Որտեղ է ձեր հավատքը
02:13, cumartesi, 05 ağustos, 2017
Բաց նամակ Յարգելի Պարոն Պալեան, Անշուշտ վաղուց պատասխանած պիտի լինեի, բայց նկատի ունենալով Ձեր նամակում արծարծվածի կարևորությունը, ստիպված ուշացրի պատասխանս՝ առավել մտածված գրելու համար... Չէ՛, չեղավ: Սրտո՛վս պիտի գրեմ: Սիրելի՛ Յակոբ, Ներողամի՛տ եղիր պատասխանիս ուշացման համար: Ճիշտն ասած, օրական մեծաթիվ էլ-նամակներ եմ ստանում. կարևորներին՝ նույն, առավելագույնը հաջորդ օրն եմ պատասխանում: Խոսքս անգլերեն կամ ֆրանսերեն նամակներին է վերաբերում, իսկ հայերեն նամակները մնո՜ւմ են, մնո՜ւմ, աստիճանաբար իջնում էլ-նամակացանկի հորիզոնականով՝ տեղի տալով իրենց վրա հանդիսավոր բազմող անգլերեն ու ֆրանսերեն արդեն անկարևոր նամակներին... Այսպես հարյուրավոր անկարևոր նամակների շարքում հայտնված կարևոր նամակդ աչքիցս հեռու, բայց մտքիցս դուրս չէր եկել: Հիշում եմ իննսունական թվականներին, երբ այսպէս ասած «spell check» տեխնոլոգիան եկել էր լրացնելու ուղղագրութեան պահանջները թվային տիրույթում, դու շեշտում էիր այդ նույն հնարավորության կարևորությունը նաև արևմտահայերենի համար: Իսկ ես ի՞նչ մեղքս թաքցնեմ, դպրոցական տարիներիս, ուղղագրությունը քննություններիս միջի սև կատուն էր, այնպես որ՝ առաջադրանքդ գրավել էր ուշադրությունս: Ահա այդ սև կատվի պատճառով էլ՝ ստացած հայերեն նամակներս իջնու՜մ, նստում են էլ-նամակատուփիս հատակին: Յուրաքանչյուր բառի համար բառարան բացելու ստիպվածությունը պատճառ է դառնում, որ մայրենի՝ հարազատ լեզվովս գրելը, տաժանակիր տանջանքի վերածվի: Եթե մոռանայինք քերականությունն ու հոլովումները և կենտրոնանայինք պարզապես ուղղագրության վրա, հարցն ինքնին շատ հեշտությամբ կլուծվեր: Բավական կլիներ հայերեն բառերի ցանկ կազմել և ներարկել «Word» -ի մեջ: Մի ժամանակ համակարգչիս մեջ արձանագրում էի յուրաքանչյուր սրբագրածս բառը, սակայն օրերից մի օր համակարգիչը խնդիր ունեցավ ու տարիների ընթացքում կուտակածս բառերը, աշխատանքիս հետ միասին, անվերադարձ կորան: Մենք կարիք ունենք, որ մեկը բառապաշարի ամբողջական ցանկը վերցնի և բանակցի «Մայքրոսոֆթ» -ի և «Գուգլ» -ի հետ, որպեսզի վերջիններս պարզապես ներառեն արևմտահայերենը իրենց հարյուրավոր լեզուների ցանկի մեջ: Սակայն ո՞վ. ո՞վ է մեր տերն ու տիրականը՝ մեր պահապանը: Բասկերեն, բրետոներեն, հոներեն, Տյուհերեն, Օրիերեն և այլ լսված ու չլսված լեզուներն ունեն իրենց ուղղագրական սրբագրիչները, սակայն մենք՝ մեր գլխի ճարը չկարողացանք տեսնել: ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ Մի քանի տարի առաջ, նախարար տիկին Հակոբյանի հետ հանդիպման շրջանակում համեստորեն մատնանշեցի, որ արևմտահայերին ուղղված եռամսյա նամակը ավելի հասանելի կլիներ, եթե գրված լիներ արևմտահայերեն՝ մեսրոպյան ուղղագրությամբ, և որ վստահաբար, Երևանում գտնվող սիրիահայերից շատերը սիրահոժար օգտակար կլինեին այդ հարցում: Խոսքիս վրա, տիկին Հակոբյանը կանչեց պարոն Ասլանյանին և ասաց. «Խնդրում եմ գրանցես Պարոն Շնորհօքեանի