իր խոստումը: Ճաշին տուն է բերում Նունիկին: Ձեռքից բռնած նրան քաշում է թոնրատուն, ու թոնրի շուրթին նստած, տատս եռանդով հարում է հարիսան: Առավոտից մի քանի անգամ տատս հենց այնպես կատակով ասում է. -Խելա՛ռս, մա՛նչս, հարսանիքիդ հարիսան եմ հարու՛մ… Իմացի՛ր… Նունեն գալիս է խամաճիկը ձեռքին սեղմած, որին փաթաթել է կեղտակուր լաթերով: Խամաճիկի աչքերը, քիթ ու բերանը չեն երևում, կորած են կեղտ ու մրի մեջ: Բայց իմ Նունիկը այնպիսի սիրով ու ջերմությամբ է կրծքին սեղմել, ասես արքայադուստր է գրկել: -Աչքդ լույս, բալի՛կս, շնորհավոր պսակդ…, - ո՛չ, տատս լուրջ է, ինձ չի ծաղրում: -Շնորհակալ եմ, - մեծագույն լրջությամբ ասում եմ ես: Հորեղբայրս չի խոսում, ժպտում է միայն, նայելով խռիվ մազերով և սնձից սևացած Նունիկի բերանին և զարմանքից կլորացած աչքերին: Նունիկն այդ պահին աշխարհի գեղեցկուհին է, որ լուսավորվում է ոչ այնքան ծխից սևացած մեր թոնրատունը, որքան իմ՝ երջանիկ փեսացուիս սիրտը: Տատս կծու գորովանքով նայում է նորահարսին և սկսում է հարցաքննել. -Աղջիկ ջան, հարսանիքդ որտե՞ղ անենք… -Եսի՜մ, - շորորալով պատասխանում է Նունիկը: -Հերդ ու մերդ ե՞րբ են գալու խնամոնց տում… -Եսի՜մ… -Աղջի՛, գետինը մտած, սնձից կեղտոտված բերանով ո՞ւր էիր գալիս կեսրանց տուն… -Եսի՜մ, - ուսերն է թոթվում Նունիկը: -Գոնե լվացվեիր, մազերդ սանրեիր, որ քեզ հավանեինք… Նունեն լռում է, ասելիք չունի: Ես դողում եմ հուզմունքից: Տատս, ախր, կարող է վախեցնել աղջկան: Բայց Արտոն հանգիստ է, ժպտում է: -Անունդ ի՞նչ է…, - տատս շարունակում է հարցուփորձը: -Նունի՛կ… -Հաստա՞տ… -Եսի՜մ, - լինում է պատասխանը, որին հետևում է Արտոյի բարձր ծիծաղը: -Քանի՞ երեխա ես ունենալու, - պայթում է տատիս գուցե դժվարագույն հարցը: -Յոթը, - առանց աչքը թարթելու պատասխանում է Նունիկը: -Ինչո՞ւ յոթը, աղջիկ ջան… -Եսի՜մ… -Բա որ ութերորդը ծնվի ի՞նչ ես անելու… -Չբեր Նարգիզին կտամ: - Այո՛: Իմ Նունեն հիանալի գիտի իր անելիքները: -Բա որ Նարգիզը չվերցնի, ի՞նչ ես անելու: -Եսի՜մ… -Դու մեր խելառին շա՞տ ես սիրում, Նունիկ ջան: -Թե որ չծեծի կսիրեմ, - հաշտ խոսում է Նունիկը: -Իսկ տղաները քեզ ծե՞ծում են… -Երեկ Լևոնը ծեծեց… -Ինչո՞ւ, աղջիկ ջան… -Եսի՜մ, - պատասխանում է Նունիկը, և հենց այստեղ էլ սպառվում է իմ համբերությունը: Փեսայի, տղամարդու իրավունքով ես կանգնում եմ տատիս դեմ: -Ի՞նչ ես ուզում էս աղջկանից, տատի՛, էդպես հարցաքննում էր գող Վռամին լիազոր Լենտրոշը, որը խանութից կոնֆետ էր գողացել… Հերի՛ք է, հոգին հանեցիր… -Վո՜ւյ… Էս ինչ կծան փեսա դարձար, - տատս ետ է քաշվում աղջկանից, - բա չիմանա՞նք ում ենք տուն բերել, հալալ կաթնակեր է, թե՞… -Դա իմ գործն է, քո գործը չէ, էս աղջկա տերը ես եմ, իմացի՛ր… Ճիշտ չե՞մ ասում, հոպա՛ր… -Մի քիչ, բալիկ ջան, մի քիչ… Տատիդ իրավունք էլ շատ մեծ է… Արտոն վեճը հարթում է և քիչ անց մեծ ու պստիկով բոլորում ենք խոնչայի շուրջը և եռանդով վայելում աննման հարիսան: Արտոն նեղացել է տատիցս: -Մա՛, առյուծի կաթ ինչո՞ւ չես դնում սեղանին, ախր երեխաներին պիտի բարեմաղթություններ ասենք… Քո օրհնությունն էլ շատ կարևոր է… Տատս անխոս քայլում է կամոդի կողմը: Երկար փնտրտուքներից հետո դուրս է քաշում լիտրանոցը և հանդիսավոր կերպով դնում սեղանին: Արտոն բաժակ է բարձրացնում: -Ձեր կենացը, բախտավոր լինե՛ք…, - և դատարկում է բաժակը: Իսկ ես ու Նունիկը սովորության համաձայն կանգնած ենք: Ես շնորհակալություն եմ հայտնում: -Բաժակը ձեռքդ վերցրու, նոր շնորհակալություն հայտնիր, - ասում է Արտոն և բաժակը խցկում իմ ձեռքը: - Չխմե՛ս հանկարծ, ա՛յ թուլա… -Ես ձեզանից շատ շնորհակալ եմ, տատի ջան, հոպար ջան, մենք էլ ուզում ենք մի բարձի ծերանալ… -Խոսք է, ասում ենք, - օգնում է ինձ Արտոն, - այսինքն միասին երկար ապրեք, միասին ծերացեք… -Լավ, մենք խոստանում ենք միասին ծերանալ, յոթը հատ երեխա ունենալ… -Չեղավ, չեղավ, երեխան խնձոր չէ, որ հատով հաշվես, յոթ երեխա եղա՞վ… Բայց ես մտովի նեղացած եմ, որ ինձ անընդհատ սովորեցնում են, մինչդեռ հարսնացուիս ներկայությամբ վիրավորական է թվում նման միջամտությունը: Եվ ես կատարում եմ կյանքիս առաջին ճակատագրական սխալը: Ցանկանալով զարմացնել ներկաներին և ցուցադրել իմ փեսայական իրավունքների սահմանները, ես գլխիս եմ քաշում օղու բաժակը և իսկականից խեղդվու ու խելագարվում դեռ կեսը չխմած: Աստված ի՛մ, ի՞նչ արի ես: Ինչպիսի հիմարություն… Ես շնչասպառ եմ լինում, կերածս հետ եմ տալիս, երևի աչքերս թռել են ճակատս: Մերոնք խառնվում են իրար. -Շո՛ւտ, շո՛ւտ Արտո, մատդ բերանը կոխիր… Զգո՜ւյշ, լեղուն կուլ չտա… Մի կերպ երևի ինձ ուշքի են բերում: Երևի եմ ասում, որովհետր չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում… Հետո ինձ պատմում են, որ իմ Նունեն, տեսնելով իմ վիճակը, ճչոցով փախել է մեր տանից, անվերադարձ կերպով տանելով մեր երջանկությունը, թաղելով մեր ամուսնական հնարավորությունը առնվազն մի տասնհինգ տարով: Իմ ամենաերջանիկ փեսայությունը՝ դրամատիկ վախճանով: 07.08.1993թ. |
Abone ol ve malalelerin yayınla: