Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սերը` ոգեշնչման աղբյուր .«Հայորդի» ամսաթերթ

12:32, çarşamba, 02 ağustos, 2017
Սերը` ոգեշնչման աղբյուր .«Հայորդի» ամսաթերթ

Գարնանային գեղեցիկ օր, հոգևոր անդորր, կենդանի ձայն, բարձրաճաշակ երաժշտություն, ժպտացող աչքեր, ուրախ տրամադրություն…

«Հայորդի» հյուրասրահում սիրով հյուրընկալեցինք Տիգրան և Վարդան Թադևոսյաններին, իրենց աշակերտների՝ Սեդա Ասատրյանի, Հայկ Մարգարյանի, Աննա Թազայանի հետ:

Մենք` հայորդիներս, այնքան հետաքրքրասեր ենք, որ պատրաստել էինք շատ ու բազմաբնույթ հարցեր:

Այն հարցին, թե որո՞նք են նրանց ընդհանրություններն ու տարբերությունները, երկվորյակ եղբայրները պատասխանեցին, որ ընդհանրությունները շատ են. նույն ճաշակը, մտածելակերպը, հայացքները, ոճը, իսկ տարբերություն գրեթե չկա:

Հասմիկի այն հարցին, թե քանի՞ տարեկանում են առաջին անգամ երգել, նվագել, եղբայրները պատասխանեցին, որ երգել են վեց տարեկանից, իսկ կիթառ նվագել են քսաներկուսից:

- Իսկ ի՞նչն է ձեր ոգեշնչման աղբյուրը, որ կարողանում եք այդպես գեղեցիկ ստեղծագործել և ներկայացնել, - հարցրեց Մարիան:

- Ամբողջ գաղտնիքը սիրո մեջ է: Սեր կյանքի, հայրենիքի, ծնողների, ընկերների, հայրենի բնության, ընտանիքի, սիրելի զբաղմունքի հանդեպ: Եթե կյանք ես զգում երակներումդ և ամեն ինչի մեջ նկատում ես լավը, բարին, վեհը, ապա այդ ամենը փոխանցում ես թղթին և կենդանացնում երաժշտությամբ, - ժպտում են:

Վարդանի այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ հեռավորության վրա զույգերը հոգեպես միմյանց զգում են, պատասխանեցին.

-Այն, որ ասում են զույգերից մեկի մատը ցավեց, մյուսինը նույնպես ցավում է, իհարկե, չափազանցված է, սակայն մեկին մի վատ բան պատահելիս մյուսիս տրամադրությունն ընկնում է, վատ զգացողություն է ունենում: Իհարկե, հոգեպես մեկս մյուսիս զգում ենք: Եվ, իհարկե, պետք է ավելացնենք, որ մենք երբեք միմյանցից շատ հեռու չենք գտնվել, մեր միջև ամենամեծ հեռավորությունը եղել է բանակում, հերթապահության ժամանակ, երբ մեկս քնել է, մյուսս հերթապահել:

Հայորդիներից Նանեն հարցրեց.

-Ի՞նչ դեր ունի եկեղեցին ձեր կյանքում:

-Կարծում ենք, որ յուրաքանչյուր քրիստոնյա սերտ կապ պետք է ունենա եկեղեցու հետ: Չէ՞որ ժամանակ առ ժամանակ մարդուն հարկավոր է հանգստանալ, խաղաղվել, հոգու խաղաղություն և ներդաշնակությոն գտնել, զղջում ապրել և ամեն ինչ սկսել մաքուր, սպիտակ էջից, իսկ այդ ամենն առանց եկեղեցու, առանց հոգևոր սննդի, առանց սուրբ Պատարագի դժվար է պատկերացնել: Ցավոք, զբաղվածության պատճառով ոչ միշտ ենք հաճախում եկեղեցի:

-Իսկ հրավերներ ստանալիս արդյո՞ք ընտրում եք` ում հրավերն ընդունել, ումը` ոչ: Այ օրինակ, եթե ինչ-որ աղանդավորական միջոցառման հրավիրեն, կերգե՞ք այնտեղ:

- Երաժշտությունը սահմաններ չի ճանաչում: Գուցե մեր երգը դրական լիցքեր հաղորդի նրանց և աշխարհին այլ աչքերով սկսեն նայել, աշխարհայացքները փոխվի, դրական ու բարի լիցքեր ստանան… այդ ակնկալիքներն ունենալով` կերգենք նրանց համար:

-Իսկ միայն ձեր հեղինակած երգե՞րն եք երգում կամ ինչպե՞ս եք ընտրում ձեր երգացանկը, - հարցրեց Մարիամը:

-Բացի մեր հեղինակած երգերից շատ ենք սիրում Ռուբեն Հախվերդյանի երգերը: Իսկ երգացանկը կարող է շատ տարբեր լինել. ռուսական, անգամ ճապոնական երգեր ունենք:

- Ապագայի ի՞նչ երազանքներ, պլաններ ունեք, - հարցրեց Մանեն:

-Շատ կցանկանայինք լինել Ճապոնիայում, մոտիկից ծանոթանալ ճապոնական մշակույթին, ինչու ոչ, երգել ճապոնական հայտնի բեմերից մեկում:

Երազանքներից մեկն էլ այն է, որ մեծ բեմերում երգենք, հրավերներ ստանանք արտերկրից և երգենք մեր` աշխարհով մեկ սփռված հայության համար:

-Իսկ ինչպե՞ս է անցնում ձեր առօրյան:

-Շատ զբաղված: Ստեղծագործելուց, հրավերներից, միջոցառումներից բացի մենք նաև աշակերտներ ունենք, որոնց սովորեցնում ենք կիթառ նվագել և երգել: Յուրաքանչյուրին անհատական մոտեցում է պետք ցուցաբերել. չէ՞որ մարդիկ տարբեր են, և ունակությունները նույնպես տարբեր են լինում: Աշխատանքը մեծ սեր և համբերություն է պահանջում, ինչն անում ենք սիրով:

Եվ, իհարկե, մեր Գուրգենը չդիմացավ և հարցրեց.

-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հարսնացուներին, ու՞մ արժանի կհամարեք ձեր կողքին լինելու:

-Դե, իհարկե, հայեցի դաստիարակություն ստացած հայ աղջկա, որ գեղեցիկ լինելուց բացի, կլինի նաև շատ խելացի, համեստ ու հումորի զգացումով, - լայն ու բարի ժպիտով պատասխանում, մեկը մյուսին լրացնում են եղբայրները:

Նրանք այնքա՜ն բարի են, և երկուսով կարծես մեկ ամբողջություն լինեն:


    

Անուշիկ ԱՍԼԱՆՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ
    
    
    
    

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.
    
    

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4778 | 0 | 0
Facebook