առաջարկն ու գործադրես»: Դժբախտաբար, պարոն Ասլանյանը մեր տեսակցությունից քիչ ժամանակ անց տեղափոխվեց այլ պաշտոնի, և առաջարկս ջուրն ընկավ: Երկու տարի առաջ, Վեհափառ Հոր հետ հանդիպման ժամանակ հարց տվի, թե ո՞վ էր մեր արևմտահայերենի հարցով պատասխանատուն, թե ո՞վ կարող է ի պաշտոնե բանակցել «Միքրոսոֆթ» -ի և «Գուգլ» -ի հետ, թե բասկերեն, բրետոներեն, հոներեն, Տյուհերեն, Օրիերեն և այլ ուրիշ լսված ու չլսված լեզուներդ ունեն իրենց ուղղագրական սրբագրիչը . . .: Վեհափառ Հայրը, ուշադրություն արժանացնելով ակնարկիս բացատրեց, որ նոր են կորցրել կաթոկիկոսարանի հայագիտության պատասխանատուին՝ ավելացնելով, թե նոր անձի նշանակելուց հետո, կքննարկեն առաջարկս: Նախորդ ամսին, Երևանում, հանդիպեցի պարոն Փանոսեանին, որն ի վերջո ինձ Ավետեց, թե՝ Կյուլպէնկեան հաստատությունը ձեռնարկել է արևմտահայերենի էլեկտրոնային ուղղագրական սրբագրիչի ծրագրի իրականացումը՝ ներառելով քերականությունն ու հոլովումները։ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ Անցյալ շաբաթ Պատրիսիայի քեռորդին ՝ Ժոնասն էր գրել, հայտնելով, թե օգոսոտոս 13- 21-ին Հայաստան պիտի գնա ընկերոջ՝ Գասպարի հետ: Երկուսն էլ հորով-մորով ֆրանսիացի են. ինչո՞ւ Հայաստան: Հայաստանի մասին Ժոնասի ամբողջ գիտելիքը իր զարմիկներն են՝ երեք զավակներս: Հա՛, չմոռանամ, որդուդ՝ Աքսելին, բարևներս փոխանցիր. իր հետ կապս կորցրել եմ: Տղայիս, Յովանի վրա, ինքն էլ «ամակ» ունի, թե՛ որպես իր պրոֆեսոր և թե՛ որպես հայ: Յովանը երակների մասնագետ վիրաբույժ դարձավ: Իր խումբը Ֆրանսիայի 43 հիվանդանոցների մեջ լավագույն արդյունքներն է գրանցել: Անցյալ ամիս Բեյրութ էր հրավիրված: Մենակ չթողեցի: Հետը գնացի: Ինքն էլ ինձ ընկերակցեց Բեյրութի հանդիպումներիս: Շահանը շատ տպավորված էր Յովանի մաքուր հայերենով ու փայլուն մտքերով: .
Պատմական Հայաստանը, լինելով լեռնային երկիր, պայմանավորել է մեր իշխանների իրարից հեռու և մեկուսացած լինելը: Մեր այսօրվա իշխաններն էլ, թեև ապրում են Լոս Անջելեսի ու Փարիզի նման տափարակ քաղաքներում և հաղորդակցության դարում՝ բայց և այնպես, իբրև արժանավոր ժառանգորդներ իրենց հայրերի, տերն են նույն կեցվածքի: Մեր սիրելի կուսակցության ներկայացուցիչը համահայկական, համախմբող, համակարգող նախաձեռնության ուղղությամբ իր քաջալերանքն ու զորակցումը հայտարարելուց հետո, ասաց. «...սակայն մրցակցությունն էլ մրցունակություն է ստեղծում»: Խորագետ հերթապահն իրավունքն ունի այդ կարծիքի, բայց ժամանակները փոխվում են. այսօր «Macy՛s» -ը ահավոր ընթացքով շուկայի բաժին է կորցնում, իսկ «Amazon» -ը շուկայի առյուծի բաժնին է տիրանում: Kodak հիմնարկը քսան տարի առաջ 175 հազար աշխատավոր ուներ, իսկ այսօր պարզապես գոյություն չունի: Թվայնացումը հիմնովին փոխեց տնտեսության ու տնտեսավարման կանոնները։ Նույնկերպ փոխվում է նաև ընկերային կազմակերպությունների հանդեպ մարդկանց վերաբերմունքը: Այսօր Արևմուտքի ժողովուրդները ձեռք են քաշում մրցակցային, պայքարող կառույցներից: Չե՛ն ուզում: Նրանք ձգտում են նպաստել ընկերային և մարդասիրական նպատակներ հետապնդող ու կառուցողական ոգով օժտված կազմակերպություններին: Այս ո՛չ կուսակցության մեղքն է, ո՛չ էլ հատուկ է հայությանը: Տե՛ս, ինչ եղավ Ֆրանսիայի ընկերավարական և հանրապետական կուսակցություններին. փուլ եկան: Երուսաղեմ այցելությանս իսկապես տպավորված էի հրեա բնակչության մշակութային բազմազանությամբ, նրանց հագուկապի տեսակների ճոխությամբ: Տղամարդիկ՝ մեծ մորթե գլխարկներով, հագած լայն, սև վերարկուներ, ուրիշները՝ տափակ գլխարկներով, սև համազգեստով, գոտիներից կախված փուլունքներով, այլերը քաղաքացիական հագուստներով՝ կիպայով կամ առանց կիպայի: Գլխածածկ կանայք՝ կեղծամով, կամ առանց, որոշները շպարով և կարճ շրջազգեստով: Այս ողջ բազմազանությամբ հանդերձ, նրանք ունեն մեկ համակարգ՝ AIPAC, Ամերիկայի հրեական հանրային գործերի հանձնաժողովը։ Իսկ մենք ունենք երկու հանձնաժողով՝ երկու մրցակցող և հակասող հաստատություններ: Բազմազանությունը հարստություն է, բայց համակարգումը՝ էական արժեք: ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ Ժոնասը Հայաստան պիտի գնա ընկերոջ՝ Գասպարի հետ. ինչո՞ւ չգնա: Գնում է այցելելու այս բարձր մշակույթի տեր երկիրը, իր պատկերացումով մի հրաշք երկիր, այնպես, ինչպես Ճապոնիա կայցելեր: Որպես հայ իր ճանաչած երեք զարմիկները, երեք հրաշք երիտասարդներ, բարոյական և մարդկային արժեքների տեր հպարտ հայեր են: Մի՞թե Հայաստանը հրաշք երկիր չէ: «Մենք» որքանո՞վ ենք հպարտ մեր ժառանգությամբ և մեր հայրենիքով: «Մենք» կարո՞ղ ենք տեսլական ու տենչ փոխանցել նոր սերունդներին, որ նրանք ձգտեն հայ լինել, լինեն հպա՛րտ հայեր: «Մենք» եմ ասում՝ ակնարկելով ինձնից, քեզնից, մեր զավակներից անդին, ամեն ոք-ին ու ամենքին: Այսօր մեր կրթական հիմնարկները տեսլականը չկարևորելով, նախևառաջ առօրյա նյութական հարցերը լուծելու ետևից են ընկած: Հասկանում եմ. եթե տանիքից ջուրը տունդ է լցվում կամ ամսավճար չունես, ինչպե՛ս մտածես տեսլականի մասին: Դիմացներս պատերազմն է սակայն պարզված: Քառօրյա պատերազմից ավելի ահավոր, ավելի դաժան մի պատերազմ: Ահա արևի տակ դրված ձյան պես հալչում ենք: Բավական է նայեմ զավակներիս դասընկերներին, որ մեծամասնությամբ դասալիք հայեր են: Նրանք Ֆրանսիայի նոր սերնդի հայերի մեկուկես տոկոսն են կազմում և դեռ բարեբախտություն են ունեցել հայկական դպրոց հաճախելու: . Այս պատերազմը պիտի դիմագրավենք խա՞ռն, անկա՞րգ թե՞ համախմբված: Իբրև մե՛կ ազգ՝ երկու լեզվաճյուղերով, պիտի ունենա՞նք սակայն մե՛կ ուղղագրություն: Ո՞վ պիտի որոշի: Ճիշտ չէ՞ր լինի հաստատել արմատականը՝ Մեսրոպեան ուղղագրութիւնը՝ այսպիսով ապահովելով նաև արևմտահայերենի անվտանգությունը: Ո՞վ պիտի որոշի. քաղաքական գործիչնե՞րը, թե՞ տեսիլքի տեր մտավորականները: Թեոդոր Հերցլլի «Հրեական պետությունը» (The Jewish State - 1896) աշխատության մէջ անգլերենը նախատեսված էր որպես ապագա պետության պաշտոնական լեզու: Այդ նույն ժամանակաշրջանում իդիշը ամենաշատ գործածվող խոսակցական լեզուն էր, իսկ եբրայերենը մեռած լեզու էր հրեաների համար: Եվ ահա Էլիեզար Բեն-Եհուդա անունով մեկը, որ եբրայերենը վերակենդանացնելու տեսլականով էր ապրում, գրեց արդի եբրայերեն լեզվի օրենքներն ու քերականությունը, այն սովորեցրեց որդուն. նրանք եղան վերածնվող նոր եբրայերենի առաջին կենդանի կրողները: Հարյուրամյակներ շարունակ չլինելով կենդանի հաղորդակցման լեզու, եբրայերենը մեկ մարդու հավատի ու հետևողական աշխատանքի շնորհիվ դարձավ կենդանի ու վերելք ապրող լեզու։ Գիտեմ, այս օրինակը հաճելի չի թվա շատերին: Թէոդոր Հերցլից և նույնիսկ ֆրանսիական հեղափոխությունից առաջ, մենք ունեցել ենք Շահամիր Շահամիրյան, որ 1772 թվին հրատարակեց «Որոգայթ Փառաց» գիրքը՝ ժողովրդավարական պետության սահմանադրության մի հրաշալի օրինակ: Մենք ունեցել ենք Մխիթար Սեբաստացի, որի տված կայծը երեք դար շարունակ ճառագեց ազգի մեջ: Ցեղասպանությունը մեկուկես միլիոն հայերի կյանքեր խլելուց անդին, խլեց և զրկեց մեզ մեր առաջնորդներից: Այսօր սակայն մենք ունենք արժեքավոր տաղանդների մի սերունդ, և մեր միակ խնդիրը պիտի լինի համախմբել նրանց, ովքեր տեսլական ունեն և կարող են մշակել համապատասխան ռազմավարություն: Թող մեր իշխանները իջնեն իրենց լեռներից, հանդես բերեն համագործակցելու իմաստություն: Թող մեր «Յեղափոխական» և «Բարեգործական» կոչումներով պահանջատեր Սփյուռքի երկու բևեռները, հատուածականից ավելի բարձր դասեն ազգային շահերն ու համագործակցեն։ Թող նրանք ունենան մեկը մյուսի դաշտի նորատունկ բույսը գեթ փոքր սուրճի գավաթի ջրով ոռոգելու մեծությունը: Թող «Համահայկականը» գեղեցիկ բառ լինելուց անդին, թափանցի նրանց հոգիների խորքը: Վերմակն իրար վրայից քաշելու ժամանակ չունենք այլևս: Մեր տակից անկողինն է սահում, ուր որ է կջարդվի: Այսօր մեր կրթական ու այլ ազգային հիմնարկները առանց տեսլականի ու գաղափարի փորձում են միայն նյութական հարցեր լուծել: Այնինչ առաջնորդություն ունենալն է նյութական հարցերը լուծելու բանալին: «Մի՛ այսուհետեւ հոգայցէք վասն վաղուի՝ զի վաղիւն վասն ի՛ւր հոգասցի. Խնդրեցէ՛ք նախ զարքայութիւն Աստուծոյ եւ զարդարութիւն նորա, եւ այդ ամենայն յաւելցի՛ ձեզ» (Մատթեոս 6։34): Պատերազմը պիտի դիմագրավենք` խա՞ռն, անկա՞րգ, թե՞ համախմբված: Պիտի ունենա՞նք առաջնորդություն, որ համախմբի, որ տեսիլք ու տենչ փոխանցի նոր սերունդներին, որ նրանք ձգտեն լինե՛լ հայ, լինեն հպա՛րտ հայեր: Հերցլը մի տեղում նշել է, թե տեսլական ունեցողը հաճախ ուտոպիստ է ընկալվում: Իրականում այդ ընկալումը կախված է արժևորող անձի տեսիլքի կամ հավատի մակարդակից: Ունե՞ս հավատ: Պատրա՞ստ ես կառուցողական պատասխանատվություն ստանձնել: Պատրա՞ստ ես պայքարել անհաղթահարելի թվացող քարացած «ջրաղացների» դեմ: Երկար գրեցի: Ժամանակն էլ ուշ է: Առայժմ: Դեռ էլի՛ կգրեմ: Հավատդ մի՛ կորցրու: Հավա՛տդ չկորցնես: Յովէլ Շնորհօքեան Փարիզ Օգոստոս 2017 |
Kaynak: «Նիդերլանդական Օրագիր»
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4328 | 0 | 1 | 0